Կայքը

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԹՈՒԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

1. ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ.

1990-ական թուականների կէսերից, պայմանաւորուած տեխնոլոգիաների զարգացմամբ, անհրաժեշտութիւն դարձաւ ժամանակակից ինֆորմացիոն համակարգչային տեխնոլոգիաների ներդրումը Հումանիտար գիտութիւնների` հայերէնագիտութեան, մասնաւորապէս` հայագիտութեան ոլորտում: Անհրաժեշտութիւն առաջացաւ համացանցում ապահովել հայ գրաւոր մշակույթի առկայութիւնը։

«Հայ մատենագրութեան թուանշային գրադարան» ծրագրով Հայաստանում սկիզբ դրուեց հայագիտական աշխատանքներին նորագոյն տեղեկատուական ու համակարգչային տեխնոլոգիաներով օգնելուն, նպաստելու այդ հետազօտութիւնները որակական նոր աստիճանի բարձրացնելուն, նորագոյն տեխնոլոգիաների միջոցով հայ մշակոյթը առաւել մատչելի դարձնելուն:

Ելակէտային է նաեւ, որ համակարգչային թուային համակարգերը կարեւոր դեր ունեն դասական գրաւոր մատենագրական ժառանգութեան պահպանման, զարգացման եւ յաջորդ սերունդներին փոխանցելու գործում: Նրանց շնորհիւ կարելի դարձաւ խուսափել հայագիտութիւնը միայն գրադարաններում տեղայնացնելուց:

Միաժամանակ թուային համակարգերը հնարաւորութիւն տուեցին Հայաստանի ու Սփիւռքի կառոյցներին (դպրոցներ, համալսարանական ամբիոններ, կազմակերպութիւններ, հոգեւոր հաստատութիւններ, անհատներ), ինչպէս նոր սերնդին, այնպես էլ հասարակութեան նորանոր շերտերին չմիջնորդաւորուած կերպով հաղորդակցուելու սեփական մշակութային ժառանգութեանը, որը թուայնացուելով դարձաւ աննախադէպօրէն մատչելի:

Հայ մատենագրութեան թուանշային գրադարանը նպաստում է համաշխարհային քաղաքակրթութեան եւ հայ մշակոյթի փոխշփմանն ու փոխհարստացմանը:

Հայ մատենագրութեան թուանշային գրադարանը ծառայում է նաեւ որպէս ժամանակակից գործիք, յարաճուն փոփոխուող մշակութային յորձանուտում հայ մատենագրական ժառանգութեան ուսումնասիրման եւ ապագայում նրա կենսունակութեան պահպանման համար:

ՀԱՒԱՔԱԾՈՅԻ ԿԱՌՈՒՑՈՒԱԾՔԸ, ՆԻՒԹԵՐԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹԻՒՆԸ։

«Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»ը բաղկացած է հետեւեալ խոշոր ենթաբաժիններից՝

  1. «Ե-ԺԸ դարերի Հայ դասական մատենագրութեան յուշարձաններ
  2. 1850-2000 թթ. Արեւմտահայ եւ Սփիւռքի գրական յուշարձաններ
  3. «Նահատակ հեղինակներ»
  4. Հայագիտութիւն

«Ե-ԺԸ ԴԱՐԵՐԻ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ» (ԿԱՌՈՒՑՈՒԱԾՔԸ)

Ա) ՏԵՔՍՏԱՅԻՆ ՆԻՒԹԸ ԵՒ ՆՐԱ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

1) ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ

  1. Պատմիչներ (համեմատաբար խոշոր պատմագրական ամբողջական երկեր).
  2. Ե-ԺԹ մանր ժամանակագրութիւններ (ժամանակագրօրէն կազմուած պատմական փոքր երկեր).
  3. Ե-ԺԹ դարերի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ.

2) ԻՐԱՒՈՒՆՔԻ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

  1. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ (եկեղեցական ժողովների որոշումներ, Եկեղեցու սուրբ հայրերին ու առաքեալներին վերագրուող կանոնախմբեր, Կանոնագրքեր).
  2. Է-ԺԱ ԴԱՐԵՐԻ ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ (Կնիք հաւատոյ, Գիրք թղթոց, Մաշտոցգիրք, Մխիթար Գօշի Դատաստանագիրք…).
  3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽԱՌԸ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ (Դաւիթ Ալաւկայ Որդի, Կանոնական օրէնսդրութիւն, Ներսէս Շնորհալի` Թուղթ ընդհանրական…).
  4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԷՆՍԳՐՔԵՐ (Մխիթար Գօշի, Սմբատ Սպարապետի Դատաստանագրքեր…).
  5. ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ (բիւզանդական Էկլոգա-ն, Զինուորական սահմանադրութիւնը (թարգմանիչ Ներսէս Լամբրոնացի), Անտիոքի ասիզները (թարգմանիչ Սմբատ սպարապետ).
  6. «ԵՂԲԱՐՑ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ
  7. ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ (Կամենեց-Պոդոլսկի հայկական դատարանի նիստերի արձանագրութիւնները, Աստրախանի Հայոց Դատաստանագիրքը եւ այլն).
  8. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ, ԿՏԱԿՆԵՐ, ՄՈՒՐՀԱԿՆԵՐ, ՕԺԻՏՆԵՐ, ՆՕՏԱՐԱԿԱՆ ԱԿՏԵՐ եւ այլն.
  9. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ («Որոգայթ Փառաց», «Տետրակ, որ կոչի Նշաւակ» …):

3) ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ – (Դաւիթ Անյաղթ, Վահրամ Րաբունի, Գրիգոր Տաթեւացի, Սիմէոն Ջուղայեցի …).

4) ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ – (Անանիա Շիրակացի… ).

5) ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ –

  • Ա. ՍՈՒՐԲ ԳԻՐՔ
  • Բ. ՄԵԿՆՈՂԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ
  • Գ. ԴԱՒԱՆԱԲԱՆԱԿԱՆ, ԿԱՄ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ
  • Դ. ԲԱՐՈՅԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ
  • Ե. ՎԱՐՔԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ
  • Զ. ՀԱՅՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ
  • Ե. ԾԻՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

6) ԼԵԶՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ – ընդգրկում է քերականագիտական զանազան բնագրեր.

7) ԲԺՇԿՈՒԹԻՒՆ – ընդգրկում է բժշկագիտական բնագրերը` Մխիթար Հերացուց, Գրիգորիսից, Ամիրդովլաթ Ամասիացուց մինչեւ Ստեփանոս Շեհրիմանեան.

8) ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ – ընդգրկում է հայերէն աշխարհագրական բնագրերը («VII դարի աշխարհացոյց»-ը, Վարդան Վարդապետի «Աշխարհացոյց»-ը եւ այլն), 1669 թ. հրատարակուած «Համատարած աշխարհացոյցը»).

9) ՈՒՂԵԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ – ընդգրկում է Զ-ԺԸ դարերի հայ ճանապարհորդների ու ուխտագնացների (Անաստաս, Մարտիրոս Երզնկացի, Սարգիս աբեղա, Օգոստինոս Բաջենց, Սիմէոն Լեհացի, Յովհաննէս Թութունջի, Աւետիք Տիգրանակերտցի, Յովհաննէս Թովմաճանեան …) բնագրերը.

10) ԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ, ԿՈՆԴԱԿՆԵՐ – ընդգրկում է թղթի, նամակի, կոնդակի ժանրը: Իր մէջ պարունակում է Հայոց աշխարհիկ ու հոգեւոր տիրակալների պահպանուած գրագրութիւնները, հրամանագրերը, եւ այլն.

11) ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ընդգրկում է հայ միջնադարեան գեղարուեստական գրականութեան բոլոր ժանրերը` սկսած Գողթան երգերից մինչեւ Սայաթ-Նովա)

12) ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ընդգրկում է Ե դարից սկսած հայ թարգմանչական գրականութեան լաւագոյն նմուշները.

13) ԴԻՒՑԱԶՆԱՎԷՊ – ընդգրկում է Սասնայ Ծռերի պատումները.

14) ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ – ընդգրկում է արաբերէն, լատիներէն, վրացերէն, ֆրանսերէն, անգլերէն, ռուսերէն, պարսկերէն շարադրուած հայ հեղինակների` Աբուսահլ Հայի, Հեթում պատմիչի, Պետրոս Պետիկի, Յովսէփ Էմինի, Յովհաննէս Սեղբոսի, Ռաֆայէլ Դինիբեկեանցի, Արտեմի Արարատսկու, Միրզա Իւսուֆ Ներսէսովի գործերը…

15) ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ – ընդգրկում է հայկական տնտեսական պատմութեան վաւերագրեր, հաշուեմատեաններ, կալուածագրեր, ելից-մտից մատեաններ եւ այլն.

16) ՏԵՂԵԿԱՏՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ընդգրկում է հայագիտական օժանդակ գրականութիւնը, մատենագրական հիմնարար ուսումնասիրութիւնները, անձնանունների, տեղանունների, ծիսական բառարաններ, կաթողիկոսական ու պատրիարքական գաւազանագրքեր, հայ եկեղեցու պատմութեան վերաբերեալ հիմնական գրականութիւնը.

17) ԲԱՌԱՐԱՆՆԵՐ – ընդգրկում է հայոց լեզուի արմատական, բացատրական, հոմանիշների, ձեւաբանական, ուղղագրական, բարբառային, դասական ու ստորին հայերէնի բառարանները.

18) ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՑԱՆԿԵՐ – պարունակում է Հայաստանի եւ արտերկրի հիմնական հայագիտական պարբերականների (Պատմա-բանասիրական հանդէս, Լրաբեր, Բանբեր Մատենադարանի, Բանբեր Հայաստանի արխիւների, Բազմավէպ, Հանդէս Ամսօրեայ, Արարատ, Բանասէր, Սիոն, Հասկ, Armenian revue, Ararat, Revue des études arméniennes, եւ այլն), նշանաւոր հայագէտների անձնական ու թեմատիկ մատենագիտութիւնները.

ՆԻՒԹԵՐԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հայ մատենագրութեան թուանշային գրադարանում ընդգրկուած բնագրերը ընտրուել են համաձայն արդի Հայագիտութեան մէջ գործող գիտական չափանիշների:

Առաջնահերթութիւնը տրուել է միջնադարեան բնագրի գիտա-քննական, կամ համեմատական հրատարակութիւններին (միաժամանակ մուտքագրուել են բոլոր տարընթերցումները, որոնց ծաւալը յաճախ մի քանի անգամ գերազանցում է բնագրի ծաւալին):

Գիտական հրատարակութեան բացակայութեան պարագայում առաջնութիւնը տրուել է եղած հրատարակութիւններից լաւագոյնին, որը դիմացել է ժամանակի քննութեանն ու հայագէտների կողմից ճանաչուել գործածելի ու պիտանի:

Միջնադարեան բնագրի մի շարք գիտական ու քննական բնագրերի առկայութեան դէպքում թուայնացման են ենթարկուել բոլորը: 
Բնագրի եզակի հրատարակութեան պարագայում տեղադրուել է այդ հրատարակութիւնը:

Բնագրերին ուղեկցում են բնագրի հրատարակութիւնների եւ բնագրի վերաբերեալ եղած մատենագիտական ցանկերը, յաճախ նաեւ՝ նրանց լաւագոյն ու մատչելի թարգմանութիւնները (աշխարհաբար, ռուսերէն, անգլերէն, գերմաներէն, ֆրանսերէն, իտալերէն եւ այլն):

ՄԱՏՉԵԼԻՈՒԹԻՒՆԸ

«Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»-ում տեղադրուած են բաց մատչելիութեան տեքստեր, գրքեր ու յօդուածներ։

Հետևեք մեզ

Հետևեք մեր նորություններին սոցիալական ցանցերի օգնությամբ

Յետադարձ կապ

Դիտողութիւնների եւ առաջարկութիւնների համար գրէք մեզ հետեւեալ հասցէով dlinfo@aua.am