Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏԱՐԱԿՈՅՍ

ՏԱՐԱԿՈՅՍ

Տարակոյս - լոյս որ  կ՚իջնէ  բացարձակի  գիշերին 
Եւ  մշուշով կը ծածկէ այն ինչ որ կար ձեւ առած

այն ինչ որ կար թեւ առած Անհերքելի թռչունի նման պատրաստ ճախրելու

Տարակոյս - յոյս որ յանկարծ կը կայծկլտայ կապուտակ 
Ու կը փրկէ խաւարէն այն ինչ որ կայ դեռ անեղծ

այն ինչ որ կայ դեռ անկեղծ եւ արժանի ապրելու

ճշմարտութեան անընդմէջ անապատին մէջ ծանծաղ

տարակոյս - բոյս ծաղկափայլ

ԴԺԳՈՀԱՆՔ

Այն

- Որ մենք ենք -
Եւ այն

-  Որքան 
Մենք կ՚արտօնենք որ  ըլլանք

Երբ ուրիշներ կան մեր մօտ -
Երկուքն ալ Մէկը մրւսէն դժգոհ են

Այն որ մենք ենք

Մտահոգ է

Եւ կը զղջայ թէ  միւսին

Առանց չափի

Հակակշռի

Ազատութիւն է տուեր 
Ու յանձներ

Խենդ խօսքերու խենդ գործերու 
Աշխարհին մէջ 
Սանձարձակ -

Իսկ այն - որ մենք ենք այնքան

Որքան մեզի մենք կ՚արտօնենք որ ըլլանք

Երբ  ուրիշներ  կան մեր մօտ -
Ապստամբ է 
Ապերասան 
Կը բողոքէ թէ  միւսէն

Ձերբազատուեր է հազիւ

Հազիւ պրծեր

Բայց մնացեր ճիտը ծուռ -
Մնացեր Ազատութեան աշխարհին մէջ

Կաշկանդուած

Ձեռնածալ - 
Երազն ի վեր խօլաթռիչ չվազելու չափ խելօք -

Այն

-    Որ մենք ենք -
Ել  այն

-    Որքան մենք կ՚արտօնենք որ ըլլանք -
Երկուքս ալ

Մէկը  միւսէն  դժգոհ ենք

ՀԵՌՈՒ

Հեոուն հոն է ուր մենք կանք

Մեր այլադրաժ առանձնութիւնը հագած -

Հոն է - բայց եւ հեռուն հոս է երբեմն ալ                               

Եւ այնքան հոս այնքան մօտիկ որ կը դպչինք զիստ զիստի -
Որ կ՚ագուցուինք մենք իրարու ամրապինդ

Հասարակաց սարսափներու  դէմ  ապաւէն մին  միւսին  -

Կամ կը  ձուլուինք  հազարամեայ կարօտներով սիրակէզ -

Մեր  մորթերուն  աղն ու խոնաւն իրարու մէջ կը հալին

Բայց եւ յանկարծ կ՚անդրադառնանք թէ ճիշդ այդտեղն է հեռուն Ուր կանք ես իմ դուն քու  մենք  մեր  աշխարհին մէջ անհաղորդ
Թէպէտ մօտիկ - զիստ զիստի -
Թէպէտ հալած - մորթ մորթի -

Բայց  յանկարծ

Գիտակցելով թէ պարզապէս օտարներ ենք իրարու

Հեռուն  հոն է ուր կու գանք

Մեր այլադրուժ առանձնութիւնն հագնելու

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

Կեանքս վկայ - ես իմ եսիս ոչ  մէկ  կաշառք եմ տուեր

Ոչ մէկ բարձունք եմ սահմաներ պարտադիր
Խաղաղութիւնն իր ոսկեղէն - ճիգ չէ փորձեր խաթարել

Կեանքս վկայ դարձեալ թէ ես իմ եսիս Ոչ մէկ ոստում եմ թելադրեր այլամերժ -
Ոչ մէկ  ելոյթ  է խիզախեր խորտակել ծուփն իր  բիւրեղ  -

Եսս այսպէս է ուոճացեր բազմաքանքար բազմալար --
Վկայ կեանքս որ կը հատնի քաղցրօրէն -

ՅԱՆԿԱՐԾԻԼ

Յանկարծիլը անդրադառնալ է յանկարծ

Թէ սարն ի վեր շոգիացող  լոյսէն  շատ բան չմնաց

Փրկելու  կեանք մը ամբողջ -

Յանկարծիլը հիասթափիլ է յանկարծ

Յանկարծ փախչիլ է յանկարծիլը - յանկարծ

Սիրտ ու հոգի կապանքներէ ձերբազատել է ըմբոստ

-   Յետոյ  նորէն  - բայց  նորէն

Վերադառնալ - վերադառնալ է յանկարծիլը յանկարծ

Ու քանի որ օրերն այսպէս յանկարծելով կը հատնին
Պատրանաթափ համակերպիլ Է յանկարծիլը քիչ մ՛ալ

Սիրահարիլ Է կեանքին -Յանկարծիլը անդրադառնալ Է յանկարծ

 

ՄԻՋՆԱՐԱՐ

Արիաբար ցանկացինք

Միջնարարել կեանք մ՚ամբողջ -

Տասը վայրկեան գէթ ընդհատել խաղը  որուն

մէջ կ՚ապրինք 
Խաղը կ՚ապրինք որուն հետ–

Յանդգնեցանք քաջաբար 
Անսեթեւեթ  դուրս  գալ բեմէն

Դուրս - սրահէն ապականած

Եւ  դուրս ամէն կապանքէ   
Անհոգութեան գլանիկ մը վառել-ծխել լիաթոք 
Արտաշնչել մուխին ծուխին հետ ամէն կիրք

- ամէն կապ -Խիզախաբար փորձեցինք 
Միջնարարի մը չափ ժխտել թէ կ՚ապրինք -

- Երբ դարձանք 
Մեր տեղերուն տեսանք նորեր արդէն նստեր

են շատոնց

 

ՍՊԱՍՈՒՄ

  Միշտ նոյն  կինն  է որ կ՚այցելէ 
Այսպէս ամէն տարեդարձի 
Ու միշտ նոյն երգը կ՚երգէ -
Անակնկալ ոչ մէկ խորշոմ կ՚իջնէ ողորկ իր դէմքին 
Աններդաշնակ ոչ մէկ նոր ձայն կը խանգարէ երգը հին
Բայց ես զինքը տարուէ տարի
Աւելի պերճ 
Եւ  աւելի ցանկայարոյց կը գտնեմ -
Թէպէտ ափիս սեղմել ուզեմ - գիտեմ թէ 
Պիտի փախչի պիտի պրծի ան մատներուս արանքէն 
Ու երգը զոր  յիսուն  տարի նոյն բերկրանքով լսեցի 
Անարձագանգ պիտի կորի - եւ լռէ -
Բայց  նորէն 
Ինչպէս ամէն տարեդարձի ես իր գալուն կը սպասեմ

ՈՂՋԱԿԻԶՈՒՄ

Ի յիշատակ այն Զահրատին որ դեռ քսան տարու  էր

Այսօր Զահրատը

Յիսուն տարեկան 
Կ՚ողջակիզէ այն որ ինքն էր եւ որ ինք չէ այլեւս

Այս այն զգալն է թէ մարդուս մէջ արդէն

Արեւ ըսես - արել չէ -

Հաւատք ըսես - հաւատք չէ -

Բան մը պակսեր է ի սպառ 
Հողն է պակսեր հոն ուր ամուր կը կոխէինք ատենօք

Եւ աստղերէն զոր կը փորձենք մենք վառել 
Անոնց համար որ դեռ քսան տարու չեն 
Շողն է պակսեր տաքցնող

ԲՈՒՍԱԿԱՆ

Ով վախ - քու մէջդ արմատ եմ նետեր 
Քեզմէ չեմ կրնար հեռանալ - ինչու -

Այս առաջին գարունը չէ

որ թեւերս երկարեր եմ դէպի շարժում 
Երկարեր - առանց տեղ մը հասնելու

Այս առաջին գարունը չէ

որ նորոգուած կանանչութեամբս զօրեղ փախչիլ եմ ուզեր - առանց փախչելու

Ե՞ս քու թէ դուն իմ  աւիշին  մոլի -

Ով վախ - հոս եմ դեռ - քեզմով  լեցուելու

ԱՆՈՒՇԱՊՈՒՐ

Կաղանդ Պապա մը գար 
Նուէրներ  բերէր 
Տար տար չհատնէր

Շառ մը բարձրանար 
Թիզ թիզ  -  օրէ օր  - 
Երկինք չհասնէր

Ինչ որ կեանք կ՚ըսենք 
Անուշապուր մը ըլլար - ուտէինք  - 
Կեր կեր - չհատնէր

ԶՈՀԱԲԵՐՈՒՄ

Չորս ոչխար էին

Նախ առաջինը մորթեցին

յետոյ երբ երկրորդը կը մորթէին

երրորդը փորձեց փախչիլ

Հազիւ տասը մեթր գնաց 
ձերբակալեցին

Ես այդ երրորդին  միսէն  կերայ -
Կեանքի համ  ունէր

ՄՏԵՐՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Ես քեզի դուն 
Դուն ինծի դուն 
Եսով - դունով 
Տեղով տունով - տունով տեղով

Դուք մեզի հուր

Մենք ձեզի ջուր 
Դուք մեզի հուր - հուր արեւի 
Մենք ձեզի ջուր - ջուր անձրեւի

Հուրով  ջուրով

Անձրեւներով

Արեւներով 
Դուք մեզի մենք - մենք ձեզի դուք 
Շաքար համով - սուրճի հոտով

Համով հոտով

Իրարու տուն

Իրարու դուն 
Ես քեզի դուն - դուն ինծի դուն

               Մտերմութիւն

ՊԱՐԱԽԱՂ

Պար կը խաղանք 
Բառերուն  հետ բառ քարերուն 
հետ քար կը խաղանք 
ու ձառերուն հետ ծառէ ծառ կը խաղանք

չարերուն հետ 
չենք խաղար