Թուղթ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զ դ. մատենագիր Աբրահամ Մամիկոնէից եպիսկոպոսի Թուղթը կամ Կանոնները մեզ են հասել Ժ դ. վերջի պատմիչ Մովսէս Դասխուրանցու Պատմութիւն Աղուանից երկում ( գլուխ Ա. իե ) եւ Հայոց կանոնագրքի ձեռագրերում ( դրանց Ա խմբի օրինակներում նրանք կրում են ԻԲ, իսկ Բ խմբի օրինակներում՝ ԼԴ թուահամարը ): Բնագիրը բաղկացած է երեք մասից, որոնք ամբողջութեամբ ներկայացուած են Կանոնագրքում՝ « Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան Աղուանից արքայ » գլխագրի տակ՝ սկզբում ենթագլուխների վերնագրերով: Մովսէս Դասխուրանցին ընդօրինակել է միայն առաջին մասը՝ « Երանելոյն Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան Աղուանից արքայ. թուղթ վասն ննջեցելոց » գլխագրի տակ: Միայն առաջին մասն առկայ է նաեւ Երուսաղէմի մէկ եւ Վենետիկի երկու Ճառընտիրներում. համեմատութիւնից երեւում է, որ այդ հատուածն ընդօրինակուած է Կանոնագրքի Բ խմբի՝ մեր կողմից K r անուանուած ենթախմբի ինչ - որ մի ձեռագրից:

Պատմութիւն Աղուանից ում բառացի արտագրութեամբ պահպանուած եւ պայմանականօրէն Վաչագանի վէպ անուանուող Զ դ. երկի տեղեկութիւնների համաձայն՝ Վաչագանը Բուն Աղուանքի վաղմիջնադարեան թագաւորութեան Արշակունի արքայատոհմի տասներորդ ներկայացուցիչն էր ( Ժ դ. պատմիչը նրան համարում է բնիկ հայկական Առանշահիկ իշխանատոհմի շառաւիղ ) եւ թագաւոր էր ճանաչուել Սասանեան արքայից արքայ Վաղարշ Ա - ի (484-488 թթ. ) կողմից ( հաւանաբար, Նուարսակի պայմանադրութեան շրջանակում՝ 485 թ. աշնանը ): Ըստ վերջին հետազօտութեան՝ նրա իշխանութիւնը, հաւանաբար, շարունակուել է մինչեւ Զ դ. 20- ական թթ. եւ աւարտուել Կաւատ Ա Սասանեանի կողմից Վիրքում թագաւորական իշխանութեան վերացման հետ միաժամանակ՝ 523 թ.:

Վաչագանի վէպում, որը թուագրւում է Զ դ. առաջին տարիներով ( հաւանաբար՝ 501-502 թթ. ), չեն յիշատակւում ո՛չ Աբրահամ Մամիկոնէից եպիսկոպոսը, ո՛չ Մատթէ Գիտնաւորը ( որին, ըստ Պատմութիւն Աղուանից ի նախորդ գլխի վերնագրի տուեալների, նոյնպէս Հարցում էր ուղղել Վաչագան արքան ), ո՛չ էլ որեւէ տեղեկութիւն այդ թագաւորի կողմից կատարուած նամակագրութեան մասին: Առկայ սկզբնաղբիւրները ճանաչում են միայն մէկ Աբրահամ Մամիկոնէից եպիսկոպոսի: Նա Տարօնի եպիսկոպոսի պաշտօնում փոխարինել է Մերշապուհ ( Ներշապուհ ) Մամիկոնէից եպիսկոպոսին, որը Զ դ. կէսի յայտնի գործիչ էր՝ Ներսէս Բագրեւանդեցի կաթողիկոսի (548-557 թթ. ) կարեւորագոյն գործերի մասնակիցը: Մերշապուհին յաջորդած Աբրահամի անունն արձանագրուած է Յովհաննէս Գաբեղենացի կաթողիկոսի (557-574 թթ. ) ՝ Աղուանք եւ Սիւնիք ուղարկուած յայտնի նամակներում, որոնք թուագրւում են մօտաւորապէս 568 թ.: Թովմա Արծրունին մի առիթով յիշատակում է Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի աշակերտ ոմն Աբրահամ Մամիկոնեան եպիսկոպոսի:

Ձեռագրերում Աբրահամին վերագրուած է եւս մի երկ՝ Թուղթ Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան արքայ Աղուանից. Պատմութիւն վասն ժողովոյն Եպեսոսի, որ եղեւ ի ժամանակս Թէոդոսի Փոքու վասն ամբարշտին Նեստորի վերատառութեամբ, որը հաստատապէս համարւում է Է դ. ստեղծուած ( ամենայն հաւանականութեամբ, Վրթանէս Քերթողի հեղինակութեամբ ): Այնուամենայնիւ, բանասէրները հակուած չեն մերժել ստորեւ ներկայացուած երկի վաւերականութիւնը՝ իբրեւ Զ դ. ստեղծագործութեան: Ըստ հ. Ն. Ակինեանի՝ « թէ հատուածս Աբրահամ եպիսկոպոսի գրչէն է, չեմ ուզեր կասկածի ենթարկել: Բայց չկայ որ եւ է կռուան գրուածքս « թուղթ » նկատելու համար եւ « թուղթս » Վաչական թագաւորի ուղարկուած ըլլալու համար »: Նկատենք, որ սոյն երկի վաւերականութիւնը մինչեւ վերջ պնդելու դէպքում պէտք է նաեւ ենթադրել, որ եղել է մէկ ուրիշ Աբրահամ եպիսկոպոս, որն աթոռակալել է Մերշապուհ եպիսկոպոսից առաջ՝ Զ դ. սկզբում:

Աղբիւրագիտական տեսակէտից անհրաժեշտ է նշել, որ Աբրահամի Թղթի կամ Կանոնների ենթագլուխների վերնագրերը, ամենայն հաւանականութեամբ, աւելացուած են Կանոնագրքի ամենավաղ ժողովածոն ( որն ունեցել է 24 կանոնախումբ ) կազմող Յովհաննէս Օձնեցի կաթողիկոսի կողմից, ճիշտ այնպէս, ինչպէս դա արուել է ուրիշ կանոնախմբերի համար: Ուսումնասիրողներից որեւէ մէկը չի կասկածում, որ Մովսէս Դասխուրանցին կամ նրա մի նախորդն է Աբրահամի երկի բնագիրն ընդօրինակել Կանոնագրքից, ոչ թէ՝ հակառակը: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է որոշ վերապահումով մօտենալ նաեւ Թուղթ վասն ննջեցելոց վերտառութեանը, որին հանդիպում ենք միայն Պատմութիւն Աղուանից ում:

Ձեռագրերի մանրակրկիտ քննութեամբ Վազգէն Յակոբեանը պարզաբանել է, որ Կանոնագրքի շուրջ 200 օրինակների՝ մեզ հասած երկու ձեռագրախմբերը ծագում են Ժ դ. վերջում (992-997 թթ. միջեւ ) կազմուած ընդհանուր մայր տարբերակից, որն ունեցել է 40 կանոնախումբ: Նրանից են ծագում Հայոց կանոնագրքի հնագոյն երկու ձեռագրերը՝ A գրչագիրը՝ արտագրուած 1098 թ. ( Նոր Ջուղայի ձեռագիր ), եւ B գրչագիրը՝ արտագրուած ԺԳ դ. ։ Դրանցից կատարուած տասնեակ ընդօրինակութիւնները կազմում են Հայոց կանոնագրքի ձեռագրերի Ա խումբը: Ժ դ. վերջի այդ տարբերակից են արտագրուել նաեւ Հայոց կանոնագրքի ձեռագրերի Բ խմբի երեք ենթախմբերի մայր գրչագրերը: Դրանցից ոչ մէկը մեզ չի հասել, ուստի Բ խմբի մայր օրինակի ընթերցումների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է նախապէս վերականգնել բոլոր երեք ենթախմբերի ձեռագրերի մայր գրչագրերի ընթերցումները: Կատարելով այդ աշխատանքը ( Վ. Յակոբեանի համեմատական աշխատանքի օգնութեամբ ) ՝ ենթախմբերը պայմանականօրէն նշանակել ենք՝ K a ( acdkmpsv ձեռագրեր՝ ԺԶ - ԺԷ դդ. ), K b ( befgq ձեռագրեր՝ ԺԶ - ԺԸ դդ. ) եւ K r ( hloru ձեռագրեր՝ ԺԷ դ. ): Ընդհանուր առմամբ, Վ. Յակոբեանի մանրակրկիտ աշխատանքի շնորհիւ, իւրաքանչիւր ենթախմբի նախնական ընթերցումների վերհանումը լուրջ խնդիրներ չի յարուցում, նոյն կերպ նաեւ ( դրանից յետոյ ) ՝ Ա եւ Բ խմբերի մայր տարբերակի ընթերցումների վերհանումը ( կանոնագրքային ընդհանուր ընթերցումները նշանակում ենք՝ K=ABK abr ): Որոշ կասկածելի դէպքերում ընթերցողն կարող է հետեւել Վ. Յակոբեանի քննական - համեմատական հրատարակութեան տողատակերի մատուցած սպառիչ նիւթին

Պատմութիւն Աղուանից ի ձեռագրերի երկու խմբերի ( a ձեռագիր եւ bclr ձեռագրեր՝ bl եւ cr ենթախմբերով ) եւ Կանոնագրքի ձեռագրախմբերի ընթերցումների համադիր օգտագործմամբ կազմուած Աբրահամի Թղթի ( Կանոնների ) քննական բնագիրը մեծ հաւանականութեամբ պատկերացում է տալիս նրա վեցերորդդարեան վիճակի մասին։ Ստորեւ ներկայացուած բնագրի տողատակերում հաշուի չեն առնուած Պատմութիւն Աղուանից ի երկու տասնեակից աւելի մնացեալ գրչագրերի, ինչպէս նաեւ Կանոնագրքի առանձին ձեռագրերի տարընթերցումները, քանի որ դրանք հաստատապէս արտագրուել են կա՛մ մեր կողմից օգտագործուած ձեռագրերից որեւէ մէկից, կա՛մ կանոնագրքային Բ խմբի ձեռագրախմբերի ( վերականգնուած ) մայր օրինակներից, ուստի չեն կարող օգտակար համարուել Աբրահամի Թղթի ինքնագրի վերականգնման հարցում: Բնագրի տողատման եւ կէտադրման խնդրում էապէս օգտուել ենք Պատմութիւն Աղուանից ի համեմատական հրատարակութեան հեղինակ Վ. Առաքելեանի եւ Հայոց կանոնագրքի քննական հրատարակութեան հեղինակ Վ. Յակոբեանի կատարած աշխատանքից։

Ալեքսան Յակոբեան 

 

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Հ. Ներսէս Ակինեան, Մովսէս Դասխուրանցի ( կոչուած Կաղանկատուացի ) եւ իր Պատմութիւն Աղուանից, Վիեննա, 1970 ։

2. Յակոբ Անասեան, Հայկական մատենագիտութիւն. Ե - ԺԸ դդ., հտ. Ա, Երեւան, 1959 ։

3. Գիրք Թղթոց, Երուսաղէմ, 1994 ։

4. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Քննական բնագիրը եւ ներածութիւնը Վարագ Առաքելեանի, Երեւան, 1983 ։

5. Կանոնագիրք Հայոց, աշխատասիրութեամբ՝ Վազգէն Յակոբեանի, հտ. Ա, Երեւան, 1968. հտ. Բ, Երեւան, 1971 ։

6. Կիմ Ղահրամանեան, « Պատմութիւն Աղուանից աշխարհի » երկի աղբիւրները ( թեկնածուական ատենախօսութիւն ), Երեւան, 1974 ։ 

7. Ասատուր Մնացականեան, Աղուանից աշխարհի գրականութեան հարցերի շուրջը, Երեւան, 1966 ։

8. Ալեքսան Յակոբեան, Մովսէս Կաղանկատուացու « Աղուանից պատմութեան » ձեռագրերը, ԲՄ, թիւ 15, Երեւան, 1986 ։

9. Ալեքսան Յակոբեան, « Վաչագանի վէպ »- ը եւ Արշակունեաց թագաւորութեան խնդիրը Դ - Զ դարերի Աղուանքում, ՀԱ, Վիեննա, 2003 ։

10. Հ. Բարսեղ Սարգիսեան, Աբրահամ Մամիկոնէից եպիսկոպոսն եւ իւր առ Վաչագան գրած թուղթն, Վենետիկ - Ս. Ղազար, 1899 ։

11. Հենրիկ Սւազեան, Մովսէս Կաղանկատուացու « Աղուանից պատմութեան » աղբիւրները, ՊԲՀ, Երեւան, 1972, թիւ 2 ։

12. The History of the Caucasian Albanians by Movs ռ s Dasxuranci. Translated by C. J. F. Dowsett, London, 1961.

 

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

a - ՄՄ ձեռ. թիւ 1531, ժամանակ՝ 1289 թ.

b - ՄՄ ձեռ. թիւ 1725, ժամանակ՝ 1675 թ.

c - ՄՄ ձեռ. թիւ 2561, ժամանակ՝ 1664 թ.

l - Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի Ս. - Պետերբուրգի բաժանմունքի գրադարանի հայերէն ձեռագրերի հաւաքածոյ, թիւ C 59, ժամանակ՝ 1678 թ.

r - Բրիտանական թանգարանի թիւ Or 5261, ժամանակ՝ ԺԷ դ.

A - Նոր Ջուղայի ձեռ. թիւ 131 ( ՄՄ լուսանկարների հաւաքածոյ, թիւ 203), ժամանակ՝ 1098 թ.

B - ՄՄ ձեռ. թիւ 6409, ժամանակ՝ ԺԳ դ.

K a, K b, K r - Հայոց կանոնագրքի Բ խմբի ձեռագրախմբերի վերականգնուած մայր օրինակների ընթերցումներ ( ըստ Վազգէն Յակոբեանի համեմատած նիւթի )

K ճ - Երեք Ճառընտիրների ընթերցումները՝ ըստ հետեւեալ ձեռագրացուցակների տրամադրած նիւթի՝ 

Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքի, Ա հտ., կազմեց Ա. արքեպս. Սիւրմէեան, Վենետիկ - Ս. Ղազար, 1948 ( ձեռ. թիւ 1)

Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հտ. Բ, Վենետիկ - Ս. Ղազար, 1924 ( ձեռ. թիւ 202, 300)