ԿԵԱՆՔ ԵՒ ՎԱՐՔ ՎԱՉԱԳԱՆԱՅ ԱՐՔԱՅԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դեռեւս ԺԹ դ. գիտնականները նկատել են, որ Ժ դ. վերջի հայ պատմիչ Մովսէս Դասխուրանցու (մատենագրութեան եւ պատմագրութեան մէջ կոչուած նաեւ Կաղանկատուացի) Պատմութիւն Աղուանից աշխատութեան մէջ Վաչագան Բարեպաշտ թագաւորին վերաբերող հիմնական տեղեկութիւնները գալիս են ոչ թէ Ժ դ. հեղինակից, այլ իրադարձութիւններին ժամանակով մօտ կանգնած կամ ականատես երկասիրողից։ Այդ հատուածների մանրակրկիտ աղբիւրագիտական քննութեամբ հ. Ներսէս Ակինեանը հաստատեց Ժ դ. հեղինակի կողմից արտագրուած մի առանձին երկի գոյութիւնը («մէկ գրչէ են Ա. 5, 6 (մասամբ), 14-23 գլուխները, նախնաբար գրուած իբրեւ մէկ ամբողջութիւն»)։ Խորանալով հարցի քննութեան մէջ՝ Կ. Ղահրամանեանը եզրակացրեց, որ Պատմութիւն Աղուանից ի Ա գրքի ժզ-իզ գլուխները Ե դ. վերջի ականատես հեղինակի ստեղծագործութիւն են, իսկ Ա. ժզ գլխի վերնագիրը (Կեանք եւ վարք եւ կարգաւորութիւնք Աղուանից, որ ի Վաչագանայ արքայէ եդան, եւ գիւտք նշխարաց սրբոց) բնօրինակում հաւանաբար եղել է ոչ թէ այդ գլխինը (նրանում պատմւում է ընդամէնը Պերոզ արքայի չարագործութիւնների ու կործանման մասին), այլ ամբողջ երկինը, որը Ժ դ. հեղինակը բաժանել է գլուխների եւ վերնագրել դրանք։ Ըստ այդմ՝ վաղմիջնադարեան այս երկը կարելի է պայմանականօրէն անուանել Կեանք եւ վարք Վաչագանայ արքայի։

Մեր աշխատանքներում, ելնելով երկի ոճական առանձնայատկութիւններից, պայմանականօրէն անուանել ենք այն Վաչագանի վէպ եւ ցոյց տուել, որ նրա օրգանական մասն է նաեւ Պատմութիւն Աղուանից ի Ա. ժդ գլուխը։ Վերջինս պարունակում է այն պատմութիւնների սկիզբը (Գրիգորիսի, նրա բերած՝ Զաքարիա եւ Պանդալէոն սրբերի նշխարների), որոնց շարունակութիւնը գտնում ենք Վաչագան Բարեպաշտին վերաբերող գլուխներում։ Միաժամանակ պարզաբանել ենք, որ տուեալ երկի հետ գոնէ ուղիղ կապ չունեն Ա. իդ-իզ գլուխները. դրանցում ներկայացուած են Վաչագանի հարցումների պատասխանները, որոնց հեղինակներն են Մատթէ գիտնաւոր երէցը (պահպանուել է միայն Պատմութիւն Աղուանից ում) եւ Աբրահամ Մամիկոնէից եպիսկոպոսը ( Պատմութիւն Աղուանից ում ՝ մէկ հատուած. ամբողջութեամբ պահպանուել է Հայոց կանոնագրքի ձեռագրերում), ինչպէս նաեւ՝ Աղուէնի եկեղեցական ժողովի կանոնները (պահպանուել է նաեւ Հայոց կանոնագրքի ձեռագրերում)։ Սրանք ինքնուրոյն գործեր են, որոնք նախորդ գլուխներից եւ միմեանցից տարբերւում են նաեւ լեզուաոճական առանձնայատկութիւններով։ 

Նոյն պատճառով Վաչագանի վէպի մաս չի կարող լինել նաեւ հ. Ն. Ակինեանի մատնանշած Ա. զ գլխի հիմնական հատուածը, որը պարունակում է Եղիշայ առաքեալի առասպելը։ Եթէ Եղիշայի անունը եւ նրա նշխարների գիւտը յայտնի լինէին Վաչագանի վէպի հեղինակին, ապա այդ սրբի յիշատակութիւնը կ՚ունենայինք նրա գոնէ այն դրուագում, որտեղ Վաչագանի հրամանով հաւաքում են Աղուանքի տարբեր շրջաններում պահուող սուրբ նշխարները (Գրիգոր Լուսաւորչի, Զաքարիայի, Պանդալէոնի, Հռիփսիմէի եւ Գայիանէի), որպէսզի նրանց օգնութեամբ գտնեն Գրիգորիսի նշխարների թաքստեան վայրը։ Իրականում առաջին հերթին հէնց Վաչագանի վէպում յիշատակուած չլինելու պատճառով է պարզ, որ Եղիշայ առաքեալի եւ Ուռնայր թագաւորի հետ կապուող Աղուանից լուսաւորութեան պատմութիւնները ստեղծուած են Զ-Է դդ. սահմանագծից ոչ շուտ եւ արդիւնք են այդ ժամանակ ծագած Հայոց եկեղեցու գերագահութեան կարգավիճակից («առաջինը հաւասարների մէջ») ձերբազատուելու՝ Վրաց եւ Աղուանից եկեղեցիների այնպիսի միտումների, որոնք դեռեւս չեն նկատւում Վաչագանի վէպում ։ Չի յաջողւում որեւէ իրական ապացոյց գտնել նաեւ Վաչագանի վէպին Պատմութիւն Աղուանից ի Ա. ե գլխի պատկանելիութիւնը հաստատելու համար («Ցուցումն բերմանց եւ պարարտութեանց սահմանացն Աղուանից…»)։ Փոխարէնը՝ Ա. զ գլխի սկզբի մի հատուած՝ Թադէոս առաքեալի մասին, իր լեզուով եւ ոճով լիովին համընկնում է Վաչագանի վէպին եւ պէտք է դիտուի իբրեւ այդ երկից նշուած գլուխ տարուած կտոր։ Վերջին ուսումնասիրութեամբ պարզուեց նաեւ, որ, ամենայն հաւանականութեամբ, Վէպից առաջին գլուխներ են տեղափոխուած նաեւ Ուռնայր թագաւորի մասին՝ «էր Ուռնայր արքայ Աղուանից քեռայր Շապհոյ՝ Պարսից արքայի» . թ) եւ Վաչագան Քաջի մասին՝ «որ միանգամայն տիրեաց կողմանցս Աղուանից» . զ) արտայայտութիւնները։

Վաչագան թագաւորի մասին յայտնի չեն վկայութիւններ Ե-Զ դդ. հայ մատենագրութեան միւս հաւաստի աղբիւրներում, փոխարէնը՝ նրա անուան հետ են կապուած Պատմութիւն Աղուանից ի մէջ եւ նրանից դուրս պահպանուած կրօնաբարոյագիտական, նշխարների գիւտերի եւ այլ թեմաներով մեծ թուով գրուածքներ ու աւանդութիւններ։ Դրանցից շատերի հաւաստիութեան նկատմամբ հիմնաւոր կասկածը Ն. Ակինեանի համար պատճառ է դարձել մերժելու հէնց թագաւորի իսկ պատմականութիւնը՝ իբրեւ Բուն Աղուանքի Արշակունի արքայ, ինչպէս որ նա ներկայացուած է Վաչագանի վէպում (Մովսէս Դասխուրանցին եւ միւս ուշ հեղինակները արքային ներկայացնում են իբրեւ Առանշահիկ, այսինքն՝ Արցախի հայկական իշխանատոհմի ներկայացուցիչ)։ Ժամանակին մենք եւս երկը համարել ենք ոչ ժամանակակից (նոյն կերպ նաեւ Աղուէնի կանոնները ), թուագրել Զ դ. երկրորդ կէսով եւ պնդել, որ եթէ անգամ ընդունենք Վաչագանի պատմականութիւնը, ապա առանց լրացուցիչ աղբիւրագիտական նիւթի դժուարանալու ենք ասել, թէ Վաչագանի վէպի եւ Աղուէնի կանոնների որ տեղեկութիւններն է հնարաւոր վերագրել այդ իրական թագաւորին։ Սակայն վերջերս կատարուած մանրակրկիտ քննութիւնը ցոյց տուեց, որ ո՛չ Բուն Աղուանքի Վաչագան Արշակունի թագաւորի, ո՛չ Վաչագանի վէպի ու Աղուէնի ժողովի հաւաստիութիւնը մերժելու համար, փաստօրէն, հիմքեր չկան։

Ըստ այդմ՝ Վաչագանի վէպի ժամանակը առաւել հաւանականութեամբ հնարաւոր է վերագրել Զ դ. ամենաառաջին տարիներին՝ լրիւ չբացառելով նաեւ Ե դ. ամենավերջին տարիները։ Դա Կաւատ Պարսից արքայից արքայի՝ գահին վերադառնալուն (498 թ. ) յաջորդած ժամանակահատուածն է, մինչեւ պարսկաբիւզանդական փոքրիկ պատերազմը (502-504 թթ. ) եւ հիւսիսկովկասեան հոն-սաւիրների աւերիչ ներխուժումը (503-504 թթ. ), երբ «անիծեալ եւ չար Պարսիկք մարզպանքն» . ժը) երկրում չկային (նրանց գործառոյթները, հաւանաբար, փոխանցուած էին Աղուանից թագաւորին), երբ Հայաստանում շարունակւում էր Վահան Մամիկոնեանի մարզպանութեան, իսկ Վիրքում՝ Վախթանգ Գորգասալի թագաւորութեան բարեյաջող շրջանը։ Հէնց այդ յարմար ժամանակ կարող էր ստեղծուել Վաչագանի վէպի նման մի ջատագովական երկ՝ վարքագրական վէպ, որի խնդիրն, այնուամենայնիւ, արքայի ու նրա տոհմի կանոնաւոր պատմութիւնը գրելը չէր, այլ այն «ծրագրային» գործերի շարադրանքը, որոնք պէտք է կատարուէին եւ կատարուեցին նրա օրօք՝ ի շահ Սասանեաններին ենթակայ Աղուանից թագաւորութեան քրիստոնեայ հասարակութեան ամրապնդման («…եւ կարգաւորութիւնք Աղուանից, որ ի Վաչագանայ արքայէ եդան»)։

Կուրի հայկական աջափնեակում ստեղծուած այդ «ծրագրային» երկը պարունակում է Բուն Աղուանքի Արշակունեաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Վաչագան Բ թագաւորի (մօտաւորապէս 485-523 թթ. ) ձեռքով Աղուանից աշխարհում (արդէն մարզպանութեան ընդգրկմամբ) կատարուած աստուածահաճոյ գործերի շարադրանքը եւ բաւականին արժէքաւոր տուեալներ է պահպանել բունաղուանական ինչ-ինչ իրողոյթների (ռէալիաների) մասին, որոնք թանկագին նշխարներ են աղուանագէտ հետազօտողի համար։ Սակայն, այնուամենայնիւ, նրա գաղափարական նպատակն է եղել Սասանեան տէրութեան գերիշխանութեանը ենթակայ Աղուանք-Առան վարչաքաղաքական միաւորի մէջ Աղուանից եկեղեցու շուրջ համախմբուած քրիստոնեայ հասարակութիւնը՝ իր բունաղուանական եւ հայկական էթնիկական մասերով, ամրապնդել ոչ թէ բունաղուանական էթնոմշակութային համակարգի գործառման ոլորտի ընդլայնման, այլ ընդհակառակը՝ Կուրի աջափնեակի հայութեան ազգային-մշակութային-դաւանական աւանդները այդ ամբողջ հասարակութեան համար հաստատագրելու ճանապարհով։

Հէնց այս դարաշրջանին բնորոշ հասարակական ընկալումներն են արձանագրուած Վաչագանի վէպում եւ Աղուէնի կանոններում ։ Վաչագանի երկարատեւ թագաւորութեան օրօք Աղուանքում բազմաթիւ եկեղեցական ժողովներ են գումարուել, սակայն յատկանշական է, որ մեզ հասած Աղուէնի կանոնները հէնց աջափնեակում տեղի ունեցած մի ժողովի արդիւնքն են, ընդ որում, դրանք երկրում հաստատագրում են Հայոց կանոնագրքի դրոյթների գործառումը։ Վաչագանի վէպը Աղուանից եկեղեցու բունաղուանական (Կապաղակի եւ Չողի) կենտրոնների մասին ուղղակի տեղեկութիւններ չի հաղորդում, փոխարէնը՝ ողջ Աղուանքում ամրապնդում է Գրիգոր Լուսաւորչի, Հռիփսիմէ եւ Գայիանէ կոյսերի, թերեւս՝ Թադէոս առաքեալի եւ յատկապէս՝ Լուսաւորչի թոռան՝ Գրիգորիս եպիսկոպոսի պաշտամունքի համակարգը՝ ընդ որում, դրան ենթարկելով բունաղուանական շրջանի սրբերի՝ Զաքարիայի եւ Պանդալէոնի պաշտամունքը։ Հեղինակը ջանք չի թափում վեհացնելու Աղուանից եկեղեցու չողեան շրջանի հոգեւոր պետերին. այնտեղ աթոռակալած Յունան եպիսկոպոսապետին նա հազիւ յիշում է մի պատահական դրուագում՝ որպէս «յոյժ ճշմարտախաւս, …որ ի Մասքթաց աշխարհին էր», իսկ Շուփհաղիշոն (որը նոյնպէս դեռ Չողում էր աթոռակալում) ընդամէնը մէկ անգամ է երեւան գալիս՝ իբրեւ «աւագ եպիսկոպոսապետ»։ Այնինչ, Յովհաննէս Մանդակունին, որի մատանիով կնքուած՝ Գրիգոր Լուսաւորչի, Հռիփսիմէի եւ Գայիանէի նշխարները Աղուանք էր բերել նրա աշակերտ Մատթէ Դարահոճի երէցը, անուանւում է Հայոց «կաթողիկոս» կամ «հայրապետ»։ Վաչագանի վէպում չի տրւում Աղուանից թագաւորութեան մայրաքաղաք Կապաղակի անունը (Կուրի ձախափնեակում յիշատակւում են միայն Ցրի քաղաքը եւ Հակու գիւղը), փոխարէնը՝ նրանում ամբողջ Աղուանից եկեղեցու համար սրբագործւում են Կուրի հայկական աջափնեակի պաշտամունքային կենտրոնները՝ Ամարասը, Դարահոճը, Սուհառը, Վե(հ)կերտը, Դիւտականը եւ այլն։ Փաստօրէն, բունաղուանական իրողոյթներից Վէպի հեղինակի համար լրջօրէն սրբագործման առարկայ է դարձուել միայն ինքը Վաչագան Բարեպաշտ Արշակունի թագաւորը՝ իր Շուշանիկ աշխարհատիկնոջով, բայց, յաւելենք, այնքա՛ն յաջող, որ այդ կերպարն օգտագործուել ու շարունակել է հերոսացուել հետագայ դարերի բազմաբնոյթ կրօնաբարոյագիտական գրուածքներում, մտել հայ իշխանական տների տոհմաբանութիւնների, ժողովրդական հեքիաթների ու նոր շրջանի ռոմանտիկ գրականութեան մէջ («Անահիտ եւ Վաչագան»), դարձել անգամ պետական խորհրդանիշ բարեպաշտութեան ու նուիրումի։

Պատմութիւն Աղուանից ի ձեռագրերի երկու խմբերի (a ձեռագիր եւ bclr ձեռագրեր՝ bl եւ cr ենթախմբերով) եւ Ճառընտիրներում պահպանուած նշխարների գիւտերի հատուածի համադիր օգտագործմամբ կազմուած Վաչագանի վէպի քննական բնագիրը մեծ հաւանականութեամբ պատկերացում է տալիս նրա վեցերորդդարեան վիճակի մասին։ Ստորեւ ներկայացուած բնագրի տողատակերում հաշուի չեն առնուած Պատմութիւն Աղուանից ի երկու տասնեակից աւելի մնացեալ գրչագրերի տարընթերցումները, քանի որ դրանք հաստատապէս արտագրուել են վերը նշուած հինգ ձեռագրերից որեւէ մէկից եւ չեն կարող օգտակար համարուել հեղինակի ինքնագրի վերականգնման հարցում։ Բնագրի տողատման եւ կէտադրման խնդրում էապէս օգտուել ենք Պատմութիւն Աղուանից ի համեմատական հրատարակութեան հեղինակ Վարագ Առաքելեանի կատարած աշխատանքից։

Միայն հատուկենտ դէպքերում, երբ բոլոր ձեռագրերի ընթերցումներն ինչ-ինչ պատճառներով իսկապէս աղաւաղուած են, կրկնել ենք նախորդ հրատարակիչների վերականգնումները, իսկ աւելի հազուադէպ՝ կատարել նաեւ ակնյայտօրէն անհրաժեշտ թուացող նոր վերականգնումներ: Շատ դէպքերում, երբ առկայ ձեռագրերը մատուցում են բառային ու քերականական ոչ սովորական կամ նոյնիսկ ոչ ճիշտ ձեւեր եւ միաժամանակ հնարաւորութիւն չեն տալիս ապացուցել, թէ դրանք չեն յանգում հեղինակային դ. ) ինքնագրին, անխուսափելի ենք համարել այդ ձեւերը թողնել բնագրում: Վաղ միջնադարում նմանատիպ ձեւերի շրջանառութեան ուսումնասիրութեանը նպաստելով հանդերձ (վիմագրերի բառագանձի օրինակով)՝ դա թերեւս բնագրի օգտագործման հասկանալի դժուարութիւններ է առաջ բերում (յատկապէս՝ ծանօթագրութիւնների փոքրաթիւ լինելու պարագայում), որի համար հայցում ենք ընթերցողի ներողամտութիւնը: Ներկայ շարքի հրատարակութեան մէջ որդեգրուած սկզբունքի համաձայն՝ հեւտեւողականութիւն չենք ցուցաբերել աւ–օ եւ կցագիր եւ տարընթերցումները ներկայացնելիս (նշենք, որ հնագոյն a ձեռագիրը բացառապէս ունի աւ եւ չնչին բացառութիւններով՝ երկնիշ եւ, իսկ Բ խմբի ԺԷ-դարեան ձեռագրերում աւելի յաճախ են օ տառը եւ կցագիր եւ -ը):

Ալեքսան Յակոբեան 

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Հ. Ներսէս Ակինեան, Մովսէս Դասխուրանցի (կոչուած Կաղանկատուացի) եւ իր Պատմութիւն Աղուանից, Վիեննա, 1970։

2. Կիմ Ղահրամանեան, «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի աղբիւրները, (թեկնածուական ատենախօսութիւն), Երեւան, 1974։

3. Ասատուր Մնացականեան, Աղուանից աշխարհի գրականութեան հարցերի շուրջը, Երեւան, 1966։

4. Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկուա, 1860

5. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Քննական բնագիրը եւ ներածութիւնը Վ. Առաքելեանի, Երեւան, 1983։

6. Ալեքսան Յակոբեան, Մովսէս Կաղանկատուացու «Աղուանից պատմութեան» ձեռագրերը, ԲՄ, թիւ 15, Երեւան, 1986։

7. Ալեքսան Յակոբեան, Գտչավանքի շինարարական արձանագրութիւնը եւ հարաւային Արցախի եպիսկոպոսութեան սահմանները, ՀԱ, Վիեննա, 1999։

8. Ալեքսան Յակոբեան, «Վաչագանի վէպ»-ը եւ Արշակունեաց թագաւորութեան խնդիրը Դ-Զ դարերի Աղուանքում , ՀԱ, Վիեննա, 2003։

9. Հենրիկ Ս. Սւազեան, Մովսէս Կաղանկատուացու «Աղուանից պատմութեան» աղբիւրները, ՊԲՀ, Երեւան, 1972, թիւ

10. Ը. Ը. ԸՍՏտ ˇ վ, ԸսոՈվՌ ˇ- ԸսցՈվՍ Չ չՐպՍՏ - սՈՑՌվրՍՌւ Ռ ՊՐպՉվպՈՐՎ ˇ վրՍՌւ ՌրՑՏփվՌՍՈւ, ժՐպՉՈվ, 1987.

11. Խ. Ը. ԽՈչՐՈՎՈվ ˇ վ, ԼրՑՏփվՌՍՌ ì ԼրՑՏՐՌՌ րՑՐՈվօ ԸսցՈվՍ î, ԸՉՑՏՐպՒ. ՊՌրր. Ö Ս. Ռ. վ., ժՐպՉՈվ, 1973.

12. ԾՏՉրֆֆֆր ԽՈսՈվՍՈՑցՈՓՌ, ԼրՑՏՐՌ ˇ րՑՐՈվօ ԸսցՈվՍ, տպՐպՉՏՊ ր ՊՐպՉվպՈՐՎ ˇ վրՍՏչՏ, տՐպՊՌրսՏՉՌպ Ռ ՍՏՎՎպվՑՈՐՌՌ Մ. Թ. հՎոՈՑ ˇ վՈ, ժՐպՉՈվ, 1984.

13. The History of the Caucasian Albanians by Movs ռ s Dasxuranci. Translated by C. J. F. Dowsett, London, 1961.

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ

a - ՄՄ ձեռ. թիւ 1531, ժամանակ՝ 1289 թ.

b - ՄՄ ձեռ. թիւ 1725, ժամանակ՝ 1675 թ.

c - ՄՄ ձեռ. թիւ 2561, ժամանակ՝ 1664 թ.

l - Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի Ս. -Պետերբուրգի բաժանմունքի գրադարանի հայերէն ձեռագրերի հաւաքածոյ, թիւ C 59, ժամանակ՝ 1678 թ.

r - Բրիտանական թանգարանի թիւ Or 5261, ժամանակը՝ ԺԷ դ.

z - ՄՄ ձեռ. թիւ 6196, ժամանակ՝ ԺԴ դ., Վենետիկի Մխիթարեանց Մատենադարանի ձեռ. թիւ 200 (Ճառընտիր Ա), ժամանակ՝ 1224 թ., ձեռ. թիւ 201 (Ճառընտիր Բ), ժամանակ՝ 1200 թ.

a ց, b ց, c ց, l ց, r ց տառանիշերով տրուած են համապատասխան ձեռագրերի՝ Մովսէս Դասխուրանցու կազմած գլխացանկերի ընթերցումները։