Կանոնք Դըւնայ սուրբ ժողովոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

  Ներսէս Գ. Տայեցի ( Շինող ) կաթողիկոսը աթոռակալել է 641-661 թթ. ՝ Հայաստանի եւ Հայոց Եկեղեցու համար ամենաբարդ մի դարաշրջանում: Նրա օրօք տեղի են ունեցել մի շարք եկեղեցական ժողովներ, որոնցից մէկում ընդունուած կանոնները յայտնի են « Կանոնք սուրբ ժողովոյն Դւնայ » անուանումով: Սովորաբար այդ ժողովը թուագրւում է 645 թ., թէպէտ բացառուած չէ նաեւ 648 թ., երբ Բիւզանդիայի Կոնստանտ Բ. կայսրը պահանջեց հայերից միանալ Քաղկեդոնի տիեզերական ժողովի երկաբնակ բանաձեւին եւ նորից մերժում ստացաւ:

Դուինի հինգերորդ ժողովի բովանդակալից կանոնները բազմաթիւ ուսումնասիրութիւնների առարկայ են դարձել, դեռ մէկ դար առաջ արժանացել համեմատական հրատարակութեան: Սակայն անգամ Վազգէն Յակոբեանի՝ շուրջ յիսուն ձեռագրերի հիման վրայ կազմուած նրանց համեմատական բնագրում որոշ ուղղումների անհրաժեշտութիւն նկատուեց: Մասնաւորապէս, ժողովի բուն արձանագրութեան բնագրից փակագծերով անջատեցինք առաջաբանը, գլխացանկը եւ վերջաբանը, որոնք, ամենայն հաւանականութեամբ, աւելացուել են Հայոց կանոնագրքի կազմողներից մէկի կողմից Յովհաննէս Օձնեցուց մինչեւ Ժ դարի կէսն ընկած ժամանակահատուածում: Նշենք նաեւ, որ առաջաբանի տեղեկութիւնների համար, հաւանաբար, հիմք են ծառայել ժողովի բուն արձանագրութեան փաստաթղթի վրայ եղած ինչ - ինչ նշումներ: ԺԲ դ. իր Դատաստանագիրքը կազմելիս այս կանոններից էապէս օգտուել է Մխիթար Գօշը:

Դուինի ժողովի կանոնները պահպանուել են Հայոց կանոնագրքի Ա խմբի ձեռագրերում՝ ԼԸ, իսկ Բ խմբի օրինակներում՝ ԼԹ թուահամարի տակ: Ինչպէս ձեռագրերի մանրակրկիտ քննութեամբ պարզաբանել է Վազգէն Յակոբեանը, Կանոնագրքի շուրջ 200 օրինակների՝ մեզ հասած երկու ձեռագրախմբերը ծագում են Ժ դ. վերջում (992-997 թթ. միջեւ ) կազմուած մէկ ընդհանուր մայր տարբերակից, որն ունեցել է 40 կանոնախումբ: Նրանից են ծագում Հայոց կանոնագրքի հնագոյն երկու ձեռագրերը՝ A գրչագիրը՝ արտագրուած 1098 թ., տէր Խաչիկի օրինակից ». Նոր Ջուղայի ձեռագիր ), եւ B գրչագիրը՝ արտագրուած ըստ ամենայնի միեւնոյն մայր օրինակից ԺԳ դ. ։ Դրանցից կատարուած տասնեակ ընդօրինակութիւնները կազմում են Հայոց կանոնագրքի ձեռագրերի Ա խումբը ( մենք նկատի չենք ունեցել դրանք ): Ժ դ. վերջի այդ տարբերակից են արտագրուել նաեւ Հայոց կանոնագրքի ձեռագրերի Բ խմբի մեզ հասած երեք ենթախմբերի մայր գրչագրերը: Այդ մայրերից ոչ մէկը մեզ չի հասել, ուստի Բ խմբի մայր օրինակի ընթերցումները վերհանելու համար անհրաժեշտ է նախապէս վերականգնել բոլոր երեք ենթախմբերի ձեռագրերի մայր գրչագրերի ընթերցումները՝ այդ ենթախմբերից իւրաքանչիւրի բոլոր օրինակների տուած նիւթի համեմատական քննութեամբ: Կատարելով այդ աշխատանքը ( Վ. Յակոբեանի համեմատական հսկայածաւալ աշխատանքի օգնութեամբ ) ՝ ենթախմբերը պայմանականօրէն անուանել ենք՝ K a (acdkmpsv ձեռագրեր՝ ԺԶ - ԺԷ դդ. ), K b (befpq ձեռագրեր՝ ԺԶ - ԺԸ դդ. ) եւ K r (hloru ձեռագրեր՝ բոլորը ԺԷ դ. ): Ընդհանուր առմամբ, Վ. Յակոբեանի մանրակրկիտ համեմատական աշխատանքի շնորհիւ, իւրաքանչիւր ենթախմբի նախնական ընթերցումների վերհանումը լուրջ խնդիրներ չի յարուցում ( որոշ կասկածելի դէպքերում շահագրգիռ ընթերցողն ինքը կարող է դիմել Վ. Յակոբեանի քննական - համեմատական հրատարակութեան տողատակերի մատուցած սպառիչ նիւթին ):

Կանոնագրքի ձեռագրախմբերի ընթերցումների համադիր օգտագործմամբ կազմուած Դուինի ժողովի կանոնների քննական բնագիրը մեծ հաւանականութեամբ պատկերացում է տալիս նրա եօթերորդդարեան վիճակի մասին։ Ստորեւ ներկայացուած բնագրի տողատակերում հաշուի չեն առնուած Կանոնագրքի առանձին ձեռագրերի տարընթերցումները, քանի որ դրանք հաստատապէս արտագրուել են A, B ձեռագրերից կամ Բ խմբի ձեռագրախմբերի ( վերականգնուած ) մայր օրինակներից, ուստի չեն կարող օգտակար համարուել Կանոնների ինքնագրի վերականգնման հարցում: Հայոց կանոնագրքի կազմող գրիչների կողմից աւելացուած վերնագիրը եւ յօդուածացանկը վերցրել ենք փակագծերի մէջ: Իբրեւ Է դարի բնագրի վերականգնում, բնականաբար, բաց են թողնուած կանոնագրքային ընդհանուր գլխակարգութեան յօդուածահամարները: Բնագրի տողատման եւ կէտադրման խնդրում էապէս օգտուել ենք Հայոց կանոնագրքի քննական հրատարակութեան հեղինակ Վազգէն Յակոբեանի կատարած աշխատանքից։

Ալեքսան Յակոբեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Ա. Զամինեան, Հայոց եկեղեցու պատմութիւն, հտ. Ա - Բ, Նոր Նախիջեւան, 1908-1909 ։

2. Կանոնագիրք Հայոց, աշխատասիրութեամբ Վազգէն Յակոբեանի, հտ. Ա, Երեւան, 1964. հտ. Բ, Երեւան, 1971 ։

3. Հ. Վ. Հացունի, Կարեւոր խնդիրներ Հայ եկեղեցւոյ պատմութենէն, Վենետիկ - Ս. Ղազար, 1927 ։

4. Մխիթար Գօշ, Գիրք Դատաստանի, աշխատասիրութեամբ Խ. Թորոսեանի, Երեւան, 1975 ։

5. Մխիթար Վարդապետ, Ս. Տիգրանեան, Կանոնք Դւնայ ս. ժողովոյն, Վաղարշապատ, 1905 ։

6. Ա. արքեպս. Մխիթարեանց, Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ հանդերձ կանոնադրութեամբ ի պէտս ժառանգաւորաց, Վաղարշապատ, 1874 ։

7. Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրութեամբ Գ. Վ. Աբգարեանի, Երեւան, 1979 ։

8. Մ. արքեպս. Օրմանեան, Ազգապատում, հտ. Ա։

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ

A - Նոր Ջուղայի ձեռ. թիւ 131 ( ՄՄ լուսանկարների հաւաքածոյ, թիւ 203), ժամանակ՝ 1098 թ.

B - ՄՄ ձեռ. թիւ 6409, ժամանակ՝ ԺԳ դ.

K a, K b, K r - Հայոց կանոնագրքի Բ խմբի ձեռագրախմբերի վերականգնուած մայր օրինակների ընթերցումներ ( ըստ Վազգէն Յակոբեանի համեմատած նիւթի )