Սիսուան

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

37. Մանուշկի գետաձոր. Բոյսք

Գետակ Պահակին Կիլիկիոյ ընդարձակագոյն ունի ձորահովիտ քան զԳանձէոյն, եւ զատանի ի նմանէ երկարաձիգ քամակաւ լերանց, որք ի բարձրագոյն սարից Պուլղարայ առ փոքր փոքր զիջանելով հասանեն ի նեղուցս անցիցն. եւ են դոքա ` բարձրն Իւչ-թէփէ (10, 000 ՛ ) ի Հր. գերածայրեալն Մէտտէսիզի, Պուզ տաղ ( Սառնասար ), Քէչի պէլի, 8600 ՛, Գար-կէօլիւ ( Ձիւնալիճ ) 8800 ՛, Պաշ օլուգ, 7200 ՛, որ յայտ առնէ ունել առ երի նեղ եւ երկայն անցս նման խողովակի. նշանակի անդ եւ հանգրուան կամ իջեվան. Տէվէ թէփէ ( Ուղտասար ) 7100 ՛, Ինէկ թէփէ ( Կովասար ). եւ ապա միջին գահաւանդն անտառավայր եղեւնեաց եւ սեաւ սոճեաց մինչեւ ի սահմանս Գանձէոյ: Ոչ նշանակի առանձին անուն գետոյս, այլ զի ի սկզբան Մէնէվշէ սու կոչի, այսինքն Մանուշակի ջուր, նոյնպէս եւ զբովանդակն կոչեսցուք Մանուշակ գետ. որոյ եւ աղբերակունք նշանակին [1] յ ’8200 ՛ բարձու ընդ մէջ Իւչթէփէի յարեւմտից, Ծակքարի ( Տէլիք գայա ) յարեւելից, եւ բարձուն Արփալը-գայա (10800 ՛ ) ի հիւսիսոյ: Անուանք լերինն ` Սառնասար թարգմանելոյ, Ձիւնալիճն ( Գար կէօլիւ ) յ ’8800 բարձու, եւ որ յելից սոցին յանկեան երկուց վտակաց աղբերականցն ` Գարլը պօղազ ( Ձիւնակապան ) լեռնանցք, թէպէտ ոչ յոյժ բարձրաբերձք հաշուին, այլ յայտ առնեն այնպիսի վայրս ցրտասառոյցս ունել առընթեր, որպէս եւ նշանակին իսկ անդ յաւերժական սառնամանիք ի տեղացուցի բնագիտին Քոչեայ: Բայց հանգրուանն Գարլը պօղազ մաղարա ի խորւոջ կայ իբր ի 6300 ՛. յոյժ ապառաժուտք եւ դժնեայք են սահմանքն եւ սակաւաբոյսք, յորոց բարձունս ճարակին քօշք եւ այծեմունք: Ի ժամանակի քննութեան Քոչեայ յամի 1853 ( յամսամուտն յուլեայ ), 10 վրանք էին սեւամորթք ի տեղւոջս, ընդ տեսչութեամբ գլխաւորի հովուացն ` Հասան Աղա կոչեցելոյ, եւ նոյնչափ եւս քարայրք զեզերբ գոգոյ միոյ ջրժողովի, ուր եւ կաթնատունք նոցա, եւ ի մուտս նոցին կային շունք ի զգուշութիւն ` ոչ գայլոց միայն, այլ եւ երկայնաճիրան եւ սրացռուկ արջուց: Թէպէտ եւ մարգագետինն ճարակեալ էր ի հօտից, եւ սպառեալ աճեցուն բուսականաց, այլ եւ ի մնացորդաց անտի գուշակիւր յոլովութիւն ալպեան բուսոց եւ ծաղկանց. յորս գլխաւորք եւ առատք էին գեղեցիկ Կառն ստեւունակ (Acanthus hirsutus), Եբինոս (Ebenus), եւ յերեսս քարաժեռից ` բարձանման պատեալ Քարկոտրուկ. առատ երեւէր եւ կովկասեանն Շրէշ (Eremurus Caucasicus) մարդաչափ բարձր բնով, դեղնակարմիր ծաղկամբք, զորոյ տակս ցամաքեցուցեալ տանին ի վաճառ ի Տարսոն: Յետ վեց ամաց միւսանգամ (1859) եկեալ այսր բուսասիրին ` ի կանխագոյն եղանակի (5 յունիսի ), եգիտ ըստ փափագանացն յոլովագոյն եւս տեսակս բուսոց եւ ծաղկանց:

 

 

Կիսով փարսախաւ ի հիւսիսոյ Գարլը - պօղազի են Դաշ­օլուգ գափուսու ( Փայտեայ Փուլ կամ Խողովակ ) կոչեցեալ անցք, 8100 ՛ բարձր. յոր գնալով բուսաբանին ` զառաջինն ընդ դժուարուտ կածանն, որ յետոյ դիւրանայ, եգիտ ի սահման ձեանց գեղեցիկ նորատեսակ դեղնագոյն մեխակ մի, Յակինթ ձիւնական ( Գար սիւմպիւլիւ ) կոչեցեալ յայլազգեաց, եւ ի պատառուածս բարձանց քարաժեռից ` զնորատեսակ գեղաղէշ փոքր Առիւծթաթիկն եւ զՅուշոյ - ծաղիկն, զորս ի ներածութեանն յիշեցաք ( յէջ 18 ), եւ զհազուագիւտ Ճաղճղուկն ճերմակախայտ (Gnaphalium leucopilinum): Առ աղբերբ միով յ ’8000 ՛ բարձու եգիտ կապուտակ Կովացնծուկ (Primula), մեծածաղիկ Սփռուկ (Spergula) [2], եւ խիտ առ խիտ պրտուս. առ ակամբք Մանուշակ գետոյ ետես կապտագոյն Պարարտուկ (Pinguicula, Grassette) եւ խաժագոյն Օձախստոր գարնայնի [3]. ընդ որս աւելի քան զքառասուն տեսակս եւս բուսոց հաւաքեալ թուէ բուսաբանն, ի խաղըս քսանիւ չափ աղբերց, ի մերձակայ սահմանս եւ ի քարածերպս: Իսկ յազգէ միջատաց ` սակաւս եգիտ նորատեսակս, եւ սակաւագոյն եւս մողիզս: Յազգէ հաւուց ` մեծամեծ արծուիք եւ անգեղք երեւին շատ ի լեռնավայրքս, եւ երամք ձիւնակեաց մանր թռչնոց: Ի կողմանց աստի ձիւնեղէն լերանց հատանեն ամարանի մեծամեծ բեկորս սառին, մինչեւ կենդինար եւ կէս կշռով, եւ բարձեալ գրաստուց տանին ` ի Տարսոն, ուր երկու բեռն վաճառի 120-140 թուրք դրամոյ ( ղուռուշ ): Յատկագոյն եւ կենդանագոյն եւս սեռք բարձանցս են քօշքն եւ այծեմունք, որք ի միջի ձեանց դեգերին. ամենայն ուրեք երեւին, այլ յոյժ դժուարորսալիք են եւ երագունք ի փախուստ: Հանգոյն իմն սոցին դժուարըմբռնելի է եւ որսկաքաւն ` ուր-քէքլիկ կոչեցեալ ի Թուրքաց, զոր ընդ մէջ Ձիւնակապանին եւ Այծուկապանին ( Քէչի - պէլի ) ետես բնախոյզն ` ի սորս եւ ի քիւս բարձրաբերձ քարաժեռից լերանց. այլ եւ աքլորս վայրիս ի բարձրաւանդակս անդ: Յ '8000 ոտնաչափ բարձրութեան Այծուկապան լերին ` է տափարակ մի հողային, արտաչափ տարածութեամբ, որ յեղանակս ծաղկաբերութեան ծածկի շուշանաւ եւ քրքմով. կանաչանան յայնժամ եւ բարձրագոյն եւս կատարք հիւսիսակողման լերինն: Արեւմտակողմն ընդարձակ բարձրատափ է, 8000 ՛ բարձր, յորմէ ընդ հարաւ կոյս ձգին ձորահովիտք, եւ ի կողս նոցին վրանք հովուաց. ի հիւսիսոյ նոցին ի կրային զանգուածի ամբառնայ սեւագոյն ժայռ հրաբղխեայ: Ի մարգս Այծուկապան լերին հաւաքեաց Քոչի, ( յ ’3 յուլիսի 1853) զատ յայլոց ` գեղեցիկ խարտեաշ Հարսնուծաղիկս (Anemone blanda), ոսկեգոյն Թագաւորապսակ, Կակէա տաւրացի (Gagea tauricola) Շահթառակ, խաչաձեւ Ձիւնծաղիկ (Hermodactylus cruciflorus), Կակաջս գեղանիս (Tulipa pulchella), եւ սոխս քրքմոյ շատ: Իսկ զհարաւային քամակ լերինն ` ստոյգ պարտէզ իմն բուսոց կոչէ, յորում առ հասարակ սփռեալ պատեալ էր Զամբուռն վայրի. ի քարածերպս ` Օշնան (Saponaria pumillo), եւ ի խութս կոհակացն ` Ծնուկ (Ajuga): Վառվռուկ ` կաքուարօտի տերեւօք (Alyssum Serpillifolium), արծաթափայլ թուփն Congistyla, եւ Ճլելեկ ճապաղեալ ի խիճս: Ի կոշտս կոհակացն պէսպէս Խազիրանք կապուտածաղիկք եւ սպիտակաթելք (Astragalus Pelliger եւ Ast Chienophilus), եւ Արաբիկ առնասպարիկ (Arabis androsacea). յազգէ բարձրացօղուն բուսոց ` Ոջլադեղն զուարճատես (Pedicularis jucunda), Իշհոտոտ գունագոյն (Onosma versicolor), Եղեսպակք (Salvia Oreades եւ S. Molucella. ) Ի մարգս ` ազգ ազգ շրթնաձեւից (Labiatæ) անուշահոտ ծաղկանց եւ կարմրիկ առուոյտն արեւելեան. առ ստորոտով լերինն ի հիւսիսակողմն ի գետնի ` վարդագոյն Յուրինեակ (Jurinea depressa) եւ աստղաձեւ սպիտակ Շնախստոր (Ornithogalum). ի խոռոչս ժայռից ` Արեգնիճ, Ոջլադեղ կովկասեան, Կոտեմ եւ Կոտմնտուկ եւ Եղինճամայր տերեւօք նման կատուախոտի (Lamium nepetæfolium). ի ծմակուտ գոգս ժայռից ` դուն ուրեք Մանուշակ թանձրատերեւ (Viola crassifolia): Բազում եւ այլ տեսակս բուսոց հաւաքեաց Քոչի ( յ ’3 եւ 4 յուլիսի ), ի հուն գետոյն առ Ձիւնկապանաւ ` ի կոշկոռս եւ ի քարաժեռս Դաշ - օլուգի. որպէս եւ եօթնեւտասն ամաւ յառաջ (1836) բուսաքննեալ էր նորա յայսոսիկ սահմանս: Յայսպիսեաց միջի ճարակին ամարանի հոյլք անդէոց, եւ ի սկիզբն աշնայնոյ իջանեն յանտառս մինչեւ ի կէս հոկտեմբեր ամսեան, յետ այնր պատսպարին ի փարախս իւրեանց: Տարեկան հարկ հովուաց է ` յօդեաց եւ յայծեաց ` երկու յերեսնից առ պաշտօնեայ ( միւտիր ) հոգացող կողմանցն, յորմէ պահապետի Դրանն Կիլիկիոյ հասանէ բաժին 2000 գլխոց: Յազգէ հաւուց ետես բնաքնինս ` երկուս տեսակս անծեղի եւ կաչաղակ յանտառս. սակաւս յազգէ ճնճղկաց, առ նուազութեան ջրոյ. նոյնպէս եւ միջատք միայն առ աղբերակամբք գտանէին, զորս տայր նա որոնել մանկտւոյն Հայոց եւ Թուրքաց: Գտաւ ` ի կողմանսն եւ նորանշան տեսակ մի վայրի մկան ի քարածերպս [4] ։

  Առանձինն ձորահովիտ գործէ փոքր գետակ մի ` Աղաճ­քէսէ? անուանեալ, իջանելով ի հարաւոյ Ձիւնալճին եւ Պաշ օլուգ կոչեցելոյ 7200 ՛ բարձր կածանի, եւ իբր մղոնս հինգ խաղացեալ ընդ Ել. Հր. խառնի ի Մանուշակ գետ առ Եըլան օվասը ( Օձադաշտ ) անուանեալ տեղեաւ, որ է երկու մղոնաւ հեռի ի Հս. Ելից պահակի Դրանն Կիլիկիոյ. եւ ասի այսպէս կոչիլ վասն խտութեան ծառոց եղեւնեաց ի ձորահովտին, ընդ որս եւ մայրք մեծամեծք բարգաւաճեն մինչեւ ի 6200 ՛ բարձրաւանդակին, եւ գիհիք երկատեսակ: Ճանապարհ օձապտոյտ կտրելով զլերինս եւ զքարաժայռս ` ի միջոցի Ձիւնալճին եւ միւսոյ եւս Չիտէմ կէօլիւ կոչեցելոյ, որ է Քրքմոյ լիճ, իջուցանէ ի Կապարահատս Կիլիկիոյ, Կիւլէք-Մաղարա կամ Գույու Մաղարա, յարեւելակողմն Զիարէթ լերին, եւ նոյնպէս դարձադարձ խոտորակտուր տանի ի գետեզրն Մանուշակի ` հանդէպ Նետէրէ? սու աղբեր եւ հանգրուանի, յահեկէ գետոյն, աւելի քան զ 5000 ՛ բարձր: Անցք ճանապարհին առ գետեզերբն կոչի յանուն քարալերին միոյ ` Էրճէ կէտիք 5000 ՛ բարձր. իսկ լեառն բովուցն ` Մատէն թէփէ՝ ի Հր. Քրքմոյ լճակին ` բարձր է 7300 ՛: Հանքք կապարոյ պեղեալ զառաջինն յԱւստրիացի երկրագիտաց ` յամի 1836, յետ ամաց ինչ դադարեցան, եւ դարձեալ ի գործ արկեալ ` լքան վերստին, որպէս եւ նշանակեցաւ ի Բնագրութեանս. պակասեաց եւ բնակութիւն տեղւոյն, որ գիւղացեալ էր երբեմն: Ըստ բուսաբանական բերոց ` կարի հարուստ եգիտ Քոչի զերկոսին կողմանս Մանուշակ գետոյն, եւ բազում հազուագիւտ եւ անծանօթ բոյսս, յորս եւ երկու տեսակք Ձուածաղկի, ( մին Orchis Comperiana Stec), Խառնածաղիկ բրդոտ (Ranunculus villosus H. ) առ Նէտէրէ աղբերբ, գեղաղէշ Նուիճն Դիոսկորիտեան շառագոյն ծաղկամբ, Մատիտեղն վայրի, եւ Հազարատերեւեան մանրածաղիկ: Յանտառավայրս ` Դուռնըֆորեանն Գունդելիա, զորոյ սերմն երբեմն վարեն փոխանակ գաֆէի, Դափնի բլրցի (Daphne Collina), Գառնամանուկ մեծայօնակ (Senecio Megalophron), Եղեսպակ մեծատերեւ կապտագոյն, Դաղձն ինչ վայրի (Nepeta): Ի զնստագոյն տեղիս ` Մեղրածուծ, Վարդ մատզուկ (Rosa glutinosa), Մեղուամուշկ (Tanacetum) արծաթագոյն, Երինճակ, Անթեմ ոսկեգոյն, եւ այլք յոլովք: Ի մերձաւոր սահմանս Կապարհատիցն ` Անձխոտ (Fumaria Vaillantii), Բարլադորիա կարճապտուղ (Parlatoria brachycarpa), Եզնալեզու (Anchusa Barrelieri), Ճանդի կարճապտուղ (Scandix brachycarpa), Հզօրի մանրածաղիկ (Potentilla micrantha), Մոխրաթելիկ (Chenopodium Botrys), Տանձի ուռենատերեւ (Pyrus salicifolia), Սին, Վարդ գեղանի եւ այլ ազգ: Սերկեւլիճ (Cotoneaster), Քոսքսուկ վեպպեան (Scab. Webbiana), Վերոնիկ արեւելեան, Կոտմնտուկ, Սկուտղի արեւելեան (Scutellaria Orientalis), Արեւոսկի արեւելեան (Helichrismum), Զամբուռ (Thymus rigidus), Կանթեղնիճ անպարոյր (Campanula involucrata), Շահոգրամ, Տափկի մանիշագոյն, եւ այլն: Ի քարալերին Կապարհանիցն ` Բզրուկ գիհէնման, Նգածաղիկ, Աւազուկ (Arenaria Ledeburiana), Ճլելեկ գետնամած, Գոճամօրու վայելուչ, Կովացնծուկ ականջուտ (Primula auriculata), եւ այլն, եւ այլն: Յոլով մասն ի ծաղկանցս եւ ի բուսոց յիշեցելոց ` քաղեալ ի բնախուզէն յամս 1836 եւ 1853, ցամաքեցուցեալ պահի արդ ի բուսական հաւաքարանի մայրաքաղաքին Վիեննայ: Ի կենդանեաց սեռէ երեւին զվայրօքս կինճք առ աղբերբք Նէտէրէի եւ ի մորիս, եւ եւս յարեւմտակողմն ի կաղնուտն:

 

 

[1]             Սույուն կէօզիւ ( Ակն ջրոյ ) կոչեցեալ ըստ տեղացոյց տախտակի Քոչեայ։

[2]             Գերմաներէն ըստ Քոչեայ Natternknöterich.

[3]             Sommerenzian, ըստ նորին բուսաբանի Քոչեայ։

[4]             Die vielen Kinder… brachten verschiedene Insecten und selbst eine höchst interessante in Hohlen wohnemle Spitzmaus. - Kotschy, 99.