Չափածոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի՛ՆՉ ԱՆՁԿՈՒԹԵԱՄԲ, Ի՛ՆՉ ԱՆՁԿՈՒԹԵԱՄԲ…
      
       Ի՜նչ անձկութեամբ, ի՜նչ անձկութեամբ
       Կը սպասեմ քեզ, երեքշաբթի,
       Ի՜նչ մանկունակ, ի՜նչ մանկունակ
       Խինդով մը դուն թրթիռ կուտաս, լոյսշող կուտաս
       Իմ էութեան, երեքշաբթի։
      
       Այսօր շաբաթ ու կիրակի, յետո՞յ, յետո՞յ, երկուշաբթի
       Ու կը համրեմ ու կը համրեմ
       Ժամ ու վայրկեան, երեքշաբթի։
      
       Տօն է այսօր, տօն է այսօր,
       Արեւ ցաթեց, երեքշաբթի։
      
       Այսօր կուգայ, հիմա կուգայ,
       Խանդակաթ, ա՜խ, մայրս կուգայ.
       Ու ի՜նչ գորով ու ի՜նչ գորով
       Կը հոսի ներս, ցած ու խոնաւ բանտախուցէս։
      
       Այսօր կուգայ, հիմա կուգայ,
       Քոյրս քնքոյշ հիմա կուգայ,
       Ու թարմ ու ջերմ
       Ի՜նչ քաղցրութիւն, ի՜նչ քաղցրութիւն
       Կը ծորէ ներս մենաւորիկ ցուրտ խցիկէս։
      
       Այսօր կուգայ, հիմա կուգայ,
       Սիրականս ահա՛ կուգայ,
       Ի՜նչ հեշտութիւն, ի՜նչ հեշտութիւն
       Կ’ալեկոծէ մռայլ հոգիս։
      
       Այսօր կուգան, հիմա կուգան,
       Մտքի, սրտի քոյրեր բուրեան,
       Օ՜, ի՜նչ սարսուռ, օ՜, ի՜նչ սարսուռ
       Կը սաւառնի խուցիս վերեւ։
      
       Ի՜նչ անձկութեամբ, ի՜նչ անձկութեամբ
       Կը սպասեմ քեզ, երեքշաբթի,
       Ի՜նչ մանկունակ, ի՜նչ մանկունակ
       Խինդով մը դուն թրթիռ կուտաս, լոյսշող կուտաս
       Իմ էութեան, երեքշաբթի։
      
       1918 Օգոստ. Կեդր. բանտ