Չափածոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐԳՍ ՔԵԶԻ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք
      
       Երգս քեզի եւ փառք քեզի, Հայրենիք,
       Պայծառափայլ, ինքնիշխան,
       Քեզմով միայն պիտի գոչենք «ա՛լ հերիք
       Երդիքները թոյն մխան»։
      
       Երգս քեզի, օրհնութիւն քեզ, Հայրենի՛ք,
       Յորդահոսան, թրվռուն,
       Քեզմով պիտի շնչենք, ջնջենք սուր ժանիք,
       Դարանակալ օձերուն։
      
       Երգս քեզի, արիւնափառ Հայրենիք,
       Լուսաժպիտ անվախճան,
       Քեզ կը տենչան դարերէ դար Հայկունիք,
       Գեղջուկ, բանուոր քրտնաջան։
      
       Երգս քեզի, ստեղծագործ Հայրենիք,
       Եղիր յաւէտ դուն ազատ,
       Քեզմով պիտի ճառագայթեն արժանիք
       Զաւակներուդ հարազատ։