Չափածոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՍ ՔԵԶ ՄԵՂԱՅ
      
       Ես անյագուրդ սիրեցի քեզ,
       Ու կը լքեմ տարօրէն
       Քմայքով մը նազենի։
      
       Սիրեցի քեզ, արեւդ ըմպել
       Ես ինքս ինծի թոյլ տուի,
       Եւ ուխտս ահա կը դրժեմ։
      
       Չունիմ հոգեակ, ոչ մէկ տրտունջ,
       Սիրեցի քեզ սերտ սիրով,
       Բայց ահա եւ կը լքեմ։
      
       Անիծէ՛ զիս, կամ մահացո՛ւր
       Ծիծաղովդ ծաղրածու,
       Քանի որ քեզ կը լքեմ։
      
       Բայց, ա՜հ, չըլլայ երկբայիս զուր
       Խորութեանը ջերմ սիրոյս,
       Որ քեզմով զիս ապրեցուց։
      
       Սիրեցի քեզ, եւ կը սիրեմ,
       Ու դարձեալ, դէգ, կը լքեմ,
       Քմայքով մը ապիրատ։
      
       Ես քեզ մեղա՜յ, ես՝ դրուժան,
       Համբոյրիդ հուր նախընծայ
       Վայելողը սրբապիղծ։