Թարգմանութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՇԽԱՏԱՄԱՐՏԻ ԵՐԳԸ
      
       L’INTERNATIONALE
      
       Ա.
      
       Ոտքի՜ աշխարհի կեղեքուածնե՛ր,
       Ոտքի՜, քաղցի կալանաւորներ.
       Արդ իրաւունքը կ’ամպրոպէ գոռ,
       Պիտի պոռթկա՛յ զայրոյթն իր։
       Քանդե՛նք անարգ անցեալը խոժոռ,
       Ըստրո՜ւկ ամբոխ, ոտքի՛ ել ժիր։
       Կառուցանենք աշխարհ մը նորոգ,
       Ուր ըլլայ տէրն իր ամէն ոք։
       Ա՛լ այս վերջին գրոհն է մեր,
       Սեղմըւինք միաբան,
       Ամէն երկրի բանուորներ,
       Մերն է օրը վաղուան։
       (Կրկնել)
      
       Բ.
      
       Ո՛չ մէկ վերին կայ ազատարար,
       Ո՛չ Աստուած, ո՛չ տրիբուն, ո՛չ Կեսար։
       Մե՛նք շեփորենք, վաստակաւորնե՛ր,
       Փրկութիւնը գերիվեր,
       Որ ըլլայ զրկարարն առաթուր,
       Փշրին մտքի բանտն ու անուր.
       Հապօ՜ն, սարքենք շուտով սալ ու կռան,
       Ծեծենք երկաթն, մինչ տաք է ան։
       Ա՛լ այս վերջին գրոհն է մեր…
      
       Գ.
      
       Պետութիւն, օրէնք՝ - նե՛նգ են բոլոր.
       Հարկն ալ կ’ընկնէ թըշուառը տկլոր.
       Զերծ է պարտքէ ջոջը հացկատակ,
       Իրաւունքն է բառ մ’ունայն։
      
       Ա՛լ բաւ է, բա՛ւ, մընալ թեւի տակ.
       Պատգամն ա՛յս է Արդարութեան. -
       «Չըկա՛յ իրաւունք առանց պարտքի,
       Ոչ պարտք՝ առանց իրաւունքի»։
       Ա՛լ այս վերջին գրոհն է մեր…
      
       Դ.
      
       Քըստմնելի՛ դիրքովնին աստուածի,
       Աշխարհակալներն հանք ու գործի,
       Արիւն քրտինք կուլ տալէ զատ
       Ուրիշ բան ըրա՞ծ են ցարդ։
       Մեր վաստակն այդ աւազակներուն
       Դրամարկղերը լեցուց անհուն.
       Ժողովուրդն, այժմ, կը պահանջէ զայն -
       Իր առնելիքն օրինական։
       Ա՛լ այս վերջին գրոհն է մեր…
      
       Ե.
      
       Մենք ենք, մե՛նք, բանուորներս ու գեղջուկ,
       Աշխատաւոր շարք իրաւազուրկ.
       Երկիրն է տուրք սոսկ մարդուն մաքուր,
       Կրո՜ղը տանի մեղկն այլուր։
       Ծոյլեր կ’ուտեն մեր միսն ու մըկան,
       Բայց երբոր վաղ կամ անագան
       Ագռաւներն այդ կորչին իսպառ,
       Պիտի շողա՜յ արփին պայծառ։
       Ա՛լ այս վերջին գրոհն է մեր…