Թարգմանութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՌԱՊԱՆՔԻ ԵՐԳԵՐ (ԵՐԲ ՖՐԱՆՍԱՆ ԼՈՒԾԻ ՏԱԿ ԷՐ)
      
       ԱԶԱՏՈՒԹԻՒՆ
      
       Դպրոցականի տետրակներուս վրայ,
       Գրասեղանիս եւ ծառերուն վրայ,
       Աւազին եւ ձիւնին վրայ,
       Քու անունդ կը գրեմ։
      
       Բոլոր կարդացուած էջերուն վրայ,
       Բոլոր սպիտակ էջերուն վրայ,
       Քարին, արիւնին, թուղթին թէ մոխիրին վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Ոսկեղէն պատկերներու վրայ,
       Ռազմիկներու զէն զրահին վրայ,
       Արքաներու թագին վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Թաւուտքին եւ անապատին վրայ,
       Թռչունի բոյներուն, ցախաւելի թուփին վրայ,
       Մանկութեան արձագանգին վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Գիշերուան հրաշալիքներուն վրայ,
       Ցերեկուան ճերմակ հացին վրայ,
       Նշանուած եղանակներուն վրայ
       Եւ շուքերու աղօրիքին վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Արշալոյսի իւրաքանչիւր շունչին վրայ,
       Ծովուն եւ նաւերուն վրայ,
       Խելագար լերան վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Ամպերու փրփուրին վրայ,
       Փոթորիկին քրտինքներուն վրայ,
       Թանձր եւ անհրապոյր անձրեւին վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Արտերուն զուարթուն կածաններուն վրայ,
       Տարածուն ճամբաներուն վրայ,
       Յորդահոսան հրապարակներուն վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Լամբարին վրայ որ կը վառի,
       Լամբարին վրայ որ կը մարի,
       Միաբան տուներուն վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Երկուքի բաժնուած պտուղին վրայ,
       Հայելիին եւ սենեակիս վրայ,
       Խեցեզարդ պարապ անկողնիս վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Որկրամոլ եւ մատաղ շնիկիս վրայ,
       Անոր ցցուն ականջներուն վրայ
       Եւ ձախաւեր թաթին վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Դրանս շեմին վրայ,
       Ընտանի առարկաներուն վրայ,
       Օրհնեալ կրակի ծփանքին վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Ամէն պարգեւատու միսի վրայ,
       Բարեկամներուս ճակտին վրայ,
       Ամէն ձեռքի վրայ որ ինձ կ’երկարի,
       Քու անունդ կը գրեմ։
      
       Անտենչ բացակայութեան վրայ,
       Մերկ առանձնութեան վրայ,
       Մահուան քայլերուն վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Վերահաստատուած առողջութեան վրայ,
       Անհետացած վտանգին վրայ,
       Անյիշատակ յոյսին վրայ
       Քու անունդ կը գրեմ։
      
       Եւ մէկ բառի զօրութեամբ
       Կը վերսկսիմ կեանքս.
       Ես ծնած եմ քեզ ճանչնալու,
       Քու անունդ տալու համար,
      
       Ազատութի՛ւն։
      
       PAUL ELUARD