Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Կոնդակ վասն ժողովարարութեան իւղի՝ պանրի՝ մսացուի՝ երկաթեղէնի՝ և այլ այսպիսեաց գրեալ ի վերայ Ղազախու, Բամբկաձորու, Բօռչալուին, և Շուլաւերու, ետ Ղազախեցի Յօհան վարդապետին, և յղեաց ի յիշեալ տեղիսն առ ի ժողովել զայնս: Թուղթ ևս առ Մանուէլ վարդապետն և Մէլիբէկն գրեաց, յանձնարարութիւն վասն նորին: Այլև՝ Հախպատու միաբանքն և կողմնացիքն միշտ վիճէին ընդ սոյն Մանուէլ վարդապետիս վասն Ղազախու գիւղորէիցն, նոքա իւրացուցանել կամելով, և սա միշտ առ սրբազան վեհն բողոքելով: Եւ նիւթ վիճոյն նոցա է՛ր այս, զի Հաղարծնու վանից թէմից շատքն աւերեցեալ էին, և բնակիչք նոցա եկեալ զետեղեցեալ էին ի Հախպատու թեմի գիւղորայսն: Ո՛ւստի Հախպատցիքն կամէին առնուլ զնոցին արդիւնսն, (որ և առնուին իսկ բազմիցս ), և Մանուէլ վարդապետն զրկիւր: Վասնորոյ միշտ բողոքէր առ սրբազան վեհն, և գլխացաւութիւն ոչ սակաւ յաւելոյր: Քանիցս անգամ ևս Հերակլ Արքային արզ արարին, բողոքելով առ նա՝ սա և Ղազախեցիքն, և նա գրեաց սրբազան վեհին բառնալ զվէճն նոցին: Եւ սրբազան վեհն այսպէս վճռեաց, զի որքան Հաղարծնու թեմքն աւերակ են, բոլոր Ղազախու երկիրն կէս արասցեն, զկիսոյ արդիւնքն Հախպատցիք առնուցուն, և կիսոյն Մանուէլ վարդապետն: Եւ այսու կերպիւս թուղթ ետ նմա յայնժամ զի ա՛յսպէս լիցի, և Արքային ևս գրեալ ծանոյց. և խնդրեաց, զի ինքն ևս թալղայ տացէ նոցա, որ այնու կանոնաւն վարեսցին: Զոր և տուեալ էր Արքայն, և կային այնու կանոնաւ մինչև ցարդ: Իսկ այժմ, Հախպատու նոր Առաջնորդ Աբրահամ վարդապետն՝ կամէր զբոլորն զաւթել. բաց ի քանի շէն մնացեալ գիւղից Հաղարծինու թեմին: Ուստի բողոքելով գրէին սոքա առ սրբազան վեհն, թէ զքո եդեալ կանոնն քակէ, և զմեզ զրկէ: Ուստի գրեաց սրբազան վեհն պատուէր՝ զի մի տացեն նմա զաւելի ինչ, այլ միայն ըստ առաջնոյն կանոնին եդելոյ՝ զկէսն արդեանց երկրին, որպէս և Արքայն թաղլայ է տուեալ ասէ, և նա նոր թաղլայ՝ կամ ի մէնջ թուղթ ոչ ունի: Ելին Յօհան պետն և նոցա փայեակն ի մայիսի ԻԹ: