Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հաղորդակցութիւն
       Ասորիները շատ լաւ ըմբռնում են, որ իրենց անկախութիւնը միանգամայն պարտական են այն հանգամանքին, որ այս երկրում ճանապարհներ բոլորովին չկան։ Ուշագրաւ է, որ Թիարից Թխում տանող կածանն ընդհատող քարաժայռը կոչւում է Հարկահանի ժայռ, եւ պատմւում է , որ տաճկաց հարկահանը, հարկեր նշանակելով կարողացել է գալ մինչեւ այդ ժայռը եւ աւելի առաջ չէ կարողացել գնալ, որովհետեւ պէտք է անցնէր ուղղահայեաց, բարձր ժայռի կրծքին ձգուող կէս մետրաչափ լայնութեան կածանով, եւ այս պատճառով էլ այդ ժայռի միւս կողմի բնակիչները ազատ են մնացել հարկից։ Տաճկաց կառավարութիւնը ոյժ չունի ճանապարհներ շինելու, իսկ ասորիները, իրենք միանգամայն հակառակ են, որովհետեւ կարծում են, որ եթէ ճանապարհներ լինին՝ տաճկաց կառավարութիւնը զօրքեր, կառավարիչներ կուղարկէ այս երկիրը եւ կը սահմանափակէ իրենց, ասորիների ինքնավարութիւնը։ Լեռների ճիւղերը միմեանց չափազանց կտրատելով, փոքրիկ հովիտներ են առաջացրել, որոնց մէջ մէկ կամ միայն մի քանի գիւղեր են տեղաւորուած, այնպէս որ գիւղից գիւղ անցնելիս՝ ոչ թէ հովտի միջով պէտք է անցնել, այլ հարկաւոր է բարձրանալ լեառը եւ իջնել միւս հովիտը։ Լեռներն էլ մեծ մասամբ ժայռապատ են, մի քանիսն ուղղահայեաց, եւ որ գլխաւորն է՝ մարդկային ձեռքը այս երկրում դեռ եւս ճանապարհներ չէ շինել. եւ բացի սրանից՝ հովիտների հողը չափազանց գնահատուելով, ամբողջովին մշակուած է եւ ճանապարհի համար լեռների քարքարոտ լանջերը եւ գետերի անմիջական եզերքներն են թողնուած։ Մեծ-Զար գետի հովտում երբեմն ժայռերն այնպէս ուղղահայեաց են իջնում գետի մէջ, որ մարդ մեծ վտանգի է ենթարկում իրեն՝ ժայռի կրծքի նեղ կածանով անցնելու։ Բաւական է մի անզգոյշ քայլ, մի սահթաքումն եւ մարդ կարող է գլորուել ահագին բարձրութիւնից ուղղակի Զար գետի մէջ։ Կածանները չափազանց քարքարոտ եւ ժայռի կրծքերը սահթաքիչ լինելով, մարդիկ ստիպուած են եղել ռաշիկ կոչուած ոտնամանը հնարել, ձմեռն էլ ծառի ճիւղերից հիւսուած շրջանակներ կապել, որ հնարաւորութիւն ունենան երկու մետրաչափ ձեան վրայով քայլել։ Այս երկրում միակ գրաստը ջորին է, եւ այն էլ միայն այն, որ մանկութիւնից վարժւում է այս կածաններով անցնիլ, այս պատճառով եւ ամեն տարի գնում են Հալէպում, Մուսուլում, Երեւանում եւ բերում, վարժեցնում այս կածաններին։ Եւ յիրաւի՝ մարդ ապշում է, թէ այս՝ ընդհանրապէս անարգուած կենդանին՝ ինչպիսի զգուշութեամբ եւ ճարտարութեամբ անցնում է այնպիսի տեղերով, ուր մարդու գլուխը միանգամայն պտտւում է եւ լեզուն չորանում։ Ընդհանուր առմամբ հազիւ կարելի է մի ժամում 1- 2 կիլոմետր ճանապարհ կտրել։
       Սակայն մարդու այս դժոխային նեղութիւնը կարծես վայրկենաբար անցնում է՝ երբ բարձրանալով լերան կամ ժայռի գագաթը՝ սկսում է դիտել իւր առջեւ բացուած լեռնային սքանչելի տեսարանը։