Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ասորիների լեզուն եւ գրականութիւնը
       Ասորիներն այժմ խօսում են նոր ասորերէն լեզուով, որ հին սիրիական լեզուի մի բարբառն է, քերականական որոշ փոփոխութիւնների ենթարկուած եւ քիւրդ ու թիւրք, արաբական եւ պարսիկ բառերով հեղեղուած։ Այս լեզուն պատակնում է սեմիտական խմբի արամէական ցեղին եւ շատ մեծ նմանութիւն ունի եբրայերէն հետ։
       Ժամասացութիւնը դեռ մինչեւ այժմ էլ հին սիրիական լեզուով է կատարւում եւ եկեղեցական բոլոր գրքերը նոյն լեզուով են։ Ժողովուրդը բոլորովին չի հասկանում այս լեզուն, ուստի շատ անգամ կարդացուած աւետարանը քահանան բացատրում է նոր ասորերէն լեզուով։
       Հաքեարի բոլոր ասորիները գիտեն իրենց մայրենի լեզուն եւ միմեանց հետ ընդհանրապէս այդ լեզուով են խօսում։ Բացի այս, շատերը խօսում են նաեւ քրդերէն, իսկ թուրքերէն շատ քչերը, այն էլ Ջուլամէրիկի եւ Բաշկալէի հետ մօտիկ յարաբերութիւն ունեցողները։ Թիարում, Թխումում, Բազում տիրապետում է միայն ասորական նոր լեզուն, գրեթէ ոչ ոք չգիտէ ոչ քրդերէն եւ ոչ էլ թուրքերէն։
       Ասորաց այժմեան գրականութիւնը չափազանց աղքատ է, գրութիւնը դժուարին, որովհետեւ ամբողջ այբուբենը կազմուած է միայն 22 տառից, որոնցից միայն 4 ձայնաւոր են եւ այս անյարմարութիւնը հարթելու համար վաղուց ի վեր գործ են ածւում առանձին նշաններ, ձեւափոխելու տառերի հնչիւնը։ Եկեղեցական գրքերի մեծագոյն մասը դեռ եւս ձեռագիր է. կան մի քանի հրատարակութիւններ Նիւ-Եօրք եւ Ուրմիա կատարուած։ Ամբողջ Վանի վիլայէթում մի ասորական տպարան չկայ։ Խմորատիպ եւ ձեռագիր պարբերական հրատարակութիւններ որ հայերի մէջ եղել են եւ կան՝ ինչպէս Վանում, Աղթամարում, Շատախում, Մոքսումասորիների մէջ բոլորովին չկան։ Սրանց միակ թերթը հրատարկւում է Ուրմիայում, ուր միսիօնարների շնորհիւ բացուած են մի քանի տպարաններ եւ տպագրւում են գրքեր։
       Գրագիտութիւնը չափազանց քիչ է տարածուած, հազիւ 1 տոկոս, իսկ կանանց մէջ կարծէք միակ բացառութիւնը կազմում է մարշմոնի քոյրը՝ Սալվի-խանումը, որ անգլիական միսիոնարների շնորհիւ, ստացել է շատ լաւ կրթութիւն, ազատ խօսում եւ գրում է անգլիերէն, ինչպէս եւ նոր-ասորերէն եւ այժմ վարում է կաթողիկոսական դիվանի գործերը, թէպէտ եւ առանձին դիվան, դիվանապետ, գրագիրներ չկան, ամեն ինչ կատարւում է մեծ մասամբ բերանացի, կամ յանձնարարութիւններով, որովհետեւ նոյնիսկ մելիքները գրագէտ չեն։ Նոր-նոր միսիօնարները սկսել են բացանել դպրոցներ։
       Ուշագրաւ է որ սրանց մէջ եւս գրագէտները տիրացու են կոչւում, որովհետեւ ամեն ի գրագէտ հաճոյքով տիրացութիւն է անում, եւ տիրացու կոչումը մի տեսակ պատուանուն է կազմում, Ջելուի երիտասարդ մելիքը, որ գրագետ է, եւ ամեն առաւօտ երեկոյ եկեղեցում տիրացութիւն է անում, իւր հասցեն ինձ թելադրելիս ասաց. Ջելուի մելիք՝ տիրացու Ջիբրայիլ. եւ երբ ես կրկնեցի առանց տիրացու բառի, նա ինձ հպարտութեամբ նկատեց թէ պէտք է աւելացնել տիրացու բառը, որովհետեւ ինքը միւս մելիքների պէս չէ, այլ գրագէտ է։
       Ժողովրդական բանահիւսութիւնը մեծապէս ենթարկուած է քրդական ազդեցութեան, շատ սակաւաթիւ են ասորական ժողովրդական երգերը, որովհետեւ ընդհանրացած սովորութիւն է քրդերէն երգեր ասել, քրդերէն հէքիաթ պատմել։