Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ասորիների բնաւորութիւնը
       Որպէս հին ասորիների ժառանգներ, այս ասորիները ժառանգել են պատերազմական ոգին, երկիրն էլ լեռնային եւ թշնամին քիւրդ ժողովրդով շրջապատուած լինելով, մեծապէս նպաստել է այդ ոգու զարգացման։ Ասորի երեխայի անուրջը լաւ մարտիկ դառնալն է, նրա սիրած խաղալիքը՝ աղեղը, որով թռչուններ է որսում։ Թէ՛ չափահասների եւ թէ երիտասարդների գօդում խրուած է լինում կեռ դաշոյնը, զարդարուն, արծաթապատ երախակալով, նոր ձեւի հրացաններ համարեա ամեն տան մէջ մի քանի հատ կարելի է գտնել։
       Ասորիներն ընդհանրապէս անկիրթ են, անգրագէտ, մանաւանդ Թխումի բնակիչները, սրանք չունին եւ ո՛չ մի դպրոց. վերջերս անգլիական եւ կաթոլիկ միսիօնարները բացել են մի քանի դպրոց, սակայն սրանք եւս դեռ անուանական են։ Նոյն իսկ մելիքները անգրագէտ են եւ բացի իրենց մայրենի լեզուից՝ թուրքերէն անգամ չգիտեն։ Քահանաներից շատ քչերը հասկանում են իրենց կարդացած աւետարանը։ Տգիտութեան հետ կոպտութիւնը, իշխանութեան չհնազանդուելու, կեղեքելու, կողոպտելու ինստինկտները շատ զարգացած են։
       Կրօնական ոգին բաւական վառ է, սակայն վերջերս միսիօնարների գործունէութիւնը ձգել է կրօնի նշանակութիւնը եւ նրան դարձրել փող վաստակելու միջոց։ Շատերը ընդունել են եւ ընդունում են կաթոլիկութիւն՝ գրաւուած իրենց առաջարկած փայլուն ոսկիներից, սակայն հէնց որ դադարում են իրենց սիրաշահել, վերադառնում են հին հաւատին եւ կամ մի ուրիշ հաւատ ընդունում, այնպէս որ միսիօնարական գործունէութիւնը համարձակ կերպով կարելի է ընդունել ժողովրդի անկրօնութեան եւ բարոյական անկման պատճառ։
       Յիշեմ գոնէ մի դէպք. - Ինձ հիւրընկալող Ջելուի մելիքը եւ նրա աներ քահանան դառնացած պատմում էին, թէ Վանի կաթոլիկ եպիսկոպոսը այցելել է Ջելուի գիւղերը եւ 40 հոգու կաթոլիկ դարձնելով քահանայ ձեռնադրել եւ ամսական մի ոսկի թոշակ նշանակել, ստիպելով, որ սրանք աշխատեն տարածել կաթոլիկութիւնը։ Այս հանգամանքը բաւական մեծ խռովութիւնների պատճառ է եղել, շատ հայեր դուրս են վռնդել իրենց զաւակներին իրենց գերդաստանից, որովհետեւ սրանք ընդունել են կաթոլիկութիւն՝ գրաւուած իրենց խոստացուած ոսկիներից, որը, սակայն չստանալով, նորից վերադարձել են իրենց մայրենի եկեղեցու գիրկը։ Նոյն իսկ այդ քահանաները վերջին տարիս ռոճիկ չեն ստացել, ուստի եւ մի քանիսը կրկին նեստորական են դարձել , մի քանիսն էլ՝ բողոքական։ Երբ ես եկայ Դիզա աւանը, այցելեցի այնտեղի կաթոլիկ գործակալին՝ յանձնարարական ունենալով Վանի կաթոլիկ եպիսկոպոսից՝ ինձ տեղեկութիւններ տալու։ Սենեակը լիքն էր ասորիներով։ Քահանան, որ բաւական կրթուած մի ասորի է եւ վարժ խօսում է ֆրանսերէն , ոգեւորութեամբ պատմեց ինձ, թէ ինչպիսի արագութեամբ կաթոլիկութիւնը տարածւում է ասորիների մէջ եւ ի միջի այլոց մատնացոյց արաւ Ջելուի մելիքի եւ նրա աներ քահանայի վրայ, որ նոյնպէս ներկայ էին, որպէս ջերմեռանդ կաթոլիկների։
       - Մի՞ թէ դուք էլ կաթոլիկութիւն էլ ընդունել, հարցրի ես զարմացած՝ Ջելուի մելիքին եւ քահանային։
       - Այո՛, մենք էլ փրկուածներից ենք, պատասխանեցին նրանք։
       Սակայն յետոյ գալով իմ իջեւանը, այդ նստորական կրօնի նախանձախնդիր մելիքն ու քահանան յայտնեցին ինձ, թէ իրենք միայն երեսանց կաթոլիկ են, որ շատ չի անցնիլ, գործակալի ոսկիները կը հատնեն, իրենք կրկին նեստորական կը դառնան։ Մեզ փող է պէտք, աւելացրին նրանք, կրօնը փոր չի կշտացնիլ։
       Մի կէտ եւս, որի վերաբերմամբ անուշադիր չի կարելի լինիլ , - այդ խաչագողութիւնն է, որ սաստիկ տարածուած է մանաւանդ Ջելուի մելիքութեան մէջ։ Բազմաթիւ, ճարպիկ ասորիներ շրջում են Ռուսաստան եւ եւրոպական այլ պետութիւններ՝ իբր երուսաղէմի կամ մի այլ սրբավայրի միաբան եւ ժողովարարութիւն անում, սրբոց մասունքներ ման ածում։ Այս արհեստով պարապողները չափազանց աչքաբաց են եւ միքանի լեզուներ գիտեն։ Ես տեսայ մինը՝ որազատ խօսում էր ֆրանսերէն, իտալերէն եւ սպաներէն եւ որ երկար տարիներ թափառել էր այս երկըրներում իբր Երուսաղէմի կաթոլիկ միաբան։ Մար-Սաբաում Աշութա գիւղի քահանան, մտածելով ինձ հաճոյք պատճառել, ռուսերէն լեզուով օրհնեց սեղանը եւ վերջը խոստովանեց, որ երկար ժամանակ շրջել է Ռուսաստանում իբր Երուսաղէմի միաբան։