Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ասորի մելիքութիւնների պատմութիւնը
       Ա. Ջելուի զարանիշի մելիքութիւն
       Աւանդաբար պատմւում է, թէ Նաբուգոդոնոսորի ցեղից Մանդու անունով մինը Արթուր քաղաքից անյայտ պատճառներով դուրս է եկել եւ իւր Բարութա, Յիօսէփ, Բաքոս եւ Իսսի չորս եղբայրների հետ սկսել է քայլել, ուխտ դնելով, որ վերհաստատուի այնտեղ, ուր նրա առջեւ ոչխարի գլուխ եւ ոտներ կը դնեն։ Երկար շրջելուց յետոյ Մանուն եկել է Փաչու գիւղը, ուր մի աղքատ մարդ հիւրասիրել է նրան ոչխարի ոք ու գլխից պատրաստուած կերակրով։ Մանուն տեսնելով որ իւր առաջ դրուած է ոչխարի ոտն ու գլուխը, ասել է, թէ իմ ուխտս կատարուած է, Աստուածային կամքով ես պէտք է այստեղ մնամ՝ այս գիւղի գլուխը դառնալու։ Ապա ընտրել է իւր բնակութեան համար մի յարմար տեղ այդ գիւղի հանդէպ, այժմեան Զարանիշում եւ կառուցել տուն։ Մի օր Մանդուն անտառում ման գալիս տեսել է քառասուն թռչուն, որ դուրս են եկել մի ինչ որ տեղից. որոնել է եւ տեսել մի սեւ քար եւ մօտը մի մեծ եկեղեցի, որի դուռը փակ է եղել։ Նոյն գիշերը երազում տեսել է, որ այդ եկեղեցու բանալին եւ մի բուրվառ մօտակայ սեւ քարի տակը թաղուած է։ Առաւօտեան գնացել հանել է, բացել եկեղեցին եւ ոտել ներս՝ աղօթել. այդ օրուանից այս եկեղեցին դարձել է այս աշիրաթի համար ամենամեծ ուխտատեղի։ Մի օր էլ ման գալիս տեսել է մի մեծ այր, լի մարդկանց մեծ-մեծ կմախքներով. հարց ու փորձ է արել եւ իմացել, որ պարսիկների հալածանքից մարդիկ փախել, ապաստանել են այս այրում, սակայն նրանք եկել են եւ դռան առջեւ խարոյկ վառել ու ծխով խեղդել բոլորին։
       Այս նորաշէն գիւղի շրջակայքում ապրելիս են եղել կռապաշտ, մարդակեր մարդիկ, եւ Մանգուն նրանց քրիստոնեայ է դարձրել, իսկ որոնք չեն կամեցել, դառնալ՝ կոտորել է։ Չորս զորեղ տուն չեն կամեցել քրիստոնէութիւն ընդունել, Մանգուն էլ չկարողանալով բոլորին կոտորել, ստիպել է որ ամեն մի տունը շրջակայ մի գիւղ գնայ բնակուի։ Նրանք էլ գնացել են, եւ մինչեւ այսօր էլ սրանց սերունդները կան, միայն շատ չեն աճել, դարձեալ մի-մի տուն են կազմում։
       Այս մելիք Մանդուին յաջորդել են ուրիշ մելիքներ, որոնք նոյնպէս մելիք Մանգու են կոչուել։ Սրանցից մինի ժամանակ ասորիների մարշըմոնը Աթուրից փախել, եկել է Ալկուշ (Մուսուլի մոտ ) սակայն պարսիկներն այս կողմերին տիրել են եւ մարշըմոնին տարել Պարսկաստան, եւ թոյլ տուել ապրելու Շիննու գիւղերում։ Մարշըմոնը այստեղ հաստատուելով՝ մի մեծ եկեղեցի է կառուցել։ Մի առժամանակից յետոյ մելիք Մանդուն գնացել ազատել է մարշըմոնին գերութիւնից եւ բերել Զարանիշ։ Այս ժամանակից սկսած վաթսուն տարի շարունակ մարշըմոններըն այս գիւղումն են բնակուել, եւ սրանցից մինի գերեզմանն էլ այժմ ցոյց է տրւում այս գիւղում։ Յայտնի չէ թէ ինչ պատճառներով մարշըմոնը տեղափոխուել է Թըրկունիս գիւղը եւ ապա Քոչանիս, նուէր ստանալով մելիք Մանուից։ Սակայն մարշըմոնը Քոչանիսում եւս երկար չի մնացել, որովհետեւ մոտ լինելով Ջուլամէրկին, շարունակ ենթարկուել է այդտեղ նստօղ միրի հալածանքներին, ուստի եւ տեղափոխուել է Դէզ։ Մելիք Մանուն դժգոհ լինելով, որ մարշըմոնը հեռացնել է իւր նուիրած Քոչանիսից, գնացել է Ջուլամիրիկի միրի մոտ եւ նրա հետ խորհրդակցելով թէ ինչ միջոցով կարելի է Մարշըմոնին կրկին Քոչանիս դարձնել, գնացել է Դէզ եւ կրակ տուել, այրել մարշըմոնի տունը, ապա ժողովարարութիւն արել ու Քոչանիսում կաթուղիկոսարան կառուցել, հրաւիրելով մարշըմոնին վերադառնալ Քոչանիս, որ եւ ստիպուած յանձն է առնում։
       Մելիք Մանգուին յաջորդել է մելիք Հարօն։ Սա յարձակուել է Գեաւառի Խարուատի բերդի վրայ, տիրել, աւերել եւ մեծ աւար առնելով քրդերից՝ վերադարձել։
       Սրա յաջորդը եւս կոչուել է մելիք Մանգու։ Սա եւս իւր նախորդի նման պատերազմասէր է եղել եւ երբ փոքրիկ դժգոհութիւն է ծագել սրա եւ մելիք Խուբեարի միջեւ, սա յարձակուել է Բաղի վրայ, կոտորել վառել եւ մեծ աւար առել։
       Մելիք Մանուին յաջորդել է մելիք Սուլէյման։ Սրա ժամանակ օսմանեան կառավարութիւնն ուշադութիւն է դարձրել այս կողմերի վարչական կազմակերպութեան վրայ, գաւառապետներ է նշանակել Ջուլամերիկի, Գեաւառի, Շամզգինանի վրայ, որոնք ամեն կերպ աշխատել են թոյլ չտալ, որ աշիրէթների միջեւ կռիւներ ծագեն։ Այս պատճառով եւ թէ մելիք Սուլէյմանը եւ թէ սրա յաջորդ մելիք Շլիմոնը յիշատակելի առանձին մի գործ չեն կատարել եւ խաղաղութեամբ կառավարել են իրենց աշիբէթը։
       Շլիմոնի յաջորդ մելիք Վարդայի մասին պատմւում է, թէ կաշառուել է Օրամարի քիւրդ աշիրաթի տղայից՝ չպաշտպանելու իւր աշիրաթը, երբ ինքը կը յարձակուի սրա վրայ, եւ երբ քրդերը եկել, կոտորել քշել տարել են այս աշիրաթի հօտերը՝ մելիք Շլիմոնը տեղում հանգիստ նստած է մնացել։
       Սրա յաջորդ մելիք-Իշուն յարձակուել է թխումի ասորի աշիրէթի վրայ եւ մոտ 2000 գլուխ ոչխար աւար տարել։ Այս միջոցներին Դէզի ասորի աշիրաթն էլ մտել է սրա երկիրը եւ սրան պատկանող Ղարսու կոչուած տեղը ցանել, եւ սրա արօտատեղիներում իւր հօտերն արածացրել։ Մելիք Իշուն յարձակուել է Դէզի աշիրէթի վրայ, նրա հօտերը աւար առել է Ղարսում ցանած արտերն էլ գրաւել եւ ինքը հնձել տուել։
       Մելիք Իշուին, յաջորդել է մելիք Միրզան, որի գործունէութեան մասին ոչ մի յիշատակութիւն չէ մնացել։ Սրա յաջորդ մելիք Խալիլի ժամանակ Օրամարի քուրդ աշիրէթը յարձակուել է այս ջելուի աշիրէթի վրայ եւ մոտ երկու հազար ոչխար քշել տարել։ Մելիք Խալիլ բողոքելով հանդերձ օսմանեան կառավարութեան, 500 ասորի կտրիճներով եւ 40 օսմանեան զինուորներով գնացել է Օրամար՝ եւ ստիպելով վճարելու 200 լիրա դրամ, 682 ոչխար, 7 ջորի, 4 կով, մի քանի գորգ եւ այլն։
       Սրանից յետոյ 1909 թուին նա գնացել է Եւրոպա, ժողովարարութիւն անելու, ներկայացել է Հռոմի պապին իբր Ջելուի թագաւոր՝ իւր ազգային շորերով եւ նկարագրելով երկրում տիրող տիգտութիւնը՝ կոնդակ է խնդրել՝ ժողովարարութիւն անել դպրոցներ հիմնելու։ Պապը թոյլ է տուել եւ նա կարճ միջոցում հաւաքել է 18000 րուբլի, վերադարձել գիւղ, դպրոցական մի շէնքի հիմք ձգել եւ կրկին վերադարձել Եւրոպա՝ ժողովարարութիւնը շարունակելու։ Ըստ երեւոյթին այս անգամ Գերմանիայում նա իբր կաթոլիկ վարդապետ է հանդիսացել որովհետեւ ինչպէս իմացայ գերմանական փոխ-հիւպատոսից, գերմանական կառավարութիւնը ձերբակալել է նրան իբր խաչագողի եւ տեղեկութիւններ է ուզել հիւպատոսից։
       Այժմ մելիքութեան պաշտօնը մելիք Խալիլի բացակայութեան պատճառով վարում է մելիք Ջիբրայէլը, մի գրագէտ անձնաւորութիւն, որ գիտէ նաեւ թուրքերէն խօսել եւ պարծենում է, որ գիտէ ժամասացութիւն եւ սարկաւագի աստիճան ունի։