Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բնակարանն եւ կահ կարասիք
       Ասորիների տները բաղկացած են մի սենեակից եւ մի ընդարձակ սրահից։ Սենեակը յատկացրուած է ձմեռուայ, իսկ սրահը՝ ամառուայ բնակութեան համար։ Թէ սենեակի եւ թէ՛, մանաւանդ, սրահի յատակը, եւ մասամբ պատերի ստորին մասերը, պատած են կտաւով եւ շատ լաւ յղկած, այնպէս որ օրինակելի մաքրութիւն կարելի է պահպանել։ Սենեակի պատի մէջ կայ բուխարի, իսկ սրահի մէջ տեղում՝ օջախ։ Սրահի առանձնայատկութիւնը նրանումն է կայանում, որ ձմեռը նրա առջեւ բացուածքը ծառի ճիւղերի հիւսուածքով ծածկւում է, որպէսզի փոքր ի շատէ տաք լինի։ Սրահի առջեւ, եւ կամ նրա մի անկիւնում, գտնւում է մի փոքրիկ, թոնրաձեւ օջախ, միայն ո՛չ թէ հայկականի պէս գետնի մէջ թաղուած, այլ գետնի երեսին, մօտ 1/2 մետր բարձրութեամբ եւ նոյնքան տրամագծով, միայն փոխանակ սնուածքի, մի կողմից ամբողջ բարձրութեամբ, մօտ 10 սանտիմետրաչափ բացուածք ունի։ Սրա մէջ են թխում հացը, որ մեծ մասամբ սիմինդրից են պատրաստում, եւ սրա վերայ եփում կերակրները։
       Նոյն տիպին են նա՛եւ մելիքների տները, միայն միքանիսի սրահը սենեակի վրայ է կառուցուած լինում, որպէսզի աւելի բարձր լինելով՝ հարկաւոր դէպքում բարձրից հրացան արձակելու յարմարութիւն ներկայացնէ, իսկ սենեակը փոքրիկ պատուհաններ եւ միքանի ծակեր է ունենում, այնպէս որ թշնամու յարձակման միջոցին կարելի է այդտեղ ապաստանուել եւ պատուհաններից ու ծակերից հրացան արձակել։ Այսպիսի տնից զատ մելիքներն ունենում են նաեւ սրան կից կամ հանդէպ ուրիշ, սովորական տուն։
       Առանձին ճարտարապետութեամբ կամ շքեղութեամբ չի փայլում նոյնիսկ կաթուղիկոսարանը Քոչիանիսում։ Սա եւս մի հասարակ շէնք է, բաղկացած մի սրահից, մի մեծ դահլիճից եւ վեց սենեակներից, կառուցուած նկուղների վրայ։ Սրահը զարդարուած է այն եղջերուների եղջուրներով, որ մարշըմոնները որսացել են. սրանց ամենասիրած զբօսանքն էլ որսորդութիւնն է։ Դահլիճը առ ի շեղ կտրուած է մի թախտով, ուր ձգուած են գորգ եւ ներքնակներ, իսկ յատակը ծածկուած է գորգերով։ Մարշըմոնը եւ նշանաւոր հիւրերը ծալապատիկ նստում են թախտի վրայ, իսկ ստորադրուածները պըպըզում կամ չոքում են յատակին։
       Գիւղական տներում կահ կարասիք չկայ, ոչ աթոռ եւ ոչ սեղան կարելի է գտնել. բոլորը նստում են ծալապատիկ, մեծ մասամբ օջախի շուրջը։ Յարգելի հիւրերի համար ձգւում են փսիաթ եւ կամ թաղիկ, երբեմն էլ կապերտ։ Ճաշը մատուցանում են պղնձէ սկուտեղի (սինու ) մէջ, կաւէ խոնչի եւ կամ, շատ յաճախ, իծի մորթու վրայ։ Ուշագրաւ է, որ սրանք եւս, հայերի պէս, սփռոցի միջի փշրանքները չեն թափում, որպէսզի բարաքեաթը չգնայ։ Կերակուրները մատուցանում են մի մեծ, կաւի քրիղանով, որի միջից ամենքը ուտում են, առանց քաշուելու կոխելով մատները նրա մէջ։
       Ամբողջ տան մէջ ոչ մի պատկեր չկայ, միայն սրահի սիւներից մինի մօտ կախուած է լինում մի փայտէ, հասարակ, փոքրիկ խաչ, որի առջեւ առաւօտ եւ երեկոյ կանգնած աղօթում են գերդաստանի աւագագոյն անդամները։
       Տուն չկայ, որի անկիւնում դրուած չլինի եւ կամ սիւնից կամ պատից կախուած չլինի նոր ձեւի հրացան, մի քանի դաշոյն , փամփուշտակալներ։
       Չափազանց ուշագրաւ են սրահների առջեւ, մանաւանդ գետակների վրայ խփուած չորսական ցցերը, որոնց վրայ ամրանոմ են ծառերի ճիւղերի մի հիւսուածք, հանգիստ քուն պարգեւելու մոծակներից եւ տապից տանջուածներին։
       Ասորիների աղօթատունը սովորաբար բաղկացած է լինում մի տաճարից եւ սրան կից՝ մի գաւթից։ Տաճարի մէջ, արեւելեան կողմում, կայ մի սեղան, վարագոյրով պատած եւ սրա աջ կողմում մի աւանդատուն, ուր եւ գտնւում է մկրտութեան աւազանը։ Ո՛չ սեղանի վրայ եւ ո՛չ էլ պատերին չկայ եւ ո՛չ մի պատկեր եւ կամ արձան։ Գաւթում յաճախ գտնւում են նուիրական մարդկանց գերեզմաններ։
       Տաճարի միակ դուռը, որ սովորաբար բացւում է միշտ հարաւային կողմում գտնուող գաւթի մէջ, այնքան էլ փոքր չի լինում։ Պատուհաններն էլ չափազանց նեղ են եւ փոքր, այնպէս որ տաճարի ներսը գրեթէ միշտ կիսախաւար է տիրում։
       Թէ տաճարի եւ թէ գաւթի կտուրները տափակ են, հողով ծածկուած, գմբէթ ոչ մինը չունի, ոչ էլ խաչ է կանգնեցրած լինում։ Գաւթի դուռը չափազանց նեղ է եւ ցած, յատկապէս այսպէս շինուած, որպէսզի թուրքերը չկարողանան իրենց գրաստները ներս քաշել։
       Յաճախ գաւթի կողքին, բացօթեայ մի փոքրիկ կոզակ է շինուած լինում, որի առջեւ ամառը կատարւում է առաւօտուայ ու երեկոյի ժամասացութիւն, բայց ոչ պատարագ։
       Կոչնակի գործածութիւնը այստեղ եւս ընդհանրացած է, նոր նոր մուտք են գործում զանգերը, որ քաշ են անում եկեղեցու պատի մէջ ամրացրած մի ձողից. առանձին զանգակատուն եւ ո՛չ մի եկեղեցի չունի։
       Ուշագրաւ է, որ մի քանի նշանաւոր վանքերի գրեթէ բոլոր պատերը ներքուստ ծածկուած են կանանց եւ տղամարդկանց հանդերձներով, որովհետեւ սովորութիւն է հիւանդանալիս ուխտ գալ վանքը, եւ հագի հանդերձները թողնել վանքում, հաւատալով որ այդ հանդերձի հետ իրենց հիւանդութիւններն էլ կը մնան վանքում։ Թերեւս սա նախնական աստիճանն է այն սովորութեան, որ հայերիս մէջ եւս մինչեւ այժմ գոյութիւն ունի - հագի հանդերձից մի կտոր կտրել եւ կապել սուրբ համարուած ծառից եւ կամ ուխտատեղիների խաչքարերից, բժշկութիւն ստանալու հաւատով։
       Ուշագրաւ է նաեւ, որ վանքերի դրան կողքին կախուած է լինում փոքրիկ զանգ, ուխտաւորը համբուրում է դուռը, զանգահարում է այդ զանգը եւ ապա մտնում տաճար, նման բուդդայական ուխտաւորին, որ նախքան աղօթելը զանգահարում է, որ գրաւէ աստուածների ուշադրութիւնը։