Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ընտանեկան  կեանք

Ասորիների մէջ, մանաւանդ Թխումում եւ Թիարում, նահապետական գերդաստանը պահպանել է իւր գոյութիւնը, կան գերդաստաններ, որ բաղկացած են մինչեւ յիսուն անդամից։ Այսպիսի գերդաստանների կազմակերպութիւնը եւ ներքին կեանքը միանգամայն  նման է հայկական գերդաստանին։ Այստեղ եւս իշխանութիւնը կենդրոնացած է գերդաստանի հօր ձեռքում, նա է տնօրինում գերդաստանի սեպհականութիւնը, գործի դնում գերդաստանի անդամներին, նրա մահից յետոյ իշխանութիւնը անցնում է իւր կրտսեր եղբօրը եւ կամ աւագ որդուն։ Գերդաստանի ներքին կեանքի ղեկավարը հանդիսանում է մայրը, նա է պահում տան բարիքները, գործի դնում աղջիկներին եւ հարսներին։ Սրանց մէջ եւս հարսերը երկար տարիներ չեն խօսում իրենց սկեսրայրի, սկեսրոջ եւ տեգրերի հետ, սրանք եւս գերդաստանի տղամարդկանց հետ, չեն ճաշում, այլ առանձին, նրանց  ճաշելուց յետոյ։ Ասորի կինը, հայ կնոջ պէս նոյնպէս բարոյական եւ վերին աստիճանի աշխատասէր է, մինչդեռ ամուսինը օտարութեան մէջ դեգերում է, կինն է ամբողջ տնային եւ դաշտային աշխատանքները կատարում, լեռների կատարներից խոտ ու ցախ հաւաքած՝ շալակած տուն բերում աղբիւրից ջուր կրում, հաց թխում, կերակուր եփում։ Նոյն իսկ մելիքների կանայք շատ հեռու են քնքշութիւնից եւ հասարակ կանանց նման ամէն աշխատանք կատարում են։

Երեխաների միակ դաստիարակութիւնը զինավարժութեան մէջ է կայանում։ Հազիւ դառնում է 9-10 տարեկան, տալիս են ձեռքը աղեղ, որ գնայ թռչուններ որսալու, երբ քիչ մեծանում է՝ կեռ դաշոյնը նրա մէջքի գօտու անհրաժեշտ մասն է կազմում եւ գրեթէ չկայ մի երիտասարդ՝ որ իւր հրացանը չունենայ։Դերիների ամեն մի երիտասարդ, չափահաս մարդ՝ զէնքն առած ուխտ է գնում, եւ այստեղ է՝ որ ցոյց են տալիս նրանք իրենց շնորհքը։ Ձիարշաւ չկայ բոլորովին, որովհետեւ այս, Ջուլամերիկի շրջանում, ձի էլ չկայ, ճանապարհներ չլինելու պատճառով, միակ գրաստը՝ ջորին է։