Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՍՊԻՏԱԿ ՎԱՆՔ ԿԱՄ ԱՂՔԻԼԻՍԱ, եւ ԿԱՄ ԾՈՎԱՀԱՅԵԱՑ ՍԲ. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ եւ ԿԱՄ ԲԵՐԴԱՁՈՐՈՅ ՎԱՆՔ
       Տեղադրութիւն . - Այս վանքը բարձրանում է Արտոս լերան հիւսիս-արեւելեան կողմում ձգուող մի բլրի հարթ գագաթին, ուր կայ նաեւ 16 տնից բաղկացած մի գիւղ՝ Թաղիկ (Ոստանի մի թաղ ) անունով։ Այս բլուրը Արտոս լեռից բաժանւում է մի ձորակով, որի միջով անցնում է մի հեղեղատ։ Արտոս լերան հիւսիսային լանջին կից բարձրանում է մի սրաձեւ քարաժայռ, որի վրայ նկատելի են ամրոցի հետքեր. սա այժմ կոչւում է Բերդ, եւ սրա անունով էլ այս վանքը անուանւում է նաեւ Բերդաձորոյ վանք։
       Վանքի նկարագրութիւնը . - Վանքը բաղկացած է միմիայն մի եկեղեցուց, պարսպապատ է եւ իւր շուրջն ունի մի քանի սենեակ։
       Եկեղեցին շինուած է ստորին մասը անտաշ , իսկ վերին մասը տաշած քարից։ Արտաքուստ շատ պարզ է եւ քանդակներ չունի։ Ներքուստ՝ արեւմտեան կողմը, հիւսիսային եւ հարաւային պատերին կից 2 մետր երկարութեամբ առաջ են ձգւում երկու որմնասիւներ, որոնց վրայից պայտաձեւ կամարներ են ձգւում սեղանի երկու կողմի որմնասիւների վրայ. իսկ այս կամարների վրայ հանգչում է ութանկիւնի մի գմբէթ, կոնաձեւ կաթուղիկէով։
       Եկեղեցին ունի երկու խորան արեւելեան եւ երկու կամարակապ խորշ՝ արեւմտեան կողմում։ Խորանները երկյարկանի են։ Կոզակը կիսաբոլոր է, պայտաձեւ կամարով զարդարուած եւ մի նեղ եւ երկար պատուհանով լուսաւորուած։ Մի պատուհան եւս բացւում է արեւմտեան կողմը, միակ դռան վերեւ։
       Եկեղեցու երկարութիւնն է մօտ 10 մետր, լայնութիւնը 8 մետր, եւ բարձրութիւնը մօտ 10 մետր։
       Վանքն ունի 100 օրավար վարելահող, եւ մի ջրաղաց, որ կապալով են տրւում յօգուտ Աղթամարի կաթողիկոսութեան։ Տարեկան հասոյթը հասնում է 130 չափ ցորենի։