Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻԼՈՒ ԳԻՒՂԻ ՔԱՌԱՍՈՒՆ ԽՈՐԱՆ ՍԲ. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՎԱՆՔԸ։
       Ռամկաբար Քառասուն խորան կոչուած ս. Աստուածածնի վանքը գտնւում է Ռշտունեաց Իլու գիւղում։ Սա բաղկացած է երկու, միմեանց կից տաճարներից, որոնցից հիւսիսայինը դեռ եւս կանգուն է, իսկ հարաւայինը՝ կիսաւեր։

      

 

Առաջին տաճարը շինուած է անտաշ քարով, զարդարուած է ռոմանական կամարներով եւ ութանկիւնի գմբէթով՝ բրգաձեւ կաթուղիկէով պսակուած։ Այս տաճարի առանձնայատկութիւնն այն է, որ նախնական եկեղեցիների նման ունի չորս աւանդատուն, արեւելեան եւ արեւմտեան կողմերում երկական, եւ սրանց վրայ դարձեալ չորս այլ աւանդատուն, որոնց դռները դրսից են, բաւական բարձր։
       Միւս տաճարը, որ հաղորդակցւում է առաջնի հետ մի դռնով, կիսաւեր է, ձեղունն ամբողջովին քանդուած. երեւում են ներքին չորս աւանդատները, որոնց վրայ երեւի դարձեալ եղել են աւանդատներ, որ ժողովուրդը չափազանցնելով Քառասուն խորան է կոչել վանքը։
       Այս վանքը համարւում է Գագիկ Արծրունուց շինուած եւ այժմ ծառայում է իբր Իլու գիւղի ծխական եկեղեցի։
       Այս վանքում 1415 թուին Ղազար գրիչը գրել է մի յայսմաւուրք եւ նուիրել է ս. Յակոբայ վանքին ։