Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԿԱՐՄՐՈՒՈՐԻ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՎԱՆՔ
       Տեղադրութիւն - Կարմրուորի ս. Աստուածածնի վանքը գտնւում է Վարագայ եւ Ձիաթռնուկ լեռների լանջին տարածուած մի փոքրիկ հարթութեան վրայ. առջեւում բացւում է մի սքանչելի տեսարան՝ երեւում են Վանայ լիճը, Այգեստանը, Սիփան, Արտոս, Նեմրուդ լեռները։ Այգեստանից հազիւ 3, իսկ Վարագայ վանքից մէկ կիլոմետր հազիւ հեռու լինի։
       Վանքի նկարագրութիւնը - Վանքը բաղկացած է մի եկեղեցուց եւ մի գաւթից, պարսպապատ է եւ ունի 15 սենեակ։
       Եկեղեցին շինուած է հասարակ, անտաշ քարից։ Երկու քառանկիւնի ամբողջական եւ ութ կիսասիւների վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ, որոնց վրայ բարձրանում է կլոր գըմբէթը, կոնաձեւ կաթուղիկէով։ Կողակը կիսաբոլոր է եւ ունի խաչկալ սբ. Աստուածածնի պատկերով, կողքի խորանները դարձուած են ս. Յովհաննիսի եւ սբ. Գէորգի անուան նուիրուած սեղանների։
       Միքանի փոքրիկ, նեղ պատուհաններ աղօտ լոյս են սըփռում։ Գաւիթը նոյնպէս երկու ամբողջական եւ ութ կիսասիւներով մի հասարակ շէնք է, միայն առանց գմբէթի։
      
       Արձանագրութիւններ - Եկեղեցու արեւմտեան դռան վերեւ,
       Ի թուականութեանս հայկազնին ՌՄԻԸ (-1779) ամին նորոգեցաւ տաճարն ՚ի հնմէ Կարմրուորոյ սբ Ածածնի կաթուղիկէ եկեղեցին ձեռամբ մեծի Բաղդասարի նուիրակ Էջմիածնի եւ առաջնորդ Վան քաղաքի յիշատակ իւրն եւ ծնողի եւ փրկութիւն հոգւոց նոցին, մեղաց մուհրակն ջընջեսցին, որք հանդիպիք տուք ողորմի։
       Այս է արձան սբ Ածածնին, զոր ի սմա պատարագի Յս Քս. ի փրկութիւն ազգի մարդկան, եւ կատարի կարգ հլհ զոր վերստին նորոգեցաւ ձեռամբ ածասէր խաւճեայ Զիրաքի։ ԶՄիրաքն յիշատակ իւր հդ. եւ իւր ծնողացն հօրն մելիք Սարգիսն մօրն Ջանաղին եւ եղբարքն Գրիգորն, Մելիքզատին, եւ խճյ. Զիրաքին կողակից Սոլթին որդյն. Ալխասին, Միրգին, եւ հօրեղբօր խջյ. Շիրաքին ի թվաբերութեան հակեազեան սեռիս հայոց տօմարիս ՌԿԶ (-1617) առաջնորդ սբ. ուխտին Վարագայ Մարտիրոս վրդպտն. սբ. ուխտիս Զաքարէն շինեցի ձեռամբ խաւջայ Միրաքի Մելքն որ սուրբ յիշատակ իւր հոգն եւ իւր ծնողացն հաւրն Մկրտչին մաւրն Սաֆարմէլիքն եւ եղբաւրն զԽաչտրն, Զիրաքն, Ածատրն եւ որդոցն Միրունին, Ամիրզատն, Տէր Ըստեփանսն, զխաջայ Աւետին եւ Զիրաքին։
       Արեւմտեան կողմի սենեակներից մինի վրայ, բեւեռագիր արձանագրութիւնից բարձր.
       Նորոգ նորոգեցաւ պարիսպն սբ. վանքին Կարմրուոր կոչեցեալ սբ. Ածածին կամօք եւ ձեռնտուութեամբ իշխան պն Ղարասաֆարենց Յկբ տղային ՌՄԿԶ (= 1817) թվին։
       Կարմրուորի վանքում կան հետեւեալ տապանագրերը.
      
       Չքնաղ այս տաճար ի բարձ սոյն բլրի,
       Գրաւէ զանուն սուրբ Աստուածածնի,
       Որոյ արտաքին բովանդակ շինուած
       Հիմնովին խախուտ կացեալ յերերի,
       Տէր Իգնատիոս արքեպիսկոպոս
       Դէտ Վասպուրականս կացեալ գաւառի,
       Ի հիմանց քակեալ նորոգ նորոգեաց
       Զարտաքին շինուածս եւ որ ի կարգի։
       Յամի Տռն 1886 ի մայիսի 16
      
       ***
       Կարեկից անցորդ, դարձիր յայս տապան,
       Զննել թէ ոյր է այս դի անկենդան.
       Հայր Բարդուղիմէ ուշիմ գիտնական
       Բնիկ Պօլսեցի ծնունդ պատուական,
       Վարդապետ բարի լուսաւորչական,
       Եւ գայ հասանէ ի քաղաքս Վան,
       Զամս երեսուն զայս սուրբ մենաստան,
       Շահեալ պաշտօնիւ վերատեսչական,
       Հասեալ ցհասակ ալեաց ծերութեան
       Կնքեաց զկեանս իւր գործովք բարութեան։
       1862 Դեկտ. 8
      
       Այս շիրմի խաչքարի շուրջը։
       Ի սոյն ժամանակի վերակացու էր Դալալեան Սարգիս ի մէջ սբ Ուխտիս։ Ի ժամանակս Իգնատիոս արքեպիսկոպոսի շինեցաւ տապանս արդեամբ տղա Մարտիկեանց չորից եղբարց Մհ. Եղիազար, Մհ. Յակոբ, Մհ. Սարգիս, եւ Յոհաննէս, սիրելի որդեգիրք Բարդուղիմէոս վրդպտին 1867 աբրիլ 6.
      
       ***
       ՏՐ ԱԾ
       ՅՍ ՔՍ
       Կանգնեցաւ սբ խաչս բարեխօս առ Ած սբ Էջմիածնայ նուիրակ Բաղդասար վարդապետի, որ էր առաջնորդ Վանայ քաղաքի։
      
       Գաւթի ձախ կողմի մի խաչքարի վրայ,
       Յիշատակ է սբ խաչս Վարդան վարդապետին,
      
       Շիրմի խաչքարի վրայ
       Ես եպիսկոպոս Յակոբ Խիզանցի
       Խաչս կնսատու պարծանք Պօղոսի,
       Յամ, ընթացս վաղանցուկ երկրի,
       Ի վերայ ուսոյս որ միշտ կրէի,
       Յայժմ շիրմիս վրայ վկայ թող կանգնի,
       Որ մեծ յուսով ես զայն պաշտեցի
       Յամի Տռն 1893
       Յունուարի 18
      
       Նոյն շիրմի քարի վրայ.
       Ութսուն եւ եօթ ամաց հասակի,
       Յակոբ սրբազան բնիկ Խիզանցի,
       Ահա աստ հանգեաւ յանլոյս տապանի,
       Կայ միշտ սպասու գալստեան Փրկչին
       Յամի Տն 1893 յուն. 18
      
       Կարմրուորի եկեղեցու եւ գաւթի մէջ կան սեպաձեւ արձանագրութեամբ քարեր, որոնք ընդօրինակել են Լեմանն ու Բելքը։
       Վանքը ունի մոտ 200 չափ վարելահող, կառավարւում է մի յատուկ հոգաբարձական մարմնով, վանքում ապրում է մի վարդապետ իբր վանահայր՝ ստանալով հոգաբարձութիւնից ուտեստ, հանդերձ եւ ամսական 30 ղուրուշ (2 բ. 40 կ ) ռոճիկ։