Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏ
       Տեղադրութիւն. Կտուց անապատը գտնւում է համանուն կղզու վրայ, բաղկացած է միայն մի տաճարից, բազմաթիւ խցերից եւ «դրսի տնից », որ զետեղուած է կղզու հանդէպ, լճի հարաւային ափին։ Վանքապատկան նաւակը 11/2 -1 ժամում դրսի տնից հասնում է կղզին։
       Պատմական տեսութիւն. - Հայ պատմագիրների մէջ մինչեւ ԺԴ. դարը Կտուց անապատի մասին ոչ մի յիշատակութիւն չկայ։ Այս անապատի 1700 թուին գրուած մի կոնդակի մէջ ասուած է թէ սուրբ Գրիգոր Լուսաւորիչը Հռոմից վերադառնալիս իւր հետ բերեց Կենաց փայտի մասն եւ եօթ սրբերի նշխարներ. եւ երբ հասաւ այստեղ (Կտուց կղզին ) մի ձայն լսուեց, որ ասում էր. «Մեզ այստեղ ամփոփիր »։ Սուրբը այս լսելով նշխարները ամփոփեց եօթը տեղ եւ նրանց վրայ եօթը եկեղեցի կանգնեց, նոյն սրբերի անուններով եւ իւր աշակերտներից մինին առաջնորդ կարգեց. այնուհետւ հաւաքուեցան մինչեւ 500 կրօնաւոր, իբր միաբան։ Մի օր միաբաններից երեքը հիւանդացան եւ մեռան։ Սպասաւորները եկան տեսան, որ «Կտուց (խումբը ) հրեշտակ իջեալ էին », եւ անմիջապէս իմացրին միաբաններին, որոնք եկան եւ «անդէն առ միմեանս ասէին. Կուտուց հրեշտակք իջեալ էին, վասն այսորիկ կոչեցաւ անուն տեղւոյս Կուտուցու անապատ»։
      

 

Կտուց անապատի Լուսաւորչաշէն լինելու աւանդութեան մասին յիշւում է նաեւ Կտուցի ձեռագիրների N178-ում, որ 1711 թուին գրուած Հարանց վարք է։ Այստեղ ասւում է. (գրեցաւ ի վանքն ) որ «Կուտուցու անապատ ասի, ընդ հովանեաւ սբ. Աստուածածնին եւ սբ. Կարապետին, Լուսաւորչաշէն սբ . տաճարին»։
       Կտուց անապատի մասին իմ գտած ամենահին յիշատակութիւնը վերաբերում է 1462 թուին, երբ վանքը վերանորոգել են։ Նոյն վանքի N164 ձեռագիր աւետարանի յիշատակարանում ասուած է. «աւարտեցաւ սբ. տառս ի յամի ՋԺԱ (=1462). ի վանքս որ կոչի Կտուց, ընդ հովանեաւ սբ. Խաչիս, սբ. Կարապետիս, որ յայսմ ամի նորոգեցաւ մոլայիւ (? սպիտակ բուռ ) ձեռամբ Ստփ վրդպտի որ մականունն Ֆալաք կոչի կամեցողութեամբ Գրիգոր եպսի որ էր առաջնորդ սբ . ուխտիս»։
       Այս վերանորոգութիւնից 13 տարի յետոյ նոյն վանքի Խաչատուր աբեղան գրել է մի աւետարան, որ այժմ գտնւում է Լիմ անապատում (N13 ), որի յիշատակարանում ասուած է.
       - Աւարտեցաւ ... յամի ՋԻԴ (=1475), ի ներքսագոյն եւ աստուածաբնակ յանապատիս, որ կոչի Կտուց, ընդ հովանեաւ սբ. եւ սքանչելագործ դիւահալած սբ Կարապետին եւ սբ Աստուածածնի եւ սբ Ստեփաննոսի եւ սրբոյ Հռիփսիմեանցս , որ աստ կան հաւաքեալ։
       Այնուհետեւ ամբողջ մի եւ կէս դարուայ ընթացքում Կտուց անապատի մասին ոչ մի տեղեկութիւն չի երեւում, եւ ըստ երեւութին աւերուած պիտի լինի, որովհետեւ Առաքել Դաւրիժեցին պատմում է, թէ 1627-թուին վախճանուեց Մոկացի Ներսէս վարդապետը , որին յաջորդեց նրա ընկեր Ստեփաննոս վարդապետը եւ «յայսմ ժամանակիս եւ եւս աճեցան միաբանք Լմայ անապատիս, վասն որոյ ոմանք ելեալ ի Լայ՝ գնացին ի տեղին որ անուանի Կտուց, որ եւ սա կղզի է ի նոյն ծովուն, եւ անդ եւս շինեցին զանապատի զեղբայրոցն եւ այժմ հաստատ ամենիւք կրօնաւորական կարգօք »։ Սակայն ԺԸ դարի սկզբին այս անապատը դարձեալ քայքայուած է եղել, եւ երբ Սիմէոն վարդապետը, ինչպէս պատմում է ինքը իւր 1698 թուին գրած կոնդակում, գնացել է ս. Էջմիածին, Աղէքսանդր կաթողիկոսին ներկայանալու, վերջինս յորդորել է նրան Կտուցի քայքայուած տաճարը վերաշինել եւ սա 1712 թուին, Երեմիա վարդապետի աջակցութեամբ վերաշինել է ս. Կարապետի այժմեան տաճարը իսկ ժամատունը կառուցել է Դատիկ մականուանուած Կարապետ եպիսկոպոսը։ Մի ուրիշ Կարապետ եպիսկոպոս էլ, վարժապետ մականուանուած, շինել է այժմեան Հրեշտակապետաց աւանդատունը, իսկ Բաղիշեցի Կարապետ եպիսկոպոսը վերանորոգել է ամբողջ շէնքը ԺԸ դարի կիսին։ Մի ուրիշ վարդապետ էլ Գրիգոր անունով երկար ժամանակ ժողովարարութիւն անելով հատուցել է վանքի պարտքերը։ Սա կոչուել է Մրջիւն-յարոյց, որովհետեւ, ասում է աւանդութիւնը, մի անգամ երբ ժողոված նուէրները ձիերին բարձած վերադառնալիս է եղել, մի քուրդ աւազակապետ իւր խմբով շրջապատել է նրան։ Սա աներկիւղ սկսել է նկարագրել Կտուց անապատը եւ միաբանների աղքատիկ կեանքը, աշխատելով գութ զարթեցնել աւազակապետի սրտում, սակայն վերջինս բռնել է մի մեծ մրջիւն, գլուխը կտրել եւ մարմնից փոքր ինչ հեռու դնելով ասել. թէ քո վանքը եւ նրա միաբանները այդքան սուրբ են, աղօթիր, թող այս մրջիւնը կենդանանայ, այն ժամանակ ես ձեր վանքից ոչ ոքին վնաս չեմ տալ։ Գրիգոր վարդապետը սկսում է աղօթել եւ մի քանի րոպէից յետոյ մրջիւնը կենդանանում է, այն ժամանակ աւազակապետը ընկնում է Գրիգոր վարդապետի ոտները եւ աղաչում, որ իրեն եւս իւր հետ տանի այդ սուրբ վանքը։ Գրիգոր վարդապետը նրան բերում է վանք, քրիստոնեայ մկրտում, գրել-կարդալ սովորեցնում, այնպէս որ վերջը նա դառնում է եկեղեցու լուսարար։
       Վանքի նկարագրութիւնը. - Կտուց անապատը բաղկացած է մի տաճարից, որ կոչւում է ս. Կարապետ եւ մի գաւթից կամ դարպասից։ Թէ՛ տաճարը եւ թէ դարպասը շինուած են սպիտակաւոյն տաշած քարից։
       Տաճարը քառանկիւնի է, ունի երկու ամբողջական եւ վեց կիսասիւներ, որոնց վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ, կրելով իրենց վրայ ութանկիւնի գմբէթը՝ կոնաձեւ կաթուղիկէով։ Սիւները քառանկիւնի են, միանգամայն պարզ, նոյն իսկ խարիսխ չունին, խոյակներն էլ անպաճոյճ, փոքր ինչ դուրս ընկած քառանկիւնի երիզ են։ Կոզակը բոլորակաձեւ է, կամարակապ եւ պայտաձեւ կամարով ու մի գեղեցիկ ոսկեզօծ խաչկալով զարդարուած։ Կողքերին ունի մի մի խորան, ուր նոյնպէս կան վէմաքարեր։ Սեղանը նուիրուած է ս. Աստուածածնի անուան, աջ խորանը ս. Կարապետի, իսկ ձախը՝ ս. Ստեփաննոսի։ Տաճարի պատերը ծածկուած են եղել իւղանկար պատկերներով, որոնցից այժմ անաղարդ մնում են սիւների վրայի Աբգար եւ Կոստանդիանոս թագաւորների պատկերները։ Այժմ կախուած են զանազան պատկերներ, որոնց մէջ առանձին ուշադրութեան արժանի են ս. Լուսաւորչի եւ Աստուածածնի մեծադիր պատկերները, որ նկարուած են 1738 թուին։
      

 

Տաճարը լուսաւորուած է հինգ փոքրիկ եւ նեղ պատուհաններով։
       Տաճարը արտաքուստ միանգամայն պարզ է, միայն արեւելեան պատի մէջ կան բազմաթիւ, միմեանց բոլորովին աննման խաչքարեր, որոնց վրայ գրուած է. խաչս բարեխօս է այսինչին, այսինքն այն անձին, որ օժանդակել է տաճարի շինութեանը։
       Գաւիթը կամ դարպասը նոյնպէս քառանկիւնի շէնք է. ունի չորս քառանկիւնի պարզ սիւներ եւ ութ նոյնպիսի որմնասիւներ, որոնց վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ։ Ձեղունը կամարների միջեւ տեղաւորուած իննը առանձին քառանկիւնի եւ նկարուն մասերից է բաղկացած։ Իննը փոքրիկ եւ նեղ լուսամուտներ բաւականաչափ լոյս է սփռում։
       Տաճարի դուռը, որ բացւում է այս գաւթի մէջ, մի քանի համակենտրոն կամարներով եւ քանդակներով զարդարուած եւ նկարներով պատած է։ Սրա կամարակայ քարի վրայ կայ այս տաճարի շինութեան վերաբերեալ արձանագրութիւնը։ Այս դռան երկու կողմում, դարպասի մէջ, կամարակապ փոքրիկ սեղաններեն շինուած եւ սբ Մինասի ու սբ Յակոբի անուններին նուիրուած։
       Գաւթի հիւսիսիային պատի միջից մի դուռ է բացւում մի փոքրիկ թաղակապ մատրան մէջ, ուր նոյնպէս կայ սեղան եւ նուիրուած է սբ Հրեշակապետաց անուան։ Այստեղ պահւում են նաեւ վանքի ձեռագիրներ։
       Ս. Յակոբի սեղանի առջեւ թաղուած են Սիմէոն արհի-եպիսկոպոսը եւ Երեմիա եպիսկոպոսը։
       Դարպասի արեւմտեան դռան երկու կողմում բարձրանում են երկու քառանկիւնի սիւներ, որոնց վրայ յանկում են սիւնազարդ զանգակատունը, ունենալով իւր գմբէթի տակ Քրիստոսի Համբարձման նուիրուած մի վէմ քար, որ միայն Համբարձման տօնին պատարագ են մատուցանում։
       Վանքի արեւմտահիւսիսային կողմը գտնւում են հին խուցերը, երկար նրբանցքի երկու կողմը դասաւորուած է գլխաւորապէս մի եւ երբեմն երկու սենեակից բաղկացած ցածր, կիսամութ, խոնաւ սենեակներ։
       Այժմ եկեղեցու արեւելեան կողմը շինուած է մի մեծ սենեակ, ուր ընդունւում են պատուաւոր հիւրերը, հարաւային կողմն էլ կառուցուած է վանահոր բնակարանը՝ երկու սենեակից բաղկացած։
       Դրսի տուն- Կտուց կղզու հանդէպ, նրա արեւելեան կողմը, հետեւապէս եւ լճի արեւելահարաւային ափին, գտնւում է Կտուց անապատի դրսի տունը։ - Միաբանների համար միքանի սենեակ, մի փոքրիկ հասարակ եկեղեցի, մի դպրոցական փոքրիկ շէնք եւ բաւականաչափ գոմեր եւ միքանի շտեմարան։
       Կտուցի այժմեան միաբանութիւնը բաղկացած է մի եպիսկոպոս վանահորից՝ Ստեփաննոս Աղազատեան, եւ երկու ծերունի վարդապետներից։ Կան նաեւ միքանի տիրացուներ։ Վանահայրը այս տարի վախճանուեց։
       Կտուց անապատի կալուածները, վարելահող՝ Կտուց կղզում եւ նրա շրջակայ լճափում 200 չափ, Աննավանքում 20 չափ։
       Անտառ՝ Ամենապատում 20 չափի, որի մի մասը այգի է դարձրած։ Այգի՝ խաղողի Ալիւրում 2 չափի եւ Աւանցում 1 չափի։ Արօտատեղի 50 չափի։
       Ձիթեհանք՝ Մարմեա գիւղում մի հատ։ Ջրաղաց՝ Աննավանքում մի հատ 4 աչքանի։ Խանութ՝ Վանում 40 հատ Անդրիապօլսում՝ 4 հատ Թիֆլիսում 5 խանութի վարձի 1-3 ը, Պօլսում մի խանութի վարձի կէսը։ Պանդոկ՝ Ռոտոսթոյում մի հատ։ Տուն՝ Վանում մինը, մինն էլ Աւանցում։ Ոչխար՝ 300 գլուխ. եզ. կով եւ գոմէշ 108 գլուխ, ձի 2, էշ 8 նաւակ
       Ընդհանուր եկամուտք հասնում է առնուազը 300 լիրայի կամ 2600 րուբլու, որը եւ ծախսւում է գլխաւորապէս միաբանութեան վրայ, հազիւ 300 րուբլի գործ է դրւում որբեր պահելու եւ սրանց տարրական կրթութիւն տալու։ Կտուց անապատի հոգեւոր տեսչութեան ենթարկւում են հետեւեալ 8 գիւղերը, Ալիւր Խաւենց, Դռլաշէն, Աննավանք , Ամենաշատ, Մարմետ, Եկմալ, Ջիրաշէն։
       Արձանագրութիւն - Տաճարի դռան կամարակալ քարի վրայ։
       Շնորհօք Ամենակալին եւ ամենազոր աջովն անեղին շինեցաւ որ տաճարս որ յանուն սբ Աստուածածնին եւ սբ Կարապետին եւ սբ Ստեփաննոսին ի թվին Հայոց ՌՃԿԱ (=1712) եւ ի հայրապետութեան Աղէքսանդրի եւ առաջնորդութեան Սիմէոն արհի-եպիսկոպոսի սբ Ծ ամ ծառայեաց սբ անապատիս, եւ կարողութեամբ Այ շինեաց սուրբ տաճարս, որ մէկ քար երկու ոսկի եղաւ, եւ Է ամ ՚ի հալածանս եկաց վասն ահէ պարտատիրաց եւ եկեալ աստ վախճանեցաւ, զոր Տէր Քս զնա ընդ Յոհաննու Ոսկեբերանին դասեսցէ, մանաւանդ Երեմիա հօրն։ Եւ դարձեալ ծաղկեցաւ դուռս յոյժ զարմանալի գեղեցկայարմար ծաղկօք գովելի կարողութեամբն սրբոյն Կարապե տի, նկարեալ ձեռամբ Մարտիրոս վարդապետին։
       Ս. Կարապետ եկեղեցու արեւելեան պալատի վրայ.
       Շնորհօ ք եւ ողորմութեամբ Այ եւ սրբոց օգնականութեամբ Յովհաննու եւ միաբան մեծ եւ փոքր կամեցաք զսբ Կուտուցայ անապատն նորոգել։ Ես Երեմիա վարդապետս եկի ի մայրաքաղաքն Բաղէշու սիրով հարկեք արին. Մեսրոպն զՆերսէսն, զԱբրահամն զՄանուէլն զարքեպիսկոպոսք։ Ած զԴ վանքն զԴ եկեղեցքն հաստատ պահէ, զվարդապետքն , զքահանայքն զմեծն եւ զփոքրն եւ զոր ինչ ողորմութիւն ի ձեռն մեր հատուցիք, թէ վարդապետք, թէ ուսթք, թէ իրղաթ ողորկեցիք ի սբ անապատն, սկիզբն շինութեան դուք արիք, սիրելի Բաղիշէցիք, ձեր դրածն փոխարէն սբ Կուսի եւ սբ Կարապետի եւ կրօնաւորացն սբ Լուսաւորչի բարեխօսութեամբ։
       Տապանագրեր -
       Խարազ նզգեաց Սիմէոն վարդապետի եւ կրօնաւորաց նոցին սբ աղօթիւք Տր Քս ի ձեր հոգին։
      
       Բաղէշցի Մարդսէ Խոշխաբարն զկազմողս յիշեսցէք ի քս. ՌՃԿԲ (= 1713)։
      
       Յիշեցէք Բաղէշցի վարպետ զմահտսի անարժան Խոշխաթարն եկն ի սբ անապատն շինեց զեկեղեցին քումբէթով, բնաւ հախ չառաւ բաշխեաց սբ Կարապետու յիշատակ իւր հոգոյն եւ ծնողաց Յովանիսին, Զմրութին Մընուկին եւ Սահակին Թվ. ՌՃԿԲ (= 1713)։
      
       Տապանս այս որ տեսանի
       ՚Ի սմայ կայ պահեստի
       Պաղտասար կաթողիկոս վերաձայնի
       Յերկրէն գոլով պաղիշեցի։
       Ի մի բերան տուք ողորմի,
       Ած ձեզ ողորմեսցի
       Թվ. ՌՃՁԵ(=1746)։
      
       Արդ ի հայկազեանցս թուի մեծին
       Եռեակ քառից հարիւրեկին
       Եւ Ռ հնգեակ թիւ աւելին
       Կանգնեալ յիշատակս տէրունի,
       Բարեխօս տէրն ամենի
       Վասն երջանիկ հօրն մեծի
       Տռն Կարապետ վարդապետի
       Սա բնական Բաղեշեցի,
       Քառասներեակ ամ աստ աշխատի
       Յոլով պարտս անլսելի
       Սորին ձեռամբն վճարի
       Այլ եւ արդեամբք զարդարի
       Ոյք հանդիպիք տուք ողորմին։
       Թվ ՌՄԺԵ (= 1766)։
      
       Են բարեխօս վասն Գրիգոր ճգնաբեր եւ մեծաջան վարդապետին համայն ննջեցելոց եւ ծնողաց նորին թվին ՌՄԽ (=1791)։
      
       Ով քառանիշ զէն յաղթութեան
       Ներկեալ արեամբ տէրունական
       Աթոռ փառաց արքայական
       Յորում հանգչի... պնական
       Պատճառ եզեր մեր փրկութեան
       Ի յանեցիծն... ադամեան
       Յորժամ ծագի փայլանման
       Լնուս լուսով զերկիր լրման,
       Փառօք կանգնիս եւ Գողգոթան
       Երկրպագիս յազգէս մարդկան
       Պայծառ ծագէս լոյս քո փայլման
       Հոգւո մեղօք մեռեալ բնական
       Գրիգորիս թշվառական
       Հոգւով ծաղձեալ եւ անպիտան
       Որքան մնացաք ի մենաստան
       Հոգով եղբայր ամենեքեան
       Որք հանդիպիք սոյն ընթերցման.
       Զիս ընդ նմին առնէք յիշման։
       Անուամբ Մեսրոպ զոռաւոր։
       Միայն ձեւով եւ ոչ գործով միայն։ Թվ ՌՄԽԷ (=1798)։
      
       Խաչս բարեխօս է առ Ած վասն Յօվանէս վարդապետին։ Թվ ՌՄԾԲ (=1803).
      
       Խաչս բարեխօս է առ Ած վասն փրկութեան գ(հ)ոգոյն Կիումրեցի Ղազար վարդապետին միաբան Կ. ս. անապատիս. յամի Տն. 1813.
      
       Խաչս բարեխօս է առ Ած վասն հոգոյ Սիմէօն եպիսկոպոսին եւ իւր ծնողացն, համայն ննջեցելոցն եւ կենդանեաց. ամէն թվին ՌՄԿԷ (1818).
      
       Խաչս բարեխօս է առ Ած վասն Կարապետ վարդապետին Թվ. ՌՄՀԸ (=1829).
      
       Խաչս բարեխօս է առ Ած վասն հոգոյն Սիմէօն վարդապետին Թվ. ՌՄՁԴ (=1835).
      
       Խաչս բարեխօս է առ Ած վասն Գաբրիէլ վարդապետին եւ իւր ծնողացն հօրն Զաքարին եւ մօրն Թուրինջին Թվ ՌՄՁԷ (=1838).
      
       Այս է տապան Մարտիրոս վարդապետին Թվ. ՌՅԶ (- 1857)
      
       Այս է տապան Թիւլիսցի Յարութիւն ծրգն վարդապետին Տր լուսաւորեսցէ զհոգին նորին. Թ. ՌՅԸ (=1859)
       Մկրտիչ րաբուն, ալեօք ծաղկելից։
       Խաչիւս յայտնի կայ դամբարանին
       Որք հանդիպիք տուք զողորմին...
       Հանգեաւ ի Տէր ի թվին Փրկչին 1860 ամին։
       Թվին ՌՅԺ-ին (=1861) Այս է տապան Յարութիւն եպիսկոպոսին։
      
       Խաչքարի վրայ
       Յանցաւոր այս աշխարհի
       Ես անանցին յոյս եդի,
       Զկեանս թողեալ սնոտի,
       Հետեւեցայ Յսի
       Ի մանկութեան դալար տի
       Կացի ի յայս սբ. վայրի
       Վաստակեալս բազմազգի
       Յակովբ րբուն շդղցի
       Որդի րբուն Մկրտչի
       Արդ որ կնգնքդ յիմ սնարի
       Տուք ինձ զմաղթանս ձեր բրի
      
       Նոյն գերեզմանի քարի վրայ
       Այս է տապան Տ. Յակոբ ծայրագոյն վարդապետի նախկին Վանահոր Կտուց սբ անապատի 1888 դեկտ Զ.
       Ի փրկչական թուականին
       Հազար եւ ութ հարիւր տասին
       Ծնեալ ի Վան Վասպուրական,
       Գեւորգ րաբուն Տր. Բարսեղեան։
       Լքէ զաշխարհ սին եւ ունայն,
       Գնացեր զհետ Փրկչին կոչման,
       Զխաչ բարձիր ի յուս մարմնոյդ
       Գանձեր զգանձ յերկինս յանքոյթ
       Որով զհանգիստ յաւիտենից
       Տայ քեզ վայլել արքայն երկնից.
       Զկեանս լքեալ անցաւորին
       Ի հասակի ութսուն ութին,
       Կանգնէ մանուկ զայս մահարձան
       Եղբօրորդի քո իսկական,
       Երախտագէտ սրտիւ համայն
       Ի յիշատակ յաւերժական,
       Որք հանդիպիք սոյն այս շիրմիս
       Խրոխտ սրտիւ տուք զողորմին,
       Ձեզ ողորմի Յիսուս որդին
       Խաչքարի վրայ
       Ով միասէր հարք եւ եղբարք
       Դուք որ թողիք աշխարհի փառք,
       Խոնարհ եւ հեզ, ժուժկալ համբեր,
       Լինել բնակ հոգւոյն անեղ
       Կացէք արի ուսմամբ գրոց,
       Ահա այսպէս առաքինիք թողին աստիս ելին յերկինս։
       Փորող տապանիս Մանուկ Տր. Բարսեղեան ՌՅԽԷ (= 1896)
      
       Խաչս կնքնեալ անուամբ Փրկչին
       Մինչ ի գալուստ Տռն կրկին
       Այս է հանգստարանս Աստուածատուր եպիսկոպոսին... սբ. անապատին։
      
       Բնիկ միաբան սբ անապատիս Մարգարէի եպիսկոպոսի, որ ի Շատախայ եմ երկրեա եդեալ յայսմ նեղ զնդանիս..