Մամբրէի վերծանողի ճառք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՄԲՐԷ ՎԵՐԾԱՆՈՂՆ ՈՒ ՆՐԱ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ

       Ե դարի հայ եկեղեցական մատենագրութեան մէջ իր ուրոյն տեղն ու դերը ունի Մամբրէ Վերծանողը, որ, ըստ պատմագրական աղբիւրների, Մովսէս Խորենացու կրտսեր եղբայրն էր: Մամբրէ Վերծանողին նուիրուած իր շահեկան ուսումնասիրութեան մէջ Արամ վրդ. Քէշիշեանը (այժմ` Ն. Ս. Օ. ՏՏ. Արամ Ա կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ) հեղինակի ապրած ժամանակի վերաբերեալ զանազան կարծիքների համադրումից յետոյ գալիս է այն եզրակացու թեան, որ՝ «Մամբրէ Վերածանող Ե դարուն 430-էն 500 թուականներուն միջեւ ապրած եւ գործած, թարգման չաց Բ սերունդին պատկանող հեղի նակ մըն է՝ «երկրորդ փիլիսոփայս»:
       Դատելով Մամբրէի անուամբ յայտնի երկերից՝ նա եղել է խօսքարուեստի նրբութիւններին քաջատեղեակ մի հեղինակ եւ, ինչպէս երեւում է, իր կարեւոր մասնակցութիւնն է բերել հայ թարգմանական գործին: Ըստ մասնագէտների՝ նրա մատենագրութիւնը պատկանում է հայ վաղ միջնադարեան մշակոյթի մէջ նշանակալից դեր կատարած յունաբան դպրոցի առաջին փուլին (450-ականից 480-ական թթ. ) :
       Մամբրէ Վերծանողի մատենագիտութիւնը բազմաժանր է. այն բաղկացած է ճառերից, իմաստասիրական, քերականական երկերից: Հեղինակի անունով յայտնի կամ նրան վերագրելի են հետեւեալ հինգ ճառերը՝
       ա. Ի Ծնունդն Փրկչին ասացեալ եւ ի Ծնունդ նորին ութ աւուրն, այդ է` Մկրտութիւն (տպ. Էջմիածին, 1992, թիւ Ա-Բ-Գ, էջ 90-98` ՄՄ թիւ 1798 (440ա-449ա) ձեռագրի հիման վրայ).
       բ. Ճառ ի յարութիւն Ղազարու.
       գ. Վասն յարութեան Ղազարու յաւուր շաբաթի (նախորդի ընդարձակ տարբերակն է).
       դ. Նորին ի մեծի գալստեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յԵրուսաղէմ.
       ե. Նորին յաղագս եկաւորութեան Փրկչին յԵրուսաղէմ . . միաւորները տպ. Մատենագրութիւնք նախնեաց շարքի հետեւեալ հատորում՝ Կորիւն վարդապետի, Մամբրէի Վերծանողի եւ Դաւիթ Անյաղթի մատենագրութիւնք, Վենետիկ-Ս. Ղազար, 1833, էջ 35-54, 55-75, 76-87, 88-93, իսկ բ., ե. միաւորները՝ առանձին գրքոյկով՝ Մամբրէ Վերծանողի Ճառք, Վենետիկ-Ս. Ղազար, 1832, Բ տպ., 1894: Սրանցից բ. միաւորը որոշ ձեռագրե րում (ՄՄ ձեռ. թիւ 3782, ԺԲ դար) եւ Տարօնի Առաքելոց վանքի Տօնա կան (ԺԳ դար) յայտնի Երանելւոյն Եղիշայի հայոց վարդապետի անունով: Մինչդեռ ուսումնասիրութիւնը պար զում է, որ Ճառը վերագրելի է Մամբրէի գրչին: Բացառուած չէ, որ այն մի հատուածը լինի հեղինակի այսօր ան յայտ Յովհաննու Աւետարանի մեկնութեան, իսկ գ. միաւորը` դրա վերարծարծեալ ընդարձակ ճառային տարբերակը, որ շարադրուել է Մամբրէի իսկ ջանքե րով:
       Յայտնի են նաեւ նշխարներ Մամբրէի ճառերի հնագոյն ընդօրինակութիւններից: Այսպէս, ՄՄ թիւք 1921, 4997 ձեռագրերի պատառիկ-պահպանակները (Ժ-ԺԱ դդ. ) պարունակում են առանձին հատուածներ բ., ե. միաւորներից:
       Մամբրէ Վերծանողի մեզ հասած իմաստասիրական միակ եր կը Հարցմունք Մամբրէի, որ գիտակ էր արտ[աքին] փիլիսոփայութեան եւ պատասխանիք Դաւթի եռամեծի եւ Անյաղթ փիլիսոփայի խորագրով հարցուպատասխանին է, որ առ կայ է ՄՄ թիւ 1555 ձեռագրում (285ա-290ա):
       Մամբրէ Վերծանողի մեզ ամբողջապէս չհա սած Մեկնութիւն քերականի երկի մի հատո ւածն է Դատումն քերդա ծայ սկսուածքով հատուածը (ՄՄ ձեռ. թիւ 2382, տպ. Ն. եպս. Պողարեան, Մայր ցուցակ ձեռագրաց Ս. Յակոբեանց, հտ. Դ, Երուսաղէմ, 1969, էջ 558), որ դրսեւորում է հեղինակի քերականագիտական կարողութիւնները:

                     Յակոբ Քեօսէեան