Ծիսական կարգերը հայոց մէջ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ . ԾԱՅՐԱՏՈՒՄՆ
       ԺԲ. - Մեռածի մարմնի մասերը կտրել տանելու սովորութիւնից ծագել է կենդանի մարդկանց մարմնից մասեր կտրելու սովորութիւնը։ Երբ նախանական մարդը փոքր ինչ քաղաքակրթուելով նկատել է, որ աւելի շահաւէտ է պահել եւ շահագործել պարտուած թշնամուն, քան թէ սպանել նրան եւ միւսն ուտել, մտածել է այնուամենայնիւ իւր յաղթանակները կտրել նրանից, միայն այնպէս, որ վերջինս չմեռնի, եւ ահա այստեղից ծագել է ծայրատումը (mutilation, изувечение ) իբր յաղթանակ յաղթողին, եւ ստրկութեան նշանակ յաղթուածի համար։ Վերջի վերջոյ իւր մարմնի մասերի ինքնակամ մատուցումն սկսել է ծառայել իբր հպատակութեան արտայայտութիւն եւ դարձել գթութեան ծէս։ Այժմ նշանակենք ծայրատման զանազան ձեւերը եւ այն դերը, որ նրանք կատարել են եւ կատարում են քաղաքական, կրօնական եւ հասարակական կառավարութիւնների մէջ։
       ԺԳ. - Յաղթուած թշնամու ձեռքը իբր յաղթանակ կտրելով, նրա արժէքը իբր ստրուկ աշխատաւորի ձգում էին, ուստի եւ սկսել են նոյն նպատակով կտրել միայն մատը, եւ այն էլ այն, որը ամենից քիչ է գործածւում աշխատելիս, այն է՝ ճկոյթը, յետոյ նաեւ սրա փոխարէն՝ ոտի մատը։
       Այսպէս Աստուածաշնչի մէջ կարդում ենք . «Եւ փախեաւ Ադոնեբեզեկ, եւ պնդեցան զհետ նորա, եւ հասին նմա. եւ կտրեցին զծայրս ձեռաց նորա եւ զծայրս ոտից նորա։ Եւ ասէ Ադոնիբեզեկ . եւթանասուն թագաւորք ծայրակտուրք ձեռօք եւ ստիւք էին, որ քաղէին զփշրանս ի ներքոյ սեղանոյ իմոյ. արդ՝ որպէս արարի, նոյնպէս հատոյց ինձ Աստուած»։
       Միեւնոյն սովորութիւնը եղել է եւ հայոց մէջ, որի մէկ վկայութիւնը գտնում ենք Յովհան Մանդակունու Տարօնոյ պատմութեան մէջ, ուր ասուած է.
       Եւ բարկացեալ Վազգեան, ետ ածել զՀամամ, ծայրատել զոտս եւ ձեռս նորա ։
       Շատ ժողովրդների մէջ տարածուած է ննջեցեալի գթութիւնը հայցել կտրելով մատը կամ նրա մի մասը, այսպէս Չարրուասների մէջ գերդաստանի գլուխը վախճանուելիս՝ նրա «աղջիկները, այրին եւ ամուսնացած քոյրերը պարտաւոր են կտրելու իրենց մատներից մի մի յօդ, եւ այս ծայրատումը նրանք պարտաւոր են կատարել ամէն անգամ, երբ մեռնում է այդ բարձր պաշտօնը գրաւողը, եւ միշտ սկսում են ճկոյթից։ Մանդանների մէջ ազգականի մահուան առիթով ցաւակցութիւն արտայայտելու սովորական ձեւը կայանում է ճկոյթ, երբեմն եւ միւս մատների երկու յօդը կտրելու մէջ, կտրուած մատը մեռած ազգականի կամ զօրապետի ոգուն նուիրաբերելու սովորութիւնը երբեմն դառնում է մեծ ոգուն, աստուածութեան զոհաբերելու ծէս. այսպէս՝ մանդանները զինուոր դառնալիս կատարում են հետեւեալ ծէսը. երիտասարդը բարձրացնում է ձախ ձեռի ճկոյթը եւ մեծ ոգուն ուղղած մի կարճ ներբողականով արտայայտում է իւր պատրաստականութիւնը զոհ բերելու նրան իւր այդ մատը. ապա դնում է գոմէշի չորացրած կաշու վրայ, ուր մի ուրիշ զինուոր տապարի հարուածով կտրում է։ Տոնկայի բնակիչները իրենց հիւանդ մի նշանաւոր ազգականի համար աստուածներից առողջութիւն հայցելիս կտրում են իրենց ճկոյթ մատերը եւ զոհ բերում նրան։
       Հաւանօրէն այս սովորութեան մնացորդն է, որ հայերիս մէջ , մինը հիւանդանալիս երկաթից ձեռք, ոտք են շինում եւ տանում դնում ուխտատեղում։
       Երբ երեխան չի կարողանում ոտքի կանգնել, նրա ոտներին կանաչ եւ կարմիր թելեր են կապում եւ մի շաբաթ երեկոյ կանգնեցնելով նրան դռան սեմի վրայ՝ մի աղջկայ կտրել են տալիս, իբր թէ նրա ոտները զոհաբերում են Աստծուն։
       ԺԴ. - Սպանուած թշնամու քիթը եւ ականջները իբր յաղթանակ կտրելու սովորութիւնը տարածուել է նաեւ գերիների վրայ, որոնց դարձրել են ստրուկ, եւ այնուհետեւ ստրկական վիճակի նշան համարուել են կտրուած քիթն ու ականջը։ Սակայն մի առ ժամանակից յետոյ փոխանակ կտրելու, բաւականացել են միայն ծակելով, եւ երբեմն սրանց միջով օղակ են անցկացրել եւ թոկ կապելով քաշել իրենց յաղթական կառքի յետեւից, ինչպէս այդ ներկայացուած է ասորական քանդակների մէջ, եւ ինչպէս այդ կատարւում էր հրէաների մէջ. եթէ վեց տարի ծառայելուց յետոյ գնուած ստրուկը կը հրաժարուի իբր ազատ հեռանալու, թող «տարցի զնա տէրն իւր յատեան Աստուծոյ, եւ ապա մատուսցէ զնա առ սեամս դրանն եւ ծակեսցէ զունկն նորա հերամբ եւ ծառայեսցէ նմա յաւիտեան, ասուած է Աստուածաշնչում ։
       Հաւանական է, որ ականջներ ու քիթ ծակելն ու իբր զարդ օղ եւ խզմա անցկացնելը յառաջ են եկել այս նախնական սովորութիւնից, որով ապացուցւում էր իրենց հպատակութիւնը, պատկանելութիւնը, մանաւանդ որ հէնց այժմ էլ, հայերիս մէջ երբ խոստանում են մի ոչխար կամ գառ մատաղ անել մի սրբի, նրա ականջը ծակում են եւ կամ փոքր ինչ ճեղքում։
       ԺԵ. - Ծնօտը իբր յաղթանակ թշնամիներից վերցնելը միանգամայն անհնար էր՝ եթէ ցանկանում էին , որ վերջինս կենդանի մնար եւ ծառայէր իրենց իբրեւ ստրուկ, սակայն մի քանի ատամ հանելը վտանգ չէր ներկայացնում, ուստի եւ ատամներն սկսել են իբր յաղթանակ ծառայել եւ ամէն մի յաղթող պարտք է համարել իրեն կտրելու պարտուածի մի քանի ատամը, ի նշան նրա ստրկական վիճակի, եւ այսպէս՝ ծէս է դարձել, որ պարտութիւն կրողները ի նշան իրենց հպատակութեան, ինքնակամ հանեն իրենց մի քանի ատամները եւ ներկայացնեն իրենց յաղթողին։ Պերուացիների մէջ աւանդութիւն կայ, թէ իրենց յաղթող Գուայանա Կըկապակը, վրդովուած նրանց անհնազանդութիւնից, օրէնք է հրատարակել, որով հրամայել է սրանց եւ իրենց սերունդներին՝ երեքական ատամ հանել ամէն մի ծնօտից։ Իսկ Աւստրիայի եւ Աֆրիկայի վայրենիների մէջ իբր կրօնական ծէս՝ արբունքի հասնելիս պէտք է հանել մի քանի ատամ եւ զոհաբերել աստուածներին։
       Հայերիս մէջ եւս, հեքիաթներում պատմւում են թէ ինչպէս հերոսը հանում է պարտութիւն կրողի ատամները եւ շարում նրա ճակատին.
       Դաւիթը Ղոզբէկին վեկալեց ձիան խետ տփեց գետինը, ոտը դրեց փորինը, մէ ձեռնով բերանը ճխտեց բացեց , լեզուն քաշեց քոքահան արաւ, ատամները քաշեց շարեց ճակատը
       Իսկ ընկած ատամը եկեղեցու սեան մէջ թոնրի սնկուածքում, ուխտատեղիներում դնելու այժմեան սովորութիւնը կարելի է համարել վերոյիշեալ կրօնական ծէսի մնացորդ։
       ԺԶ. - Որովհետեւ պարտութիւն կրած թշնամիներին փոխանակ ուտելու ստրկացնելը մեղմել է յաղթանակներ առնելու սովորութիւնը, քանի որ ինքը, կենդանի գերին արդէն իսկ ծառայում է միշտ իբր նշան յաղթութեան, եւ յաղթանակներն սկսել են առնել այնպէս, որ վտանգի չենթարկեն պարտուածների կեանքը. եւ բացի սրանից ձգտել են ծայրատումն այնպէս կատարել, որ բոլորովին չպակասի պարտուածի օգտակարութիւնը, եւ քանի որ դասակարգերի ծագմամբ ստրկութեան մէջ ծնուած գերու կրած նշանը այլ եւս չի ցոյց տուել նրա պատերազմում բռնուած լինելը, հետեւապէս ե՛ւ այլեւս չի արտայայտել տիրոջ յաղթութիւնը նրա վրայ, ուստի ե՛ւ այլեւս կարիք չի զգացուել, որ ստրկութեան նշանը խփուէր ծանր ծայրատման միջոցով։ Այստեղից յառաջացել է այն, որ ամենից շատ տարածուել է ա՛յն ծայրատումն, ո՛ր ամենից քիչ վնասակար եւ ամենից քիչ ծանր է եղել։ Եւ ա՛յս է պատճառը՝ որ մազերը կտրելը դարձել է ծայրատման ամենատարածուած ձեւը։
       Բաւական հիմունք կայ ենթադրելու, որ յաղթուած գերիների մազերը կտրելու սովորութիւնը ծագել է սպանուած թշնամիների գանգերը մաշկելու սովորութեան հետ միաժամանակ, եւ որ մազերի մի մասը կտրելը եւ կամ նրանց մատուցումը նախ գթութիւն հայցելու եւ ապա որոշ անձի իշխանութեան ենթարկուիլ արտայայտելու նպատակով՝ համապատասխանում է գանգը մաշկելու սովորութեան։ Սրան ապացոյց կարող է ծառայել այն, որ երբ թաթարները նուաճել են Չինաստանը, հրամայել են «չինացիներին ընդունել թաթարական ազգային սովորութիւնը՝ սափրել գլխի առաջին մասը, իսկ յետեւի մազերից հիւսեր երկար ծամ, ի նշան հպատակութեան»։
       Կարծէք միեւնոյն սովորութիւնը եղել է նաեւ հայերիս մէջ, VI դարում, միայն պատանիների վերաբերմամբ, որովհետեւ Փաւստոս Բիւզանդացու մէջ գտնում ենք մի այսպիսի հատուած.
       Վաչէի Արտաւազդ որդին էր «ի տիոց տղայ, եւ ըստ մանկութեան օրինի, ըստ կրօնից Հայոց՝ որպէս օրէն էր՝ զգլուխ մանկտոյն այնպէս ի ժամանակին գերծեալ էր զգլուխ մանկան Արտաւազդայ եւ ցցունս էր թողեալ եւ գէս արձակեալ ։
       Յոյների եւ հռովմէացիների մէջ եւս սովորութիւն է եղել, որ ստրուկների մազերը կտրում էին ի նշան ստրկութեան։ Նոյնը ե՛ւ Ամերիկայում. նուտկասների մէջ ստրուկների վրայ նայում են արհամարանքով եւ նրանց մազերը շատ կարճ խուզում, իսկ կարաիբի ստրուկներին եւ գերիներին խիստ արգելուած է երկար մազեր կրել։ Տաճկա-Հայաստանում հայերին արգիլուած էր մօրուք թողնել։ Այս եղանակով էլ բացատրւում է այն սովորութիւնը որ յանցագործին պատժելու համար դարձնում էին ստրուկ եւ կտրում նրա մազերը։ Նեկարագուայում գողի մազերը կտրում էին եւ իրեն իբր ստրուկ յանձնում այն մարդուն, որից նա գողութիւն էր արել, եւ որի մօտ նա մնալու էր, մինչեւ որ վերջինս բաւարարութիւն ստանար։ Բնական է, որ ստրկութեան այսպիսի մի նշան գրւում էր իբր պատիժ մի որեւէ յանցանքի, այսպէս կենտրոնական Ամերիկայում շնացող մարդուն նախ ձաղկում էին , ապա մազերը կտրում։ Հին Մեքսիկացիներին երբեմն հետեւեալ պատիժն էին տալիս. նրանք յանցաւորի մազերը կտրում էին միորեւէ հրապարակական տեղում։ Միջնադարեան Եւրոպայում եւս մազերը կտրելը պատիժ էր համարւում։ Մեր մէջ գտնում ենք հետեւեալ հատուածը Մ. Խորենացու մէջ.
       Տիրան թագաւորի դուստր Երանեակը ամուսնացած էր Տրդատ Բագրատունու հետ, սակայն «Սա ատեց իւր ամուսին Տրդատին, վատ աչքով էր նայում նրան եւ քիթը բարձրացրած էր միշտ, ցաւելով իւր մասին, որ ինքը, աննման գեղեցիկը, տգեղի հետ եւ թագաւորազնը ցածազգի հետ է բնակում։ Մի օր Տրդատ զայրանալով սորա վերայ, ծեծում է նորան սաստիկ եւ կտրելով նորա շէկ մազերը եւ փետտելով նորա մազերի խոպոպները, հրամայում է դուր քաշել եւ սենեակից դուրս ձգել ։
       Հայկական շատ գաւառներում այժմ էլ սովորութիւն է, որ անբարոյական կանանց ու տղամարդկանց մազերը, ինչպէս եւ հոգեւոր կոչումից զրկւող հոգեւորականի մօրուքը կտրում են, ուստի եւ «Մազըդ մկրատ», «ծամդ կտրուի » դարձուածքները համարւում են ամենածանր անէծք։
       Միեւնոյն սովորութիւնը կատարւում է նոյն իսկ կենդանիների վերաբերմամբ։
       Բուլանըխում երբ հարսնառ եկողներ իջեւանում են հարսի գիւղում, «հարսնառ հիւրասիրող տանտէրերը մեծ զգուշութիւն կը բանեցնեն, որ թշնամի մարդիկը հարսնածի ձիերու պոչերը չկտրեն, որ մեծ անպատւութիւն եւ անարգանք է, եւ ինչպէս շատ անգամ պատահել է, այդ կերպ անարգուած մարդիկ սրտի կսկիծէն մեռեր են ։
       Զէյթունցիներն իրենց թշնամիներից վրէժ լուծելու համար նրանց եզի, ձիու, ջորու եւ իշի ագիները կտրում են ։
       Հասկանալի է ուրեմն, թէ ինչու հայ ժողովուրդը «պոչ խուզող » մականունն է տալիս այն մարդկանց, որոնք մեծ չարիքներ եւ բռնութիւններ են գործում, իսկ շուշեցիները մինի ոտը իրենց տնից կտրելու գաղափարը արտայայտելու համար ասում են «ագին քշկռեց». (պոչը կտրեց)։
       Այս սովորութիւնից ծագում է այն, որ երկար մազերը ստանում են մեծ յարգանք, Չիբչասների մէջ ամենից մեծ վիրաւորանքը, որ կարելի էր հասցնել մի տղամարդու կամ կնոջ՝ - նրա մազերը խուզելն էր։ Այս հայեացքի պատճառը շատ հասկանալի է, որովհետեւ այսպիսի դէպքում խուզուած մարդու արտաքինը նմանեցւում էր ստրկի արտաքինին, իսկ սրա հետեւանքը լինում է այն, որ երկար մազերին մեծ յարգանք է վերագրւում եւ մինչեւ անգամ մեծութեան նշանակ ծառայում, այսպէս՝ տոնգանների մէջ բացի բարձր անձնաւորութիւններից ոչ ոք իրաւունք չունի երկար մազեր թողնելու։ Նոյն իսկ թրքաց իշխանազունները խուզում են մուրուքները, որպէսզի սրանով ցոյց տան որ իրենք միանգամայն կախուած են թագաւորող սուլթանի գթութիւնից։ Յոյները արբունքի հասակում կրում էին աւելի երկար մազեր, եւ մազերի հետ կապուած էր նրանց մէջ մազերի որոշ քաղաքական դիրք։ Ֆրանկների թագաւորների երկար մազերը սրբազան նշանակութիւն ունէին. նրանք համարւում էին թագաւորական սերնդի նշանակ եւ պատւոյ առանձնաշնորհ։ Քլոտար եւ Խիլեբերդը ցանկանալով բաժանել իրենց մէջ իրենց եղբօր թագաւորութիւնը՝ խորհուրդ կազմեցին, թէ ինչպէս վարուին եղբօրորդիների հետ. կտրե՞ն նրանց մազերը, որով եւ՛ ստորադրեն հպատակների կոչման, թէ սպանեն։ Հայ մատենագիրները իրենց հիացմունքն արտայայտել են գովելով իրենց հերոսի մազերը, այսպէս Խորենացին Հայկին նկարագրելով քաջագանգուր է կոչում նրան եւ նո՛յն ածականը կրկնում է եւ՛ այն ժամանակ, երբ նրա պատերազմն է նկարագրում Բէլի դէմ, ուր ոչ թէ նրա մազերի, այլ ոյժի վրայ պէտք էր շեշտել ։
       Ժողովրդական երգերը պատմելով Տիգրան Ա. Հայաստանին բերած բարիքների մասին, դարձեալ նրա մազերն են գովում. -
       Զայս եւ որ այլ այսպիսիք բազումք եբեր մերոյ աշխարհիս խարտեաշս այս եւ աղէբեկ ծայրիւ հերաց Երուանդեանս Տիգրան ։
       Իսկ Վահագնին աստուածացնող երգը նրա մազերը կրակի, եւ մօրուսը բոցի է նմանեցնում ասելով. նա հուր ունէր եւ բոց ունէր մօրուս ։
       Երկար մազերը, երկրաւոր փառքի այս նշանակը, ծառայում է նաեւ իբր նշանակ երկնային փառքի։ Շատ ազգերի աստուածները, մանաւանդ նրանցից գլխաւորները, աչքի են ընկնում իրենց երկար մօրուքներով եւ երկար, գանգուր մազերով։ Հայոց մէջ թէ՛ Աստծու եւ թէ սրբերի պատկերները մօրուքով եւ երկար մազերով են նկարուած։
       Գերդաստանի անդամների հպատակութիւնը նոյնպէս շատ տեղերում արտայայտուած է կարճ մազեր կրելով։
       Հասարակական կազմակերպութեան ստորին աստիճաններում կանայք կրում են ստրկական վիճակի այս նշանակը։ Սամօանի կանայլ կրում են կարճ մազեր, իսկ տղամարդիկ՝ երկար։ Նոր Կալիդոնիայում յօրապետներն ու ազդեցիկ անձինք կրում են երկար մազեր, իսկ բոլոր կանայք խուզում են իրենց մազերը մինչեւ ականջները։ Հայերիս մէջ միայն տան մեծը, գիւղի ամենառաջաւոր մարդիկ, ինչպէս տանուտէրը, թողնում են մօրուք։ Սրան կարելի է աւելացնել որդիական հպատակութեան արտայայտութեան նմանօրինակ միջոցներ։ Մի ժամանակ Եւրոպայում մազերի կտրելը կազմում էր որդեգրութեան ծէսի մի մասը։ Կարլ-Մարտէլը ուղարկել է Պիպինին, իւր որդուն, Լոնգոբարդների թագաւոր Լուիտպրանտի մոտ այն նպատակով, որ վերջինս կտրէր նրա առաջին մազերը, եւ այս ծիսակատարութեան շնորհիւ, ապագայու հանդիսանար իբր հայր։ Քլոտվիկոսը ցանկանալով հաշտուել Ալարիքի հետ՝ առաջարկել է նրան որդեգրել իրեն, կտրելով իւր, Քլոտվիկոսի , մօրուքը։
       Հայերի մէջ, Աղէքսանդրապօլում, մի երեխայ որդեգրելիս տանում են նրան մի ուխտատեղի, նրա մազերը խուզում սրբի գերեզմանի վրայ, այդ մազերով կապում այն աւելը, որով աւելում են այդ սրբի գերեզմանը եւ ապա որդեգրողի կինը եւ յետոյ նրա ամուսինը անց են կացնում այդ երեխային իրենց շապկի միջով։
       Այս տեսակի ծայրատում ծառայել է նաեւ իբր ննջեցեալներին հպատակուելու արտայայտութիւն։ Կարաիբների մէջ «որովհետեւ մազերը կազմում են նրանց հպարտութեան գլխաւոր առարկան , ուստի ցանկանալով բոլորովին անվիճելի կերպով ցոյց տալ իրենց վշտի անկեղծութիւնը իրենց ազգականի կամ բարեկամի մահուան առիթով, նրանք խուզում են իրանց մազերը ստրուկների եւ գերիների նման։ Այժմ էլ հայերի մէջ Մոքսում կանայք կտրում են իրենց մազերը։
       Յոյների եւ հռովմէացիների մէջ սգի օրերին կարճ խուզում էին իրենց մազերը։ Միեւնոյն սովորութիւնը տեղի է ունեցել եւ Հայոց մէջ, այլապէս կարիք չէր լինի, որ 325 թուին Վաղարշապատում գումարուած եկեղեցական ժողովը դնէր հետեւեալ կանոնը.
       «Որ կոծ դնեն եւ զհերսն խզեն եւ զճակատս հարկանեն, նզովեալ լիցին ի կեանս եւ ի մահ ։
       Նոյն բանն է ասում նաեւ Դաւիթ Ալաւկայ որդին. «Որ խզէ զհերն եւ կամ ճակատ հարկանէ, եւ արիւն հանէ, եւ կամ զօձիս պատառէ, այլազգաբար զկատար հերոցն փետէ, այնպիսիքն անյոյս են ի կենացն յաւիտենից» ։
       Հայերիս մէջ ընդհանրացած սովորութիւն է, որ ննջեցեալին թաղելուց միքանի, սովորաբար 7 օր յետոյ, բարեկամ տղամարդիկ հաւաքւում են ննջեցեալի տունը եւ տղամարդկանց մօրուքները ածելել տալիս, որից յետոյ արդէն սրանք սկսում են իրենց առօրեայ պարապմունքը։
       Շատ հաւանական է, որ այս սովորութիւնը մնացորդ է այն ծիսին, որով մարդիկ զոհ բերելով իրենց մազերը ննջեցեալի ոգուն, արտայայտում էին իրենց սէրը, հպատակութիւնը դէպի նա։
       Ննջեցեալից դէպի նահատակները, սրբերը եւ ապա աստուածութեան անցնելը էվօլիւցիայի աստիճաններ միայն լինելով, տեսնում ենք, որ միեւնոյն ծէսը կատարուել է նաեւ սրբերի, աստուածների վերաբերմամբ։
       Յոյների մէջ երբ երեխան դառնում էր նրա մազերը խուզում էին կրօնական հանդիսաւոր ծիսակատարութիւններով եւ մազերը նուիում մի որեւէ աստուածութեան, սովորաբար գետի Աստծուն։ Միեւնոյնը տեղի էր ունենում նաեւ հռովմէացիների մէջ եւ այսպիսի դէպքերում կտրուած մազերը նուիրւում էին մի որեւէ աստուածութեան։ Մազերի զոհաբերութիւն է եւ հրէաների, ինչպէս եւ արաբների մէջ։ Հայերի մէջ երեխայի մազերը առաջին անգամ խուզելիս այժմ էլ տանում , եկեղեցու պատի ծակերն են կոխում, մի աապացոյց, որ մի ժամանակ յունաց պէս հայերն էլ նուիրել են մի որեւէ աստուածութեան։
       Սակայն այս սովորութիւնն աւելի որոշ երեւում է այն երեխայի վրայ, որոնք սրբի տուած են համարւում, այսինքն որոնց ծնողները ամուլ լինելով սրբի դուռը ուխտ են գնացել եւ ապա ունեցել այդ երեխան։ Այսպիսի երեխաների մազերը բոլորովին չեն կտրում մինչեւ ութ տարեկան դառնալը։ Այս ժամանակ տանում են նրան նոյն սրբի դուռը եւ այստեղ, սրբի գերեզմանի վրայ խուզում երեխայի մազերը եւ նրանց հիւսով կապում այն աւելը, որով աւելում են սրբի գերեզմանը։
       Բարձր Հայոց բնիկների եւ այստեղից գաղթածների մէջ սովորութիւն կայ, որ երիտասարդը առաջին անգամ մօրուսը սափրելիս՝ խնդրում է մինին «միրուքի քաւոր » լինել, եւ սա միքանի ընկերների հետ այս երիտասարդին տանում է իւր տուն հիւրասիրում եւ ապա կանչում սափրիչին, որ հանդիսաւորապէս սափրում է այս երիտասարդի մօրուսը, որի կողքին կանգնում է «մօրուքի քաւորը » եւ շարունակ ասում սափրիչին. «Հը, սանիկս լաւ թըրաշ էրա »։ Միքանի օրից երիտասարդն էլ փոխադարձաբար հրաւիրում է իր տուն քաւորին մի քանի ընկերներով եւ հիւրասիրում։ Կարսի բնիկների մէջ սովորութիւն է եղել, որ երբ մի ծերունի որոշել է մօրուք թողնել, խնդրել է մինին քաւոր լինել. եւ սա վերջին անգամ սափրել է տուել սրա մօրուքը եւ մի երեսսրբիչ ու մի սանր նուիրել նրան։
       Ամուսնութեան միջոցում թագաւորի հանդիսաւոր կերպով սափրուելու ծէսը նոյնպէս, որ միանգամայն ընդհանրացած է հայերիս մէջ, պէտք է մնացորդ համարել մի որեւէ աստուածութեան զոհաբերութեան։ Միեւնոյն սովորութիւնը մուտք է գործել նաեւ կրօնական ծէսերի մէջ, հոգեւոր կոչումն ընդունողի գլխի մազերից չորս տեղից խաչաձեւ կտրում են, աղօթքներ կարդալով, որով արտայայտում են, որ նորընծան իրեն նուիրում է աստուածութեան։
       ԺԷ. - Հպատակութիւն արտայայտող շատ ծէսերի հետ տեղի է ունենում եւ արիւնառութիւն։ Այս ծէսի սկիզբը գուցէ մասամբ գտնւում է մարդակերութեան մէջ, սակայն նրա տարածուելու գլխաւոր պատճառը պէտք է որոնել այն սովորութեան մէջ, որ մարդիկ իրենց արիւնը միմեանց առաջարկելով կամեցել են ապացուցանել իրենց հաւատարմութիւնը, փոխադարձ սէրը։ Այսպէս Հայերի մէջ սովորութիւն է եղել, որ դաշնադրութիւն կապելիս աջ ձեռներից արիւն էին հանում եւ փոխադարձաբար խմում, ինչպէս վկայում է Վազերիոս Մաքսիմոս ասելով .
       «Սարիասդէր ընդէմ հօրն իւրոյ Տիգրանայ Հայոց թագաւորի ետ բան ընդ բարեկամս ամենեցուն յաջոյ ձեռանէ հանել արիւն, եւ զմիմեանց ըմպել զարիւն» ։ Միեւնոյն սովորութիւնը եղել է նաեւ սկիւթացիների մէջ։ Միւենոյնը տեղի է ունենում եւ այժմ հայերիս մէջ, երբ ցանկանում են ողջոյն աղբէր լինել, եկեղեցում միմեանց ողջոյն տալուց յետ՝ կտրում են մատերը եւ փոխադարձաբար խմում արիւնը։ Այս միեւնոյն ծէսը կատարում է նաեւ ննջեցեալների վերաբերութեամբ ցանկանալով արտայայտել իրենց անձնուիրութիւնը դէպի ննջեցեալի ոգին, սգուորները պատառոտում էին իրենց երեսները եւ արիւն հոսեցնում, ահա թէ ինչպէս է նկարագրում այս Փաւստոս Բիւզանդացին։
       Յետ մահուան Ներսէսի, յորժամ զմեռեալն լային փողովք եւ փանդռօք եւ վնօք զկոծսն պարուցն կաքաւելով, զտիգսըն հատեալս, զերեսս պատառեալս, արք եւ կանայք պղծութեամբ ճիւաղութեամբ պարուք դէմ ընդ դէմ հարկանելով եւ կամ ափ հարկանելով, զմեռեալն յուղարկէին ։
       ԺԸ. - Երբ զոհ էին բերում արիւնը գթութիւն հայցելու զօրապետի ոգուց, եւ այս կատարում է ոչ միայն նրա ազգականների այլ եւ տոհմի միւս անդամների կողմից, որոնք բոլորն էլ հաւասարապէս զգում են երկիւղ եւ սոսկում նրա ոգու առջեւ , - այն ժամանակ այս նպատակով կտրուածների սպիները դառնում են հպատակութիւն արտայայտող նշաններ, միանգամայն միւս բոլոր ծայրատումների նման։ Հոնները, որ Ատտիլլտին թաղելիս ծածկել են իրենց ամբողջ երեսը վէրքերով, եւ թուրքերը, որ նոյնն են անում սուլթանի թաղման ժամանակ, այսպիսով իրենց վրայ նշաններ են դնում, որոնք որոշում են նրանց որպէս իրենց պետերի ստրուկների։
       Երբեմն այնպիսի մի թագաւորի մահուան ժամանակ, որի յղթութիւնները դարձրել էին, նրան ազգի կազմակերպիչ, այդ տեսակի նշաններ կրում են ոչ միայն նրա ժամանակակիցները, այլ եւ վերջիններիս կողմից դրւում են նաեւ իրենց որդիների վրայ, այսպիսի դէպքում այդ նշանները դառնում են ազգային բնորոշ յատկանիշ։
       Շատ հաւանական է, որ մեռած հօրը, կամ պետին եւ կամ աստուածացրած հանգուցեալին իւր անձնուիրութիւնը արտայայտելու նպատակով կատարուած կտրուածքների սպիներն սկիզբն են տուել այն կտրուածքների եւ նկարներին, որ յայտնի է կտածում, տատուաժ , անունով։
       Այս սովորութիւնը, որ այնքան տարածուած է վայրենի եւ կիսակիրթ ժողովրդների մէջ եւ որի մնացորդները նոյն իսկ այսօր նկատելի են Եւրոպայում, գոյութիւն են ունեցել եւ ունի նաեւ հայերիս մէջ։ Կրօնական զգացումից յառաջացած այս սովորութիւնը հետզհետէ դարձել է տոհմերը յատկանշող նշան եւ վերջերքում պճնանք։ Սալմաստի, Շատախի, Մոքսի եւ այլ շատ խուլ անկիւնների հայերը կտածումներ են կատարում երեսի, ձեռքերի եւ ստինքի վրայ այսպէս թելած ասեղը նախապէս ներկելով թանաքի կամ մի սեւ ներկի մէջ, անց են կացնում կաշու միջով, ասեղի անցած տեղում ներկը մնալով սպի եւ սեւ բիծ եւ յառաջացնում։ Ոմանք էլ նոյնպիսի բծեր յառաջացնում են վառելով յաբէթի կտորին տալով զանազան ձեւ, դնում են սովորաբար ծղիկի վրայ եւ վառում սաստիկ ցաւը մեղմելու փոքր ինչ բարձրից թաշկինակով կապում են։ Երուսաղէմում ուխտաւորների ձեռքերին խփուող մահտեսութեան նշանն էլ միեւնոյն կտածումի մնացորդ է։
       ԺԹ. - Մենք տեսանք, որ վայրենիները հաւատալով որ ոգին տարածուած է մարմնի բոլոր մասերի մէջ, պահում են իրենց մոտ մեռած թշնամու մասունքները, յուսալով նրանց միջոցով կառավարել մեռածի ոգին, եթէ ոչ անձամբ, գոնէ տեղական կախարդների օգնութեամբ։ Այս միեւնոյն պատճառը ստիպում է նրանց պահել իրենց մոտ եւ այն մարդու մարմնից կտրած մասը՝ որին ստրկութեան են ենթարկում, եւ վայրենին, ինչպէս եւ նրա ստրուկն, այս դէպքումն էլ լիովին հաւատացած են լինում, որ մարմնի այս մասը իշխանութիւն եւ միջոց կըտայ, վնաս հասցնելու այդ մասի տիրոջ ամբողջ էութեան։ Առաջին իսկ խօսքերը, որով դիմում է ձեզ կախարդը՝ այն պահանջն է որ բերէք նրա զոհի մազերից կամ եղունգներից եւ կամ հանդերձի մի կտորը, որ տոգորուած է այն հոտով, որ համարւում է նմանօրինակ նրա ոգուն, իսկ սրանից յառաջանում է այն՝ որ իւր ստրուկի ատամը կամ մատի յօդը եւ կամ մինչեւ անգամ նրա մազերից մի ծամ պահող տէրը ամէն ժամանակ կարող է տանել դրանց կախարդին, ենթարկելու անհնազանդ ստրկին հիւանդութեան, չարարանքի, մահի։ Եւ այս պատճառով էլ ստրուկը երկիւղից արտայայտում է հնազանդութիւն։
       Այսպէս կարելի է բացատրել եւ այն հայկական սովորութիւնը, որ սիրահարուած երիտասարդներն իրենց սիրած աղջկայ մազերից կտրելով համայիլ են շինել տալիս, այսինքն մազը փաթաթում են մի թանգագին կտորի մէջ, եռանկիւնաձեւ ծալում , ասեղնագործով եւ կամ արծաթով պատում եւ իրենց մօտ պահում։