Վասպուրական. Նշանաւոր վանքեր-1

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ե. ԼԱԼԱՅԵԱՆ, ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՆՇԱՆԱՒՈՐ ՎԱՆՔԵՐ-1
       Ա. ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ՎԱՆՔԸ.
       Տեղագրութիւն. Աղթամարի սուրբ Խաչ կաթողիկոսանիստ վանքը բարձրանում է Վանայ լճի Աղթամար կղզու գրեթէ մէջ տեղում։ Շնորհիւ իւր այս տեղագրութեան, վանքը գտնւում է Վասպուրականի համարեա կենտրոնում, այնպէս որ մեծ դիւրութիւն էր ներկայացնում այդտեղ նստող Աղթամարայ տան կաթողիկոսներին՝ հովուելու ամբողջ Վասպուրականը։ Միեւնոյն ժամանակ վանքը բաւական ապահովուած է, գտնուելով նախ ցամաքից 3 կիլոմետր հեռու մի ապառաժոտ կղզու վրայ եւ երկրորդ՝ միջին դարերում ամրացած է եղել մի ամրոցով եւ աշտարակաւոր պարսպով։
      
       Վանքն օժտուած է նաեւ մի սքանչելի տեսարանով, որ բանաստեղծական աւիւն է ներշնչել Խաչատուր Աղթամարցուն եւ ոգեւորել է Րաֆֆուն, ծովակի հետ խօսելու։
      
       Հնումն ունեցել է նաեւ մաքուր, անաղի ջրի աղբիւր, սակայն այժմ սա այլեւս չի բղխում, այլ կայ միայն մի ջրհոր, որի ջուրը, սակայն, աղի է։ Այժմ ջուրը բերում են նաւով Ախավանքից։ Բուսականութիւնը թէեւ աղքատ է, սակայն կան նորատունկ նշի եւ այլ ծառեր, որոնց ստուերի տակ կարելի է հանգիստ առնել։
      
       Վանից կառքի մի ճանապարհ ձգւում է մինչեւ Ոստան եւ այստեղից էլ մինչեւ Ախավանք, որ հեշտութեամբ կարելի է անցնել 6 ժամի ընթացքում, իսկ Աւանց նաւահանգստից տեղական նաւերը կարող են հասնել Աղթամար 4 ժամում։ Ախավանքից մինչեւ կղզին 1/2 -1 ժամ է տեւում նաւակով։
      
       Պատմական տեսութիւն. - Վասպուրականի տեղագրութեան մէջ տեսանք, թէ ինչպէս Աղթամարը հետզհետէ յառաջանալով Արծրունի Գագիկ թագաւորի ժամանակ դարձել է ամրոց եւ քաղաք. տեսանք նաեւ, որ քրիստոնէութիւնը տարածուել է այստեղ Թադէոս առաքեալի ձեռքով եւ պահպանել իւր գոյութիւնը շատ աւելի երկար, քան Հայաստանի միւս կողմերում։ Ժ. դարում Աղթամարը դառնալով Վասպուրականի քաղաքական կեանքի կենտրոն, բնականաբար, դարձել է նաեւ կրօնականի։ Գագիկ Արծրունին 915 թուին հիմնարկել է այժմեան Ս. Խաչ եկեղեցին, որ եւ աւարտել է 921 թուին, Մանուէլ ճարտարապետի առաջնորդութեամբ։ 1556 թուին սրա կաթուղիկէն կործանուել է եւ վերաշինուել ։ Այս եկեղեցին դարձել է Աղթամարայ տան կաթողիկոսութեան աթոռ, որի մանրամասն պատմութիւնը մենք անում ենք մեր այս աշխատութեան պատմական մասի մէջ, իսկ նրա գլխաւոր աղբիւր ձեռագիր ժամանակագրութիւնը զետեղում ենք Ձեռագրների ցուցակի մէջ։
      
       Ս. Խաչ եկեղեցու հիւսիսային կողմին կից գտնուող ս. Սարգիս մատուռը միացրել են եկեղեցուն, եւ դարձրել աւանդատուն, 1803 թուին Թումա կաթուղիկոսը շինել է արեւմտեան կողմի գաւիթը, սոյն ԺԹ դարում Ախիջան եւ Գէորգ աղաները կառուցել են հարաւային կողմի զանգակատունը։
      
       Վանքի նկարագրութիւնը . - Աղթամարի սուրբ Խաչ վանքը բաղկացած է ս. Խաչ եկեղեցուց, սրա ժամատնից եւ զանգակատնից։ Վերջին երկուսը յետոյ են շինուած եւ միանգամայն փչացնում են առաջնի սքանչելի տեսքը։ Վանքին կից է կաթողիկոսարանը եւ ուսումնարանը, որ այժմ խարխուլ դրութեան են, սրանց փոխարէն Ախավանքում, այսինքն կղզու հանդէպ, ցամաքի ափին շինուած են կաթողիկոսարան եւ դպրոցական բաւական լաւ շէնք։
      
       Ս. Խաչ եկեղեցին շինուած է սրբատաշ, կարմիր քարից, որ բերուած է Բաղիշի Կոտոմ գիւղից։ Եկեղեցին խաչաձեւ է, անսիւն, պսակուած տասնեվեցկողմանի գմբէթով եւ կոնաձեւ կաթողիկէով, որի խաչը այժմ վայր է ընկած։
      
       Այս եկեղեցու առանձնայատկութիւնը կայանում է նրանում, որ չորս պատերը փոխանակ ուղղակի միանալու միմեանց հետ, մի մի մետրաչափ հեռու են մնում, եւ հնգանկիւնանի, աշտարակաձեւ մի այլ պատով միանում, յառաջացնելով ներքուստ կիսաբոլոր խորշեր։ Նաեւ հարաւային եւ հիւսիսային պատերը , եկեղեցուն խաչի ձեւ տալու նպատակով, երկու կողմերից թեքուածներ ունին։ Արեւելեան եւ արեւմտեան թեւերը կողքերի թեւերից աւելի երկար են։
      
       Արեւելեան եւ արեւմտեան պատերի մէջ կան երկական կամարակապ ներսանկուածներ, արեւելեանն երեքական, իսկ արեւմտեանը միայն մի մի եռանկիւնաձեւ որմնասիւներով զարդարուած։
      
       Իւրաքանչիւր պատի մէջ տեղում կայ մի երկար եւ նեղ պատուհան, նռնաձեւ քանդակների կամարով։ Բացի սրանցից կան նաեւ ուրիշ, փոքր պատուհաններ , 12 հատ։
      
       Եկեղեցու վերին եզրերը պատած են քիւով, որի տակ կան զանազան կենդանիների փոքրիկ բարձրաքանդակներ, սրանից մօտ մի մեիր ցած։ եկեղեցու շուրջը բոլորում է մի երիզ՝ գլխաւորապէս խաղողի ողկոյզների եւ զանազան տեսարանների քանդակներից բաղկացած։ Սրանից էլ ցածր, պատի գրեթէ մէջ տեղից ամբողջ եկեղեցու շուրջը ցցուած են զանազան կենդանիների կիսարձաններ։ Մի քիչ էլ վար, ձգւում է նռան քանդակներից բաղկացած մի ուրիշ երիզ, որ նոյնպէս բոլորում է եկեղեցու շուրջը։ Այս երկու երիզների միջեւ կան հին եւ նոր կտակարանի սրբերի բազմաթիւ բարձրաքանդակներ եւ ամբողջ տեսարաններ սրանց կեանքից։
      
       Եկեղեցու չորս ճակատն էլ զարդարուած են աւետարանիչների մի մի մեծադիր, մարդաչափ բարձրաքանդակով։
      
       Եկեղեցին ներքուստ անսիւն է, խաչաձեւ, եւ չորս անկիւններում ունի մի մի կիսաբոլոր խորշ։ Ութ քառանկիւնի որմնասիւների վրայ բոլորում են հայկական պայտաձեւ, բարձր կամարներ, որոնց վրայ հանգչում է տասնեւվեցանկիւնանի, ցածր գմբէթը, կոնաձեւ կաթուղիկէով։
      
       Կոզակը բոլորաձեւ է եւ կամարակապ, մէջ տեղում ունի մի երկար եւ նեղ պատուհան։ Սեղանը զարդարուած է մի գեղեցիկ խաչկալով։ Սեղանի երկու կողմը կան մի մի խորան, որոնց դռները բացւում են եկեղեցու անկիւններում բոլորող վերոյիշեալ խորշերի մէջ։ Խորաններն ունին մի մի սեղան, վէմ քարով եւ մի մի փոքրիկ պատուհան։ Արեւմտեան կողմում խորաններ չկան։
      
       Եկեղեցու հարաւային կողմը, բոլորաձեւ թեւի մէջ կայ մի դուռն, որի վերեւ շինուած է մի վերնայարկ, յատկապէս Գագիկ թագաւորի եւ նրա ընտանիքի համար։ Սա եւս կիսաբոլոր է, կամարակապ եւ առջեւում ունի մի մետր բարձրութեան պատ՝ հինգ կամ սրակալ բացուածքներով, զարդարուած նռան քանդակներով եւ եզան, խոյի, վագրի, այծի, փղի եւ հորթի կիսարձաններով։ Կամարները զարդարուած են Աւետման, Մարիամ կուսի եւ Եղիսաբէթի եւ Յիսուսի ծննդեան իւղանկար պատկերներով։ Այս վերնատան մուտքն է դրսից։
      
       Ներքին դռան կողմը բարձրացող սանդուխներով, որ քանդուած են եւ սրանց տեղում զանգակատան սիւները բարձրացած։ Այս վերնատան դռան երկու կողմում, ուրեմն եկեղեցու հարաւային պատի վրայ, քանդակուած են մի առիւծ եւ մի վագր, գլուխները խոնարհացրած՝ ի նշան հնազանդութեան։ Սրանից բարձր կան մի մի սրբի բարձրաքանդակ եւ մի եղնիկի ու արծուի քանդակ։
      
       Եկեղեցու ներսը եւս զարդարուած է իւղաներկ պատկերներով, որոնք ըստ երեւոյթին շատ հին են։ Սրանց մի մասն արդէն բոլորովին եղծուել է, ուստի եւ Աղթամարի վերջին կաթուղիկոս Խաչատուրը կոզակն ամբողջովին կապոյտ է ներկել տուել, միանգամայն մի քանի պատկերներ թողնելով։ Ընդհանրապէս նկատելի է, որ պատկերները բաւական նուրբ են եղել եւ բոլորն էլ Աւետարանից. ինչպէս՝ Բեթղեհէմի մնականց կոտորածը։ Քրիստոս Երուսաղէմի տաճարում, Քրիստոս Կանայի հարսանիքում. Քրիստոսի Երուսաղէմ մտնելը, Ղազարոսի յարութիւնը, Քրիստոս Պիղատոսի առաջ, Քրիստոսի խաչելութիւնը եւ այլն։
      
       Եկեղեցու արեւմտեան կողմը, հիւսիսային խորշի մօտ, դրուած է կաթողիկոսական աթոռը, որ շինուած է մէկ ու կէս դար առաջ Աղթամարի Գրիգոր կաթուղիկոսի ժամանակ։
      
       Եկեղեցին ունի երեք դուռն եւ 16 պատուհան, ութ պատուհան էլ բացւում են գմբէթի մէջ, այնպէս որ լոյսը առատութեամբ ներս է թափանցում։
      
       Ինչպէս ասացինք, ամբողջ եկեղեցին ծածկուած է բարձրաքանդակներով, բաւական նուրբ, սակայն երբէք չեն կարող համեմատուիլ Անիի քանդակների հետ. նկատելի է նաեւ, որ թէ մարդկանց եւ թէ կենդանիների մարմնի մասերի համաչափութիւնը կատարելապէս պահպանուած չէ։ Լինչի կարծիքով այս քանդակները կարող են մի նշանաւոր օղակ կազմել ասորական արուեստի եւ արաբական ու բիւզանդական արուեստների միջեւ։
      
       Պատմական տեսակէտից ամենանշանաւոր քանդակը եկեղեցու հիմնադիր Գագիկ Արծրունու բարձրաքանդակն է, որ կերտուած է եկեղեցու արեւմտեան պատի վրայ։ Գագիկը քանդակուած է ամբողջ դիրքով, մօտ 11/4 մետր բարձրութեան, ձախ ձեռին բռնած այս եկեղեցու մանրաքանդակը, որը ցոյց է տալիս աջ ցուցամատով։ Սրա առջեւ երկու հրեշտակ բռնած են մի խաչ՝ շրջանակի մէջ դրուած։ Գագկի հանդէպ կանգնած է Յիսուս, այն դիրքով, որ կարծես օրհնում է Գագկին։ Յիսուսի ձախ ձեռքում կայ մի գիրք, որի վրայ գրուած է. Ես եմ լոյս աշխարհի։ Գագկի եւ Յիսուսի կողքերին կան մի մի վեց թեւեան հրեշտակ։
      
       Գագկի գլխին կայ ականակուռ թագ՝ լուսապսակով պատած, ուսերին ձգուած է մի վերարկու, ամբողջովին նշխերով պատած, որոնց մէջ նկատելի են թռչուններ. մի գեղեցիկ ճարմանդով վերարկուն ճարմանդուած է կրծոսկրի մօտ, վերարկուի տակից հագած է մինչեւ գօտկատեղին հասնող. թեւաւոր շոր, գլխաւորապէս պարուրաձեւ նշխերով։ Ինձ թւում է, որ այդ շորի կուրծքը եռանկիւնաձեւ բացուած է, եւ տակից երեւացող նոյնպէս պարուրաձեւ նշխերով հանդերձը շապիկն է, որի նմանը այժմ եւս գործ է ածւում այս կողմերում։ Շալուարը միանգամայն նման է մեր նկարագրած տեղական շալուարին, միայն ոչ թէ փողկի մի, այլ երկու կողմից ունի ասեղնագործ, լայն երիզ։ Սրա երիզը պատած է երկու շարք պարուրաձեւ նշխերով։ (Տես III նկարը)։
      
       Գագկի երկրորդ բարձրաքանդակը գտնւում է արեւելեան պատի վրայ, խաղողի այգի ներկայացնող երիզի մէջ . - Գագիկ թագաւորը ծալապատիկ նստած է բարձի վրայ, աջ ձեռին ունի մի բաժակ, իսկ ձախ ձեռը ձգել է խաղողի մի ողկոյզի։ Գագկի երկու կողմում կան մի մի մանկլաւիկ, որոնցից մինը նուռ է քաղում, իսկ միւսը խաղող։ (Տես IV նկարը).
      
       Պատմական նշանակութիւն ունեցող երկու բարձրաքանդակ էլ կան հարաւային պատի աջ կողմը . - Սա ներկայացնում է մի ամբողջ տեսարան . - Երկու արջ միմեանց հետ կռւում են, սրանց թաթերի ներքեւ գտնւում են երկու քոթոթ։ Արջերի վերեւ կայ մի թեւաւոր առիւծ՝ թռչունի գլխով, իսկ սրանից բարձր, շրջանակի մէջ մի սրբի կիսարձանի երկու կողմը կան մի մի ամբողջական բարձրաքանդակ, լուսապսակ գլխներով եւ ֆարաջանման հանդերձներով, որոնցից մինը պարզել է ձեռքերը այնպէս, որ կարծես խաչակնքում է։ (Տե՛ս բնագրի միջի պատկերը Առաջնի գլխի մօտ գրուած է. Սբ. Համազասպ Վասպուրականի իշխան, իսկ միւսի, խաչակնքողի, նոյնպէս գլխի մօտ՝ Տէր Սբ. Սահակ եղբայր Համազասպայ, մարտիրոսք եւ վկայք Քսի։ Սրանց հանդէպ քանդակուած է մի արծիւ, որ իւր մագիլների մէջ առած է մի աղաւնի, սրանից էլ վերեւ կայ գառնագլուխ, թեւաւոր մի թռչուն, բարձրում մի սրբի պատկեր, շրջանակի մէջ ։
      
       Այժմ սկսենք նկարագրել միւս բարձրաքանդակները՝ սկսելով բարձրից ։
      
       Եկեղեցու քիւի տակ փոքրիկ դիրքով քանդակուած են մի շուն, որ հալածում է մի նապաստակի, մի ուրիշ շուն, որ ընկած է մի այծեամի հետեւից, մի յովազ, որ պատառոտում է մի եղնիկ, երկու աղաւնիներ կտուց կտցի են տուած, մի որսորդ, որ բռնած է որսած ցլի վզակապից, չորս ոչխար նստած եւ երկու առիւծ կանգնած։ 10 մարդկային գլուխ եւ մի առիւծ (հիւսիսային պատի ձախ կողմը ), մի առիւծ , 12 մարդկային գլուխներ, մի նապաստակ, մի առիւծ, դարձեալ մի նապաստակ, մի թռչուն, մի առիւծ, դարձեալ երկու նապաստակ, երկու թռչուն կտուց կտցի տուած, ինչպէս նաեւ երկու աղաւնի նոյն դիրքով, միայն սրանց մէջ մի օձ, (որ եկել է թիւնաւորելու սրանց սիրային երջանկութիւնը ), մի աղաւնու տակ էլ երկու ձու, մի թռչունի բուն, մէջը մի ձու, մի ցուլ, մի յովազ, երկու աքաղաղ կռուելիս, մի առիւծ, մի գառ, մի եղջերու, մի խոզ։
      
       Վերեւի երիզը, որ կարծես ներկայացնում է խաղողի այգի, մեծ մասամբ ողկոյզներից բաղկացած լինելով, ունի մի շարք շատ հետաքրքրական տեսարաններ. այսպէս՝ եթէ դիտելու լինենք արեւելեան կողմից, Գագկի բարձրաքանդակի ձախ կողմից, կը տեսնենք.
      
       Մի մարդ բռնել է փախչող նապաստակի պոչից, մի ձիաւոր նետանեղ է արձակում մի արջի վրայ, որ արդէն իւր առաջի թաթերը ձգել է սրա նստած ձիու գամակին, մի մարդ մէջքին մի կողով , եւ ձեռքին մի զամբիւղ, մի մարդ, որ դաշոյնը խրել է մի արջի կողք, մի թռչուն, որ խաղող է ուտում, (հիւսիսային պատի վրայ ). մի այգեպան, որ ձեռին բահ բռնած այգին է ջրում, երկու երիտասարդ կռւում են միմեանց հետ, մի երիտասարդ պարսատիկով խփում է խաղող ուտող թռչունին, մի նստած գառ, որ մռութը պարզել է դէպի ողկոյզը, երկու բադ, երկու ուլ, մէկ ինծ, մի թռչուն եւ մի ճագար միմեանց մօտ կանգնած են. մի կին, որ հաց է տանում այգին ջրող մի ուրիշ այգեպանի, մի որսորդ իւր որսորդական շան եւ բազէի հետ, որ ուզում է որսալ թփերի միջի արջն ու վարազը։ Արեւմտեան պատի վրայ. մի այծ իւր ուլիկի հետ, մի արջ, որի մի քոթոթը ծիծ է ուտում, իսկ միւսը բարձրացել է մէջքին, մի մարդ՝ ձեռին ձմերուկ, մի մարդ եւ մի արջ միմեանց հետ կռուելիս, իսկ մի ուրիշ մարդ ծառը բարձրացած, երկու խոյ կռուելիս, մի որսորդ խփում է արդէն նետահար եղած արջի։
      
       Հարաւային պատի վրայ՝ երկու գօտեմարտիկ գօտեմարտելիս, որոնցից մինի ոտից կծում է մի շուն մի մարդու գլուխ, երկու երիտասարդ ձեռներին խաղողի որթեր, երկու թռչուն, որ կտցահարում են ողկոյզները, մի մարդու գլուխ, երկու երիտասարդ, որ մեծ քանակութեամբ խաղողի ողկոյզներ են հաւաքել։
      
       Մի մարդ՝ կողովը ուսին, մի մարդ՝ հեծած մի արջի մէջքին եւ նրա ականջներից բռնած, մի երիտասարդ՝ երկու ձեռքը գլխի վրայ դրած զարմացմամբ նայում է մի ուրիշ երիտասարդի, որ նիզակով խփում է մի արջի, որի մոտ գտնւում է մի մարդու գլուխ, մի մարդագլուխ առիւծ, մի թռչուն եւ մի մարդ՝ ցուպը ուսին . մի մարդ, որ խաղողի ողկոյզը ծռել է եւ որթի տակից մի նապաստակ է փախչում, մի աղուէս, որ խաղող է ուտում եւ մի որսորդ, որ իւր որսորդական շունը աղուէսի վրայ է արձակում, մի մարդ՝ գառը ուսին, երեք թռչնիկներ խաղողի որթի վրայ նստած, մի մարդ եւ մի արջ կռուելիս, մարդը դաշոյնը խրել է արջի փորը, երկու մարդկային գլուխներ ընկած եի ճիւղերի մէջ, իսկ սրանց մոտ մի չոքաց մարդ՝ ձեռները վերեւ պարզած, երկու թռչուն, մէջ տեղը մի ծաղկեփունջ։
      
       Մի մարդ ծալապատիկ նստած՝ ձեռները պարզել է խաղողի ողկոյզին, սրա մոտ մի տղայ ոտները պարզած կանգնած է եւ նայում է մի արջի, որ խաղող է ուտում։ Միւս կողմն էլ մի որսորդ պարսատիկ է արձակում մի առիւծի վրայ։ Մի քիչ հեռու երկու թռչուն կտուց կտցի են տուել, մի մատակ գոմէշ, ծիծ է տալիս իւր հորթիկին, եւ մի մարդ, որ բռնել է մի կովի եղջիւրից։
      
       Այժմ անցնենք միւս բարձրաքանդակներին, որոնց մեծագոյն մասը կրօնական են։ Արեւելեան պատի գրեթէ կենդրոնում, ներսանկուածների վերեւ բոլորդ կամարների միացման տեղում մի շրջանակի մէջ քանդակուած է Ադամը՝ մատը պարզած դիրքով, եւ սրա երկու կողմում գրուած է. «Եւ կոչեաց Ադամ անուանս ամենայն անասնոց եւ գազանաց» եւ կարծես իբր բացատրութիւն այս խօսքերի Ադամի երկու քանդակուած են «ամենայն անասունք եւ գազանք», եւ սրանք այքան շատ են, որ մի շարքով շարուած եկեղեցու չորս պատի վրայ էլ։ Սրանցից շատ շատերը ոչ թէ բարձրաքանդակ, այլ կիսարձաններ են, մոտ կէս մետրաչափ դուրս ցցուած պատից։
      
       Եթէ սկսենք դիտել Ադամի ձախ կողմից՝ կը նկատենք . - առիւծ, գայլ, արջ, ընձուխտ, վայրի ցուլ, գայլ, եզ, եղնիկ, խոյ, ոչխար, գոմէշ, ձի, ջորի, ուղտ, հնդկահաւ, բազէ, արծիւ, սիրամարգ, փասիան եւ այլն։ Այժմ անցնենք այն բարձրաքանդակներին, որ գտնւում են խաղողի եւ նռան երիզների միջեւ։
      
       Հիւսիսային պատի լուսամտի աջ կողմում քանդակուած է կենաց ծառը, որի բնին փաթաթուած է գազանի թաթերով օժտուած օձը, եւ խօսում է իւր առջեւ չոքած Եւայի հետ։ Մի քիչ հեռու, լուսամտի ձախ կողմում քանդակուած են Ադամ եւ Եւայի՝ մոտ մէկ ու կէս մետրաչափ բարձրաքանդակները , կենաց ծառի երկու կողմը կանգնած։ Եւան ուտում է բարւոյ եւ չարի գիտութեան խնձորը եւ յորդորում Ադամին՝ իւր օրինակին հետեւելու։
      
       Նոյն պատի վրայ կայ նաեւ Սամսոնի երկու մետր բարձրութեան բարձրաքանդակը, աջ ձեռում բռնած փղշտացու գլուխը՝ մազերից։ Սրա մոտ Եզեկիէլ մարգարէն, որի աջ կողմից մի ուրիշը, իսկ բարձր, շրջանակների մէջ երեք կիսարձաններ։ Փոքր ինչ հեռու դարձեալ Սամսոնը, որ սուրն առիւծի երախն է խրում, սրանից վերեւ երկու աքաղաղ կռւում են, իսկ ներքեւ կանգնած է մի մարդագլուխ, թեւաւոր թռչուն։
      
       Հիւսիսային պատի աջ կողմում Ամովս մարգարէի, ս. Կիրակոսի եւ մի այլ սրբի կիսարձաններ շրջանակներով, որոնց ներքեւ ս. Թէոդորոս, Ս. Սարգիս եւ ս. Գէորգ, երեքն էլ ձիաւոր , առաջինն սպանում է մի վիշապ, երկրորդը՝ մի յովազ, իսկ երրորդը՝ ձեռներն ու ոտները կապուած մի մարդ։
      
       Հիւսիսային պատի ձախ կողմում կան երկու խոյ, կուրծք կրծքի տուած եւ գլուխները հակառակ կողմ դարձրած։ Սրանց ներքեւ կայ մի չալմաւոր եւ ֆարաջով մարդու ամբողջական բարձրաքանդակ, երկու ցուցամատերը պարզած, աջ կողմում մի ուղտ։ Սրա մասին աւանդաբար պատմում են, թէ Մահմէդի բարձրաքանդակն է, պատուիրում է իւր հաւատացեալներին չվնասել այս եկեղեցուն։ Այս «Մահմէդի » ձախ կողմում կանգնած է Եսայէ մարգարէն, իսկ աջ կողմում, ուղտից ներքեւ, մի արծիւ՝ մագիլներում մի նապաստակ բռնած, մի քիչ ցած՝ երկու հնդկահաւ, վզերը միմեանց փաթաթած եւ կտուցները միմեանց յենած։
      
       Արեւելեան պատի երկու ներսանկուածների միջեւ բացուող պատուհանի գլխին բոլորում է ողկոյզի քանդակներից բաղկացած մի կիսաբոլոր կամար, իսկ աջ ու ձախ կողմերին մի մի սրբի, թերեւս Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալների բարձրաքանդակ։ Սրանց ներքեւ մի առիւծ, մի յովազ եւ մի եղնիկ։ Սրանցից աջ, մի կլոր շրջանակի մէջ քանդակուած է մի կիսարձան, աջ կողմում Յովհաննէս Մկրտչի, ձախում ս. Գրիգոր Լուսաւորչի բարձրաքանդակները, իսկ սրանց ոտների մօտ մի առիւծ։
      
       Ձախ ներսանկուածից դէպի ձախ քանդակուած է Եղիա մարգարէն, առջեւում մի կին չոքած, գլխի վերեւ երկու կիսարձաններ, մի քիչ հեռու մի ուրիշ սրբի բարձրաքանդակ, ձեռին մի թերթ բռնած։
      
       Հարաւային պատի աջ կողմում. Հեղի քահանայի անդրին, Սաւուղ թագաւորի ամբողջական բարձրաքանդակը, որի վերեւ Սամուէլ մարգարէի կիսարձանը շրջանակում, սրանց հանդէպ Դաւիթ մարգարէն պարսատիկը ձեռին, մաղախն ուսին, առեւում կանգնած Գողիաթը երկու մետր բարձրութեան, սուրը աջ ձեռին, վահանը կրծքին։ Իսկ այս երկուսի միջեւ մի այծ հանգիստ քնած։
      
       Դաւիթ մարգարէի կեանքը քանդակուած է նաեւ հիւսիսային պատի ձախ կողմը. այստեղ Դաւիթ մարգարէն պատառում է մի առիւծի երախ, որից վերեւ քանդակուած է մի խոյ, մի քիչ հեռու մի յովազ, որ պատառում է մի այծ, սրանից էլ վերեւ մի արջ, որ խաղող է ուտում, մի քիչ էլ հեռու դարձեալ Դաւիթ մարգարէն նիզակը խրում է մի առիւծի կուրծք, իսկ սրանից էլ վերեւ երկու առիւծ՝ յետոյք յետոյքի յենած եւ գլխները միմեանց դարձրած, աւելի բարձր՝ մի աղուէս, որ փախչում է։
      
       Հարաւային պատի ձախ կողմում Աբրահամը զոհում է Իսահակին, մի խոյ կախուած է ծառից եւ Տիրոջ աջը ցոյց է տալիս խոյը Աբրահամին. փոքր ինչ հեռու երկու նապաստակ մի թուփ են կրծում, մի հրեշտակ թեւատարած կանգնած է, Քրիստոս աթոռի վրայ նստած է, որի վերեւ կախուած է Յովէլ մարգարէի կիսարձանը շրջանակով. մի քիչ հեռու Աստուածածինը՝ Յիսուս գրկում, կողքերին Գաբրիէլ եւ Միքայէլ հրեշտակապետները, մի քիչ հեռու մի ածյեամ, որի ոտների տակ երկու թռչուն՝ կտուցներում մի օղակ բռնած։ Նոյն, հարաւային պատի ձախ կողմում քանդակուած է Յովնան մարգարէի նաւը, տակը կէտ ձուկը, փոքր ինչ հեռու կետը փոխում է Յովնանին. Յովնանը զզմենու տակ քնած, Յովնան քարոզելիս, Նինուէի թագաւորը բարձերի վրայ նստած, չորս կանայք ձեռները երեսներին դրած ողբում են։
      
       Յովնանի նաւի վերեւ կան Ստեփաննոս Նախավկայի, Սոփոնիասի, Ազարիա մարգարէի եւ մի այլ սրբի կիսարձան, որի անունը չէ գրուած։ Այս բոլոր կիսարձաններն էլ պատած են շրջանակներով։
      
       Գմբէթը տասնեւվեց անկիւնանի է զարդարուած ութ պատուհանով, որոնց վրայ բոլորում են ծաղիկների եւ կաքաւների քանդակներով զարդարուած կամարներ։ Քանդակների մի գեղեցիկ երիզ բոլորում է հիմքի մօտ, իսկ վերին մասում, քիւի տակ, փոքրիկ բարձրաքանդակների մի մեծ շարք պատում է ամբողջ գմբէթը, այսպէս՝ արեւելեան կողմում կայ մի նապաստակ, մի շուն, մի խոզ, մի էշ, մի առիւծ, մի կով, մի առիւծ, մի գառ, մի շուն, մի առիւծ, 2 խոյ՝ գլուխ գլխի տուած, մի թռչուն, մի ձի, մի առիւծ, մի խոյ, մի նապաստակ, մի աղուէս. հարաւից՝ մի նապաստակ, մի շուն, մի այծեամ, մի առիւծ, մի նապաստակ։ Արեւմուտքից՝ մարդու երկու գլուխ, մի նապաստակ, մի առիւծ, երկու այծեամմ, մարդու 2 գլուխ, երկու նապաստակ, մի այծեամմ, մի առիւծ, մի նապաստակ, մի յովազ, հիւսիսային կողմում՝ մի ճագար, մի շուն, մի մարդու մի թագակապ գլուխ, մի առիւծ, մի նապաստակ , մի կով, մի մարդու գլուխ, մի շուն, մի առիւծ։
      
       Զանգակատունը գտնւում է հարաւային դռան առջեւ։ Չորս քառանկիւնի սիւների վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ, որոնց վրայ կրկին բարձրանում են նոյնպիսի սիւներ, ունենալով նմանօրինակ կամարներ։ Վերջիններիս վրայ հանգչում են վեց կլոր սիւներ, կրելով վեց անկիւնանի մի գմբէթ, որից կախուած են երկու զանգակ։
      
       Գաւիթը հասարակ շէնք է, եւ դժբախտաբար ծածկել է եկեղեցու արեւմտեան ճակատի երկար արձանագրութիւնը։ Չորս քառանկիւնի ամբողջական եւ տաս կիսասիւների վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ, պահելով կամարակապ ձեղունը։ Ունի երկու հասարակ դուռ եւ 9 փոքրիկ եւ նեղ պատուհան։
      
       Ս. Խաչի հիւսիսային դռան հանդէպ եւս շինուած են երկու փոքրիկ, հասարակ, կամարակապ մատուռներ, որոնց մինում դրուած է Մեռոնի կաթսան, իսկ միւսը ծառայում է որպէս աւանդատուն, ուր զգեստաւորւում է քահանան, որովհետեւ եկեղեցու միջի աջակողմեան խորանում պահւում է Կենաց փայտը, իսկ ձախակողմեանում եկեղեցական իրեր եւ մեռոնի վերաբերեալ նիւեր, որոնց համար առանձին խորշեր են շինուած պատի մէջ։
      
       Եկեղեցու երկարութիւնն է 15, 40 մետր, լայնութիւնը 12, 60 մետր, բարձրութիւնը մօտ 20 մետր. կոզակի երկարութիւնն է 4, 10 մետր, խորութիւնը 4, 30 մետր. երկու կողքի բոլորաձեւ թեւերի երկար. է 3, 35 մետր, խորութիւնը 2, 55 մետր. արեւմտեան խորշի երկարութիւնն է 3, 35 մետր, խորութիւնը 3, 65 մետր. խորանների երկարութիւնն է 3, 60 մետր, լայնութիւնը 1, 10 մետր։
      
       Կղզու արեւալահիւսիսային ծայրում, լեզուաձեւ հրուանդանի վրայ, ուր դեռ եւս մնում են Գագկի շինած աշտարակի կիսաւեր պարիսպները, կայն նաեւ մի փոքրիկ մատուռ, որ աւանդօրէն համարւում է Գագկի ամուսին՝ Թամար թագուհու աղօթատեղին, ուր եւ, ասւում է, թէ ամփոփուած է Յովհաննէս Զ. Դրասխանակերտցի պատմաբան կաթողիկոսի մարմինը։
      
       Ս. Խաչ եկեղեցու հարաւ-արեւելեան կողմում կայ ս. Ստեփանոս անունով մի կիսաւեր, փոքրիկ եկեղեցի, որ շինուել է 1293 թուին Ստեփաննոս կաթողիկոսի ժամանակ Հոռոմշահի որդի Սարգսի եւ Ստեփաննոսի ծախքով։
      
       Կղզու արեւելահարաւային ծայրում եւս կայ երկու մատուռներ, մինը ս. Գէորգ, միւսը թերեւս ս. Աստուածածին անունով, որ այժմ կոչւում է Կարմիր եկեղեցի, որովհետեւ կարմիր քարից է շինուած։
      
       Ս. Խաչ եկեղեցու մեծ մասամբ արեւելեան կողմը գտնւում են Աղթամարայ կաթողիկոսների շիրիմները, որոնց տապանաքարերը ներկայացնում են քառանկիւնի մի քար՝ ծայրին մի խաչքար կանգնեցրած։
      
       ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
       Աղթամարի Ս. Ստեփանոս եկեղեցու դրան ճակատին.
       ՉԽԲ (=1293)
       Ի հայրապետութեան Տոն Ստեփանոսի շինեցաւ եկեղեցիս ծախիւք սրբասնեալ կրաւնաւորացն Սարգսի եւ Ստեփանոսի որդեացն Հոռոմշահի յարդար վաստակոց իւրեանց. կատարեցաւ յիշատակ հոգւոց իւրեանց եւ ծնողացն եւ ազգականացն. ըրք հանդիպիք յիշեցէք ՚ի Քս.
      
       Աղթամարի դարպասի հարաւային դրան ճակատին.
       Ի ՌՄԺԲ. թվին Հայոց (=1763) եւ շնորհօքն Քսի շինեցաւ դարպասս ձեռամբ Թումայի կաթողիկոսի Աղթամարայ, որք աղօթէք տուք զողորմիս։
      
       Ս. Խաչ եկեղեցու խաչկալի վրայ.
       Ի հայրապետութեան սրբոյ աթոռոյս Տռն Գրիգորի կաթողիկոսի շնորհօք Տռն մերոյ Յսի կառուցի խաչկալս արդեամբք Աղթամարայ մեծի եւ փոքու եւ բադականից ոսկերչոնց եւ աշխատութեամբ եւ մասնակցութեամբ Տեառն Սահակայ վարդապետի Խարբերդցւոյ. որք պատահիք լի բերանով Ած ողորմի ասացէք նոցա. Ի թվոջ հայոց Ռ. Մ. Ե. (=1756)
      
       Աղթամարի արեւմտեան դռան ճակատին.
       Շնորհօքն Քի. շինեցաւ գաւիթս ի թվին ՌՄԾԲ (=1803) արդեամբ Թումա կաթողիկոսին ու ձեռամբ ոստնեցի ուստա Նախապետին ու ռէս Թաթոսին, որք կարդայք տուք զողորմին։
      
       Վեհարանի դռան ճակատին։
       Վեհարանս եւ դպրոցս նոր հիմանց կանգնեալ ձօնեմ բազմակարօտ իմ ազգին. ի կայսրութեան ինքնակալին օսմանեան Համիտ երկրորդ վեհապետին. յաղթական թէպէտ երանդ սիրոյ վաղուց ստիպէր, բայց զբաղմունք իմ հոծ գործով ոչ ներէր, քան զամէն ինչ նուիրական էր հոգւոյս, ընդ շինութեանց զբարոյական առեալ լոյս, ուսումնասէր մանկամբ հայոց ջանալ միշտ, զիմ սգակիր ժողովրդեան ջնջել վիշտ. Տէր Խաչատուր կաթուղիկոս Ռշտունցի, ձեր աղօթից կարօտ ծառայ Յիսուսի։
      
       Վերնայարկ սենեակների ճակատին.
       Ս ենեակք այսոքիկ հիմանց նորոգի ջանիւք Յակոբայ եպիս. բնիկ Խիզանցի Խարխոյ գիւղացի. բնակողք ՚ի սմա միշտ տաք զողորմի։ թվ. ՌՅԻԲ. (=1873)
      
       Զանգակատան վրայ.
       Շինեցաւ զանգակատունս արդեամբք աստուածասէր իշխանացն Ախիջան եւ Գէորգ աղայիցն յանուն սբ. Համբարձման ի յիշատակ ննջեցելոցն եւ կենդանեացն։
      
       Ս. Խաչ եկեղեցու ձախակողմեան աւանդատան մի կողմում ,
       դարուն կտակի իմով ձեռամբ Գագկայ հաոց արքայիս…
      
       Ս. Խաչ եկեղեցու հարաւային կողմը, դրսից, տանիքի մօտ.
       խարհակալ թագաւորութե… հայկազեան… ցի զգումբէթ… Հայոց։
       ՏԱՊԱՆԱԳԻՐՆԵՐ
       Կղզու ափին ընկած մի տապանաքարի վրայ.
       ՚Ի թվին ՉՂԷ. (=1348) վախճանեցաւ աղքատասէր հայրապետն Ստեփանոս կաթողիկոս ամենայն Հայոց. ազգաւ Արծրունի. Այ ողորմութիւն աթոռակից արասցէ զնա սրբոց հայրապետացն. ամէն.
      
       Թվ. ՊԺԳ (=1364) Հայոց Կաթողիկոս Տռն Զաքարեայ կարողութեամբ Այ եւ աջողութեամբ նորին կանգնեցի չխաչս բարեխաւս առ Ած Հոգւոյ իմոյ, որք երկիրպագանէք յիշեցէք ի Քս Յս.
      
       Գուռճի բէգ եւ զկողակիցն Մէլիք խաթուն յիշեցէք ի Քս. թվ. ՊԻԵ. (=1376)
      
       Թվ. ՊՂԳ. (=1444) Ես Տր Զաքարիա Կաթողիկոս կանգնեցի խաչս բարեխաւս առ Ած սակս փրկութեան Մելեք Ստեփանոսի եւ խաթուն Մէլէքին ծընաւղացն Տուղ շահ բէկի Տովլաթ շային Ասլան բէկին որ երկիրպագանէք յիշեցէք ի Քս.
      
       Սբազան յակուցեալ Պետրոս կաթուղիկոս. թվ. ՌՃ ԺԹ. (=1660).
      
       Ով սուրբ Նշան տէրունական սեղան զառին զենման, բարեխաաեա ի մեծ ատեան, վասն Թումայ կաթողիկոսին եւ ծնողաց… Թվ. ՌՄԼ. (= 1781).
      
       Ի յայս գուբս անձուկ անփոփի մարմին անուն անանփոխ Մարկոսի վեհին, սիրելի ազգին ի սէր հայ ազին եղեալ անձնուէր սիրով մտաղիր 1788.
      
       Կարապետ կաթողիկոս. ՌՄԽԸ(=1799)
      
       Խաչս բարեխաւս առ Ած վասն փրկութեան հոգւոյն Խաչատուր կաթողիկոսին թվ. ՌՄԿԳ ին։ (=1814)
      
       Խաչս բարեխօս է առ Ած վասն փրկութեան Յոհանէս կաթողիկոսին թվ ՌՄՀԴ (=1825)
      
       Խաչս բարեխօս է առ Ած վս փրկութեան Յոհաննէս կաթողիկոսին ՌՄՂԲ. (=1843).
      
       Խաչս բարեխօս առ Միածին,
       Սակս փրկութեան հոտապետին,
       Վեհ Խաչատրոյ սրբազանին,
       Որ փոխեցաւ առ Տէր յերկին,
       Ի մի հազար եռ հարիւրին ,
       Հայոց մեծաց թուականին։
       Յունիս ամսոյ երկտասնեկին։
       Օծեալ 1893 սեպ. 12.
       Խաւար շիրմիս, իմ սիրուն այցելու, առնել քեզ վշտիցս ոհ չունիմ լեզու, շուառ ի գահ տունս բէկեալ նիզակաց ազգիս դառն ցաւոց հեծութեան բոց տոչորեալ հայրապետն եմ Ռշտունի, որ Խաչատուր անձս խաչին զոհեցի փաեալ շինութեանց մունջս զանազան րամնալ խաչս եւ աջս հինս թանգարան կաթսայ ս. իւղոյն, աղաւնին օծման աւետարանս, թանգ շուրջառ, գաւազան թողեալ յիշատակ, նուէր տաճարիս, ունէի դեռ նոր գործոց տենչս ի յիս, արդարեւ բ. Համիդ վեհ սուլթան կոչեաց զիս ի փառս յառաջինս նըշան, ի մեծ զարմանս գահիս Արծրունեան. կեանքս խիղճս եւ հոգիս այլ սոքոք չլցան ու հողմովք ժանգից հառաչքս ոչ շիջան սէրս ի Յիսուս՝ բաժինս այս տապան։
      
       Ես Թումայ կաթողիկոս հայոց կանգնեցի զխաչս բարեխաւս առ Ած եղբաւրն իմոյ պարոն Աշոտին եւ որք երկիր պագանէք յիշեցէք ի Քս. զմեղապարտ Վարդանս զկազմող սորա յիշեցէք ի Քս։
      
       Ես Տէր Փիլիպոս կանգնեցի խաչս բարեխաւս առ Ած կենակցին իմոյ Գինէի եւ որդոց իմոյ Խաչատրուն եւ Միքայէլին որ յայսմ աւուր փոխեցաւ առ Ած եւ եթող ինձ սուք անմխիթար. որք երկրպագանէք յիշեցէք ի Քս.