Նոր Բայազէտի գաւառ. Տեղագրութիւն։ Ա. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՔԵԱՆՔԵԱՆԻ ԳԻՒՂԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ
       Քեանքեանի գիւղական համայնքը, որ բռնում է նախկին Մազազ գաւառի մի մասը, ներկայացնում է մի բարձրաւանդակ կտրտուած Ահմանկան լեռնաշղթայի ճիւղերով։ Երկիրն ընդհանրապէս քարքարոտ է, լեռներն մերկ է ապառաժոտ, շատ տեղեր ծածկուած ահագին կարկառներով։ Տեղ տեղ երեւում են լեռնային գոգաւորութիւններ՝ ծածկուած աղքատ բուսականութեամբ, ահա այսպիսի տեղերում զետեղուած են փոքրիկ գիւղեր, որոնք հազիւ հազ կարողանում են իրենց գոյութիւնը պահպանել։ Լեռներից ամենանշանաւորը Շամիրամայ լեառն է, որ այժմ կոչւում է Հադիս, այսինքն մեծ, առաջաւոր 83 37 ոտնաչափ բարձրութեան։ Լեառը լերկ է, անշուշտ հրաբղխային, զուրկ բուսականութիւնից, գագաթին կայ մի հինաւուրց փոքրիկ ամրոցի հետք եւ մի քարայր։
       Երկրորդ նշանաւոր լեառը Քօթան-դաղն է, որ այսպէս է կոչուել, որովհետեւ բոլոր լանջերին քոթանը այսինքն գութանը բանում է, մշակելի է։ Բարձրութիւնն է 7581 ոտնաչափ։
       Այս ամբողջ բարձրաւանդակի վրայ ոչ մի գետ կամ գետակ չկայ եւ նոյն իսկ աղբիւրներ չափազանց սակաւաթիւ են. գարնան սկզբին, երբ հալչում է ձիւնը՝ հազարաւոր վտակներ վազում են լեռների գագաթներից դէպի ներքեւ, գոգաւորութիւնները եւ բնական լճակներ կազմում, ինչպէս Օճախլուն՝ Քեանքեանի մոտ։ Տեղացիներն էլ ամրան համար ջուր անտեսելու նպատակով բոլոր գիւղերի մոտ՝ առանց բացառութեան՝ մի կամ մի քանի մեծ աւազաններ են շինել 20-50 մետր լայնութեան եւ 1-3 մետր խորութեան, ուր ամբարւում է այդ վտակների ջուրը՝ առաւելապէս կենդանիներ ջրելու։ Սակայն աշնանը եւ ձըմրանը, երբ սաստիկ ցրտից ամեն ինչ սառչում է եւ մոտ 11/2 մետր բարձրութեան ձիւն նստում ու սաստիկ քամին ահագին բուք բարձրացնելով կտրում ամեն տեսակ հաղորդակցութիւն, խեղճ տեղացիները ձիւնը լցնում են կաթսաները, դնումկրակին հալում եւ այդ ջուրը գործածում, իսկ կենդանիները ջրելու համար պատրաստում են «Կարլիխ»-ձիւնանոց . - Սա երկու մետր տրամագծով եւ նոյնքան բարձրութեան գլանաձեւ շէնք է գոմի մի անկիւնում, ծածկուած եւ մի փոքրիկ հերթիկ բաց թողած։ Մի դռնակի մեծութեան բացուածք էլ դէպի գոմն է թողնուած։ Այս գլանաձեւ շէնքի մէջ, կիսից բարձր, առիշեղ թաղթ է կապուած փայտէ ձողերով եւ ճիպոտներով, հերթիկից ձիւնն ածում են այս թաղթի վրայ եւ անմիջապէս հերթիկը ծածկում։ Դէպի գոմը թողնուած բացուածքից գոմի տաքութիւնն անցնում է այստեղ եւ հալում ձիւնը, լցնում գլանաձեւ շէնքի մասը, որ սալայատակած է լինում։ Այսպիսով հաւաքուած ջրից խմում են կենդնաիները՝ հէնց այդ միեւնոյ բացուածքից ներս կոխելով գլխները։ Միեւնոյն ջուրը գործ են ածում նաեւ լուացքի եւ այլ պէտքերի համար։
       Քեանքեան- (62º 23' 45 " - 40º 20' 5" )- Համանուն գիւղական համայնքի կենտրոնական գիւղն է համարւում, եւ տեղաւորուած է մի ընդարձակ լեռնադաշտի վրայ՝ շրջապատուած մեծ եւ փոքր լեռներով, որոնցից նշանաւոր են՝ հարաւային կողմում։ Հադիս լեռը (8337) որի հարթ գագաթին նկատելի են պարսպի հետքեր, իսկ փոքր ինչ ներքեւ կամն մի քանի բնական եւ արհեստական քարայրեր։ Արեւմտեան կողմում բարձրանում է Կալաչա սարը, որի գագաթին եւս կայ մի կիսաւեր ամրոց։ Սրա մասին պատմում են, իբր թէ Քեօր - օղլին է շինել եւ շատ անգամ այդտեղ ապաստանել։ Գիւղը բռնում է 19 դ. 800 ք. ս. տարածութիւն, որից 19 դ. 480 ք. ս. գտնւում է շինութիւնների տակ։ Գիւղի գրեթէ կենտրոնում կայ մի բարակ աղբիւր, որ միայն երկու տարի առաջ են հանել, իսկ մինչեւ այդ օգտւում էին ջրորներից՝ քեւանքեան, որի պատճառով եւ գիւղը այդպէս է կոչուել։ Այժմ եւս գիւղացիները ջրի մեծ պակասութիւն են կրում։ Գիւղի մէջ եղել է հայկական մի եկեղեցի, որի տեղը միայն այժմ ցոյց են տալիս, եւ երկու ընդարձակ գերեզմանատուն, ուր դեռ եւս մնում են մի քանի խաչքար եւ օրօրոցաձեւ տապանաքար, որոնց վրայ քանդակուած են ձիաւոր մարդիկ, հաց, գառ եւ այլն։ Սրանցից երկուսի վրայ կայ հետեւեալ տապանագիրը։
       -Այս է տապան Մատթէոսի, որ փոխեցաւ ի Քրիստոս թ. ՌՃԾԱ. (=1702)
       Այս է հանգիստ Ամիրխանին, թվն. ՌՃԾԱ
       Գիւղի տների մեծագոյն մասը գետնափոր է, այժմ հետզհետէ շինում են սենեակներ գետնի երեսին։ Նոյն իսկ համայնքի դատարանի համար չկայ փոքրի շատէ յարմարաւոր շէնք։
       Բնակիչները այս գաւառի Թոխլուճա գիւղից գաղթած շիաթուրքեր են, 130 տուն, 487 ար. 452 իգ, միասին՝ 939 հոգի։ Պարապում են երկրագործութեամբ եւ անասնապահութեամբ։ Ունին 1223 դ. ծարելահող, 1098 դ. 1410 ք. ս. արօտատեղի։ Աղքատ դասակարգը գնում է Երեւան մշակութեան, կանայք էլ գորգ եւ կապերտ են գործում։
       Թէզխարապից դէպի Քեանքեան երկիրը հետզհետէ բարձրանում է քարքարոտ սարերով կտրատւում, տեղ տեղ էլ ահագին կարկառներ կազմում։ Այս քարքարոտ բլուրների միջեւ ընկած է մի բաւական մեծ գոգաւորութիւն, ուր գարնան սկզբին հալւող ձեան ջուրը հաւաքուելով մի լճակ է գոյացնում, որ տեւում է մինչեւ ամառ։ Այս լճակի մէջ կանգնած է մի ծառ, որ սուրբ է համարւում թէ՛ բոլոր թուրքերից եւ թէ՛ Թէզ-խարապի հայերից, այս պատճառով եւ լիճը Օճախլու, սրբատեղի, է կոչւում։
       Գարա-կալա. - (62º 27' 55" - 40º 16' 32" ). Տարածւում է մի բլրի գագաթին ու ստորոտում, բռնում է 12 դ. 1152 ք. ս. տարածութիւն։ Գիւղի արեւելահարաւային կողմում ձգւում է Աղմաղան լեռնաշղթան, արեւմտահարաւային կողմում բարձրանում է մի հինաւուրց ամրոց։ Գիւղում կայ մի եկեղեցու հիմնապատեր, մի աւեր մատուռ, եւ մի քանի խաչքար։ Այստեղից երկու խաչքար մօտակայ Զառ գիւղացիները տարել են իրենց գերեզմանատունը. խրանց վրայ եղել է հետեւեալ տապանագիրը ։
       Թվ. ՉԼԷ (=1286). Ես Մամքոս կանգնեցի զխաչս յիշեցէք։
       Թվ ՉԾԵ (=1301). Կամաւն Աստուծոյ մեք Ճ այճնայս եւ Սարգիս կանգնեցաք զխաչս ի Քրիստոս ամեն։
       Գիւղում կայ երեք ջրհոր եւ երկու ջրի աւազան, տներն ողորմելի են, բոլորն էլ գետնափոր։ Ձմեռն այստեղ 1 1-2 մետր հաստութեան ձիւն է նստում, եւ կապում բոլոր ճանապարհները, սաստիկ բուք բարձրանում եւ խեղդում ճանապարհորդներին։
       Բնակիչները շիա թուրքեր են, Բորչալուի եւ Ղազախի զանազան գիւղերից եկած։ Ընդամէնը 91 տուն են, 405 ար. 354 իգ. միասին՝ 859 հոգի։ Պարապում են երկրագործութեամբ եւ խաշնարածութեամբ։ Ունին 679 դ. 780 ք. ս. վարելահող եւ 407 դ. 1496 ք. ս . արօտատեղի։
       Այս գիւղի արեւմտա-հարաւային կողմում բարձրանում է մի բլուր, պատած ահագին կարկառներով, այնպէս որ վերեւ բարձրանալը շատ դժուար է։ Ահա այս բլրի գագաթին գտնւում է մի հինաւուրց ամրոց, որ սեւ քարով շինուած լինելու պատճառով այժմ կոչւում է Կարա-կալա (սեւ ամրոց ) եւ որ իւր անունը տուել է իւր մոտի գիւղին։
       Կարծւում է թէ այս ամրոցը Գեղայու բերդը պիտի լինի։ Ամրոցը կրկնապարիսպ է, մինը միւսից մոտ 7 մետր հեռու, 2-3 մետր բարձրութեան եւ մոտ 3 մետր լայնութեան։ Ամրացած է չորս աշտարակներով եւ ունի նոյնքան դուռն։ Ներքին պարսպի միջի տարածութիւնը կը լինի մօտաւորապէս 40 մետր երկարութեան եւ 25 մետր լայնութեան։ Ամրոցը կիսաւեր է եւ մօտը կան տների հիմնապատեր։
       Դաւա-խարապա. - (62º 27' - 40º 22' 16" ). - Մի փոքրիկ, աննշան գիւղ է, 2 դ. 980 ք. ս. տարածութեամբ ուղտանման կարկառների միջեւ։
       Հնութեան ո՛չ մի հետք չկայ։ Այժմեան բնակիչները 1868 թուին գաղթել են Սուրմալուի գաւառից, շիա քրդեր են, 47 տուն, 178 ար. 228 իգ. միասին 406 հոգի։ Պարապմունքը նոյնն է՝ երկրագործութիւն եւ անասնապահութիւն։ Ունին 80 դ. վարելահող եւ 767 դ. 2020 ք. ս . արօտատեղի։
       Կըզ-կալա. - (62º 25' 5" - 40º 22' 30" ) - Տեղաւորուած է դարձեալ լեռների գոգաւորութեան մէջ եւ բռնում է 4 դ. 1920 ք. ս . տարածութիւն։ Գիւղի արեւելեան կողմում ձգւում է Աղմաղանի լեռնաշղթան, իսկ աւելի մօտ՝ անանուն բլուրների մի շարք. արեւմտեան կողմում բարձրանում է կարկառներով պատած մի լեառ, որի գագաթին գտնւում է մի հինաւուրց, աւերակ ամրոց, Կըզ-կալա, աղջկայ բերդ, անունով։ Գիւղի մէջ կայ ջրի մի մեծ աւազան, մօտաւորապէս 50 մետր երկարութեան, 30 մետր լայնութեան եւ ամենաշատը՝ 11/2 - 2 մետր խորութեան. շուրջը քարերով պատած է, իսկ յատակը հէնց այնպէս թողած, առանց սալայատակելու։ Այստեղ հաւաքւում է գարնան հալչող ձեան ջուրը, որ մնում է մինչեւ աշուն եւ բաւականութիւն է տալիս տաւարին։ Երբ այս ջուրը սառչում է կամ վերջանում՝ սկսում են ջուր ստանալ՝ հալելով ձիւնը՝ յատկապէս այս նպատակով գոմերում շինուած «կարլըղ»-ներում։ Խմելու համար գործ են ածում այն միակ աղբիւրի ջուրը, որ բղխում է Կըզկալա ամրոցի կարկառներից, որ ձեան եւ անձրեւի ջրերից գոյանալով՝ ձմեռը դադարում է հոսելուց, եւ այս ժամանակ գիւղացիները կաթսաների մէջ հալեցնում են մաքուր ձիւն եւ այն գործածում։
       Գիւղի մէջ կայ մի աւեր հայկական եկեղեցի եւ սրա շուրջը՝ գերեզմանատուն, սակայն խաչքարեր չկան, այլ տափարակ գերեզմանաքարեր են, որոնց վրայ մարդ է գծագրած։ Մի մատուռ էլ ջրի աւազանի մօտ կայ, որի տեղը հարթելիս գտնուել է մի պղնձէ խաչ , որ այժմ Արզաքենդ գիւղի քահանայի մոտ է։
       Բնակիչները շիա թուրքեր են, Ղազախի Կըզըլ-Հաճի գիւղից 1868 թուին գաղթած, ընդամէնը 35 տուն, 164 ար. 133 իգ. ի միասին 297 հոգի։ Պարապմունքը նոյնն է։ Ունին 282 դ . 770 ք. ս. վարելահող եւ 713 դ. 380 ք. ս . արօտատեղի։
       Ելլիջա ագարակ- (62º 25' 35 " - 29º 45", 40º 17' 47 " - 19' 50" ). - Մի հին գիւղատեղի է, ուր կան մի աւեր եկեղեցի եւ մի քանի խաչքար։ Սրանցից երկուսի վրայ դեռ եւս կարելի է որոշել հետեւեալ բառերը։
       Թվիս ՉԵ (-1256). Ես ծառայս Աստուծոյ Ամիր Չասուբայս որ վասն հաւ… զիս աչ աւք եւ ձեռաւք.
       Մեղուցեալ Ծ. Վուշս որդիս իմոյ չարչարեցին… Եւ ես անմեղ էի եւ անպարտ։
       Այս ագարակը Ելլիջա (քամոտ ) կամ Ելլի իւրա (քամոտ ամառանոց ) է կոչւում այն պատճառով, որ այստեղ շարունակ քամի, ել, է փչում Աղմաղանից։ Երբեմն կոչուել է նաեւ Պալլիճա (Մեղրանոց ) երեւի շատ լաւ մեղր, պալ, լինելու պատճառով։ Հէնց այժմ էլ այստեղի մեղրը շատ գովուած է։ Ագարակում կայ մի լճակ, շուրջը մի քանի ուռենիներ, աղբիւր չկայ, Զառ գիւղից են ջուր բերում։ Այս ագարակը պատկանում է Երեւանցի Մուշեղեաններին եւ Մակաշեաններին, որոնք այստեղ ունի բնակարաններ եւ մի քանի գոմեր, որ բռնում են 2 դ. 300 ք. ս. տարածութիւն. իսկ շրջակայքը կան 439 դ. 1440 ք. ս. վարելահող, 485 դ. 890 ք. ս. խոտատեղի 128 դ. 570 ք. ս . արօտատեղի։ 2 դ. 1280 ք. ս. էլ գտնւում է ջրի տակ, որից 1 դ. 1500 ք. ս. կազմում է մի փոքրիկ լճակ։
       Այս հողերը տրւում են շրջակայ գիւղացիներին կապալով թէ մշակելու եւ թէ տաւար պահելու։ Այստեղ կայ նաեւ ձիաբուծարան։
       Թէզ-խարապա (62º 22' 50 " - 40º 22' 27" )- Տեղաւորուած է Քոթան դաղի արեւելեան կողմում, բլուրների գոգաւորութեան մէջ։ Նրա արեւելեան կողմում կայ մի մեծ աւազան, ուր թափւում է մի փոքրիկ աղբիւրի եւ ձեան, անձրեւի ջուրը, որ տալիս են անասուններին, եւ իրենք գործ են ածում լուացքի համար. խմելու ջուրը վերցնում են կամ վերոյիշեալ փոքրիկ աղբիւրից եւ կամ մի կիլոմետր հեռու։ Քոթան լերան ստորոտում նոր շինած աղբիւրից։ Գիւղը բռնում է 9 դ. 2268 ք. սաժէն տարածութիւն, որից միմիայն 1308 ք. սաժէնն է ազատ շինութիւններից։ Գիւղն ըստ երեւոյթին բաւական հին է, որովհետեւ կայ մի հինաւուրց, սակայն հասարակ եկեղեցի, որի շուրջը եղած հին գերեզմանաքարերից մինի վրայ քանդակուած է ձեռները կրծքին դրած մի մարդ եւ եղծուած տապանագրից կարդացւում է միայն մի ՌԻԵ թուականը (1576)։ Բնակիչները հայեր են թուրքեր։ Հայերըգաղթել են այստեղ Մակուի Օղակ գիւղից, միառժամանակ Աղ-փարայում բնակուելուց յետոյ, ընդամենը 92 տուն են, 333 ար. 331 իգ միասին 664 հոգի, որից 3 տուն 23 արական, 22 իգական միասին 45 հոգի, շիա թուրքեր են, որ հայ-թուրքական ընդհարումի ժամանակ (1905 թ ) փախել գնացել են, սակայն կապալով են տալիս իրենց հողերը։ Պարապմունքը երկրագործութիւն ու անասնապահութիւն է։ Ունին 598 դ. 400 ք. ս. վարելահող եւ 762 դ . արօտատեղի։
       Դալլակլու- (62º 24' 35 " - 40º 18' 40" )- Ընկած է Հադիս լերան լանջին եւ բռնում է - 4 դ. 1066 ք. սաժէն տարածութիւն, որից միայն 2 դ. 1248 ք. ս. շինութիւնների տակ։ Գիւղի մէջ ոչ միայն գետ, այլ եւ աղբիւր չկայ, այնպէս որ գիւղացիները ջրի համար շատ մեծ նեղութիւն են կրում, բերելով 1-2 կիլոմետր հեու գտնուող աղբիւրից։ Տաւարը ջրելու համար կայ մի աւազան այն ջրանցքի մոտ, որ գալիս է Աղմաղան լեռնաշղթայից, սակայն ամառը, երբ այս ջրանցքի ջուրը ցամաքում է. աւազանն էլ չորանում է։
       Բնակիչները շիա թուրքեր են, որոնց մեծագոյն մասը Երեւանի գաւառի Զառ գիւղիցն է գաղթել, իսկ մի մասը, մոտ 15 տուն, յառաջացել է այն ծաղկունքցի հայից, որ գողութեան մէջ մեղադրուելով հանդիսաւոր կերպով երդուել է իւր անմեղութեան մասին՝ հանգեցնելով աւետարանի առաջ դրուած մոմը, սակայն էլի չեն հաւատացել եւ գողացուած գումարը դարձեալ պահանջել։ Այս հանգամանքից նեղուած նա հեռացել է Դալլակլու եւ մահմեդականութիւն ընդունել։ Ընդամէնը 42 տուն են, 178 ար. 228 իգ. միասին՝ 406 հոգի։
       Պարապմունքը նոյնն է։ Ունին 448 դ. 1260 ք. ս. վարելահող 199 դ. 720 ք. ս. արօտատեղի ։
       Կուլլի- (62º 25' 30 " - 40º 19' 37" )- Տեղաւորուած է մի բարձրաւանդակի վրայ՝ շրջապատուած բլուրներով, բռնում է 5 դ. 390 ք. ս . տարածութիւն։
       Գիւղում կայ երկու ջրհոր, կույի, որի պատճառով եւ գիւղը կոչւում է Կույլի։ Բացի սրանից կայնաեւ մի աւազան, ուր հաւաքւում է Աղմաղանից եկող ջրանցքի ջուրը։ Գիւղում եղել է հայկական մի եկեղեցի, որ քանդել են եւ նրա տեղում մզկիթ կառուցել, սրա շուրջը եւ մանաւանդ հանդիպակաց բլրի վրայ կան բաւականաչափ գերեզմանաքարեր, սակայն առանց գրութեան, գիւղի եզրին կայ պահակատուն։ Բնակիչները շիա թուրքեր են։ Երեւան քաղաքից, որ 1828 թուին փախել են Կարսի շրջանի Սոսգորտ գիւղը եւ այդտեղից 1850 թուին գաղթել այստեղ։ Ընդամէնը 49 տուն են, 18 3 ար. 151 իգ միասին՝ 334 հոգի։ Պարապմունքը նոյնն է։ Ունին 513 դ. 1440 ք. ս. վարելահող 642 դ. 2300 ք. ս . արօտատեղի։
       Չորան-գեօրուկմազ. (62º 27' 37 " - 40º 15' 37" )- Մի փոքրիկ աննշան գիւղ է Կարա-կալայի հարաւային կողմը, մոտ երեք կիլոմետր հեռու։
       Գիւղում կայ մի եկեղեցու հիմնապատեր , բռնում է 8 դ. 1400 ք. ս. տարածութիւն, բնակիչները շիա թուրքեր են Կարակալայից գաղթած 9 տուն, 45 ար. 43 իգ. միասին 88 հոգի։ Պարապում են խաշնարածութեամբ եւ մասամբ երկրագործութեամբ. ունին 206 դ. 636 ք. ս. արօտատեղի եւ միայն 11 դ. 1000 ք. ս . վարելահող։