Նոր Բայազէտի գաւառ. Տեղագրութիւն։ Ա. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԳԱՒԱՌ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
       Նոր-Բայազէտի գաւառը կառքի ճանապարհով հաղորդակցում է Երեւան քաղաքի, Աղէքսանդրապօլի գաւառի Ղարաքիլիսայի երկաթուղու կայարանի եւ Շարուր-Դարալագեազի գաւառի Բաշ-Նորաշէն գիւղի հետ։ Դէպի Երեւան եւ դէպի Ղարաքիլիսա կան փոստային կառքեր եւ կայարաններ, թէեւ ճանապարհը ոչ ամբողջովին խճուղի է։ Նոր-Բայազէտից Բաշ-Նորաշէն տանող ճանապարհը, որ մեծ մասամբ շինուած է նրա շրջակայքում գտնուած գիւղերի ձրիաբար տուած բանուորների ձեռքով, դեռ եւս չունի փոստային հաղորդակցութիւն։ Գաւառի կենդրոնում քաղաք Նոր-Բայազէտը հեռու է Երեւանից 116 1-4 Ղարաքիլիսայից 1301/2 եւ Բաշ-Նորաշէնից 130 վերստով։ Գիւղերի միջեւ ձգւում են նեղ կածաններ, տեղ տեղ էլ սայլի հասարակ ճանապարհ։ Քաղաքում եւ Դարաչիչագում կան ֆայտոններ եւ սահնակներ, ինչպէս նաեւ ֆուրգոններ։
       Ելենովկում, Ալէքսանդրովկում, Օրդակլուում եւ Դարաչիչակի գիւղերում, Բասարգեչարում, Նադեժդինում կան ֆուրգոններ, իսկ սայլեր բոլոր գիւղերում՝ բացի Քեանքեանի գիւղական հասարակութիւնից։ Բեռնակրութեան համար գործ են ածւում նաեւ ձի, էշ, ջորի, եւ մասամբ , եզ։
       Պետական պաշտօնեաների համար իւրաքանչիւր գիւղ պարտաւոր է ձի տալ՝ ստանալով իւրաքանչիւր վերստի համար 3 կոպէկ։ Այս պարտադիր կոռը թէեւ պիտի կատարուի ձիատէրերի կողմից հերթով, սակայն տանուտէրերի աչառութեան պատճառով մեծ մասամբ ծանրանում է աղքատ եւ անազդեցիկ ձիատէրերի վրայ։ Շատ անգամ տանուտէրը կաշառքնեգր առնելով ազատում է հարուստ եւ ազդեցիկ ձիատէրերին այս կոռից եւ բռնութեամբ խեղճի եւ կամ իւր հակառակորդի ձին քաշում, տալիս պաշտօնեային։ Այս պատճառով եւ ճանապարհորդները ստիպուած են լինում բաւական երկար սպասել, իզուր ժամանակ կորցնել, մանաւանդ որ ամէն մի գիւղ պարտաւոր է ձի տալ միայն մինչեւ իւր մերձակայ գիւղը եւ ոչ աւելի հեռուն։ Մի քանի գիւղերում հասարակութիւնը այսպիսի անարդարութիւնների վերջ դնելու նպատակով, յանձնարարում է մի ձիապանի կամ կառապանի կատարելու այդ կոռը, խոստանալով իւր կողմից եւս վճարելու նոյնչափ, որովհետեւ բացի այն որ պաշտօնեաները երբեմն բոլորովին չեն վճարում, նաեւ վճարը համապատասխան չէ չարչարանքին, այսպէս մի գիւղացի իւր մի ձիով 5-10 վերստ անցնելու համար նախ իւր դանդաղկոտութեամբ անցկացնում է գրեթէ մի ամբողջ օր, որովհետեւ պահանջած միջոցին եթէ ձին հանդումն է, պէտք է գնայ բռնի բերի, եթէ տանն է, մի քիչ գարի պիտի տայ, յետոյ սրան նրան պիտի դիմի թամբ, սանձ գտնելու, ապա ինքը ոտով պիտի գնայ պաշտօնեայի հետեւից, որպէսզի իւր ձին յետ բերի, այնտեղ էլ մի քիչ պէտք է սպասէ որ թէ ինքը եւ թէ ձին հանգստանան, եւ այս բոլորի համար նա ստանալու է պաշտօնեայից ընդամէնը 15-30 կոպէկ։ Այս բոլորի վրայ պէտքէ աւելացնել, որ շատ անգամ ձին պահանջում են գործի, կալի, քաղի ժամանակ, երբ մշակը միայն օրական ստանում է 50 80 կոպէկ։
       Քաղաքում կայ երկու հիւրանոց եւ մի քանի խան, կենտրոնական գիւղերումն էլ, ուր գտնւում է գիւղական դատարանը, սրա մի սենեակը կահաւորուած է եւ յատկացրուած ճանապարհորդ պաշտօնեաներին իբր իջեւան։
       Փոստ եւ հեռագրատուն ամբողջ գաւառի մէջ կայ միայն Նոր-Բայազէտում եւ Ելենովկում, իսկ ամառները նաեւ Դարաչիչակում։ Սոսկ փոստային բաժանմունք բացուած է միայն Ներքին Ախտայում։ Ամբողջ Բասարգեչարի եւ Ղարանլուխի ոստիկանական շրջանները զուրկ են փոստից, պաշտօնական թղթերի համար ոստիկանները պահակներ են ուղարկում Նոր-Բայազէտ։ Մի պատուիրած նամակ եւ կամ մի քանի րուբլի ստանալու համար գիւղացիները 40-50 վերստ են անցնում ու վերադառնում։
       Փոստն էլ ամենայն օր չի գործում, շաբաթը երեք անգամ ստացւում է. երեք անգամ ուղարկւում դէպի Երեւան եւ դէպի Ղարաքիլիսա։ Դրամական գործողութիւնները կատարւում են շաբաթը միայն մի անգամ։
       Հեռագիր խփւում է առաւօտուայ ժամը 8-ից մինչեւ երեկոյեան ժամը 9 եւ ոչ ամբողջ օրը։ Արտասահման հեռագիրներ չեն խփւում, որովհետեւ պաշտօնեաները օտար լեզուները չգիտեն։