Վասպուրական. Ազգագրութիւն. - Ա. Վան. Տոսպ Եւ Հայոց-Ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՏՂԱԲԵՐՔ ԵՒ ԿՆՈՒՆՔ

       Ամլութիւն - Ամուլ կնոջ չբեր են կոչում եւ առանց որոշելու, թէ սրա ամլութիւնը իրենից է թէ ամուսնուց, նախատում են նրան, չոր ծառ, չպտղած, չզօրացած անուանարկելով նրան, այս պատճառով եւ ամուլ կանայք ամեն միջոցին դիմում են երեխայ ունենալու։ Այսպէս՝ ուխտ են գնում զանազան սրբերի, մանաւանդ Տէր Յուսկան որդու վանքը, Ոչխարանց գիւղի վերեւի Սբ. Ատովմի մատուռին, ուր աքաղաղ, զառ զռհելուց եւ մոմեր վառելուց յետ՝ մի որեւ է իր գողանում են ու իրենց հետ տանում։ Եթէ նրանց ուխտը կատարւում է, գողցած իրի նման մինն էլ շինել տալով բերում են եւ երկուսն էլ թողնում վանքին, իսկ եթէ ոչ՝ նոյն իրը վերադարձնում։

       Սրբի տուած երեխային տալիս են այդ սրբի անունը, եւ կամ՝ Քրիստոստուր, Տիրատուր, Աստուածատուր անուանում։ Նրան կնքում են այդ սրբավայրում։

       Նոյն, երեխայն ունենալու նպատակով դիմում են նաեւ հետեւեալ միջոցների.

       Ամուլ կնոջ երեք անգամ անց են կացնում Նարեկացու աղօթատեղու եւ կամ այլ այսպիսի ծակ քարերից ։ 

       Ուխտ են գնում Լէզքի Եօթ թոնիրներին ։

       Վիժելու համար դիմում են հետեւեալ միջոցների, թէպէտ եւ շատ սակաւ է պատահում, այն էլ գրեթէ միայն ապօրինի կենակցութեան միջոցին.

       ա. Ծանր բաներ են վերցնում։
       բ. Բարձր տեղից թռչում են։
       գ. Մոխրաջուր են խմում, որ սիրտը խառնէ։
       դ. Փորը տրորում են-մասսաժ են անում։

       Յղութեան միջոցին յղի կնոջ ուտելու եւ խմելու վերաբերմամբ ունեցած բոլոր քմահաճոյքները կատարւում են. որպէս զի ծնուելիք երեխայի աչքը ծուռ չլինի։ Պատմում են թէ մի յղի կին իւր ամուսնու հետ ձիով հերանց տանից վերադառնալիս ցեխի մէջ նռան մի հատիկ է տեսնում, իջնում է ձիուց եւ վերցնում, ուտում։ Ամուսինը սաստիկ բարկանալով սրա որկրամոլութեան վրայ, դաշոյնով խփում սրաորովայնը պատռում է եւ ինչ է տեսնում՝ նոյն հատիկը սրա արգանդի երեխայի բերնում։

       Ցանկանալով որոշել ծնուելիք երեխայի սեռը՝ դիմում են հետեւեալ միջոցների։

       ա. Յղի կինը իւր վերայի մի ոջիլ բռնում դնում է իւր աջ ձեռի բռան մէջ տեղը եւ վերան բրգաձեւ մի քիչ հող ածում ու դիտում. եթէ ոջիլը բրգի գագաթից դուրս եկաւ՝ ծնուելիք երեխան արու է լինելու, եթէ կողքից՝ աղջիկ։
       բ. Հացթուխը մի գունտ խմոր ձգում է թոնիր եւ դիտում, եթէ առանց ճաթելու ուռչում է՝ նշանակու է, որ ծնուելիք երեքան մանչ է լինելու իսկ եթէ ճաթում է՝ աղջիկ։
       գ. Եթէ յղի կնոջ պորտը դէպի վեր է ուղղուած՝ ծնուելիք երեխան արու է լինելու, եթէ ներքեւ՝ աղջիկ։
       դ. Եթէ յղի կնոջ ծծի պտուկը սեւացած լինի ծնուելիք երեխան մանչ է լինելու, իսկ եթէ սպիտակ՝ աղջիկ։
       ե. Եթէ յղի կնոջ նստատեղին լայն լինի՝ մանչ է ունենալու, իսկ եթէ նեղ՝ աղջիկ։
       զ. Եթէ յղի կնոջ երեսը պայծառ է, ուրախ՝ մանչ է ունենալու, իսկ եթէ տխուր՝ աղջիկ։
       է. Եթէ յղի կնոջ փորը կլոր լինի, մանչ է ունենալու, իսկ եթէ կախ՝ աղջիկ։
       ը. Եթէ յղի կնոջ արգանդում երեխան շուտ խաղայ՝ մանչ է լինելու, եթէ ուշ՝ աղջիկ։
       թ. Եթէ յղի կնոջ երեխան փորի աջ կողմում նկատուի՝ մանչ է լինելու, եթէ ձախ՝ աղջիկ։
       ժ. Եթէ յղի կինը քորոց գտնի՝ մանչ է ունենալու, իսկ եթէ ասեղ՝ աղջիկ։
       ժա. Եթէ յղի կինը նստած միջոցին ճկռի նստի, այսինքն ոտներն միմեանցից հեռու դրուած նստի, աղջիկ է ունենալու, իսկ եթէ սոմքուի նստի, այսինքն սովորականի համեմատ, ոտքերը միմեանց մոտ նստի՝ մանչ։
       ժբ. Եթէ յղի կինը թեթեւ շարժմունք, արագ, քայլուած եւ ուղիղ դիրք ունենայ՝ մանչ է ունենալու , իսկ եթէ ընդհակառաը ծանրաքայլ, փորը տնկած եւ ետեւի վրայ քայլէ, աղջիկ է ունենալու։
       ժգ. Յղի կնոջ ստինքից մի կաթիլ կաթ կթում են մի գւաթ ջրի մէջ, եթէ կաթիլը իջնում է գաւաթի յատակը, ծնուելիք մանչ է լինելու, իսկ եթէ մնում է ջրի երեսին՝ աղջիկ։
       ժդ. Երբեմն յղի կնոջ յանկարծակի ասում են. «քա՛ ձեռներդ ինչի՞ այդ չափ աղտոտ են » եւ դիտում, եթէ նա իւր ձեռների երեսների վրայ նախ նայէ՝ մանչ է ունենալու , իսկ եթէ բռան՝ աղջիկ։
       ժե. Վանում գաւռագիտուններն այսպէս էլ են գուշակում ծնուելիք երեխայի սեռը. գումարում են հօրն ու մօր անունների եւ սաղմնաւորութեան տարուայ տանուտէրի տառերի թիւը, եթէ սրաց գումարը զոյգ թիւ ներկայացնէ՝ ծնուելիք երեխան աղջիկ կը լինի, իսկ եթէ կենտ՝ մանչ։ Օր. Աննա եւ Բագրատ 4+6, իսկ այս, 1910 տարուայ տանուտէրի (Այծեղջիւր ) թիւը 9, ուրեմն, 4+6+9=19. հետեւապէս եւ ծնուելիք երեխան լինում է մանչ։

       Ընդհանրապէս տիրում է նաեւ այն կարծիքը, որ եթէ ամուսինը կնոջից առոյգ է, գեր եւ փոքր ինչ հասակով, սրանց զաւակներն առաւելապէս արու են լինում, հակառակ դէպքում՝ աղջիկ։

       Ծնուելիք երեխային որոշ առանձնայատկութիւններ տալու յուսով յղի կանայք դիմում են հետեւեալ միջոցների.

       ա. Ձու են գողանում, եփում եւ տանում փողոցում ծածուկ ուտում եւ դնելով մատը իրենց այտերի վրայ ասում. «Էսա տեղանք պուճ կուզեմ » որպէսզի ծնուելիք երեխան ծիծաղելիս այտերի վրայ փոսիկներ գոյանան։
       բ. Գնում են Վանայ լճից ջուր խմում, որպէս զի ծնուելիք երեխայի աչքերը կապտագոյն եւ մազերը խարտաշ լինին։
       գ. Ուխտատեղիներում սրբի գերեզմանի հողից ձգում են իրենց բերանը ասելով. «Էթայ ըլի ծծի տակ, չէթայ էլի էրեսի վրայ », որպէս զի ծծի վրայ ծին, (խալ, սեւ բիծ ) գոյանայ։
       դ. Հաւատալով, որ երեխան արգանդում եղած միջոցին, ում դէմն որ խաղայ, այսինքն նրա առաջին անգամ շարժուելիս ո՛վ որ նրա մօր մօտ լինի՝ նրա բնաւորութիւնը կստանայ, աշխատում են լաւ մարդկանցով իրենց շրջապատել։

       Ծնունդ. - Ընդհանրապէս դէպի յղի կինը յարգանքով են վերաբերւում, որովհետեւ մտածում են, որ նա նախ «մուրատի վրայ է »- ակնկալելի բաղդաւորութիւն է սպասում եւ երկրորդ՝ մահի առաջ է կանգնած, գուցէ չկարողանայ հեշտութեամբ «ազատուել»։

       Եւ յիրաւի, թէպէտեւ վանեցիները եւս բաւական հեշտածին են, սակայն տատմայրների տգիտութեան եւ զանազան սնոտիապաշտութիւնների պատճառով շատ շատերը զոհ են գնում։ Այս պատճառով եւ ծննդեան օրերը մօտենալիս խեղճ կանայք պատրաստւում են կարծես մահին դիմաւորելու եւ Հաղորդութիւն են առնում։

       Երկունքն սկսուելիս հրաւիրւում է տատմայրը եւ, եթէ առաջին ծնունդն է, ծննդկանի մայրը։ Ո՛չ Վանում եւ ոչ էլ ամբողջ Վասպուրականում կրթուած մանկաբարձուհիներ չկան, այլ հասարակ տատմէրներ են, որոնք սերնդէ սերունդ, իրենց մայրերից են գործնականապէս սովորել մանկաբարձութիւնը։

       Տատմօր առաջի գործը լինում է վերցնել մի շամփուր եւ նրանով խաչեր գծել սենեակի չորս պատերի վրայ, որպէս զի չարքերը հալածուին եւ չկարողանան ծննդկանին մերձենալ, ապա նոյն շամփուրը տալիս է ծննդկանի ձեռքը եւ ինքը սկսում աղօթել.

       Թազայ խացայ խոտ իրէ (էկաւ)
       Էլէք տեսէք վո՞վ իրէ. -
       Իրեք իրեք պէոզ (սպիտակ ) ձիաւոր,
       Կանաչ կապաւոր.
       Մէկն Իսուս, մէկ Քրիստոս,
       Մէկն ընտանեաց Աստուածածին։
       Էլանք սարով, շրջուանք ձորով,
       Իմ տէրն էկաւ առօք , փառօք,
       Ասի դո՞ր կերթաս, իմ Տէր , բարով,
       Ասաց. Կերթամ դուռն խիւանդին,
       Էրթիս ծընըդկընին,
       Բալնիս թալեմ բուլոր (շուրջ ) պարձին,
       Զընճիլ թալեմ բուլոր պատին.
       Որ չվախի սիրտն ի փորին,
       Չում Քրիստոս գեայ դատաստանին։
       Պախապան խրեշտակ վըր աջ թեւիդ,
       Մուքայէլ խրեշտակ վըր ձախ թեւիդ,
       Աստուածամօր բիւնդն բերնիդ,
       Որ չվախէ սիրտդ ի փորիդ։

       Այս աղօթքից յետոյ տատմայրը պըպըզեցնում է ծննդկանին յաճախ երեսը դէպի արեւելք , թէպէտեւ կան տատմայրեր էլ, որոնց մեղք են համարում դէպի արեւլք ուղղել երեսը։ Երկու ուրիշ կիներ, որ տեղական բարբառով «մանկաբարձ » են կոչւում, նոյնպէս պըպըզում են ծննդկանի առջեւ, բռնելով նրա ծնկից ու բազկից, իսկ տատմէրը պըպըզում է ծննդկանի յետեւը, եւ սեղմում նրա յետոյքը, որպէսզի յետեւի անցքը չպատռուի եւ ամենայն զգուշութեամբ երեխան առնում, շարունակ աղօթքներ շշնջալով. -

       Ով սուրբ չպլախամէր Աստուածածին, Մարութայ բարձր Աստուածածին, Արնթաղ Գեղարդ, սուրբ գլխատէր, ատենահաս սուրբ Սարգիս, սբ. ձագերոյց Նարեկացի, սբ. խաթուն Տիրամէր, սբ Տեսկանորդին , Մշու սուլթան սբ. Կարապետ, Չանկլի դիւան սբ Կարապետ, Վարագայ եօթ մանուկ սբ Նշան, Կարմիր Խաչ, կապուտ Խաչ, ծածուկ աւազան, սբ Չարխափան աւետարան, Մարխաս աւետարան, շէկ աւետարան, սրբ կանաչ կտրիչ կիրակնամտներ, լուսին արեգակ, էլվեճարազ խրեշտակներ, ձեթբետունք աստղեր, լուսին արեգակ օգնական իմտաթ կայնէր, որ մէրն ու տղէն ազատէք . իմ ձեռը չի, իմ բերան էլ չի, ձեր բերնով օգնական, իմդատ, պահապան կացէք, ազատարար Տէր, ազատարար Տէ՛ր։

       Եթէ երկունքը դժուարանում է՝ հեշտացնելու նպատակով դիմում են հետեւեալ միջոցների.

       ա. Եփրատ գետն անցած մի մարդու կանչում են, որ գայ երեք անգամ փչէ տղոցկանի բերանից եւ իւր քղանցքի մէջ ջուր ածելով խմեցնէ նրան։
       բ. Մի մատակ ձի են բերում ծննդկանի դռանը եւ ասում ծննդկանի ուշքը սկսում է գնալ՝ Երուսաղէմից բերուած ձիթապտղի կորիզների նուիրական համարուող համրիչ են տալիս ձեռքը, որ քաշէ։

       Եթէ այս չի օգնում եւ ծննդկանն ուշագնաց է լինում, հրացան են արձակում, կաթսայ ծեծում, բղաւում, ճուաղում, ծննդկանի քիթը քաշում, ապտակում, «որովհետեւ այդ ուշագնացութիւնը յառաջանում է նրանից , որ ալքը մտել է ծննդկանի մէջ եւ ուզում է նրա ջիգեարը տանել, պէտք է նրան, այսինքն ալքին վախեցնել, թակել որ թողնի հեռանայ։ Այս միեւնոյն նպատակով ծննդկանի մօտ դնում են շիշ, սուր, դաշոյն, Աւետարան , Նարեկ, զանազան համայիլներ, որպէս չարքերի հալածիչ։ Այս միջոցներով ալքերը կը հալածուին եւ բարի հրեշտակը հրեղէն սուրը ձեռին օգնութեան հասնելով կստիպէ ալքին ջիգեարը վերադարձնել, եւ այս միջոցին ծննդկանն ուշքի կուգայ, այլապէս կը մեռնի։

       Ծննդկանի երկունքն սկսուելու միջոցին հրեշտակն իջնում է եւ նրա բոլոր մեղքերը մի տոպրակի մէջ ածում ու նրա գլխի վերեւ կախում, մինչեւ որ ծնում է երեխային, այս միջոցին կրկին նոյն հրեշտակը գալիս է եւ այդ մեղքերը նորից նրա վրայ ածում։ Այս պատճառով եւ ծննդեան ամենակրիտիքական րոպէին տատմէրն ու մանկաբարձները խեղճ ծննդկանի հոգին են հանում, թէ այս վարկեանիս դու շատ արդար ես, օրհի՛ր մեզ, օրհնի՛ր մեզ։

       Երեխան ծնւում է երբ լրանում է բեղմնաւորութեան րոպէից 9 ամիս, 9 օր, 9 ժամ եւ 9 րոպէ։

       Ծնուած րոպէին Գաբրիէլ հրեշտակապետը իջնում է նրա մօտ եւ նրա ճակտի գիրը գրում եւ մի բուռ հող ձգում, որը ո՛ր երկիրն որ ընկնի, այն երկրում պիտի մեռնի նորածինը, այս պատճառով եւ օտարութեան մէջ եւ կամ հայրենիք վերադարձած միջոցին մեռնողի համար ասում են. «Խողը քաշեց տարաւ նրան իւր մօտ հանգչելու»։

       Երբ երեխան ծնւում է՝ տատմայրը կտրում է նրա պորտը, նախապէս մի նուէր պահանջելով։ Առջինեկ երեխայի պորտը կտրում են ամուլ կնոջ քղանցքի վրայ, որպէսզի վերջինիս ամլութիւնն անցնի։ Նորածնի պորտը, եթէ աղջիկ է. ձգում են մառանը, իսկ եթէ տղայ՝ եկեղեցին, որպէսզի նորածինը մեծանալիս տնտես, կամ երգիչ, տիրացու լինի։

       Երբեմն պորտը կտրելիս նրանից հոսած արիւնը նորածնի երեսին են քսում , որպէս զի կարմրաթշիկ լինի։ 

       Եթէ ընկերքը շուտ չի ընկնում, ծծումբի ծուխ են տալիս, այսինքն ծծումբը ձգում են կրակի վրայ, եւ ծննդկանին կանգնեցնում այնպէս, որ այս կրակը լինի նրա ոտների միջեւ։ Միեւնոյն ժամանակ ծննդկանի փորը ճխտում են։

       Երբ ընկնում է ընկերքը, վերան ասեղ են ցցում, սեւ սունիչ ցանում եւ փաթաթում մի շորի մէջ եւ տանում մի չոր տեղ թաղում։ Եթէ թաց տեղ թաղեն, երեխայի աչքերը ցաւոտ կը լինեն։

       Եթէ նորածինը ուշաթափ է լինում , նրա ընկերքը ձգում են կրակի մէջ, հաւատալով, որ ուշագնացութեան պատճառն այն է, որ երեխայի հոգին ընկերքի մէջ է մտել եւ որ կրակից նեղուելով կարող է երեխայի մէջ փոխադրուել։

       Պորտ կտրելուց յետոյ ծննդկանին պառկեցնում են տաք մորխի կամ հողի վրայ, որը երկու ժամ մի անգամ փոխում են եւ այսպէս պահում մի ամբողջ եւ կամ երկու օր։ Այս միջոցին փորը մի շալով կամ փէշտըմալով կապում են, որ չվնասուի, մի շալ էլ գլխին են ձգում, որ չմրսի։

       Ծննդաբերութիւնից յետոյ մի քանի ժամ չեն թոյլ տալիս քնելու, որթպէս զի «ալքերը նրա ջիգեարը չտանեն»։

       Ծննդկանին պառկեցնելուց յետոյ տատմայրը լողացնում է նորածնին այսպէս, տաշտի մէջ ջուր է ածում, երկու բուռ աղ լցնում, երկու կամ երեք ձու կոտրում մէջը, ապա ջուրը զարնում, փրփրեցնում, երեխային դնում ջրի մէջ, լողացնում եւ ապա հանում, գլխին, թեւերին, ոտների տակ աղ ցանում ու անմիջապէս խանձարուրում։

       Երեխային լողացնելուց եւ փաթաթելուց յետ, տատմայրը երեխան գրկում է եւ դնելով նրան ծննդկանի անկողնի վրայ հարցնում.

       Աղջի, ե՞ս եմ թեթեւ, թէ դու։
       Ծննդկանը պատասխանում է . Ես։
       -Թեթեւութիւնով անցնի, աւելացնում է տատմայրը։

       Այս հարցումը երեք անգամ կրկնելուց յետ՝ տատմայրը երեխային դնում է նրա աջ կողմը։

       Ապա սկսում է խնամք տանել ծննդկանի վրայ։ Նախ սեւ սունիճ փաթաթելով հացի մէջ երեք պրդուճ (պատառ ) է շինում եւ տալիս ծննդկանին ուտելու։ Այս պատառները Յուդայի պրդուճ են կոչւում։ Սեւ սունիճը արջնդեղի (nigelle) հունդն է եւ դիւահալած է համարւում։ Ապա ախրա է տալիս ուտի, որպէս զի սանճուն կտրի։ Ախրան պատրաստում են այսպէս. եղն ու փոխինդը խառնում են իրար եւ մի քիչ եփ տալիս։

       Մի քիչ յետոյ տալիս է նաեւ թէյ, շաքարով շարբաթ , կաթ։

       Մինչ այս՝ տան երեխաները վազում են ազգականների տներն աչքալուս եւ ասում. «Ակնջըլէս տուր, քե մէ լաճմ էլաւ »։ Սրանց փոքրիկ նուէրներ են տալիս եւ ապա խնձոր, նուռ, լիմոն, ծաղիկ եւ կամ շաքար առած գալիս են ծննդկանին տեսութեան։

       Ահա այս միջոցին մի մեծ կենդանութիւն է ընկնում ծննդկանի տան մէջ, մանաւանդ երբ նորածինը մանչ է լինում։ Տատմայրը ձայնը ձգում է եւ սկսում է երգել.

       Նախ դիմելով ծննդկանին՝ երգում է.
       Երկինքն ամպե ձիւն կուգեա՛յ,
       Սարեր լալու ձէն կուգեայ,
       Մեռել յարե տուն կուգայ։
       Ապա՝ դառնալով դէպի հիւրերը.
       Խազար մեր բարի խուր,
       Աշնան ծառ, գարնան պտուղ,
       Խոլամ էլնեմ քո թէրէն,
       Էկար, նստի մինտրի վէրէն,
       Հաց մը թալ քէօյ կէօվտի վէրէն,
       Խինք ինչ կուգեայ դիւնյի վէրէն։
       Ապա դառնում է դէպի նորածնի հայրը.
       Աղա՛ , եկեր եմ քէօյ տան վերէն,
       Լաճմ եմ առե քէօյ ընտանեաց մընէն,
       Խաղեր, տաղեր կասեմ քէոյ վերէն,
       Քե կը պախեմ Քեանտրչու վերէն,
       Կառնեմ պանկոթ ու ակնճկըլէն։
       Ապա կրկին դառնում է ծննդկանին եւ մի շամփուր տալով նրա ձեռքը երգում.
       Խոլամ էլնեմ քէոյ թէրէն,
       Առ էսա Քրիստոսի գաւազան ձեռացդ վէրէն,
       Տեսնանք թէ ինչ կուգեայ քէոյ վէրէն։
       Յիսուսն իրե յիսուն ձիով,
       Քառսունըխինգ աշակերտով,
       Մարթէն առեց, սարէն փաթաթուեց քէոյ տղէն,
       Խայր Աբրախամ խաչակնքեց,
       Էկան կայնան եօթ գեղով, եօթ գաւառով,
       Քէոյ տղէն աւելցաւ եօթ օխայով։

       Աւարտելով երգը տատմայրը վերցնում է մի հաց, դնում ծննդկանի փորին եւ երկու կտոր անելով ձգում շանը, որպէս զի ծննդկանի ցաւն ու չոռն անցնի շանը։

       Հիւրերը դրամական նուէրներ են տալիս տատմօրը եւ սա աւելի ոգեւորուելով, այս անգամ աւելի եռանդով սկսում է գովել ծննդկանին, եթէ միայն նա մանչ է բերել, եթէ ո՛չ, թէ՛ ինքն է լուռ մնում եւ թէ հիւրերը, որոնք նոյն իսկ սկսում են մխիթարել ծննդկանին, թէ ոչինչ, որ աղջիկ է բերել։ Աստուած տղայ էլ կուտայ, աղջիկն էլ Աստծու պարգեւած զաւակն է։ Ահա այդ երգը.

       Լաճու մօր տարէք օդէն՝ ջամ փէնճարա
       Լաճ ի պիրե , լաճ.
       Աղջկայ մօր տարէք փակեախ կու աւիլի
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր շարպաթ պիրէք, կուժն ի չինի,
       Կանթ փիրուզա, վարդ վէր պերնին
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր պաղ լակ տուէք, կուժն ի կաւէ,
       Կանթն ի կոյէ, պիւրթ վեր պէնին
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր չորպէն իփէք, պրնձէ չորպէն,
       Մէջ լաւանթա.
       Լաճ ի պիրե լաճ,
       Աղջկան մօր սմնդրէ փըֆիկ , աղ մէք թալէ
       Անխնամ էլնի,
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր տանձեր պէրէք, պոչն արծըթէ,
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր թթու խնձոր, թող պոչ չէլնի,
       Քած ի պիրե , քած,
       Լաճու մօր դիւֆ քէամանի
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր սոխէ տուտուկ , կույե պիւնիկ,
       Քած ի պիրե , քած,
       Լաճու մէր խանէք իգին , վարդ խօտօտայ,
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մէր խանէք իգին սոխ մէյմըկե , սխտոր
       քակե, քիթ կըծուըծայ,
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր նռներ պիրէք, ծերն ի շաքար,
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր շարան թզեր,
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր ամպրաւ պիրէք, գեոզ , պնտուկ
       խետ, էրթայ խաղայ,
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր նօխուտ պիրէք, քիշմիշ խետ խառ,
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր կըռըմ ճանոց մարգրիտ վէրէն,
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր փերթէ ճգնոց, ուլնիկ վերէն
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր կըռըմ կնդեր , ակնունք վերէն
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր փերթէ կնդեր, աչիչ ուլնիկ,
       Քած ի պիրե քած։
       Լաճու մօր եալտուզ դալմէն, ոսկի չափռաստ
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր չթէ զբուն, թող թե չելնի,
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր ատլաս կիւնոց եալդուզ կայթան,
       ոսկի կոճակ,
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր կատըքէ կիւնոց, մազէ լարան,
       սիւտակ փլեր
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր ոսկի քամար, ծէրն ի եալտուզ
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր մազէ լարան, թող ծէր չելնի,
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մօր բոզ բոզ ձեանք, խօրն էլ ջորի,
       արծթէ գամ
       Լաճ ի պիրե , լաճ,
       Աղջկան մօր գռոտ իշուանք, թող պոչ չելնի,
       Քած ի պիրե , քած։
       Լաճու մէրն ի խանըմ, խէրն էֆէնդի,
       Լաճ ի բիրե , լաճ,
       Աղջկան մօր մէրն ի խացթուխ, խէրն մշակ,
       Քած ի պիրե , քած։

       Արու երեխայ ունենալու համար դիմում են հետեւեալ սնոտիպաշտական միջոցների.

       ա. Նորահարսը կեսրանց տուն առաջին անգամ ոտք դնելիս մի արու երեխայ են դնում նրա գիրկը։
       բ. Երբ նորածնին լողացնում են, եթէ մանչ է՝ կաթսայի մէջ մի քիչ ջուր են թողնում, իսկ եթէ աղջիկ է՝ բոլոր ջուրը ածում են վերան եւ կաթսան էլ բերնքսիվայր դարձնում, թասն էլ կործում վերան, որպէսզի ինչպէս որ կաթսայի ջուրը հատաւ , այնպէս էլ աղջկայ սեռը հատնի, այդ անում են, որ այլեւս աղջիկ չծնուի։ 

       Անունների ընտրութիւնը սովորաբար կատարում են տան մեծերը, շատ անգամ մօրը կամ հօրը խորհուրդ հարցնելով, եթէ միայն նորածինը «հետը չի բերել » եւ կամ տնեցիներից մինը իւր «արեւը սրան չի տուել »։ Հետը բերում է այն դէպքում երբ տօն օր է ծնւում, եւ հէնց այդ օրուայ սրբի անունն էլ դնում են։ Իսկ եթէ այդ տանից մինը վախճանուել է, նրա յիշատակը վերականգնելու համար՝ նրա անունն են դնում։

       Արական անուններ

       Ա . Սրբերի.

       Աբրահամ . Աբրօ.
       Առաքել. Առակէլ , Ռըկօ.
       Աստուածատուր . Աստուր.
       Աւետիս. Աւէտ, Աւտօ, Աւտէ , Աւօ.
       Գասպար. Գապօ, Գսպօ , Գսպէ.
       Գալուստ . Գալօ.
       Գէորգ . Կէւօ.
       Գրիգոր . Կէօրօ,
       Դաւիթ . Դաւօ,
       Եղիազար , Եղօ.
       Զաքար . Զաքօ, Զքօ , Զքէ.
       Զիրաք . Զիրօ.
       Թովմաս. Թումօ , Թումէ.
       Իգնատիոս . Իգնօ.
       Խաչատուր. Խաչիկ , Խաչօ.
       Կարապետ. Կարօ , Կռպօ.
       Ղազար. Կազար , Կազօ.
       Մատթէոս . Մաթէ.
       Մարկոս , Մարկօ.
       Մարտիրոս. Մռտօ, Մարտօ. Մարտէ , Մարտիկ.
       Մելքոն . Մէլօ.
       Մինաս , Մնօ.
       Միքայէլ, Մքէ, Մուքէ , Մուքօ.
       Մկրտիչ Մկօ, Մկլօ, Մկրէ , Մկըր.
       Մովսէս. Մոսօ , Մուսա.
       Յակոբ. Յակօ, Ակլօ, Ակէս , Յակէ.
       Յովհաննէս. Աւանէս, Յովօ, Յովէ , Յովան,
       Պաղտասար. Պաղտօ, Պղտօ, Պղտօյ , Պղտէ.
       Պետրոս. Ժետօ , Պիտէ,
       Պօղոս . Պուղօ.
       Սարգիս. Սրկօ , Սրկէ.
       Սեդրակ . Սեդօ.
       Ստեփան, Սեփան , Սիփօ,
       Փանոս . Փանէ.
       Փիլիպպոս . Փիլօ

       Բ. Հայկական անուններ.

       Անուշաւան , Անուշ.
       Արամ . Արամ.
       Արշակ . Աշօ.
       Արմենակ . Արմէն.
       Արտաշէս . Արտաշ.
       Արտակ . Արտօ.
       Գագիկ.
       Գարեգին.
       Գուրգէն.
       Երուանդ.
       Լեւոն , Լեւօ.
       Խորէն.
       Խոսրով , Խոսրիկ.
       Կարդոս . Կարթօ.
       Կոստանդ . Կոստօ.
       Հայկ . Հայկօ.
       Հմայեակ , Համօ.
       Հրահատ . Հրատ.
       Հրանտ.
       Մամբրէ.
       Միհրան.
       Մուշեղ . Մուշօ.
       Յուսիկ.
       Շարա , Շարայ.
       Շաւարշ . Շաւօ.
       Պարգեւ.
       Պարոյր , Պարիկ.
       Ռուբէն, Ռըփօ , Ըռուփ.
       Սմբատ.
       Վահան.
       Վահէ.
       Վահրիճ.
       Վաղարշակ. Վաղեր , Վաղօ.
       Վարդան . Վարդօ.
       Վարդ.
       Վարդգէս.
       Վարազդատ , Վարազ.
       Տիգրան , Տիգօ.
       Տրդատ . Ծրտադ.
       Ցոլակ.
       Դ. Թրքական անուններ.
       Ասլան , Ասլօ.
       Ախիճան.
       Իսախան.
       Կարիպջան.
       Կուշօ.
       Միրզա , Միրզօ.
       Միրզախան.
       Շէրօ.
       Ջնտի.
       Ռաշօ.
       Սա‎ֆար.
       Քէմալ.
      
       Իգական անուններ

       Ա . Սրբերի.
      
       Գայիանէ , Կայրան.
       Եղիսաբէթ , Եղսօ.
       Հռիփսիմէ , Խուսիկ.
       Մարիամ, Մայրօ , Մարան.
       Շողակաթ, Շողիկ , Շողեր.
      
       Ա. Հայկական անուններ.

       Ազատուհի.
       Ազնիւ.
       Անահիտ.
       Անթառան , Թառիկ.
       Աննման.
       Աշխէն.
       Աղաւնի , Աղօ.
       Աստղիկ.
       Արամայիս.
       Արաքսի, Արաքս , Արաք.
       Արեգնազան.
       Արշալոյս.
       Արմենուհի , Արմէն.
       Արուսեակ , Արուս.
       Բուրաստան , Բուրիկ.
       Գեղանուշ.
       Գուլիզար.
       Գոհար.
       Երանուհի , Երան.
       Երուանդանուշ , Երուշ.
       Եփրատ.
       Զանազան, Զանօ , Զանիկ.
       Զարուհի, Զարեր , Զարուխ.
       Էլման , Ալմօ.
       Թագուհի, Թագուխ , Թակեր.
       Լուսնթագ , Լուսիկ.
       Խուշուշ.
       Ծովինար , Ծովիկ.
       Կարինէ , Կարին.
       Համասփիւռ , Խամաս,
       Հայաստան.
       Հայկանոյշ , Անուշ.
       Հրանուշ , Հրիկ.
       Մայիս.
       Մայրանուշ.
       Մանուշակ , Մանուշ.
       Մարանոս , Մարօ.
       Մենիկ.
       Մարինէ.
       Նուարդ , Նուիկ.
       Շուշանիկ , Շուշիկ.
       Պայծառ.
       Սիրանուշ.
       Սիրվարդ.
       Սիրուն.
       Սաթենիկ , Սաթին.
       Սանդուխտ , Սանրիկ.
       Վարդուհի.
       Վարդիթեր.
       Վարդանուշ, Վանուշ , Վարթեր.
       Վանուհի , Վանուխ.
       Վարսենիկ.
       Վերջալոյս.
       Տիրուհի.
       Տիգրանուհի.
       Փայլուն.
       Փառանձեմ , Փռանց.
       Փեփրոն.
      
       Գ. Թրքական անուններ.

       Ալթուն.
       Ալմաստ.
       Աղմամա.
       Արմաղան.
       Գիւլլիզար.
       Կէօզալ.
       Մարաշ.
       Նարկիզ.
       Պէյզատա.
       Սինամ.

       Մկրտութիւն . - Կատարւում է երեխայի ծննդից 3-8 օր յետոյ, առաւելապէս կիրակի եւ տօն օրերը։ Մկրտութեան օրը, առաւօտ վաղ ծննդկանը լուացւում է կիսից ներքեւ, տատմայրը լողացնում է երեխային եւ ապա մի փոքրիկ գլուխ շաքար կամ մի զոյգ գուլպա տանելով քաւորին, խնդրում է գալ եկեղեցի, երեխան մկրտելու։

       Այս գաւառներում եւս կնքահայրը տոհմական է լինում եւ մեծ յարգանք է վայելում։ Սանամայրը նրանից ակնածելով՝ հետը չի խօսում , - հարսնութիւն է անում։ Տօներին սանամօր կողմից նուէրներ է ուղարկւում կնքահօրը եւ փոխադարձը ստացւում։

       Տատմայրը երեխային գրկած մի երկու կանանց ուղեկցութեամբ գնում է եկեղեցի, տանելով իւր հետ 2 հաց եւ մի կտոր պանիր՝ ժամհարին նուէր եւ 3-5 ղուռուշ դրամ՝ քահանային կնքելու վարձ։

       Եկեղեցում տատմայրը մերկացնում է երեխային, փաթաթում «քաւուրոջ հալւու» կամ «մահրամա » կոչուած շորի մէջ եւ դնում քաւորի բազուկների վրայ այնպէս՝ որ երեխայի գլուխը նրա աջ բազկի վրայ հանգչի։

       Մկրտութեան խորհուրդը կատարելուց յետ քահանան շուրջառը վերան, շարական ասելով գալիս է ծննդկանի տունը , նրան հետեւում է քաւորը՝ գրկում երեխան, ձեռներին մի մի վառ մոմ։ Երբ տուն են մտնում, ծննդկանը ի պատիւ միւռոնի, տեղից վեր է կենում եւ կրկին նստում։ Քաւորը երեխային տալիս է ծննդկանին եւ սա երեք անգամ խոնարհում է նրա առջեւ եւ ապա վերցնում երեխային, դնում իւր աջ կողմը։

       Հնումը, ինչպէս եւ այժմ մի քանի գիւղերում, եկեղեցուց երեխային տուն էր բերում տատմէրը, առանց քահանայի, եւ դնում էր տղոցկանի աջ կողմը, մի ալիւրմաղի վրայ։ Հրաւիրւածները համբուրում էին երեխայի երեսը եւ 10-40 փարա դնում մաղի վրայ իբրեւ նուէր տատմօրը։

       Երեխային եկեղեցուց բերելիս տատմէրը պըպըզում էր տան առաջի շէմքի վրայ եւ յը՛, յը՛, յը՛, անում, ձեւացնելով իբր թէ դուրս է գնում , որպէսզի երեխան շուտ-շուտ չապականէ։

       Մաղի վրայ դնելիս էլ, հաւանգը բերում ականջի մօտ ծեծում էին, որպէսզի աղմուկի ընտելանայ ու շուտ չզարթնի։ Այս միջոցին նաեւ, եթէ նոր մկրտուածն աղջիկ էր լինում, պուտկի խուփը բերում երեք անգամ դնում , վերցնում էին նրա բերանի վրայ, որպէսզի խուփ լինի, շատ չխօսի։

       Կնունքից յետոյ սովորաբար տեղի է ունենում հացկերոյթ, կնքաճաշ։ Ճաշում են նախ տղամարդիկ եւ ապա կանայք։ Մատուցանում են չորպա, Խորոված, եախնի կամ փաչա ու փլաւ։

       Մեռոնհանէք . - Մկրտութիւնից երեք օր յետոյ կատարում են մեռոնհանէքը . - գալիս է տատմայրը, նախ մի մաքուր ամանի մէջ լուանում երեխայի այն տեղերը, ուր մեռոն է քսուած եւ ապա դնում տաշտի մէջ, լողացնում։ Աւարտին՝ երեխայի գլխից բռնած երեք անգամ բարձրացնում է ու ասում.

       Ճըղլաւըղիկ.
       Թափ տու ջրիկ,
       Ջաղամաթի (բազմութեան ) քունը քըզիկ.
       Ճըղլաւըղզիկ,
       Թապ տու ջրիկ,
       Ջաղամաթի միսը քըզիկ։
       Ճըղլաւըզիկ,
       Թափ տու ջրիկ,
       Ջաղամաթի քունը քըզիկ։

       «Մեռոնաջուրը», այսինքն այն ջուրը, որով լուացել են երեխայի մեռոնոտած մասերը , լցնում են տան մի մաքուր խորշի մէջ, եւ երբ մի որեւէ աման հարամոտում է , սրանով սրբում են, այսինքն այդ խորշի միջից մեռոնոտոծ հող են վերցնում, լցնում ջրի մէջ եւ այս ջրով լուանում այդպիսի ամանները։
       Ոմանք էլ մեռոնաջուրը լցնում են աղբրի ակը եւ կամ մի մաքուր, անմատչելի տեղ։

       Եթէ նորածինը դեռ չկնքուած մեռնի, մի խաչ են տանում եկեղեցի, քահանային օծել տալիս, բերում տուն՝ բոլորը համբուրում են եւ դնում մեռած երեխայի կրծքին , պատանքում, ու յանձնում ժամկոչին, որ տանի գերեզմանատուն թաղէ։

       Եթէ երեխան մեռած է ծնւում, անմիջապէս սրա ծնողները մի խաչ են տանում եկեղեցի, քահանային օծել տալիս եւ բամբակի մէջ դրած բերում տուն, իբր թէ նորածին երեխային են տարել եկեղեցի կնքելու։ Երեք օր այսպէս պահելուց եւ համբուրելուց յետ, բամբակի միջից հանում են խաչը եւ տանում եկեղեցի, ու մի որեւէ սրբի պատկերից կախում, իբր թէ այդ նորածինը այդ սրբին են նուիրել, իսկ նրա դիակը տատմայրը, առանց քահանայի, տանում տան այգում թաղում է, երեսը դէպի արեւելք դարձրած եւ պատանքած։

       Քառասունք . - Ծննդկանը քառասունք է պահում արեւից ու անկողնուց, այսինքն քառասուն օր չի երեւում արեւին, եւ քառասուն օր էլ առագաստ չի մտնում։ Նա սենեակից դուրս է գալիս կամ արեւը մայր մտնելուց յետոյ եւ կամ դեռ եւս չծագած, այն էլ ձեռին մի շիշ (շամփուր ) բռնած, աղօթքներ, կամ Յիսուս Քրիստոսի անունը շարունակ շշնջալով, որպէսզի չարքերը նրան չդիպչեն։ Այս քառասուն օրերի ընթացքում ծննդկանի սնարի մօտ շարունակ ճրագ է վառւում, որպէսզի չարքերը չկարողանան մերձենալ նրան։

       Երեխան քառսնկակոխ է լինում, այսինքն սկսում է լղարիլ, շարունակ լաց լինել ու չքնել, հետեւեալ դէպքերում։

       ա. Եթէ քառասունքի միջոցին երեխայի հայրը կտուրն է բարձրանում։
       բ. Եթէ հայրը կամ մի օտար մարդ տուն մտնելիս երեխային տեղից չեն վերցնում։
       գ. Եթէ միեւնոյն տան մէջ երկու ծննդկան են լինում, սրանց ամբողջ քառասունքի ընթացքում միմեանց սենեակ չեն մտնում, որպէսզի երեխաները քառսնկակոխ չլինին, եւ եթէ ստիպուած են լինում մտնելու՝ սենեակի միջի ծննդկանն իւր երեխան գրկած դուրս է գալիս եւ այս միւս ծննդկանի հետ միասին ներս մտնում, վերջինս էլ իւր երեխան գրկած պիտի լինի։

       Քառսնկակոխից ազատելու համար դիմում են հետեւեալ միջոցների. -

       ա. Թորեքմուտք, ուրբթմուտ եւ կիրակմուտ երեկոները մի սեւ կատու դնում են մի ցորենի մաղի տակ, իսկ սրա վերայ պառկեցնում են քառսնկակոխ երեխային եւ վերան, իւրաքանչիւր անգամ, եօթ թաս ջուր ածում, որ թափւում է սեւ կատուի վրայ, եւ այսպիսով երեխայի ցաւը կատուին անցնում։
       բ. Նոյն չորեքմուտ, ուրբթմուտ եւ կիրակմուտ երեկոները երեխային փթրի հետ կշռում են, եթէ հետզհետէ ծանրանում է՝ նշան է, որ առողջանալու է, եթէ ոչ՝ կը մեռնի։
       գ. Նախ երեխային դնում են երկանքի քարի վերայ եւ երեք պտոյտ պտըտում։
       դ. Թոնրի առաջին լաւաշ հացը ծակում են եւ երեխային միջից անցկացնում։
       Գուշակութիւններ նորածնի մասին։ Ընդհանրապէս կարծում են, որ չորեքշաբթի եւ ուրբաթ օրեր ծնուած երեխաներն անբախտ , եւ բնաւորութեամբ տխուր են լինում։ Նաեւ մեծ պասի առաջի երկուշաբթի եւ կամ առաջի ամբողջ շաբաթի մի որեւ է օրը ծնուած երեխան անբախտ եւ տխուր է լինում։

       Նոր-տարու օրը ծնուած երեխան բարի է լինում։

       Կէրնդազի (Տեառնընդառաջի ) երեկոյեան ծնուած երեխան շատ չար եւ կրակոտ է լինում, որովհետեւ «կրակի հետ է ծնւում»։

       Մայիս ամսում ծնուած երեխան զուարթ եւ բախտաւոր է լինում, եւ նրա անունը դընում են Մայիս կամ Արմայիս՝ եթէ աղջիկ է, եւ Արամայիս՝ եթէ մանչ է։

       Ծննդեան եւ Զատկի խթման երեկոները ծնուած երեխաները իմաստուն եւ «թիակ իրիշկող » են լինում, ուստի եւ սրանց գլխների տակ շան թիոսկրն են դնում պահում, որպէսզի երբ մեծանան, նրանց նայեն ու գուշակութիւններ անեն։

       Գուշակութիւններ են անում նաեւ զննելով մանկան մարմինը , այդպէս.

       Եթէ ծոծրակը փոս է ունենում, երեխան նախանձոտ է լինելու։
       Եթէ ճակատը «դար », լայն եւ ուռուցիկ է, հանճարեղ է լինելու։
       Եթէ ներբանը ուղիղ է եւ ոչ կամարաձեւ՝ խարդախ է լինելու։
       Եթէ ձեռները միշտ գոց է պահում , ագահ եւ ժլատ է լինելու։

       Մանկատածութիւն . - Նորածնին առաջին անգամ գիշերը ծիծ չեն տալիս։ Արու երեխային նախ քան առաջին անգամ ծիծ տալը դանակի վրայ մի քիչ շաքարաւազ են ցանում եւ քսելով նրա բերանին ասում. խօսքդ կտուր՝ (կտրիչ ), քաղցրալիզու ըլնես։ Նաեւ գիրք են դնում բերնին, ասելով երեք անգամ. կարդացուոր ըլնես, ձայնաւոր ըլնես, ինչպէս եւ հաց են դնում բերնի վրայ, որ ղըսմթով (բախտաւոր ) լինի։ 

       Մայրը նախ կթում է դալը եւ ապա տալիս երեխային ծծելու՝ նախ աջ ծիծը։

       Կաթը աւելացնելու համար դիմում են հետեւեալ միջոցների.

       Արու եւ էգ զաւակների սակաւակաթ մայրերն առանձնապէս վերցնելով իրենց հետ հաց, պանիր, խաշած հատիկ, մոմեր ու խունկ, միասին գնում են Վանի կաթնաղբիւրը, մոմերը վառում աղբրի գլխին, խունկը ծխում աղբրի առջեւ, իրենց ծծերը լուանում այդ ջրով, կուշտ խմում, եւ ապա ծիծ տալիս հետները բերած իրենց երեխաներին, բայց ոչ թէ իւրաքանչիւրն իւր, այլ միւսի երեխային։ Վերջում միասին ուտում են իրենց բերած պաշարը՝ հացը, պանիրն ու հատիկը եւ աւելացածը դնում աղբիւրն գլխին ու վերադառնում։

       Կաթը շատ եղած միջոցին կթում են եւ լցնում կամ թոնրի ակը, կամ աղբիւրն մէջ եւ կամ արեւելեան կողմի մի պատի մէջ։

       Երբ մեռնում է երեխան՝ մայրը իւր ձեռի ափերը դնում է ծծերի պտուկների վրայ եւ շփելով ասում. «Քո տէրը մեռաւ, դու էլ մեռի», որպէսզի սրանք ցամաքեն։

       Սովորաբար երեխային ծիծ են տալիս 1-3 տարի եւ կամ մինչեւ կրկին յղանալը։

       Սակաւակաթ մայրերը երեխաներին կերակրում են ոչխարի կամ կովի կաթով, սակայն ընդհանրապէս ոչխարի կաթը գրադաս է համարւում։ Առաջին երեք ամիսը կաթի մէջ նրանից երկու անգամ աւելի ջուր են խառնում, իսկ յետոյ հաւասարաչափ։ Ըսկզբում փոքր ինչ աւելի, իսկ յետոյ հետզհետէ քչացնելով շաքար են ձգում կաթի մէջ։

       Իբրեւ պտուկ գործ են ածում եզան կոտոշը՝ ծայրին կովի կամ իծի պտուկ անցկացրած, եւ կամ ծղօտի մի ծայրը փաթաթում են բամբակով՝ գնում երեխայի բերանը, իսկ միւսը անցկացնում կաթով լի շշի կամ բաժակի մէջ։

       Կնոջ կաթը իբրեւ դեղ եւս գործ են ածում, այսպէս աղջկայ մօր կաթը շաղախում են ալիւրի եւ իւղի հետ եւ դնում ձեռքին գոյացած վէրքի վրայ, որ լաւանայ։

       Նոյնպիսի կնոջ կաթը կթում են խուստըկող (ցաւող ) աչքերի մէջ։

       Նաեւ նոյնպիսի կնոջ աջ ծիծը կթում են շշող ականջներից ձախի մէջ եւ ձախ ծիծը՝ աջի մէջ, որ այլեւս չշըշի , չցաւի։

       Ծծից կտրելիս ցեխ, ծեռտ եւ այլն են քսում ծծն վրայ, որ երեխան զզուի, այլեւս չուտէ։ Նաեւ բուրդ, կատուի կամ ձկան ագի են դնում ծծի վրայ եւ վախեցնում երեխային, ասելով. «Արջաբլոկ ա, վա՜յ վա՜յ », որպէսզի երեխան վախենալով այլեւս չմերձենայ ծծին։

       Երեխային լողացնում են մինչեւ քառասունքը ամեն օր, որօ մի անգամ, ապա շաբաթը, երեք անգամ, մեղք համարելով չորեքմուտ, ուրբթմուտ եւ կիրակմուտ օրերը որեւ է աշխատանք կատարել։

       Ամբողջ քառասունքի ընթացքում լողացնելիս մկրատ, շամփուր, դանակ, մեխ են դնում տաշտի մէջ, որպէսզի չարքերը չխփեն երեխային։ Խանձարուրելիս երեխայի տակը տաքացրած հող են դնում, որպէսզի թէ տաքացնի երեխային եւ թէ քաշի միզելուց յառաջացած խոնաւութիւնը. «Հողի տղէն (հողի վրայ խանձարուրած տղան ) սերսուրբ, (մաքուր ) կըլնի, անուշ հոտ կիգայ»։

       Օրական երկու կամ երեք անգամ են խանձարուրում։

       Երեխային օրօրոց են դնում միայն մեռոնից հանելուց յետոյ։

       Օրօրոցի կամարից կապում են «շըղջիկ »- մի թելի վրայ անցկացրած խխունջներ, վէգեր եւ կապոյտ ուլունքներ։ Ուլունքներն աչք չտալու համար են, իսկ միւսներն երեխան խաղալու։

       Երեխային առաջին անգամ շապիկ հագցնելիս՝ նրան դնում են շապկի վրայ եւ այս ու այն կողմ շարժելով ասում.

       Տոպրակը իլին, իլին (լի)
       Չանթիկն իլին , իլին։

       Եւ այս այն նպատակով, որ երեխան շուտով լցուի , գիրանայ։

       Երեխայի եղունգները չեն կտրում, այլապէս «կոխ » կը լինի։

       Երեխայի ատամները բշտելիս սւխ կամ մի կարծր բան են տալիս նրա ձեռքը, որ կրծէ, նաեւ լողացնելիս գլխին խաշած հատիկ են լցնում, որը եւ տալիս են հաւերին։

       Եթէ երեխայի ատամները ժամանակից առաջ դուրս գան, նա «գլխակեր » կը լինի, տնեցիներից մինը կը մեռնի։ Երեխան կաթնատամները փոխելիս ընկած ատամը դնում են մի դրան փեխկի տակ եւ երեք անգամ դուռը բանալով ու խփելով ասում։

       Առ քե գայլու ատամ,
       Տու ձիկ գառու ատամ,

       որպէսզի նոր գալիք ատամները բարեձեւ եւ մանր լինեն։

       Եթէ երեխայի մազերը ցանցառ լինեն, ասում են , թէ նրա ծնողները ստախոս են, ուստի եւ յաճեախ ստախօսներին ասում են. Ճիշտ խօսէ, որ տղուդ գլոխը մազ բուսնի։

       Երեխայի մազերը առաջին տարին չեն կտրում, այլապէս գլուխը, կը ցաւի։ Առաջին անգամ կտրած մազեր գետին չեն ձգում, այլ մի պատի ճեղքի մէջ են ամփոփում, այլապէս երեխան յաճախ գլխացաւ կունենայ։ 

       Ծնողներն ընդհանրապէս ցանկանում են, որ երեխաները երկար քնեն, որպէսզի իրենք ազատ միջոց ունենան, այս պատճառով եւ դիմում են հետեւեալ միջոցների։

       1 Տղի ապականուած շորը չորացնում են եւ դնում օրօրոցի բարձի տակ։
       2 Երեխային լողացնելիս մի շատ քնկոտ մարդ է նրա գլխին ջուր ածում։
       3 Ծննդկանը իւր ոտները լուանում է երեխային լողացրած ջրի մէջ։
       4 Մինչեւ երեխան չքնի, նրա լոգաջուրը չեն թափում։
       5 Լողացնողը ձեռքը երեք անգամ թաթախում է լոգաջրի մէջ եւ խաչակնքում խանձարարուած երեխային։
       6 Գերեզմանատնից մի քիչ հող են բերում եւ շորի մէջ լցրած երեխայի բարՁի տակ դնում, որպէսզի «մեռելների քունը նրան փոխադրուի»։
       7 Երեխային մի մաղի մէջ դրած տանում են նախիրի առջեւ, երբ սա երեկոյեան վերադառնում է գիւղ, եւ ուղղելով խօսքը նախրչուն, ասում են. Նախրչի, սարէն կուգաս, իմ տղին քուն ես բերեր։

       Եթէ երեխան քուն չէ ունենում, գինու մէջ եփուած արմաւ են ուտեցնում։

       Իբրեւ քնաբեր գործ են ածում նաեւ խաշխաշը, միայն սրա կեղեւի վրայ իւղ են քսում, դնում թոնիր, միքիչ կարմրացնում, յետոյ մանդրում, մի քիչ շաքարաւազ աւելացնում, լցնում երեխայի մօր կաթի մէջ եւ սրանից մի քանի գդալ խմացնում երեխային։

       Եթէ երեխայի բերնից «թառ» (ջուր ) է գնում, կնքահայրը երեք օր յաջորդաբար գալիս է եւ երեքական անգամ իւր ճկոյթ մատը դնում երեխայի բերնին։

       Նոյն նպատակով մայրը երեխան գրկած բոլորովին լուռ գնում է մի այնպիսի տուն , ուր իւր այդ երեխայի հետ դեռ եւս չէ եղել, եւ այստեղի թոնրի ական շորով երեք անգամ սրբում է երեխայի բերանը։

       Եթէ երեխայիքթից խլինք (պնպուլ ) է գալիս, ասում են իմաստուն է, «խելքն էկի գլուխ»։

       Վախեցած երեխային ջուր եւ կամ իւր մէզն են խմացնում, նաեւ վերի ծնօտը բութ մատով վեր են բարձրացնում ասելով. Ժախապան խաչ խրեշտակ, չորս գլուխ աւետրան։ Երեխային վախեցնելու նպատակով ասում են. Սուս, առջարլէօն (արջը ) էկաւ, տաճիկը կուգայ ականջ կտրի, եւ կամ

       Ակլատիզ,
       Չվանը վիզ
       Արի կպի էրթիս։

       Երբ երեխան առաջին անգամ «նուրու կառնի »- շրթունքների վրայ վէրքեր է գոյանում, այնպէս որ չի կարողանում ծիծ ուտել, լուսնի նորին մայրը վերցնում է երեխային եւ լուսինը ցոյց տալով ասում.

       Նոր. նոր շնախաւոր նոր,
       Ծեր գնացիր, տղայ էկար,
       Տիւ տղայ, տղէն տղայ,
       Տղէն տղից չի վախենայ։
       Երեխային ոտի կանգնեցնելիս ձեռներից բռնում են եւ բարձրացնելով ասում.
       Կեկեն, կեկեն, կէս տարեկան,
       Աւիլի բաբէօն ծուռ շինական։

       Եթէ երեխան ուշ է ոտք ելնում, նրան դնում են ցորենի մաղի մէջ, տանում եօթ տան առաջ, դուռը զարնում ասելով. «Անտոն էկե ոտ կուզի »։ Տնեցիները հաց, հաւկիթ չամիչ եւ այլն դնում են մաղի մէջ, որ բերում են տուն եւ քիչ քիչ երեխային տալիս՝ ուտելիս։

       Երեխային քալեցնելիս ասում են.
       Աթեն , աթեն,
       Տոտեր վարդ են։

       Չարքերի ազդեցութիւնից երեխային ազատելու նպատակով խմորի մէջ սեւ սունիչ (արջնդեղ ) են դնում, թոնրի մէջ թխում, եւ դնում երեխայի օրօրոցի բարձի տակ։

       Չարքերը ոչ միայն վնասում են երեխային, այլեւ փոխում նրանց իրենց երեխաների հետ, ուստի եւ երբ մի երեխայ տգեղ է լինում եւ չար՝ ասում են «փոխածուրիկ է» չարքերը փոխել են։

       Եթէ մի մօր զաւակները կամ մեռած են ծնւում եւ կամաշուտով մեռնում, ենթադրում են, թէ նա «թըպըղ » ունի, այսինքն նրա լեարդի վրայ գորտանման մի ճիճու է գոյացել, երբ այդ կինը անխոհեմութիւն է ունեցել մի գիշեր թոնրի մէջ մնացած ջրով լողանալու։

       Թըպղիից ազատուելու համար կախարդներին գիր են անել տալիս, եւ երբ սրա ազդեցութեամբ կինն սկսում է օրծըկալ՝ բերանը կրակի վրայ է բռնում, որպէսզի թըղպի ճիճուն ուղղակի կրակի վրայ ընկնի եւ վառուի։

       Թղպի ունեցմող կանայք իրենց երեխաներին իրենք ծիծ չեն տալիս, այլ յանձնում են երկարարեւ երեխաների մայրերին։ Թղպի ունեցող մայրն ծնած միջոցին գնում եօթ տնից մի մի ասեղ են ժողովում եւ բերում նորածնի ընկերքի վրայ զարնում ու այնպէս թաղում, որպէս զի նորածինն ապրի։ Եւ երբ երեխան փոքր ինչ մեծանում է՝ նոյնպէս եօթը տնից շորեր մուրալով մի զգեստ են կարում եւ հագցնում երեխային եւ կամ կապոյտ զգեստ են հագցնում, որպէս զի չար աչք չդիպչի նրանց, նաեւ այդպիսի երեխայի անունը Մնացական եւ կամ քրդի անուն են դնում։ Քրդուհիներն էլ հայի անուն են դնում։

       Նոյն նպատակով երեխայի քաշով մէկ խունկ ու մոմ են նուիրում մի որեւ է սրբի։

       Երբ երեխան ուշագնաց է լինում, թալալում է, տանում «թալալոց » կոչուած ծակ քարերի միջից 3 անգամ անց են կացնում։ Նաեւ ուխտ են գնում Արտամետի ս. Թալալոս ուխտատեղին, որ գտնւում է մի թուրքի այգու մէջ։

       Նոյն նպատակով մեծ պասի այն շաբաթ օրը, որ ս. Թէոդորոսի տօնն է լինում, թալկացող երեխաների մայրերը տօն են պահում։

       Երեխաներին ջար աջքի ազդեցութիւնից ազատելու համար՝ գլխարկի վրայ, շալակին, թեւերին կապոյտ ուլունքներ են կարում։

       Եթէ երեխան ջար աջքի ազդեցութեամբ հիւանդացած է լինում, օրօրոցում պարկած միջոցին նրա վրայ մի ափսէ են դնում եւ մէջը խաչաձեւ բամբակ դարսում, ապա այս խաչի թեւերի միջեւ աղ ածում, նշանակելով այն անձերի անունները, որոնք կարող էին աչք տուած լինել, յետոյ միաժամանակ վառում են խաչի չորս թեւերն էլ ու դիտում, ո՛ր աղի մօտ որ վերջին բոցը հանգչի, դրա վրայ նշանակած անունը կրող անձն է աչք տուել երեխային, ուստի եւ մի գիշեր գաղտնաբար գնում են այդ մարդու տան դրսի դռնից փոքր ինչ տաշում եւ բերում երեխայի օրօրոցի տակ վառում, որպէսզի չար աչքի ազդեցութիւնն անցնի։ Վառելիս շատ անգամ այս աղօթքն էլ են շշնջում։

       Չար աչք, չար փուշ,
       Չար կրակն իջե իրիցի,
       Չարերն սարերն երթան,
       Բարին վըր մեր տղի օրրոցին։

       Եթէ երեխան շուտով լեզու չի ելնում, եկեղեցու, գլխաւորապէս, ս. Նշանի, բանալին երեք անգամ քսում են բերնին, նաեւ մի առջինեկ երեխայի կամ մարդու ճկոյթը կօթում են նրա բերանը։
      
       ՄԱՆԿԱԿԱՆ ԹՈԹՈՎԱՆՔ
      
       Մա-մա, նա-նա , մայրիկ.
       Պա-պա, եա-եա, աղա , հայրիկ,
       Տա-տայ , քոյրիկ,
       Պապէր , եղբայր,
       Պիպիկ, պըպօ, փոքր եղբայր,
       Պապած , Աստուած.
       Պապածին , եկեղեցի,
       Փափա , հաց.
       Պու, ջուր.
       Կաթիկ, կաթ,
       Պըժիկ, միս (կերակրի).
       Վու վու , խաղալիք.
       Կակա , միրգ.
       Ու‎ֆու կամ ֆուֆու , կերակուր.
       Ծիծիկ , ծիծ.
       Կուկու, հաւկիթ եւ ընկոյզ։
       Թօթօն , թոնիր,
       Մամոն , ծամոն.
       Տուտուն , տուն,
       Տուտուռ , դուռ.
       Ճշօ, փշիկ , կատու.
       Կուճու, կուճիկ , շուն.
       Տուլիկ, շան լակոտ.
       Ճուճու , հաւ.
       Թաթման , ձեռք.
       Տօտօն , ոտք.
       Ճաճիր , աչք.
       Կօկօն , գլուխ.
       Կատաշ , ականջ.
       Լալակ , շալակ,
       Տըզիկ , ատամ.
       Սիսին , երես.
       Կտօն , վիզ.
       Լօլիկ, պապալ , կօշիկ,
       Լալաւ, հագուստ (հալաւ)
       Լալախ , թաշկինաը.
       Ճէճէր , ճրագ,
       Տըզ , կրակ.
       Լէլէ , սայլ.
       Տմպօ թմբուկ.
       Կէկէն , կայնել.
       Տիտիկ , նստել,
       Աթէն , քայլել.
       Յուլու, մէզ միզել,
       Դարդար քնել.
       Մամա , ուտել.
       Թա , չկայ.
       Քըշ , քշել,
       Չոփ-չոփ , լուացուել.
       Տատաք , տաքանալ,
       Օհօ, պաօ , կով.
       Պճօ, պըճիկ , հորթ.
       Թու-չու, չշօ էշ.
       Տատաք , ձի.
       Ճուճուղ , թռչուն,
       Կտօ, կըտիկ, այծ , ոչխար,
       Պօլօ , միջատ,
       Ծածաղ , ծաղիկ.
       Ծածառ , ծառ.
       Լալօ , համր.
       Քըխ, փու, կեղտոտ, վատ։