Վասպուրական. Ազգագրութիւն. - Ա. Վան. Տոսպ Եւ Հայոց-Ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԵԱՆՔ

       Թողնելով իրաւաբանական սովորութիւնների բաժնում մանրամասն խօսելու Վանի նահապետական գերդաստանի եւ ընտանիքի կազմութեան եւ սրանց անդամների փոխադարձ յարաբերութիւնների մասին, այստեղ ցանկանում ենք նկարագրել միայն Վան քաղաքի ընտանեկան կեանքը, որ բաւական տարբերւում է մեր ուսումնասիրած վայրի գիւղական գերդաստանների կեանքից։ Վերջինս միանգամայն նման է Վասպուրականի միւս գաւառների գերդաստանների կեանքին, ուստի եւ կրկնութիւններից խուսափելու նպատակով մենք միայն մի անգամ կը նկարագրենք վերոյիշեալ բաժնում։

       Առաւօտ շատ վաղ, դեռ արշալույսը չծագած, կոչնակի ձայնով առաջինը վեր է կենում նորահարսը եւ գալիս օգնում սկեսրոջը հագնուելու։ Մի քիչ յետոյ վեր են կենում նաեւ միւս հարսները։ Պառաւ սկեսուրը նորահարսի ածած ջրով լուացուելուց յետ դառնում է դէպի աղօթարան, մի կարճ աղօթք շշնջում, եւ ապա սկսում կերակրի պատրաստութիւն, մեծ հարսը կամ ինքը սկեսուրը վառում է թոնիրը եւ պատրաստում թանապուր, տառեխ ձուկ եւ մի երկրորդ տեսակ կերակուր։ Մինչեւ այս տղամարդիկ եւս վեր են կենում, նորահարսը տալիս է սկեսրայրի շորերը հագնելու, ջուր է մատուցանում լուացուելու, ինչպէս նրան, նոյնպէս եւ մեծ տեգրերին եւ անմիջապէս տեղաշորերը հաւաքում, սենեակներն աւելում։ Սկեսրայրը գնում է եկեղեցի եւ մի կարճ միջոցից վերադառնում։ Տղամարդիկ նստում են ճաշում, երբ արդէն արեւը նոր սկսում է ծագել, մօտաւորապէս ժամը 6-7-ը, որից յետոյ գնում են Քաղաքամէջ իրենց խանութը՝ մեծ մասամբ ոտով եւ կամ իշով, ձիով կառքով։ Մի քիչ յետոյ կանայք են սկսում ճաշել երեխաների հետ, ու սրանց էլ դպրոց ուղարկում։ Այնուհետեւ կանայք սկսում են տնային գործով զբաղուել, սկեսուրը ճախարակ է մանում, մեծ հարսը կար, կարկատան անում, փոքրերը լուացք անում, գուլպա գործում, նորահարսը ջուր բերում, եւ այլն։ Կեսօրին, իսկական ճաշի ժամանակ, եթէ քաղցած են լինում՝ տղամարդիկ իրենց խանութում եւ կանայք տանը փոքր ինչ հաց ու պանիր կամ բռնուածք են ուտում եւ շարունակում աշխատել։ Ճաշից յետոյ, մոտ ժամը 3-ին սկեսուրը ընթրիքի համար պատրաստում է 2-3 տեսակ կերեկրներ։ Ժամը 7-ին տղամարդիկ փակում են խանութները Քաղաքամիջում եւ գալիս տուն, նստում նախ իրենք եւ ապա կանայք ընթրում։ Սրանից յետոյ տղամարդիկ առանձին, կանայք առանձին մի քիչ ժամանակ են անցկացնում եւ պառկում քնում։ Հնումը շատ, իսկ այժմ մի քանի տներում նախ քան քնելը «Եկեսցէ » են անում։ Այսպէս ընթանում է սովորական կեանքը։ Այժմ նկարագրենք այս կեանքի մանրամասնութիւնները. -

       Թէ տղամարդիկ եւ թէ՛, մանաւանդ, կանայք սովորաբար հագնում են հին, կիսամաշ հանդերձներ, նորը պահելով կիրակի, տօն եւ հրաւէրքի օրերին։ Միեւնոյն հանդերձը կրում են նրանք ամբողջ օրը, թէ՛ աշխատելիս եւ թէ հանգիստ առնելիս։ Լուացուելիս նախ լուանում են ձեռները, երեսը եւ ապա բերանը՝ մի քանի անգամ ողողելով։ Ատամի փոշու եւ խոզանակի գործածութիւնը դեռ եւս մուտք չէ գործել։ Սովորութիւնն ունին նաեւ ձեռները լուանալու ճաշից յետոյ եւ ընթրիքի սկզբին ու վերջին, եւ այն սապոնով, մինչդեռ առաւօտները սապոն չեն գործածում։ Սրբւում են գրեթէ բոլորը միեւնոյն երեսսրբիչով։ Ընդհանրապէս գործ են ածում Հալէպի եւ Կրետէի սապոններ, երբեմն նաեւ տղոտ կամ տղետ բոյսի արմատը, որ ջողան է կոչւում։ Լուացքի համար գործ են ածում Վանում ճարպից ու դմակից պատրաստած սապոնը։ Կանայք սովորութիւն ունին շաբաթը մի անգամ, շաբաթ օրերը, լողացնել երեխաներին եւ լուանալ իրենց գլխները, երբեմն էլ լողանալ, իսկ ամիսը մի անգամ, այն էլ մեծ մասամբ ձմեռը, գնալ բաղանիս։ Տղամարդիկն էլ ամիսը մի անգամ կա՛մ տանն են լողանում եւ կամ բաղանիս գնում, թէեւ կան նաեւ այնպիսիներ, որոնք տարեկան միայն երկու անգամ են լողանում, հաղորդուելիս եւ մեծ պասի երկուշաբթի օրը, ինչպէս պահանջում է վանեցիների կրօնական հայեացքները։ Քաղաքամիջում կայ միայն մի տղամարդկանց եւ մի կանանց բաղանիս, իսկ Այգեստանում միայն մի բաղանիս, որ բաց է լինում չորս օր կանանց եւ երեք օր տղամարդկանց համար։ Ամառը տղամարդիկ շաբաթը մի անգամ գնում են Վանի լճի մէջ լողանում, իսկ կանայք զուրկ են այս բաւականութիւնից, որովհետեւ ոչ մի յարմարութիւն չկայ։

       Վանեցիներն ընդհանրապէս նստում են ծալապատիկ կամ չոքած։ Ի նշան յարգանքի մեծերի մօտ չոքում են եւ ոչ նստում. կանգնած միջոցին էլ ձեռները կրծքին են դնում, «բարեւ բռնում » կանգնում դարձեալ ի նշան յարգանքի։ Առանց հրամանի չեն չոքում եւ առանց հարցման չեն խօսում։

       Նորահարսերը ի նշան յարգանքի բարեւ բռնած այնքան են կանգնում, մինչեւ որ հրամայում են նստել. այս ժամանակ էլ սրանք չեն համարձակւում ո՛չ ծալապատիկ նստել եւ ոչ էլ չոքել, այլ մի ծունկը ցցում են, միւսը չոքում եւ անձայն լուռ մնում, գլուխը փոքր ինչ խոնարհած։

       Մեծերի ներկայութեամբ բարձրաձայն ծիծաղելը, առանց հարցի մէջ ընկնել խօսելը ամօթ է համարւում։ Ամօթ է համարւում նաեւ մեծերի ներկայութեամբ լաց լիները. այսպէս նորահարսը իւր ամուսինը պանդխտութեան գնացած միջոցին եւ նոյն իսկ մեռած ժամանակ չպէտքէ բարձր ձայնով եւ կամ յայտնի լաց լինի, մեծ ամօթ է։

       Թէ՛ նստելիս, թէ ճաշելիս եւ թէ քնելիս խստիւ պահպանւում է աւագութեան կարգը, մինչեւ մեծը չսկսէ, նրանից կրտսերը չի համարձակուիլ առաջ ընկնել։ Ցաւալի է, որ կանանց ամենամեծը, տղամարդկանցից ամենափոքրից էլ ստոր է համարւում, այսպէս մինչեւ վերջին տղամարդը չնստի կամ չքնի, կանանցից ամենամեծն անգամ իրաւունք չունի նստելու կամ քնելու։

       Հաց ուտելիս մի սփռոց (դաստախուն) ձգում են յատակին, մի կլոր, յատուկ այս նպատակով շինուած, առանց թիկունքի աթոռ դնում այս սփռոցի մէջ տեղում եւ ապա սրա վրայ դնում մի պղնձէ մեծ սկուտեղ (սինի), իսկ չքաւորները այս աթոռի եւ սկուտեղի փոխարէն գործ են ածում խոնջա, որ մի կլոր, 1-11/2 մետր տրամագծով տախտակ է, յանկած մօտ կէս մետր բարձրութեան եւ միեւնոյն երկարութեան երկու տախտակների վրայ, որոնք միացած են 10 սանտիմետր լայնութեան մի փայտէ ձողով. ճաշողներն աւագութեան կարգով բոլորում են այս սկուտեղի կամ խոնչի շուրջը չոքած կամ ծալապատիկ նստած։ Հասկանալի է, որ նախ միայն տղամարդիկ են ճաշում եւ յետոյ կանայք։ Սկուտեղի շուրջը շարում են մեծ քանակութեամբ հացեր, մէջ տեղում դնում փայտից շինած թռչնաձեւ աղամանը, մի ամանով ժաժիկ կամ պանիր։ Դանակ կամ պատառաքաղ միմիայն ամենահարուստ տներում կան, այն էլ ամեն օր չեն գործածւում։ Անձեռոցիկներն էլ հազուադէպ են, սովորաբար մի շոր են դնում սկուտեղի վրայ, որպէսզի բոլորն էլ ձեռքերը սրբեն։ Կերակրներ մատուցանում են միայն մի մի ամանով, դնելով սկուտեղի մէջ տեղում։ Բոլորն էլ այդ միեւնոյն ամանից են ուտում, գդալով եւ կամ, շատ յաճախ, ձեռքով, այս պատճառով եւ անհրաժեշտութիւն են զգում ճաշից յետոյ սապոնով ձեռքերը լուալու։ Միջին եւ ստորին դասակարգերի մէջ տան մեծը եւ կամ ամենափոքր երեխան ճաշի սկզբում եւ վերջում հայր-մեր է ասում։

       Քնելիս միջին եւ աղքատ դասակարգը պառկում է տան-տանը եւ կամ քէօշկում, հիւրանոցում, հարուստ տներում միայն՝ իւրաքանչիւր ամուսնացած զոյգ ունենում է մի առանձին ննջարան։ Մահճակալներ՝ չափազանց հազուադէպ են, քնում են յատակին եւ կամ կանապէների վրայ. անկողինները գիշերը ձգում եւ ցերեկը վերցնում դնում են յատուկ այս նպատակով շինուած ծալքատեղում։ Անկողիններ ցկելու պարտականութիւնն ընկնում է տան նորահարսի կամ չափահաս աղջկայ վրայ։ Թէ՛ ցկելիս եւ թէ հաւաքելիս պէտք է պահպանել աւագութեան կարգը։ Նորահարսը պարտաւոր է նաեւ սկեսրայրի հանդերձները հանել, նրա վերմակը ծածկել եւ ոտները միառժամանակ մաժել, մինչեւ որ նա քնի։ Նոյն պարտականութիւնը, սակայն փոքր ինչ աւելի թեթեւ, ունի նա դէպի մեծ տեգրը եւ սկեսուրը։

       Պէտք է նկատել, որ ընդհանրապէս ամուսինները միասին են քնում, փոքրիկ երեխաներին էլ իրենց կողքին քնացնում, իսկ օրօրոցի մանկիկը մօր կողմն է դրուած լինում, որ գիշերն օրօրէ, վեր կենայ ծիծ տայ։

       Տան մէջ գրեթէ ամբողջ օրը տիրում է մեռելային լռութիւն, որովհետեւ տղամարդիկ ամբողջ օրը բացակայ են լինում, իսկ կանայք հարսնութիւն են անում, այսինքն կրտսեր հարսերն սկեսրոջ եւ աւագ հարսերի հետ կամ բոլորովին չեն խօսում մի քանի տարի շարունակ եւ կամ խօսելիս էլ աշխատում են ցածր, մեղմ Ձայնով խօսել։ Երեխաներն էլ մեծ մասամբ դպրոցներումն են լինում, տանը եղած ժամանակ էլ չափազանց զսպուած են, թոյլ չի տրւում նրանց մեծերի ներկայութեամբ խաղալ, խօսել, վազվզել։ Սրանք ստիպուած են աւագութեան կարգով լուռ ու մունջ նստել, եւ կամ դասերը պատրաստել։ Այս պատճառով եւ չափազանց ճնշուած, տխուր են լինում։

       Երբ մի տղամարդ հիւր է գալիս, անմիջապէս կանայք թագնւում են, շատ շատ՝ պառաւ սկեսուրը դուրս է գալիս ընդունելու։ Այցելուն աջ ձեռքը նախ շրթունքներին եւ ապա ճակտին դնելով՝ բարեւում է։ Նոյն կերպ առնում են նրա բարեւը եւ հրամցնում նստելու։ Եթէ հիւրը մոտ ազգական է՝ հարսները մէկ մէկ դուրս են գալիս, մօտենում նրան, կանգնում, եւ միեւնոյն կերպ բարեւում, իսկ եթէ պառաւ է կամ մի ծերուկ, համբուրում են նրա ձեռքը, իրենց ճակատին դնում եւ կրկին համբուրում։ Ձեռք սեղմելու սովորութիւնը նոր նոր մուտք է գործում։ Հիւրը աշխատում է ներքեւ նստել, սակայն տնեցիներն ստիպում են բարձր նստելու։ Անմիջապէս ներկայ եղողներից ամէն մինը կրկին գլխով բարեւում է եւ ասում։ Բարեւ եկար։ Հիւրը գլուխը շարժելով ասում է. Բարին վերադ։ Անմիջապէս տան փոքրիկներից մինը ծխախոտ է հրամցնում։ Մի քիչ յետոյ տաճկական սեւ սուրճ են մատուցանում, օրուայ ո՛ր ժամանակն էլ որ լինի։ Ծխախոտով ու սրճով աւարտււում է սովորական հիւրասիրութիւնը. հիւրը կարող է մի քանի ժամ նստել եւ վերկենալ գնալ, սակայն եթէ նա պատուաւոր է՝ առանձին հիւրասիրութեան արժանի՝ մի բաժակ օշարակ են մատուցանում, իսկ եթէ ձմեռ է՝ քաղցրաւենիք . - Մի մատուցարանի մէջ դրուած է լինում մի կամ երկու տեսակ քաղցրաւենիք, մի կողմը մի ափսէի մէջ թէյի գդալներ, իսկ միւս կողմը մի բաժակ ջուր եւ կամ մի ափսէ։ Նախ հիւրը եւ ապա տնեցիները վերցնում են մի թէյի գդալ, նրանով քաղցրաւենիք առնում միայն գդալ, անմիջապէս ուտում, եւ այդ գդալը ձգում բաժակով ջրի կամ ափսէի մէջ։ Եթէ ստիպեն երկրորդ անգամ վերցնելու, նա նոր գդալ է վերցնում։ Հարուստ տներում այս քաղցրաւենու հետ երբեմն մատուցանում են նաեւ կոնեակ եւ միրգ։

       Երբ կանայք են հիւր գնում, այս կերպ հիւրասիրելուց զատ՝ եթէ ցանկանում են իրենց խորին յարգանքը ցոյց տալ՝ ձեռաց մի երկու տեսակ կերակուր են պատրաստում եւ ճաշով հիւրասիրում, թէպէտ եւ՛ ճաշի ժամանակ չի լինում։

       Թէ՛ կանայք եւ թէ տղամարդիկ սովորաբար շատ հազիւ են միմեանց մօտ հիւր գնում։ Ամբողջ օրը, առաւօտեան ժամը 7-ից մինչեւ երեկոյեան 7-ը խանութում անցկացնելուց յետ՝ տղամարդիկ վերադառնում են տուն ժամը եօթ եւ կէսին, ընթրում մինչեւ 81/2-9, եւ ապա 91/2-ին, 10-ին պառկում են քնելու՝ որպէսզի առաւօտ վաղ կարողանան վեր կենալ, գնալ գործի։ Ձմեռը, երբ համեմատաբար աւելի շուտ են փակում խանութները եւ գիշերն էլ շատ երկար է, ընթրիքից յետոյ գնում են միմեանց մօտ ժամանակ անցկացնելու։ Ամառները սովորաբար իւրաքանչիւր գերդաստան լուսնկայ գիշերներին դուրս է գալիս իւր տան առջեւ տարածուած այգին եւ այնտեղ փոքր ինչ ժամանակ անցկացնում։ Պատահում է, որ լուսնի լուսից դիւթուած երկու, երեք դրկիցներ հաւաքւում են մինի այգում, կանայք կանանց հետ, տղամարդիկ տղամարդկանց, փոքր ինչ ժամանակ անցկացնելու։ Ծխախոտն ու սուրճը դարձեալ մատուցանւում են, իսկ եթէ մրգերն արդէն հասած են լինում, իրենց ձեռքերով քաղում են եւ ինչքան ուզում՝ ուտում, առանց կպչելու կամ լուանալու։ 

       Հասարակական տեղեր՝ ժողովարան, զբօսավայր, բոլորովին չկան, կան միայն մի քանի սրճարան, որոնք նոյնպէս երեկոները դատարկ են լինում, այդ տեղ յաճախում են գլխաւորապէս ցերեկները եւ այն էլ անգործ մարդիկ։ Ժամը երեկոյեան ութից Այգեստանի բոլոր փողոցները ամայացած են լինում։

       Տարին մի քանի անգամ Կենտրոնական եւ Երամեան դպրոցների դահլիճներում ներկայացումներ են տրւում հայերէն լեզուով եւ ի՞նչ, ոչ միայն դերակատարների, այլ եւ հանդիսականների մէջ ոչ մի կին չի լինում, նոյն իսկ վարժուհիները ոչ միայն սիրտ չեն անում դեր վերցնել այլ եւ ներկայացման չեն յաճախում։ Պատահում է , երբեմն, որ յատկապէս միմիայն կանանց համար ներկայացում են տալիս, եւ այս միջոցին կանայք շնորհ են բերում։

       Կանանց յատուկ հրաւէրներ համարեա թէ հեղի չեն ունենում գնում են միմեանց մոտ՝ երբ օտարութիւնից մինը վերադառնում է՝ նրա գալուստը շնորհաւորելու, երբ մինը գնալու է օտարութիւն՝ բարի երթ եւ վերադարձ մաղթելու, նաեւ երբ մի մոտիկ ազգական տղոցկան է, հիւանդ է, սգավոր է կամ զաւակը նշանել է։ Միակ տեղը, ուր կանայք ազատօրէն կարող են գնալ՝ այդ եկեղեցին է , ուր ոչ միայն ժամասացութեան միջոցին, այլեւ աւարտից յետոյ մի քանի ժամ շարունակ կանգնած կամ նստած խօսում են, միմեանց վիշտ, ուրախութիւն բաժանում, սրան նրան բամբասում։ Սակայն այս ազատութիւնն էլ միայն պառաւ կանանց է տրուած, նորատի կանայք, նորահարսերն ու աղջիկներն իրաւունք չունին սրտերն ուզած միջոցին եկեղեցի գնալու, նրանց համրա որոշ օրեր կան՝ ծաղկազարդին, մեծ պասի վերջի շաբթին, Լուսաւորչի տօնին, տաղաւարներին։ Մտքերի փոխանակութեան մի տեղ էլ ունեն վանեցի կանայք, դա բաղնիսներն են, ուր նրանք ամէն անգամ գնալիս 5-6 ժամ անց են կացնում, խօսելով ու բամբասելով սրան նրան։ Պէտք է նկատել, որ բամբասանքը շատ է զարգացած Վանում, եւ այն ոչ միայն կանանց, այլ եւ տղամարդկանց մէջ։

       Այսպէս ուրեմն, տեսնում ենք, որ Վանում չկայ հասարակական կեանք, իւրաքանչիւր գերդաստան կամ ընտանիք ապրում է առանձնացած, ինքն իրեն։ Սակայն այս կղզիացած գերդաստանի մէջն էլ դժբախտաբար չի թագաւորում սէր եւ խաղաղութիւն։

       Տեգերկինների մէջ խռովութիւնը, բամբասանքը, ատելութիւնը , նախանձը մշտատեւ երեւոյթներից են, պուտկի եռ՝ տեգերկնկան խեռ (խռովութիւն, քենախնդրութիւն ) ասում է տեղական առածը, նմանեցնելով սրանց խռովութիւնը խեցիի մէջ դրուած կերակրի եռման, որ երբէք չի դադարում։ Ողբալի է մանաւանդ այն տիգերկնկայ դրութիւնը, որի ամուսինը պանդխտել է եւ փող չի ուղարկում տուն։ Սրա ամուսնու անտարբերութեան, անյաջողութեան, վատ կեանքի, մի խօսքով բոլոր յանցանքների վրէժը այս խեղճ կնոջից են լուծում։ Միակ հանգիստը հարսը կարողանում է իւր ծնողների գրկում գտնել, ուստի եւ շատ յաճախ պատահում է, որ վայր ձգելով նոյն իսկ երեխաներ՝ հարսները գնում են իրենց ծնողների տունը 15-20 օր անընդհատ մնալու, շունչ քաշելու։ Եւ այս այնքան բնական է համարւում, որ սովորութիւնների կարգն է անցել եւ «տուն տանել » է կոչւում։ Եւ որովհետեւ որքան ճնշումը զսպանակի վրայ սաստիկ լինի, այնքան նրա թռուցքը ուժգին կը լինի, ուստի զարմանալի չէ, որ այժմ Վանում եւ սրա շրջակայ գիւղերում առաջ են եկել նոր սերնդականներ, որոնք հակառակ ծայրայեղութեան են հասել՝ ժխտելով միանգամայն ընտանիքը եւ ազատ սէր քարոզելով։