Վասպուրական. Ազգագրութիւն. - Ա. Վան. Տոսպ Եւ Հայոց-Ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՀ, ԹԱՂՈՒՄՆ ԵՒՄԵՌԵԼՈՑ.

       Հիւանդի ազգականներն ու բարեկամները շարունակ այցելութեան են գալիս եւ շատ անգամ իրենց հետ զանազան ուտելեղէններ են բերում, ստիպելով հիւանդին ուտելու։ Այցելուները եւ տնեցիք աշխատում են գուշակել, թէ հիւանդը առողջանալու է, թէ ոչ, ուստի եւ դիմում են հետեւեալ միջոցների . - Հաշւում են թէ հիւանդը լուսնի քանսին է հիւանդացել, եւ այդ օրը բարի՞ է եղել, թէ չար. բարի օրում հիւանդացողը ինչ հիւանդութեամբ էլ որ բռնուի, կառողջանայ, իսկ չար օրում հիւանդացածին ո՛չ մի ճար չի լինիլ։

       Եթէ հիւանդը ձեռքով շարունակ քիթը պճխէ՝ նշան է որ մեռնելու է։
       Եթէ կատուն գայ, պառկի հիւանդի անկողնի վրայ, նշան է, որ հիւանդը պիտի առողջանայ։
       Եթէ ագռաւը կռռայ կամ բուն բւայ եւ կամ շունը ոռնայ հիւանդի տան մօտ՝ հիւանդին փրկութիւն չի լինելու։
       Եթէ հիւանդութիւնը մի քանի անգամ կրկնուի՝ նշան է որ անվնաս պիտի անցնի։
       Եթէ երազում տեսնեն, որ իրեինց տունը եւ կամ նրա մի պատը փուլ է գալիս, եւ կամ հին ննջեցեալներից մինը երեւոմ է, նշանակում է, որ հիւանդը մեռնելու է։
       Եթէ հիւանդի մարմնի վրայ կապոյտ բծեր են նկատում, ասում են. «Գրողի կանաչ ճիպոտի նշանն էր եւ գուշակում են որ հիւանդն անշուշտ մեռնելու է, որով ետեւ հաւատում են, որ գրողը կանաչ ճիպոտի հարուածով, նշան է անում այն հիւանդի վրայ, որի հոգին մի քանի օրից առնելու է։

       Երբ մինի հիւանդութիւնը շատ երկար է տեւում, հաց են թխում եւ փողոցի դռանը կանգնած անց ու դարձ անողներին մի մի բաժանում, որպէսզի հիւանդն էլ հարցերն պէս կամ աջ գնայ կամ ձախ - կամ առողջանայ եւ կամ մեռնի։

       Նոյն նպատակով քաղաքամիջի Տիրամայր եկեղեցուց բերել են տալիս «Մարխաս » կոչուած աւետարանը եւ քահանային կարդալ տալիս հիւանդի գլխին։

       Նաեւ եկեղեցիներում «Տէր ողորմեա » են ասել տալիս, այսինքնքահանան առաւօտեան ժամասացութիւնից կամ պատարագից յետոյ ծանուցանելով ժամուորներին հիւանդի ծանր դրութեան մասին, խնդրում է «Տէր ողորմեա » ասել, որպէսզի Աստուած լսելով ժամուորների ձայնը՝ ողորմի եւ բոլոր ժամուորների ձայնը՝ ողորմի. եւ բոլոր ժամուորները բարձրաձայն ասում են. «Տէ՛ր , ողորմեա»։

       Հիւանդի հոգեւարքի միջոցին շրջապատողները զսպում են իրենց լացը եւ կամ հեռանում, որպէսզի իրենց լացով հիւանդին «հոգեդարձ չանեն » եւ մի քաի օր եւս տանջուելու պատճառ չըլինին։

       Մեղաւոր մարդու հոգին առնելիս հրեշտակը «խրեղէն սուրը » ձեռին ներկայանում է եւ խստիւ հոգին պահանջում, որից հիւանդը զարզանդում է եւ ընկնում երեսի վրայ, ձեռներով ճանկում բարձն ու վերմակը եւ ահռելի ձայներ հանում, իսկ արդար մարդուն ներկայանում է ծաղիկը ձեռին , ժպիտն երեսին ու հիւանդը ամենայն հանգստութեամբ աւանդում է հոգին։

       Մեղաւորի հոգին սեւ եւ գարշահոտ շնչի պէս է լինում, իսկ արդարինը՝ դեղին լուսի պէս եւ անուշահոտ, այնպէս որ հետաքրքիր մարդիկը հոգեւարքի միջոցին կտուր են բարձրանում եւ յառած նայում ու հոտոտում, որ տեսնեն հոգին։

       Եթէ ննջեցեալը «թեւթրիկ (թեթեւ ) ցաւիկ, հանգիստ մահիկ» է ունեցել, ասում են թէ արդար է եղել։
       Եթէ ննջեցեալի գոյնը թարմ է մնացել, ողջախոհ եւ արդար է եղել։
       Եթէ ննջեցեալը եկեղեցի կամ գերեզմանատուն տանելիս դագաղը կրողների անզգութեամբ շարժւում է դագաղի մէջ, ասում են, թէ նոյն տանից մի ուրիշն էլ շուտով մեռնելու է։
       Եթէ ննջեցեալը մեռնելուց առաջ հաղորդութիւն է առել, արդար եւ երջանիկ է համարւում։

       Հոգին աւանդելուց յետոյ շրջապատողները, մանաւանդ սիրելիները, բարձրաձայն լալիս են, իսկ մի քանի սրտոտներ ննջեցեալի ձեռները խաչում են. - (կրծքին դնում ), աչքերը, եթէ բաց է մնացել, փակում, գուշակելով հանդերձ, որ աշխարհից դեռ եւս չէ կշտացել, ոտները պարզում եւ բերանը փակում։ Ապա պառկեցնելով ննջեցեալին արեւելքից արեւմուտք՝ մի ճրագ են դնում սնարի մօտ։ Անմիջապէս հրաւիրւում է քահանան, որին ուղեկցում է ժամկոչը՝ բերելով իւր հետ եկեղեցապատկան նաշը։ Քահանան «Հոգւոց » է ասում, որից յետոյ ժամկոչը եւ կամ, եթէ ննջեցեալը կին է, մի քանի պառաւ կանայք, ննջեցեալին վերցնում տանում են առանձին տեղ եւ դնելով տախտակների վրայ տաք կամ սառն ջրով լողացնում։

       Յաճախ ննջեցեալին մի սաւանի մէջ փաթաթած, նաշով եկեղեցի են տանում եւ այստեղ, մեռելատանը, այսինքն մեռելներ դնելու համար յատկապէս շինուած սենեակում, լողացնում եւ պատնքում։

       Լողացնելու համար բերուած ջուրը եթէ աւելանայ, անշուշտ թափում են, կաթսան բերինքսիվայր դարձնում։

       Պատանքելիս շապիկ եւ վարտիկ չեն հագցնում, այլ մի հաստ, հասարակ կտաւ պարկաձեւ կարում են եւ ոտից մինչեւ գլուխ անցկացնում, ծածկելով նաեւ երեսը։ Երբեմն Երուսաղէմից բերած լուսոտ պատանքով են պատանքում, որը դրուած է լինում ս. Գերեզմանի վրայ եւ որի վրայ բանւում է մարդու ամբողջ պատկերը։ Ոմանց աջ ձեռն էլ նոյնպէս Երուսաղէմից բերուած լուսոտ մոմ են տալիս, իսկ ընդհանրապէս մանուկների ձեռքը մոմ տալու սովորութիւնը չկայ։

       Միայն շատ հարուստներն են առանձին դագաղ պատուիրում, սեւ գոյնի։ Աղքատներն ու գիւղացիները հասարակաց նաշն են գործածում։

       Շուտով բարեկամ կանայք ու տղամարդիկ հաւաքւում են եւ ննջեցեալին , որոշ եկեղեցական կարգը կատարելուց յետ, եկեղեցի փոխադրում։ Այստեղ, կամ սրա խորանում, մնում է ննջեցեալը մի քանի օր, մինչեւ որ թաղման պատրաստութիւն են տեսնում։

       Ննջեցեալին տանից հանելիս մի բուռն հող են ձգում ետեւից, որպէսզի տնեցիների ցաւն էլ իւր հետ տանի, այս սովորութիւնից յառաջացել է «ցաւդ տանեմ» դարձուածքը։

       Ննջեցեալը տանից հանելուց յետոյ սենեակի բոլոր պատուհանները ու դռները բաց են անում եւ խունկ ծխում։ Նոյն գիշեր այդտեղ ո՛չ ոք չի քնում եւ մինչեւ լոյս ճրագ են վառում։ Գիւղերում սովորութիւն կայ, որ ազգական եւ բարեկամ տներից մի մի ձիթի ճրագ է ուղարկւում այս սենեակում վառելու, այնպէս որ երբեմն 40-80 ճրագ են վառւում մինչեւ լոյս։ Մօտիկ, ազգական տներից էլ երկական հաց եւ մի մի պնակ կերակուր է ուղարկւում ննջեցեալի տունը։

       Ննջեցեալին եկեղեցի տարած օրը եկեղեցական միաբանութեան ճաշ է ուղարկւում ննջեցեալի տանից, որ ամբիձք է կոչւում։

       Թաղում. - Ընդհանրապէս ննջեցեալներին, բացի մանուկներից, պատարագով են թաղում, ուստի եւ մեռնելուց 1-3 օր յետոյ, թաղման նախորդ օրը, եկեղեցի են ուղարկում մի շիշ գինի եւ ալիւր՝ նշխարքի եւ բաժակի համար, նաեւ ընթրիք քահանաներին, որոնք ուտում են ժամկոչին յատկացրուած եկեղեցու սենեակում։

       Պատարագի աւարտին պատարագիչ քահանան ննջեցեալի վրայ մի նշխարհք է դնում, որը ննջեցեալին գերեզման իջեցնելիս ժամակոչը վերցնում է եւ պատանքի կարը մի քիչ քանդելով, ննջեցեալի մերկ կրծքին է դնում։

       Վարշամակ գործածելու սովորութիւնը չկայ։

       Վերջին հրաժեշտի ժամանակ կանայք ընկնում են դագաղի վրայ, սաստիկ եւ երբեմն քաղաքումն էլ գանձ են ասում։ Դիակառք քաղաքում չկայ, սակայն կան աղքատ մարդիկ, որոնք յայտնի են իբրեւ դագաղակիրներ, սրանք են տանում եւ իբր վարձատրութիւն ճաշ ստանում սգատանը։ Դագաղը նախ կրում են ննջեցեալի ամենամօտ ազգականները։ Կանայք եկեղեցուց վերադառնում են սգատուն, իսկ տղամարդիկ, մեծ մասամբ գնում մինչեւ գերեզմանատուն։

       Թաղման կարգը կատարելուց եւ ննջեցեալին գերեզման իջեցնելուց յետ յուղարկաւորողները մօտենում են ննջեցեալի ամենամօտ անձնաւորութիւններին եւ տաճկական ձեւով աջ ձեռքը բերնին ու ճակտին տանելով ասում են. «Գլուխդ ողջ, ս. Հոգւով մխիթարուես»։ Քահանան, սգատիրոջ յանձնարարութեամբ, հրաւիրում է յուղարկաւորողներին սգատուն՝ «հոգու ճաշի»։

       Այստեղ, սգատանը, կրկկին եկեղեցական պաշտօն են կատարում յուղրակաւորների ձեռներին վառուած մոմեր տալով։ Ապա ճաշում են, նախ օրհնում են սեղանը եւ մի բաժակ գինի առանձնապէս օրհնելով տալիս են գինու կարասի կամ պոզիկի մէջ ածելու, որպէսզի թէ գինին շատանայ եւ թէ ամէնքին օրհնուած գինուց մաս հասնի։ Ճաշի աւարտին եւս մի մի բաժակ գինի են օրհնուած գինուց մաս հասնի։ Ճաշի աւարտին եւս մի բաժակ գինի են օրհնում եւ տանտիրոջ հրամցնում։ Սեղանն օրհնելուց յետ քահանան նշխարքներ է տալիս տանտիրոջը եւ տան մեծերին, սըրանք էլ վճարում են նրան 10-30 դահեկան։ Եւ ապա տըղամարդ յուղարկաւորները մեկնում են «Աստուած ողորմի հոգւոյն» ասելով ու կանայքն են սեղան նստում։

       Եօթն օր յետոյ ննջեցեալի «էգ եօթը » է տրւում։ Պատարագ են մատուցանում, որին ներկայ ե լինում ազգական ու բարեկամ տղամարդիկ եւ մանաւանդ կանայք, ապա խմբով գնում են գերեզմանատուն հոգեհանգիստ կատարում եւ յետոյ գալիս սգատուն՝ ճաշում։ Ճաշ է տրւում նաեւ աղքատներին։ Միեւնոյն ծէսը կատարւում է նաեւ քառասունքին եւ տարելիցին, սակայն այժմ քաղաքում եւ հետզհետ սրա շրջակայ գիւղերում թէ եօթը եւ թէ քառասնից ու տարելիցի ծէսերը վերանում են։

       Թաղումից յետոյ այն բոլոր ազգական կանայլ, որոնք չէին կարողացել թաղման ներկայ լինել, մի մի գլոխ շաքար առած գալիս են սգատունը գլուխ խարցումի - տեսութեան, իսկ աւելի մօտիկ ազգականներ մի քանի շաբաթներից կամ ամիսներից յետոյ գալիս են սգահան . - մեծ դժուարութեամբ սգուորներին տանում են եկեղեցի, իրենց տուն, բաղանիս եւ այլն։

       Թաղումից մի քանի օր յետոյ մօտիկ ազգականներ գալիս են սգատուն եւ ննջեցեալի հանդերձներն ու անկողինը լուանում, մաքրում։ Հանդերձներից մի մասը նուիրում են այս շորեր լուացող կանանց, մի մասը ննջեցեալին լողացնողին, մի մասն էլ իբր կողոպուտ տալիս էին իրենց թեմի վանքին , որտեղի միաբաններից մինը տարին մի քանի անգամ յատկապէս այս նպատակով շրջում էր գիւղերը։

       Ննջեցեալի շորերը լուանալիս աւելացած սապոնը անշուշտ տալիս են լուացող կանանց։

       Մեռելուց . - Տարուայ հինգ նաւակատեաց մեռելոցի օրերը ննջեցեալի տնեցիները մօտիկ ազգականների հետ դնում են գերեզմանատուն, օրհնել տալիս գերեզմանը, նրան շրջապատած լալիս ու բարձրաձայն ողբեր ասում։ Սովորաբար իրենց հետ տանում են թխուածքներ եւ պտուղներ, ուր թէ՛ իրենք են ուտում, եւ թէ աղքատներին բաժանում։

       Ունեւորները Աւագ եւ սուրբ Խաչի ուրբաթ օրերը յատկապէս փալնաքէօշ (համեմով հաց ) են թխում եւ աղքատներին բաժանում, նաեւ համբարձման, վարդավառի եւ Աստուածածնի վերափոխման շաբաթ օրերը բաղարջ (իւղաբլիթ ) են պատրաստում եւ բաժանում, իսկ այգետէրերը խաղող եւ խնձոր են ցրւում աղքատներին։

       Սովորաբար ննջեցեալի անունը դնում են նոր ծնուած երեխայի վրայ, կամենալով նրա յիշատակը վառ պահել տան մէջ։ Եթէ տան մեծի, հօր, անունն են դնում երեխային, քաշում են ուղղակի անունը տալ, ուստի եւ կոչում են այնպէս, ինչպէս կոչում էին նրան, օրինակ աղա՛, ջոջ աղա, խէր, հայրիկ եւ այլն։ Միեւնոյն ժամանակ զգուշանում են կենդանի ազգականի անունը դնել նորածնի վրայ, որովհետեւ հաւատում են, թէ այս դէպքում այդ ազգականը շուտով կը մեռնի, իւր արեւն արդէն այս նորա ծնին պարգեւած լինելով։

       Ննջեցեալի ամենամօտ ազգականները մի քանի ամսից մինչեւ մի տարի սուգ են պահում. տղամարդիկ մի քանի օր գործի չեն գնում, եւ ո՛չ էլ մազերը կամ մորուսը խուզում. հեռու ազգականները գալիս են սրանց ստիպմամբ տանում իրենց տուն, սափրիչին կանչում, խուզել տալիս սրանց մազերը եւ ապա, հիւրասիրելուց յետ, առաջնորդում դէպի իրենց աշխատանքի տեղը։ Կանայք իրենց մազերի հիսերը քանդում են, գզգզուած ձգում ուսիրին, բոլորովին սանր չեն դպցնում եւ նոյն իսկ, երբեմն հող ածում գլխներին , սեւ լաչակ կապում, տան մէջ փակւում։ Սգահան եկողները փոքր առ փոքր համոզում են գործի լինել եւ դուրս գալ տնից եւ թոյլ տալ գլխները լուանալու։ Բայց եւ այնպէս՝ գրեթէ ամբողջ տարին նրանք զբօսանքի, ուրախութեան եւ հարսանիքի չեն գնում։ զատկին հաւկիթները սեւ կամ կապոյտ են ներկում, բարեկենդանին ուրախութիւն չեն անում։

       Գերեզման. - Գերեզմանատները սովորաբար գտնւում են գիւղերի մօտ՝ ճանապարհների վրայ, որպէսզի անցուդարձ անելիս կարելի լինի ողորմիս տալ, այցելել։ Ամէն մի գերդաստան եւ նոյն իսկ տոհմ աշխատում է իւր ննջեցեալ անդամներին միմեանց մօտ ամփոփել, ուստի եւ շատ անգամ օտար գիւղում մեռածներին բերում, ամփոփում են իրենց տոհմական գերեզմանատանը։ Շատ անգամ որբ երեխաներին թաղում են իրենց մօր կամ հօր գերեզմանում, փոքր ինչ բարձր սրանց կմախքից։ Գերեզմանների խորութիւնը լինում է 1-2 մետր, փորում են կամ ժամհարները եւ կամ ննջեցեալի աղքատ ազգականները։ Տապանաքարերը գիւղերում ընդհանրապէս սակաւաթիւ են, իսկ քաղաքում գրեթէ բոլոր գերեզմանների վրայ էլ կան։ 

       Տապանաքարերի մեծագոյն մասը, մանաւանդ հները, խաչքարեր են, ննջեցեալի ոտների մօտ, արեւելեան կողմը, կանգնեցրած, իսկ ննջեցեալի վերան քառանկիւնի քար է ձգուած։ Կան նաեւ դագաղաձեւ տապանաքարեր։ Գրեթէ բոլոր գերեզմանաքարերի վրայ կայ փոքրիկ փոս, որ յատկապէս շինւում է, որպէսզի այդ տեղ կրակ լցնեն եւ խունկ ծխեն։