Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՕՏ ՏԵՍՈՒԹԻՒՆ 

       Թերթելով հայոց եւ վրաց մատենագիրների մեծագոյն մասը, մենք քաղեցինք Բորչալուի գաւառին վերաբերեալ պատմական տեղեկութիւնները, որոնց ամենաչնչին մասն է վերաբերում ժողովրդի կուլտուրական զարգացման, այնպէս որ այս նիւթերով անհնարին է գաւառիս բնակիչների կուլտուրական զարգացման մասին մի աղօտ գաղափար անգամ կազմել։ Նիւթերի մեծ մասը պատերազմների եւ հերոսների նկարագրութիւններ են, միմեանցից բոլորովին անկախ, անկապ պատմուած։ Ուստի եւ մենք աշխատեցինք կազմել գէթ այս, քաղաքական ասպարէզում նշանաւոր դարձած տոհմերի, հարստութեան պատմութիւնը, բայց այստեղ էլ մեծ դժուարութիւնների պատահեցանք, որովհետեւ նշանաւոր անցքերի, անձերի մէջ բաւական մեծ անջրպետ է մնում, մատենագիրները յիշել են նշանաւոր անցքերն ու անձնաւորութիւնները, բայց նրանց յաջորդութեան վրայ ո՛չ մի ուշադրութիւն չեն դարձրել։ Ստիպուած աշխատեցանք գոնէ տալ Գուգարաց բդեշխութեան, Կիւրիկեան թագաւորութեան եւ Սպասալարների տոհմի պատմութիւնը, իսկ մնացած դէպքերը, որոնք առաւելապէս վերաբերում են գաւառիս բնակիչների ուրիշ տեղեր եւ կամ ուրիշ երկրներից այստեղ գաղթելուն, որպէս ազգաբնակութեան շարժման գործոններ, տեղաւորեցինք ազգաբնակութեան բաժնում, ուր եւ կըպատմենք այն մի քանի մելիքական տնարի մասին, որոնք առաջնորդել են ժողովուրդներին գաղթելիս եւ միառժամանակ կառավարել են նրանց հաստատուելուց յետոյ։ 

       Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու եւ մանաւանդ Սանահնի եւ Հաղբատի վանքերի կատարած կրօնական, հասարակական դերին, այդ ամփոփ կերպով կըտանք վանքերի նկարագրութիւնից յետոյ։