Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ԳՈՒԳԱՐԱՑ ԲԴԵՇԽՈՒԹԻՒՆ

       Բորչալուի գաւառին վերաբերեալ ամենահին տեղեկութիւնները, բացի մի քանի հատ ու կտոր անցքերից, չեն անցնում Հայոց Վաղարշակ թագաւորի (148-127) ժամանակից եւ առաւելապէս վերաբերում են Գուգարաց բդեշխութեան։

       Մովսէս Խորենացու ասելով Վաղարշակ թագաւորը բաժանել է Գուգարքը Շարայի որդիներից յառաջացած Գուշարի եւ սրա սերունդների մէջ, Գուգարքի հարաւային մասը՝ Տաշիրը (Լօռին) տուել է Գուշարի սերունդներին, Ջաւախքի կէսը, Կանդարքը, Կողբը, Ծորը, Ձորը մինչեւ Հնակերտ ամրոցը՝ իրեն Գուշարին, հիւսիսային եւ արեւմտա-հիւսիսային մասը (Արդահանը, Կղարջք, Թռեղք եւ Ջաւախքի կէսը՝) յանձնել է Վրաստանի կառավարիչ Միհրդատին, տալով նրան Բդեշխ Գուգարաց տիտղոսը։ Եւ որովհետեւ Գուգարքը կազմում էր Հայաստանի հիւսիսային սահմանային նահանգը, եւ իբր ճանապարհ էր ծառայում թէ հիւսիսից հարաւ եւ թէ հարաւից հիւսիս գաղթող ժողովուրդների՝ ուստի եւ Գուգարաց բդեշխը, միւս երեք բդեշխների հետ միասին, սահմանակալ զօրապետ եւ թագաւորի խորհրդարանի «բարձրերէց», «գահերէց» անդամը դարձաւ, ինչպէս վկայում են Ագաթանգեղոս (ՅՁԹ գլ. ) եւ Բիւզանդ . 10)։


       Արտաշէս Ա (127-114) ժամանակ Գուգարաց բդեշխի իշխանութիւնն աւելի մեծացաւ, որովհետեւ Արտաշէսը իւր Արտաշամահ դուստրը տուեց «Միհրդատայ ումեմն, վրաց բդեշխի մեծի… եւ հաւատայ սմա զկողմնակալութիւն հիւսիսային լերանցն եւ Պոնտոս ծովու» ։

       Միհրդատից յետոյ յայտնի չէ, թէ ով է կարգւում Գուգարաց բդեշխ, որովհետեւ Արտաշէս Բ-ի թագաւորութեան (85-131) պատմութիւնը շատ թերի է, եւ հայ ու օտար մատենագիրների ասածները միմեանց անհամապատասխան։ Նոյն իսկ վրաց «Քարթլիս Ցխովրէբան» նկարագրելով Փարնաջում թագաւորի պատերազմները Տաշիրում, ուր ապաստանած էին վրաց էրիստաւները եւ հայերից էլ օգնութիւն էին ստացել, ոչ մի խօսք չի ասում Գուգարաց բդեշխի մասին։ Միեւնոյն լռութիւնը պահպանւում է այս բդեշխի մասին, երբ Երուանդ Բ-ը (65-85) ջարդելով վրաց Փարսման թագաւորի զօրքերը, տիրում է մինչեւ Կուր գետը, առնում է Ծունդան (Ջաւախքում), բնակեցնում այնտեղ քաջ մարդիկ եւ վերակոչում է «Քաջաց տուն»։ Միայն Արտաշէս Բ. ժամանակ, երբ Սմբատ Բագրատունին կրկին տիրապետում է այս կողմերին, Գուգարքի բդեշխ եւ սահմանակալ զօրապետ նշանակւում է թագաւորի որդի Զարեհը. եւ որովհետեւ սա վատ պատերազմող էր, ուստի վրաց Քարձամ թագաւորն ապստամբեցնում է նրա հպատակներին, եւ Զարեհին բռնելով բանտարկում է։ Բայց Արտաւազդ, Տիրան եւ Սմբատ բդեշխները միասին յարձակւում են վրաց վրայ եւ ազատում Զարեհին բանտից եւ գերութիւնից * ։

       Քարթլիս Ցխովրէբայում այս միեւնոյն անցքը այս կերպ է պատմւում հռովմէացիների եւ պարսից մէջ ծագած պատերազմի ժամանակ հայոց զօրքը, թագաւորի երկու որդիների եւ Սմբատի հետ պատերազմում էին պարսից դէմ։ Վրացիներն ու օսերը բազմացրին իրենց յարձակումները ի վնաս Հայաստանի, Արտաշան թագաւորը հաւաքեց իւր մնացած զինուորները եւ յանձնելով իւր որդի Զարենին ուղարկեց վրացիների դէմ։ Սրանք եւ սրանց դաշնակից օսերը գնացին նրան պատահելու Ջաւախքում, պատերազմեցին նրանց հետ, Զարենը յաղթուեց, փախաւ, զօրքը ցրուեց. նրանց հետեւեցին մինչեւ Հայաստանի սահմանը։ Զարենը, թագաւորի որդին, գերուեց Ցիլ լճի ափին։ Օսերը կամենում էին նրան սպանել, իբր վրէժխնդրութիւն իրենց թագաւորի արեան, բայց վրացիներն ազատեցին նրա կեանքը, իրենց սահմանները նրանով վերագնելու համար. եւ նրան Դարի. ալան ամրոցում բանտարկած պահեցին։ Հայերը պարսից պատերազմով զբաղուած լինելով չկարողացան վրէժխնդիր լինել։ Բայց երեք տարուց յետոյ Սմբատ Բիւրիտեանը թագաւորի երկու որդիների, Արավազ եւ Տիգրանի հետ եւ Հայաստանի բոլոր զօրքով դուրս եկան պատերազմի։ Վրաստանի թագաւորները հրամայեցին փախչել ամուր քաղաքները, հայերը բանակ դրին Թրիալէթում եւ սկսեցին բանակցել։ Վրացիները դաշն կապեցին, վերադարձրին գերի արքայորդուն, դաշնակից դառան եւ խոստացան Արտաշանի անունով եւ պատկերով դրամ կտրել։ Իսկ հայերը վերադարձրին Ծունդան, Ջաւախէթը, եւ մի քանի ուրիշ ամրութիւններ * ։

       Սրանից յետոյ էլ պատմութիւնը լռում է Գուգարաց բդեշխների մասին մինչեւ 321 թուականը, երբ Տրդատ թագաւորը Հայաստանը բաժանելով չորս զինուորական շրջանի, հիւսիսայինը յանձնեց վրաց թագաւոր Միհրանին, որի որդին ամուսնացած էր իւր դստեր հետ։ Սա միաժամանակ եւ կրում էր բդեշխ Գուգարաց կոչումը եւ առաջնորդում Հայոց հիւսիսային բանակը։ Եւ երբ Տրդատի մահից յետոյ Հռովմէացւոց Անտիոքոս զօրապետն եկաւ Հայաստան Տրդատի որդի Խոսրով Բ. թագաւորացնելու, (344 թ). նա վերահաստատեց Միհրանին վրաց թագաւոր եւ բդեշխ Գուգարաց, առաջնորդ հիւսիսային բանակի։ Այս Միհրանը, որ ս. Նունէի քարոզութեամբ ընդունել էր քրիստոնէութիւն (318 թ. ), մեռաւ այն պատերազմում, որ նա վարեց Հայաստան խուժող Հոների եւ Ալանների դէմ՝ որոնք մինչեւ Վաղարշապատ հասան, բայց կարճ միջոցում յետ քշուեցան։ Միհրանի փոխարէն հիւսիսային բանակի առաջնորդ եւ Գուգարաց բդեշխ կարգուեց Գարջոյլ Մալխազունին կամ Գարջոյլ Մալխաս Խորխոռունին * ։

       Այս տանից էլ Մանասպ Խորխոռունին, որ Ձորոց իշխան Գորութի եւ ուրիշների հետ 356 թ. ուղեկցեց Յուսիկ կաթուղիկոսին Կեսարիա * ։ Յայտնի չէ, թէ այս Գարջոյլ Մալխազունի բդեշխը, թէ մի ուրիշն էր, որ Արշակ Բ. թագաւորութեան (364-382) միջոցին ապստամբուեց, որի պատճառով եւ Մուշեղ զօրապետը յարձակուելով նրա վրայ՝ բռնեց նրան, գլխատեց եւ արու զաւակներին կոտորեց, իսկ կանանց եւ աղջիկներին գերի տարաւ, պատանդներ առաւ եւ մնացածներին հպատակեցրեց։

       Այնուհետեւ մինչեւ Ե. դարը չենք պատահում Գուգարաց բդեշխների, միայն Վարդանանց պատերազմի ժամանակ հանդէս է գալիս Աշուշա բդեշխը, «այր խելացի եւ խորհրդական» ։

       Սա հրաւիրեց ս. Մեսրովբին վերացնելու Տաշիրում տարածուած կռապաշտութիւնը, եւ նա գալով (424 թ. ) արմատախիլ արաւ չարիքը եւ երկրի հոգատարութիւնը յանձնեց Սամուէլ եպիսկոպոսին։ Հայոց նախարարների եւ վրաց ու Աղուանից թագաւորների հետ Աշուշա բդեշխն էլ կանչուեց Յազկերտ Բ-ի մօտ. եւ սա էր նախարարներին խորհուրդ տալիս, որ երեսանց ուրանան քրիստոնէութիւնը, որպէս զի կարողանան հայրենիք վերադառնալ եւ պաշտպանել անտէր ժողովուրդը։ Բայց երբ նախարարները նրա խորհուրդին հետեւելով վերադարձան, Յազկերտ Բ թոյլ չըտուեց նրան, ինչպէս եւ վրաց ու Աղուանից թագաւորներին, վերադառնալ եւ պահեց իւր մօտ * ։

       Եւ երբ 455 թուին նա իրաւունք ստացաւ վերադառնալու, մեծամեծ ընծաներ տալով կարողացաւ վերցնել իւր հետ իւր փեսայակից Հմայեակ Մամիկոնեանի (Վարդանի եղբօր) Վահան, Վասակ եւ Արտաշէս որդիներին, որոնց Վասակը Պարսկաստան էր ուղարկել, որպէս մահապարտի որդիներ մահուան դատապարտելու։ Աշուշան բերեց նրանց Գուգարք եւ յանձնեց նրանց մօր, Ձուիկին, որ ապրում էր իրենց մօտ, նրա քոյր՝ Անուշվռամը՝ Աշուշայի կինն էր։

       Հաւանականօրէն Աշուշայի մահից յետոյ վրաց Վախթանգ Ղուրգասլանը (446-499) իւր թագաւորութեան վերջին օրերում բաժանելով Վրաստանը իւր որդիների եւ էրիստաւների մէջ՝ վերացրեց բդեշխութիւնը՝ տալով Շամշվիլդէն՝ էրիստաւ Ադարկազին, Կղարջքը՝ Արտաւազին, Ծունդան՝ Նազարին * ։

       Այնուհետեւ այս նահանգը, ենթարկուելով վրաց իշխանութեան, կառավարուեց մի քանի էրիստաւներով, մինչեւ որ արաբացիները տիրապետելով Հայաստանին եւ Վրաստանին, տիրեցին եւ՛ Գուգարքը։ Այս ժամանակուանից մինչեւ Ժ դարը Գուգարքը մի առանձին իշխանութիւն, մի առանձին միութիւն չկազմեց, այլ որպէս ենթակայ երբեմն վրաց, երբեմն արաբացւոց, երբեմն Հայոց, նա նոյն այդ երկիրների վիճակն ունեցաւ, միայն երբեմնապէս տեղի ունեցան մի քանի նշանաւոր անցքեր, որոնք հարկ ենք համարում յիշել ժամանակագրական կարգով, որովհետեւ հէնց այս անցքերն էլ ցոյց են տալիս, թէ ինչպէս Գուգարքը բազմաթիւ ապստամբութիւններով ձգտում էր մի անկախ իշխանութիւն կազմելու, որին եւ հասաւ Կիւրիկեան թագաւորութեամբ։ Արդ՝ 782 թուին Սմբատ Բագրատունու որդիները մաքրեցին արաբներից նախ Տաշիրն եւ Աշոցը եւ ապա հայկական այլ գաւառներ, բայց շուտով այս բոլորն էլ նորից ընկան արաբացիների տիրապետութեան տակ, եւ ենթարկուեցան բազմաթիւ արշաւանքների եւ անողորմ կոտորածների։ Սրանցից պէտք է յիշել Բուղայի արշաւանքը 850 թուին, որ ահագին աւերումներ եւ կոտորածներ գործելուց յետոյ, բազմաթիւ գերիների հետ Բաղդատ տարաւ Սեւորդեաց Ստեփանոս Կոնին, որ քրիստոնէութիւնը չուրանալու համար՝ նահատակուեց բանտում 854 թուին։

       Այնուհետեւ Հայաստանի հետ Գուգարքն էլ հարկ էր վճարում Բաղդատի ամիրապետին։ Գուգարքի հիւսիսային մասը՝ Կղարջքը, Ջաւախքը, Թռեզքը, Կանգարքի, Ծորոփորի մի մասը եւ առհասարակ Դեբեդ գետի ձախ կողմն ընկած երկիրները իրենց վրայ դրուած հարկը յանձնում էին Թիֆլիսի ամիրային, Կողբոփորը, հաւանականօրէն ընկնում էր Գանձակի ամիրայի շրջանում, իսկ Տաշիրը, Ձորոփորը եւ Արդահանը ենթարկւում էին Հայաստանի ամիրային, որ Դուին էր նստում։

       Այս ժամանակներում Բագրատունիք հետզհետէ զօրացան, եւ շատ երկրներ ձեռք բերին, որոնց մէջ եւ Տայքն ու Գուգարքի մի մասը։ Այս ցեղից մինը ամուսնացաւ Վախթանգ Ղուրգասլան թագաւորի դստեր հետ եւ սրա սերունդն ստացաւ բացի Տայքի հիւսիսային մասից, նաեւ Գուգարքից Կղարջքը, Ջաւախքը եւ Թռեզքը (Թրիալէթը)։ Այս ցեղը հետզհետէ զօրանալով տուեց շատ նշանաւոր մարդիկ եւ նոյն իսկ թագաւորներ, որոնցից առաջինն եղաւ Աշոտ I, որ բարձրացաւ վրաց գահը 787 թուին։

       Նոյն բաղդին արժանացան Բագրատունիք եւ Հայաստանում, Աշոտ Ա. (855 թուին) հիմնելով Բագրատունեաց հարստութիւնը, նուաճեց նաեւ Գուգարքը։

       889 թուին մեռաւ Աշոտ թագաւորը, եւ նրա Սմբատ որդին, որ դեռ Շամշվիլդէումն էր գտնւում, Գուգարքի վրայ կառավարիչ նշանակեց Գնթունեանց ցեղից Վասակ եւ Աշոտ եղբայրներին եւ ինքը վերադարձաւ, գահ բարձրանալու։

       896 թուին Ատրպատականի կառավարիչ Օշինը Ուտիով անցնելով ամէն կերպ աշխատեց Գուգարքի բնակիչներին ապստամբեցնել Սմբատ թագաւորի դէմ։ Բայց սրանք չենթարկուելով նրա ներշնչումներին՝ ինքեանք հաւաքուեցան անմատչելի ամրոցներ, որպէսզի սրանով ստիպէին Օշինին թողնել երկիրը։ Նա պաշարեց Ջաւախքում Տմովկի եւ Կվէլի բերդերը, բայց անյաջող. Ուստի Օշինը վերադարձաւ Վանանդ (Կարսի գաւառակը)։

       899 թուին Օշինը նորից եկաւ Թիֆլիս եւ այստեղից Գուգարքի վրայով անցաւ Շիրակ։

       Այս ժամանակ Օշինը յարձակուեց Սեւորդեաց նահապետ Գէորգի վրայ եւ նրան անպատրաստ գտնելով՝ գերեց իւր Արուէս եղբօր հետ, տարաւ Փայտակարան, ուր նրանց նահատակեց քրիստոնէութիւնը չուրանալու պատճառով։

       Օշինի մահից յետոյ Ատրպատականի ամիրայ դարձաւ նրա եղբայր Յուսուփը, որ թշնամանալով Սմբատ թագաւորի հետ՝ 902 թուին անցկացաւ Փայտակարանով եւ Ուտիով Տաշիր՝ Տաշրատափ ։ Սմբատը լսելով այս մասին՝ բռնեց Տաշիրի եւ Աշոցի նեղ անցքերը արեւելեան կողմից, սակայն Յուսուփը տեղեկանալով այս մասին, շտապեց անցնել հարաւ-արեւմտեան կողմից եւ մտաւ Շիրակայ դաշտը։

       904 թուին Հայաստան արշաւեց Աբխազաց Կոստանդին թագաւորը եւ տիրեց Գուգարքին, բայց Հայոց եւ Վրաց զօրքից յաղթուեց եւ գերի ընկաւ։

       907 թուին Սմբատ թագաւորը հանգիստ ապրում էր Տաշիրում, երբ մի քանի հայ նախարարներ, վրաց Ատրներսէհ թագաւորի հետ նրա դէմ դաւադրութիւն կազմեցին եւ մարդ ուղարկեցին նրան սպանելու, բայց թագաւորն այդ իմանալով ուղեւորուեց Շիրակ, եւ ջարդեց ու ցրուեց դաւադիրներին։ Շուտով Յուսուփը նորից մտաւ Հայաստան եւ Սմբատ թագաւորն իրեններից թողնուած, 909 թուին իւր զօրքով անցաւ Գուգարքը, Օձուն իւղը եւ ապա թագնուեց Կղարջքի անմատչելի այրերում * ։ Յուսուփը վերադարձաւ Դուին, վերցրեց իւր հետ Յովհաննէս կաթուղիկոսին, իսկ Սմբատ թագաւորը Գուգարքից անցաւ Շիրակ։
       910 թուին Հայոց Յովհաննէս կաթողիկոսը կարողացաւ փախչել Յուսուփի մօտից Աղուանից երկրով Գուգարք, ուր եւ երկար ապրեց, հաւանականօրէն Օձուն եւ Արդուի գիւղերում։

       Այս միջոցներում Սմբատը հաւաքեց իրեն հաւատարիմ մնացած նախարարներին, եւ իւր որդիների առաջնորդութեամբ ուղարկեց Յուսուփի վրայ։ Սմբատի հետ միացաւ եւ Սեւորդեաց ցեղը, բայց հէնց առաջին կռւում Սեւորդեանք դաւաճանեցին թագաւորին եւ իրենք յանձնեցին Յուսուփի ձեռքը իրենց առաջնորդ՝ Մուշեղ արքայորդուն։

       911 թուին Յուսուփը զօրք ուղարկեց Տաշիրը եւ Կանգարքը ասպատակելու։ ՚Ի վերջոյ Յուսուփը կռիւը Սմբատի հետ վերջացաւ նրանով, որ Սմբատը գերի ընկաւ եւ գլխատուեց Դուինում։ Նրա մարմինը բերին Օձուն եւ ամփոփեցին եկեղեցու մօտ, ուր մինչեւ այժմ էլ կանգուն է մահարձանը * ։

       Շուտով Հայաստանն ենթարկուեց Յուսուփին, բացի Գուգարքի մի քանի անմատչելի տեղերը, ուր այդ ժամանակ թաք էր կենում Սահակ Սիսակեանը։

       Սմբատի մարտիրոսական մահից յետոյ, նրան յաջորդեց նրա որդին՝ Աշոտ երկաթը։ Սա շուրջն հաւաքելով իւր քաջերին, սկսեց հալածել Հայաստանից արաբներին եւ 914 թուին մաքրելով Գուգարքը նրանցից՝ յանձնեց նախկին կառավարիչներին - Վասակ եւ Աշոտ Գնթունիներին։ Ապա անցնելով Թիֆլիս եւ Ուտի, կրկին եկաւ Տաշիր, ուր իմանալով, որ Կողբոփորում (Աղստաֆա) դեռ եւս մնացել են արաբներ, շտապեց նրանց եւս դուրս քշելու։ Բայց երկար չտեւեցին Աշոտ երկաթի յաջողութիւնները, նախարարները թողին նրան եւ սկսեցին միմեանց դէմ կռիւներ վարել։ Երկիրը մնաց անպաշտպան։ Այդ ժամանակ, այն է 917 թուին, նորից Յուսուփի զօրքերը մտան Հայաստան, եւ աւերելով երկիրը՝ բնակիչների մեծ մասին գերի տարան Յուսուփի մօտ, որ անգթաբար գլխատել տուեց հաւատը չուրացողներին։ Այսպէս գլխատուեց մի 17 տարեկան գեղեցիկ երիտասարդ Գուգարքից, Միքայէլ անունով, որ չկամեցաւ մահմեդականութիւն ընդունել։ Հայաստանեաց եկեղեցին միւս մարտիրոսների հետ յիշատակում է նաեւ այս Միքայէլին։

       Այս միջոցին Հայաստանի հարեւան ազգերը՝ աբխազներն ու Կովկասեան լեռների բնակիչները, ինչպէս եւ իրենք Գուգարքի եւ Ուտի գաւառի հայերը, օգտուելով անիշխանութիւնից, սկսեցին թալանել ինչպէս Հայաստանի անպաշտպան գաւառները, այնպէս եւ մէկը միւսին։ Ականատես մատենագիր Յովհաննէս կաթուղիկոսի ասելով անհնարին էր այդ ժամանակներում անցնել Գուգարքով եւ Ուտիով. թալանում էին ամէն րոպէ եւ կրակի մատնում տներն ու կայքերը։ Այս բոլորի հետեւանքն եղաւ սով եւ երկրի աւերումն։

       Այս միջոցին Աշոտից կարգուած Գուգարքի Վասակ եւ Աշոտ Գնթունի կառավարիչները Գուգարքի բնակիչներին ապստամբեցին թագաւորի դէմ եւ 921 թուին իրենց անկախ հրատարակեցին։ Աշոտ Երկաթ թագաւորն իւր եղբայր Աբասի եւ ուրիշ նախարարների հետ մտաւ Գուգարք եւ պաշարեց Շամշուլդէ ամրոցը, ուր թաքնուած էին Գնթունի նախարարները։ Պաշարումն անյաջող անցաւ. թագաւորական զօրքի պաշարը հատաւ եւ Աշոտ ստիպուեց բաց թողնել իւր զօրքը շրջակայքը ուտեստ գտնելու իսկ ինքը 250 մարդով հեռացաւ Ասուրէտ ամրոցը։ Վասակ եւ Աշոտ Գնթունիները տեսնելով որ Աշոտ թագաւորը մեկնեց իրենցից, ցրուեց զօրքերը զանազան գաւառներ եւ առանձին մնացել է Ասուրէտի մօտ, ծածուկ պատրաստութիւններ տեսան, մօտ չորս հազար մարդ վարձեցին Կովկասի լեռնականերից եւ Թիֆլիսի զօրքերից եւ յանկարծակի յարձակուեցան Աշոտ թագաւորի վրայ։

       Աշոտ այսպիսի անակընկալ յարձակման ենթարկուելով շուարեց, բայց յետոյ քաջացաւ, քաջալերեց իւր երկու հազար մարդկանց եւ ընկնելով սրանց վրայ արիաբար որին սրէ անցկացրեց, որին գերի բռնեց ապա անհաւատների ականջներն ու դունչը կտրեց, իսկ քրիստոնեաներին մերկացրեց եւ արձակեց։ Միայն Վասակը մի քանի մարդկանցով կարողացաւ փախչել եւ ամրանալ Շամշուլտէում։ Այս ժամանակ Աշոտ թագաւորն իւր եղբայր Աբասի հետ գնաց Տփխիսի մեծ իշան եւ իւր սիրելի Գուրգէնի մօտ։ Այստեղ ինքն իրեն եկաւ Վասակ Գնթունին եւ խնդրեց ներել իրեն։ Աշոտ թագաւորն էլ ներողամիտ եղաւ եւ կրկին հաստատեց նրան իւր եղբայր Աշոտի հետ Գուգարքի վերակացու։ Կարճ ժամանակից յետոյ Վասակի եղբայր Աշոտ Գնթունին օտարազգի թշնամիների դէմ վարած պատերազմում մեռաւ եւ այնուհետեւ միայն Վասակը տիրապետեց Գուգարքին։ Սակայն Վասակ նորից մտծեց ապստամբել Աշոտ Երկաթից, անձնատուր եղաւ աբխազաց Գուրգէն մեծ իշխանին եւ խոստացաւ յանձնել նրան իւր ամրոցը, միայն թէ նա եւս տայ իրեն մի ուրիշ ամրոց իւր երկրի մէջ։ Գուրգէն այս յետկարի համաձայն պահանջեց նրանից բերդը եւ Վասակ յանձնելով բերդը իւր մի քանի ազգականների, գնաց Գուրգէնի մօտ, որ արդէն զօրքն առած դէպի իրեն էր գալիս։ Նրան պատահելով՝ Վասակը միացաւ նրան եւ եկաւ յետ, դէպի ամրոցը։ Բերդապահները զարմանալով Գուրգէնի այդպէս արագ վերադառնալու վրայ, կասկածեցին եւ բաց չարին դուռը, այլ խնդրեցին, որ թոյլ տայ միայն Վասակին ներս մտնելու եւ ապա նրա հաւանութեամբ կարող են յանձնել բերդը, որովհետեւ, ասում են, մենք իրաւունք չունինք առանց նրա հրամանի բերդը մինին յանձնելու։ Գուրգէնը պնդելով իւր ասածի վրայ, կամենում էր պատերազմով առնել բերդը։

       Այս տեսնելով բերդապահները շտապով պատգամաւորներ ուղարկեցին Աշոտ թագաւորի մօտ եւ իմացրին նրան եղելութիւնը։ Նա էլ զօրքն առած շտապով եկաւ այդտեղ։ Եւ երբ Գուրգէնը լսեց, թէ Աշոտը գալիս է, շտապով փախաւ այնտեղից, տանելով իւր հետ եւ Վասակին։ Պահապանները տեսնելով Գուրգէնի փախուստը, Աշոտի առաջն էլ բաց չարին դուռը եւ ասացին, թէ չեն կարող ոչ ոք ընդունել, քանի որ Վասակը իրենց մօտ չէ։

       Աշոտը այս բանի վրայ զայրացած պաշարեց ամրոցը եւ յարմար ժամի էր սպասում այն առնելու։ Այս պատճառով քաղաքացիները թշնամացան Աշոտի հետ։ Եւ որովհետեւ այդ ամրոցը յետեւից ծածուկ դուռն եւ անխուլ ճանապարհ ունէր, ուստի այնտեղից Գուրգէն իշխանը մի պատգամաւոր ուղարկեց ներս եւ ծանր երդումով խոստացաւ նրանց տալու Վասակին, եթէ յանձնեն իրեն ամրոցը։ «Եւ ես, ասում է, քշելով այստեղից Աշոտին, կազատեմ ձեզ բոլորիդ նրանից, ապա թէ ոչ նա կը կոտորէ բոլորիդ եւ ես էլ կ՚սպանեմ Վասակին»։ Այդ ժամանակ բերդապահները վախենալով, թէ մի գուցէ չզիջանին Գուրգէնի խնդրին, նա յիրաւի սպանէ Վասակին, վերադարձրին պատգամաւորին եւ խնդրեցին Գուրգէնին, որ զօրք ուղարկէ, տիրէ բերդին եւ հալածէ այնտեղից Աշոտ թագաւորին։ Գուրգէն այս խոստումը առնելով քաղաքացիներից, երեք հարիւր մարդ ուղարկեց, որոնք այդ գաղտնի ճանապարհով ներս մտնելով սկսեցին կոտորել բերդապահներին։ Եւ երբ այս տեսան բերդի բնակիչները՝ պահուեցան, եւ վերնաբերդը բարձրանալով՝ սկսեցին կըռուել Գուրգէնի զօրքի հետ, աշխատելով դուրս քշել նրանց բերդից։

       Իսկ Աշոտն այս մասին ոչինչ չգիտենալով, կարծում էր, թէ ամրոցի միջի մարդիկ են միմեանց կոտորում։ Եւ որովհետեւ նա չէր կարող կռուել բերդի մէջ եղողների հետ, որովհետեւ պարիսպը խանգարում էր, ուստի եւ սկսեց կռուել վերնաբերդի մէջ եղողների հետ եւ շատ նեղում էր նրանց, այնպէս որ նրանք չէին կարողանում այլ եւս կռուել։ Գուրգէնի զօրքի դէմ։ Ուստի սրանք սկսեցին բոլոր ձայնով աղաղակել եւ ասել Աշոտին, թէ Գուրգէնի զօրքերը բերդի մէջ են եւ իրենք նրա՛ համար են կռւում եւ ոչ ուրիշի։

       Երբ լսեց այս Աշոտը, շատ զարմացաւ եւ կանչեց նրանց թէ, եթէ ինձ համար էք պատերազմում, ինչի՞ չէք բաց անում բերդի դուռը, որ ես էլ ներս մտնելով հեշտութեամբ կարողանանք վերջացնել պատերազմը, եւ ես վարձատրեմ ձեզ, ինձ համար պատերազմելու համար։ Եւ երբ բացին դուռը, Աշոտի զօրքերը ներս մտան եւ մի ակնթարթում ձերբակալեցին Գուրգէնի զօրքը։ Եւ որովհետեւ նրանք կապանքների մէջն անգամ լուռ չէին կենում, եւ վատ էին խօսում Աշոտի մասին, ուստի եւ Աշոտ հրամայեց հանել նրանց աչքերն եւ կտրել նրանց ականջներն ու դունչերը եւ այնպէս արձակել Գուրգէնի մօտ։

       Այսպիսով Աշոտ Երկաթը նորից հպատակեցրեց իրեն Գուրգէնին։

       Սակայն այս ազատասէր երկիրը բոլորովին չընկճուեցաւ եւ կարճ միջոցից յետոյ, Աշոտ Ողորմածի ժամանակ նորից անկախութիւն ձեռք բերեց եւ առանձին թագաւորութիւն կազմեց, Կիւրիկեան հարստութեամբ։