Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԻՒՐԻԿԵԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ

       Կիւրիկեան թագաւորութեան հիմնադիր համարւում է Աշոտ Ողորմածի կրտսեր որդի Գուրգէնը կամ Կորիկէ Ա. ըր հօր մահից յետոյ ժառանգեց Տաշիրը, Կայեան, Կայծոն, Խոշոռնի, Խոռակերտ, Բազկերտ եւ ուրիշ անուանի բերդեր։ Մինչդեռ իւր աւագ եղբայր Սմբատ Բ. թագաւորում էր Անիում, սա իրեն թագաւոր հրատարակեց (989 թ) եւ սկսեց առանձին դրամ կտրել, որոնցից մի հատ Խուդաբաշեվը նուիրել է Պետերբուրգի Ասիական թանգարանին։ Այս դրամը առաջին անգամ նկարագրել է Մ. Բրոսսէն իւր «Monegraphie des monnaies Armeniennes ( S. Petersdouarg 1839) եւ յետոյ Լանգլուան իւր Namisatigue genelate de I Armenie (Paris 1859թ) աշխատութեանց մէջ։ Սա պղնձից է, առաջին երեսում տեսնւում է Յիսուս Քրիստոսի անդրին, ամբողջ դէմքով, գլխի շուրջը ճաճանչ եւ ձեռին մի գիրք՝ հաւանականօրէն՝ Աւետարանը բռնած, գլխի երկու կողմում Յս Քս է գրուած վերեւը կրճատման պատիւ։ Միւս երեսում որոշ կարդացւում է միայն

       +ՏՐ ՈԳ
       ՆԷ ԿՈՐԻԿ
       Ի ԿՈՐԱ…
       Ա…
       այսինքն Տէր օգնեա Կորիկի կոր.. ա…

       Բրոսսէ այս դրամը Կորիկէ առաջինինն է համարում, որովհետեւ սրա ձեւը միանգամայն յիշեցնում է Թամարի հայր Գէորգիի եւ Գիորգի Լաշա Վրաց թագաւորների դրամի ձեւը ։ Բացի սրանից այս Կորիկէն սոյն հարստութեան ամենազօրեղը լինելով կարելի էր աւելի հեշտութեամբ նրան վերագրել ։

       Բայց Լանգլուան նմանութիւն գտնելով Անտիոքի խաչակիր իշխանների դրամների վերտառութեան հետ, վերագրում է Կիւրիկէ IV-ին * ։

       Մենք Բրոսսէի կարծիքը աւելի հաւանական ենք համարում, որովհետեւ որքան զօրեղ էր Կիւրիկէ Ա. այնքան թոյլ եւ աննշան էր Կիւրիկէ Դ որ հալածուած Գուգարքից, ապրում էր Մածնաբերդում։

       Գուրգէնը մեռաւ 989 թուին եւ թողեց երկու որդի՝ Դաւիթ եւ Սմբատ։ Դաւիթը, որ Անհող կոչուեց, ընդարձակեց իւր երկրի սահմանները Գուգարքումն ու Վրաստանում եւ Շամշուլդէն մայրաքաղաք դարձրեց։ Նա նուաճեց նաեւ Դմանեաց քաղաքը եւ հպատակեցրեց Թիֆլիսի ամիրային։

       Այս ժամանակ (990 թ. ) Գանձակի Փալտուն ամիրան յարձակուեց Դաւթի վրայ, բայց ջարդուեց եւ հազիւ հազ կարողացաւ չսպանուել ։ Հէնց այս միջոցին մի հայ նախարար, որ տիրում էր Գագ (Ղազախում) բերդին, դաւաճանեց Դաւթին, հպատակուեց Վրաց թագաւորին, երկրորդ անգամ մկրտուեց յունական ծիսակատարութեամբ եւ անուանուեց Դիմիտրի։ Այս հաւատափոխութեան պատճառով նա Վրաց կողմից կառավարիչ (մամփուղ-արքայիկ) կարգուեց Գագում։ Այդ ժամանակ Դաւիթը յարձակուեց Դիմիտրիի վրայ եւ խլեց նրանից բերդը։ Դիմիտրին փախաւ եւ այս պարտութիւնից յետոյ երկար չապրեց։

       Այսպէս զօրանալով՝ Դաւիթ Անհողը 1001 թուին իրեն անկախ հրատարակեց Հայոց Գագիկ թագաւորից։ Այս պատճառով Գագիկը յարձակուեց Դաւթի երկրի վրայ, մտաւ Տաշիր, եւ երեք ամսուայ ընթացքում քարուքանդ արաւ Դաւթի երկրները, մինչեւ որ Աղուանից Սարգիս կաթուղիկոսը միջամտելով կարողացաւ հաշտեցնել եւ Դաւթին նորից հպատակեցրեց Գագիկին։ Բայց երբ 1020 թուին մեռաւ Գագիկ Շահնշահ թագաւորը կտակելով իւր Յովհաննէս Սմբատ որդուն թագաւորական գահը եւ շատ երկրների հետ նաեւ Կայեան, Կայծոն բերդերը եւ Սեւորդեաց Տաւուշ գաւառը Դաւիթ Անհողը նորից զէնք վերցրեց, եւ օգտուելով հանգամանքից, որ Յովհաննէս Սմբատի թուլութեան պատճառով նրա եղբայր Աշոտն էլ թագ էր կապել Կարսում եւ այս պատճառով սկսուել էր ազգամիջեան պատերազմ օրից օր զօրացաւ եւ ընդարձակեց իւր երկրին սահմանները դէպի Ուտէացւոց եւ Աղուանից աշխարհները, որի պատճառով եւ վերակոչուեց Աղուանից թագաւոր, պահպանելով իբր մայրաքաղաք դարձեալ Շամշուլտէն։

       Դաւիթ Անհողը վերանորոգեց շատ բերդեր ու ամրոցներ, կառուցեց տասներկու նոր բերդ։ Շինեց կամ վերաշինեց Լօռի քաղաքը Տաշիրում եւ կառավարիչ կարգեց իւր որդի Գուրգէնին, որ Կորիկէ կամ Կիւրիկէ էլ էր կոչւում։ Այս միջոցներում Դաւիթ Անհողը խնամացաւ Դուինի ամիրայ Արուսուարի հետ, (որ ազգով պարսիկ էր), տալով նրան իւր քոյրը։ Արուսուարը շատ նախանձոտ աչքով էր նայում Դաւթի այսպէս զօրանալու վրայ, ուստի եւ ծածուկ դաշն կապելով Պարսից գահի վրայ նոր հաստատուած Տուղրիլի հետ, հաւաքեց մինչեւ 150, 000 զօրք եւ 1036 թուին մտաւ Աղուանք եւ հետզհետէ շարժուեց դէպի արեւմուտք։ Թէեւ շատ քաղաքներ հպատակեցան այս ամիրային, բայց ամէն տեղ եկեղեցիները քանդուեցան, քրիստոնէական սրբութիւնները ծաղրի առարկայ դարձան եւ շատերը գլխատուեցան հաւատի համար։ Դաւիթը միայն տասն հազար զօրք ունէր, ուստի եւ չհամարձակուելով միայնակ պատերազմ սկսել, օգնութիւն խնդրեց Հայոց, Աբխազների եւ Կապանի թագաւորներից, ինչպէս եւ Աղուանից Տէր Յովսէփ գ. թագաւորն ուղարկեց 3000, Դարբանդի Սենեքերիմ թագաւորը՝ 2000, եւ Աբխազների թագաւորը՝ 4000 զինուոր, որ Գուգարքի զօրքի հետ կազմեց 19000։

       Բացի դրանից Դաւիթը դիմեց Գուգարքի նշանաւոր վանքերին, եւ նրա մօտ հաւաքուեցան վարդապետներ եւ քահանաներ՝ խաչով, խաչվառով։ Հոգեւորականութեան ներկայութիւնը եւ նրա երգեցողութիւնն ոգեւորեցին Դաւթի զօրքին եւ հէնց առաջին կռւում Աբուսուարի զօրք ջարդուեց եւ ցրուեց։ Հինգ օր շարունակ հայերը հետեւեցին թշնամիներին եւ յետոյ նրանց թողած ահագին աւարը Դաւիթը բաժանեց զօրքին եւ հոգեւորականութեանը * ։

       1039 թուին մեռան Հայոց թագաւոր Յովհաննէս եւ նրա եղբայր Աշոտը, երկիրն երկու տարի մնաց առանց թագակրի։ Դաւիթ Անհողը՝ իւր առաջին յաջողութիւններով հպարտացած, խիզախեց իրեն ամբողջ Հայաստանի թագաւոր հրատարակել եւ տիրել նրան։ Երկու անգամ նա մտաւ Շիրակ, հակառակորդներին սրից անցկացրեց, բայց երկու անգամին էլ նախարարները միացեալ ուժով ստիպեցին նրան վերադառնալ իւր թագաւորութիւնը՝ Գուգարք։

       Բայց երբ Գագիկ Բ. դաւաճանութեամբ Կ. Պօլիս հրաւիրուեց, ուր նրան առաջարկեցին Յովհաննէս թագաւորի կտակի համեմատ Անին Յոյներին յանձնել, Հայոց նախարարներն երկու կուսակցութեան բաժանուեցան, մինը ցանկանում էր Անին Յոյներին յանձնել, միւսը՝ հրաւիրել Դաւիթ Անհողին՝ տիրելու նրան։ Առաջին կուսակցութիւնն աւելի զօրեղ եղաւ եւ Յոյները հրաւիրուեցին Հայաստան 1046 թուին * ։ Նոյն տարին էլ մեռաւ Դաւիթ Անհող թագաւորը եւ թաղուեց Սանահնի վանքի բակում։ Դաւիթ Անհողին յաջորդեց որդին՝ Կիւրիկէ Բ. Սա իւր մայրաքաղաքը Շամշուլդէից փոխադրեց իրեն սիրելի Լօռի քաղաքը։

       Սորա ժամանակ, 1063 թուին պարսից թագաւոր Ալփասլանն ասիական բոլոր ցեղերից հաւաքած ահագին զօրքով մտաւ Աղուանք եւ բնակիչներին սրի ճարակ դարձրեց, ապա պատգամաւոր ուղարկեց Կիւրիկէի մօտ, Լօռի, եւ խնդրեց նրա դստեր ձեռքը, սպառնալով՝ որ եթէ մերժէ՝ կարշաւի նրա երկիրը։ Կիւրիկէ թագաւորն ստիպուած տուեց նրան իւր աղջիկը եւ նրա հետ դաշն կապեց։ Ալփասլան ազատ թողնելով Կիւրիկէի երկրները, մտաւ Գուգարքի Ջաւախք գաւառը, առաւ Ախալքալաքն ու Շամշուլդէն * ։

       1082 թուին Կիւրիկէ թագաւորը արեւելեան Հայաստանի հայերի խնդրով՝ հրաւիրեց Աղուանից Ստեփաննոս կաթուղիկոսին Հաղբատ եւ Հայոց կաթուղիկոս օծել տուեց Անիի առաջնորդ Բարսեղ եպիսկոպոսին։ Յետոյ այս նորընտիր կաթուղիկոսի հետ այցելութեան գնաց Պարսից Մելիքշահ շահին՝ Խորասան, ուր մեծ պատուով ընդունուեց * ։ Վերադառնալով իւր երկիրը՝ Կիւրիկէթագաւորը շարունակեց ջանք թափել պահպանելու իւր սահմանները վրացիներից, որոնք որից որ զօրանում էին * ։

       Կիւրիկէն մեռաւ եւ թաղուեց Հաղբատի վանքում։ Նա թողեց երկու որդի՝ Աբաս եւ Դաւիթ, ինչպէս եւ երեք դուստր՝ Մարիամ, Ռուսուդան եւ Բաւրինայ, որոնք շինել են Սանահնի վանքի գաւթի երեք սիւները։ 

       Կիւրիկէ Բ-ից յետոյ սկսեց թագաւորել Աբասը, որի ժամանակ 1105 թուին, Սկիւթացի Ղզիլ ամիրան ինքնակամ յարձակուեց Գուգարքի թագաւորութեան վրայ, առաւ Լօռին, Հաղբատն ու Սանահին, գնաց մտաւ Դուին եւ սպանեց Աբունասրին։ Այս միջոցին վերջինիս եղբայր Մանուչէն, զօրք ստանալով Պարսից արքունիքից, եկաւ սպանեց Ղզիլին իւր եղբօր՝ Աբունասրի գերեզմանի վրայ եւ Դուինը յանձնեց պարսիկներին * ։

       Սակայն Մանուչէի այս յաղթութիւնը չփրկեց Կիւրիկեան թագաւորութիւնը, որովհետեւ վրաց Դաւիթ թագաւորը զօրանալով խլեց պարսիկներից Թիֆլիսը, եւ յետոյ հայերի ձեռընտուութեամբ առաւ Ապրսուար ամիրայից Անին եւ աւելի ընդարձակելով իւր սահմանները՝ 1118 թուին տիրեց նաեւ Կայեան, Կայծոն, Լօռի, Տաշիր եւ ամբողջ Կիւրիկեան թագաւորութեան երկիրներին ։ Աբասն ու Դաւիթը գնացին «առ տեարսն Ռանայ» (թերեւս Առանայ, Աղուանք), եւ առան մի մի բերդ, (այն է Տաւուշ եւ Մածնաբերդ) եւ այնտեղ ապրում էին տառապանքով ։ Կարճ միջոցից Տաւուշն ընկաւ Պարսից ձեռը եւ Աբասը վերաբնակուեց Մածնաբերդում, իւր եղբայր Դաւիթի մօտ։ Այս երկուսի կանայքն էլ, Մամքան եւ Ռուզուդան, դարձան կրօնաւոր ։

       Աբաս թագաւորն ու իւր եղբայր Դաւիթը մեռան եւ թաղուեցան Հաղբատի վանքում։ Աբաս որդի չունէր, ուստի եւ նրան յաջորդեց Դաւթի որդին՝ Կիւրիկէ Գ- ը, մի շատ բարեբարոյ եւ առաքինի անձնաւորութիւն։ Սա առանց մի յիշատակի արժանի գործ կատարելու մեռաւ եւ իշխանութիւնը թողեց իւր փոքրահասակ Աբաս Բ. որդուն։ Աբասը չափահաս դառնալով՝ ամուսնացաւ Զաքարէ սպասալարի քոյր Նանայի հետ, սակայն երկու տարուց յետոյ վախճանուեց։ Այրի Նանա թագուհին ի յիշատակ իւր այդ վաղամեռիկ ամուսնուն, շինեց Սանահնի կամուրջը Ձորագետի վրայ։

       Աբասը թողեց միայն մի ապօրինի որդի, որին նրա քոյր Բիւրինան առաւ իւր մօտ եւ դաստիարակեց։ Սա, որ կոչւում էր Աղսարթան, մեծանալով դարձաւ «աստուածապաշտ ու քահանայասէր»։ Եւ երբ նա ժառանգեց Մածնաբերդը, Նոր բերդի Դաւիթ իշխանը Բագրատունեաց ազգից լինելով՝ չկամեցաւ որ Աղսարթանը, որպէս ապօրինի որդի, ժառանգէ Մածնաբերդը, ուստի եւ խաբէութեամբ ամուսնացրեց նրան իւր դստեր հետ եւ ինքը տիրեց Մածնաբերդին, որից յետոյ հանեց իւր աղջիկը նրա մօտից։ Այս պատճառով Աղսարթան իւր կողմը գրաւեց բերդի բնակիչներին, որոնք յանկարծակի յարձակուեցին Դաւթի վրայ, եւ ամբողջ ընտանիքով դուրս հանեցին բերդից, եւ վերջինիս յանձնեցին Աղսարթանին * ։ Մի ժամանակից յետոյ Աղսարթան իշխանութիւնը թողեց իւր որդի Կիւրիկէ Դ. -ին եւ ինքը կրօնաւոր դարձաւ Գիտակիցք վանքում ։ Կիւրիկէ Դ. ժաշտպանեց իւր Մածնաբերդը թաթարաց արշաւանքից, կռուելով Մօլարնուի դէմ ։ Նա թողեց երեք որդի՝ Բահլաւան, Թաղիադին եւ Աղսարթան, որոնց մասին ա՛յս միայն յայտնի է, որ Թաղիադինը Թաթարաց Հուլաղու խանի հետ 1257 թ. գնաց Ասորեստան պատերազմելու։ Յայտնի է նաեւ, որ նա կենդանի էր դեռ 1296 թ. ։

       Այսպէս ուրեմն, Կիւրիկեան թագաւորութիւնն սկսուեց 982 թուին Աշոտ Ողորմածի որդի Գուրգէն կամ Կիւրիկէ Առաջնով եւ տեւեց երկուս ու կէս դարիս աւելի մինչեւ Կիւրիկէ Դ. մահը, որ հաւանականօրէն տեղի է ունեցել 1250 թուից յետոյ ։

       Այսքան ժամանակամիջոցում միմեանց յաջորդել են ութ թագաւորներ, որոնք բնակուել են Շամշուլդէ, Լօռի, Տաւուշ եւ Մածնաբերդ բերդերում եւ որոնց յաջորդութիւնը եղած է հետեւեալ կարգով. -

       Գուրգէն կամ Կորեկէ Ա. 982-89
       Դաւիթ Անհող 989-1046
       Կիւրիկէ Բ. կ Թամար 1082-ից յետոյ
       Աբաս Ա. 1118 յետոյ Դաւիթ, Մարիամ, Ռուսուդան, Բաւրինա,
       Կիւրիկէ Գ.
       Աբաս Բ. կ. Նանա 1234
       Աղսարթան.
       Կիւրիկէ Դ. կ Թամար 1250 յետոյ
       Բահլաւան, Թադիագին 1296 Աղսարթան.
       Կիւրիկեան թագաւորութեան անկման միջոցին նշանաւոր դարձաւ Սպասալարների տոհմը, որ քաղաքական մեծ դեր կատարեց։