Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ՇԱՀՆԱԶԱՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Շահնազար. - Այս գաւառի հայ կաթոլիկների ամենամեծ գիւղն է, տարածուած մի ընդարձակ դաշտի վրայ։ Հեռուն բարձրանում է Մոկրիա կամ Ղարաղաչ լեռները։ Գիւղը իւր անունն ստացել է Մելիք Շահնազարից, որի ամառանոցն (եայլա) է եղել, անցեալ դարի սկզբին։ Իսկ թուրքերից կոչուել է Ղոշ-քիլիսա, այստեղ եղած երկու եկեղեցիների պատճառով։ Սրանցից մինը այժմ վերանորոգուած է եւ կաթոլիկների ծխական եկեղեցի դարձրած։ Նախկին դռան կամարակալ քարը վերանորոգուած պատի մէջ է դրուած, որի վրայ Վրաց խուցուրի տառերով կայ մի արձանագրութիւն ։ Միւս եկեղեցին մի փոքրիկ, թաղակապ շէնք է, շուրջը գերեզմանատուն, ուր կան խոյի նմանութեան տապանաքարեր։ Այս եկեղեցում այժմ այլ եւս ժամասացութիւն չի կատարւում։ Առաջին եկեղեցու առաջ վազում է մի յորդ աղբիւր, որ շինել է գիւղի հոգեւոր հովիւ Հ. Սարգիս վարդապետ Եազըճեանը, - մի բաւական կրթուած անձնաւորութիւն։

       Տների մեծ մասը հին ձեւի են, շատերը կարմիր քարից շինուած, որի հանքը այստեղ է գտնւում։ Կան նաեւ մի քանի նոր ձեւի գեղեցիկ տներ, որոնց մէջ նշանաւոր է Հ. Եազըճեանի երկյարկանի տունը, բլրի վրայ շինուած։ Բնակիչները Ալաշկերտցիներ են, 1818 թուին Աղէքսանդրապօլի գաւառը եւ ապա, 1822-ին այս տեղ գաղթած։ Ընդամէնը 170 տուն են. 1007 ար. 900 իգ. իմիասին՝ 1907 հոգի։

       Հողը այժմ իրենց, գիւղացիների սեպհականութիւնն է կազմում, որովհետեւ գնել են կալուածատէրերից։ 

       Շահնազարի հասարակութեան մէջ եւ սրա շրջակայքում են Մեծ-Ղարաքիլիսա, Փոքր-ղարաքիլիսա, Շիշթափա եւ Սարշապետ գիւղերը, որոնք գտնւում են կալուածատիրական հողերի վրայ եւ բաւական նեղւում են կալուածատէրերից։ Բոլոր գիւղերումն էլ կան մի-մի եկեղեցի։ Բնակիչները միեւնոյն Ալաշկերտի հայ կաթոլիկ գաղթականներն են, միեւնոյն ժամանակ եկած։ Մեծ- Ղարաքիլիսում ընդամէնը 75 տուն են. 440 ար. 364 իգ ի միասին 804 հոգի, 5 հոգի հայ լուսաւորչական են։

       Փոքր- Ղարաքիլիսում 57 տուն, 298 ար. իմիմասին՝ 591 հոգի։
       Շիշթափում 50 տուն 352 ար. 307 իգ իմիասին 659 հոգի։
       Սարաշապետում 55 տուն. 340 ար. 284 իգ իմիասին 624 հոգի։