Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՅՏԱՐԲԷԿԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Հայտարրէկ- Զետեղուած է Լեջան լեռան հանդէպ, արեւմտեան կողմը բարձրացող բլրի լանջին, առջեւից անցնում է Պրիվոլնու կամ Միսխանի ջուր գետակը։ Ունի մի բաւական լաւ եկեղեցի, մոտը մի հին մատուռ, շուրջը գերեզմաններ։ Հիւսիսային կողմը, մի ուրիշ բլրի գագաթին կայ մի ուխտատեղի, Ս Սարգիս անունով։
       Բնակիչները՝ 71տուն են, 376 ար. 372 իմիասին՝ 748 հոգի։

       Ուռուտ- Գտնւում է բլրի ստորոտում, եւ բաւական գեղեցիկ տեսք ունի, որովհետեւ ռուսաբնակ գիւղերի ազդեցութեան ենթարկուելով փոքր իշատէ միաձեւութիւն է ստացել։ Տների մեծ մասը նոր ձեւի են, կղիմինարի կտուրներով։ Մի բարձր թումբի վրայ կանգնած է սրբատաշ, նոր եկեղեցին, որ հին եկեղեցու տեղում նոր են կառուցել, օրինակ վերցնելով Օձունի եկեղեցու ձեւից։ Կայ եւ մի ուրիշ եկեղեցու աւերակ։ Հաւանական է, որ գիւղը իւր անունը ստացած լինի այն բազմաթիւ ուռենիներից, որ երբեմն պատում էին համանուն գետակի ափերը։

       Բնակիչներից մի քանիսը սերել են այն երկու տուն կարնեցի գաղթականներից, որ այստեղ են վերաբնակուել անցեալ դարի սկզբում։ Սրանք մինչեւ այժմ էլ մասամբ պահպանել են իրենց յատուկ հնչման եւ բարբառի հետքերը։ Ընդամէնը՝ 76 տուն են. 369 ար. 361 իգ. ի միասին՝ 730 հոգի։

       Ագարակ. - Տարածւում է Լօռու բերդից մօտ երկու վերստ հեռու՝ ընդարձակ դաշտի վրայ։ Ունի մի հնաշէն եկեղեցի, որի մօտ կայ մի ուրիշ եկեղեցու աւերակ։ Տների մէջ երեւում են բաւականաչափ, կղմինտրով ծածկուած, նոր ձեւի բնակարաններ։ Գիւղից հազիւ երեք վերստ հեռու, «Աչքուհանք» գետի խոր ձորակում կան բաւականաչափ, մեծ եւ փոքր քարայրեր, որոնցից մինի մէջ շինուած է մի փոքրիկ մատուռ։ Սրա մէջ կայ մի առանձին խորշ, ուր, աւանդութեան ասելով, թաղուած է Բաղրաամ անունով մի ճգնաւոր։ Սրանից փոքր ինչ հեռու կայ մի ուրիշ այր, մի նեղ դռնով։ Ասում են, թէ վերոյիշեալ ճգնաւորը այստեղ է ճգնել, եւ նոյն իսկ ցոյց են տալիս այն փոսիկները, որ յառաջացել են ճգնաւորի անթիւ ծնրադրութիւններից։

       Այս այրերի մօտից բղխում են երկու սաստիկ յորդ եւ սառն աղբիւրներ, որոնք երկու ջրաղաց են դարձնում։ Ասում են, թէ վերոյիշեալ ճգնաւորի աղօթքով են բղխել այս աղբիւրները։

       Այս ձորի ճանապարհը չափազանց դժուարին է։ Աւանդութիւնն ասում է, թէ մի մարդ մի աքաղաղ բարձած բարձրանալիս է եղել այս ճանապարհով, եւ երբ աքաղաղը չի կարողացել ճանապարհը գտնել, բարկացել է վրան ասելով. «Լուսն ու մութը գիտես, Ագարակայ մուտը չգիտե՞ս» եւ այս այժմ առած է դարձած։

       Բնակիչները 81 տուն են. 348 ար. 335 իգ. ընդամէնը՝ 683 հոգի. քահանան՝ Տ. Վերանեան. Ներսիսեան դպրոցն աւարտած է։

       Լեջան. - Տեղաւորուած է համանուն լեռան լանջին։ Ունի մի հնաշէն եկեղեցի, որի շուրջը կան հին գերեզմաններ։ Սրանցից մինի գերեզմանաքարի վրայ քանդակուած է մի մարդ՝ թագը գլխին։ Գիւղացիների բացատրութեամբ այդ թագը հարսանեաց թագ է, եւ որ շատ հին սովորութեամբ, այդ քանդակւում է այն երիտասարդների տապանաքարերի վրայ, որոնք հարսանիքից յետոյ շուտով մեռնում են։ Գիւղը բաւական գեղեցիկ տեսք ունի եւ իբր ամառանոց կարող էր ծառայել, եթէ շրջակայքում անտառ ունենար։ Բնակիչները՝ 84 տուն են, 352 ար. 348 իգ. ի միասին՝ 700 հոգի։

       Լօռու- բերդ. - Ջալալ-օղլուց մօտ երեք վերստ հեռու դէպի արեւելք, Միսխանա ջուրն ու Դեբեդ գետը երկու խոր ձորակներով միանալով միմեանց հետ կազմում են մի լեզուաձեւ, ժայռոտ հարթութիւն, որի վրայ գտնւում է նախկին բերդը, իսկ սրա մէջ՝ այժմեան գիւղը։ Մի քանի հին ձեւի շինուած տներ, գոմեր, կալեր, մի-երկու ծուռումուռ փողոց՝ ահա ամբողջ գիւղը. իսկ բերդը կընկարագրենք բերդերի բաժնում։ Բնակիչները 25 տուն են. 110 ար. 98 իգ. իմիասին 208 հոգի։

       Լօռու բերդի մօտ գտնւում է Ամրակից անունով հին գիւղատեղին, ուր եղել է երկու եկեղեցի։ Այժմ այստեղ շինուած է ռուսաբնակ Նիկոլաեւկա գիւղը։ Հաւանականօրէն այս հին գիւղը Ամրակից է կոչուել Լօռու բերդին (ամուր) կից լինելու պատճառով։