Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄՂԱՐԹԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Մղաթ- Գտնւում է համանուն լերան ստորոտում առջեւում տարածւում են ընդարձակ դաշտեր, որ ամենաբերրին են համարւում։ Գիւղում կայ մի փոքրիկ եկեղեցի։ Հողը արքունական է։ Բնակիչները գաղթել են Օձունից, ընդամէնը՝ 40 տուն են, 182 ար. 155 իգ. ի միասին՝ 337 հոգի։

       Յովհաննաձոր կամ Օվանդարա- Մի փոքրիկ աննշան գիւղ է մի քարաժայռի լանջին շինուած, որ երբեմն իբր եայլա էր ծառայում Է Օձնեցիներին։ Ունին մի փոքրիկ, աննշան եկեղեցի։ Որքան գրաւիչ է ամառը իւր օդով, ջրով եւ տեսարաններով, նոյնքան անտանելի ձմեռը, իւր ցրտով, բքով եւ անանցանելի ճանապարհներով։ Բնակիչները 26 տուն են 160 ար. 124 իգ եւ միասին՝ 284 հոգի։

       Յովհաննաձորից փոքր ինչ հեռու, Կողէս յունաբնակ գիւղի հիւսիսային կողմը, գիւղից մոտ 40 սաժէն հեռու, մի փոքրիկ ձորակի մէջ, հայկական մի հին գերեզմանատուն կայ, ուր գտնւում է ի միջի այլոց եւ Գրիգորի եպիսկոպոս Տուտէ- որդու հօր՝ Տուտէ իշխանի դամբարանը։ Այս իշխանի սերունդը յայտնի չէ թէ որ ժամանակից ի վեր իշխել է այս կողմերում եւ ունեցել է սեպհական կալուածներ, յայտնի է միայն, որ Տուտէ իշխանի միւս որդին՝ Տուտիկ իշխանը մեծ համարումն է վայելել ամբողջ Լօռում, եւ նրա անուամբ կոչուել են թէ Կողէսի մօտի, վտակը եւ թէ նրա շրջակայքը՝ Տոտկաջուր։ Այժմ այս կալուածքը պատկանում է Լօռիս Մելիքեանին, իսկ Կողէսը թագաւորական է։ Այս իշխանական ցեղի մասին, բացի վերոյիշեալ կցկտուր տեղեկութիւնը, ուրիշ ոչինչ յայտնի չէ։ Տուտէ իշխանի տոհմական դամբարանը ներկայացնում է 31/2 արշ, երկարութեան 11/2 արշ. լայնութեան եւ 21/2 արշ բարձրութեան մի կամարակապ գետնայարկ, մի փոքրիկ դռնով արեւմտեան կողմը։ Սա այժմ տեղ տեղ եւ մանաւանդ դռան կողմը, քանդուած է եւ բաց։ Այս գետնայարկի գլխին, արեւելեան կողմը, սրբատաշ քարերից մի պատուանդան է շինուած, մօտ երկու սաժէն երկարութեան, 11/2 արշ. լայնութեան եւ 2 արշ. բարձրութեան։ Սրա վրայ քառակուսի քարէ պատուանդանների վրայ կանգնած են երեք խաչքարեր, որոնցից միջինը աւելի մեծ եւ նրբաքանդակ է։ Պատուանդանի վրայ կալ հետեւեալ տապանագիրը։

       Կամաւն բարերարին Աստուծոյ ես Տուտիկս եւ մայրն իմ Թամար եւ ամուսինն իմ Դիդկայ կանգնեցաք զերրորդութիւնն վասն Սասնայի եւ Քամիթարայ եւ Նորագինին, որք անհետ կորեան ի ձեռս անաւրիկաց եւ սուգ մեծ եւ անմխիթար թողին մեզ. որք երկրպագէք յիշեցէք զմեզ եւ զծնաւղս մեր թուին ՈՂ-ին ։

       Քօլագիրան- Մի փոքրիկ գիւղ է համանուն կայարանի մօտ, ուր նշանաւոր է միայն քարաշէն, փայտածածկ եկեղեցին։ Բնակիչներն ընդամէնը՝ 27 տուն են. 151 ար. 127 իգ ի միասին 278 հոգի։

       Հագուի- Մի փոքրիկ գիւղ է, Աքորիից 6 վերստ հեռու, քարափատափի վրայ։ Ունի մի հին քարաշէն, սագաշէն մատուռ, որ այժմ իբր ծխական եկեղեցի է ծառայում։ Բնակիչները 24 տուն են՝ 108 ար. 94 իգ ի միասին՝ 202 հոգի։

       Ա մոճ - Օձունից հազիւ մի վերստ հեռաւորութեամբ դէպի արեւմտահիւսիս, մի լանջի վրայ, երեք կողմից անտառապատ լեռներով պատած։ Պատկանում է Կոմս Լօռիս Մելիքեանին եւ ազնուական Բաշբէօիւկ- Մելիքեաններին։ Ունի մի փոքրիկ, հասարակ եկեղեցի, ուր անհրաժեշտ դէպքերում միայն քահանայագործ է Օձունի քահանաներից մինը։ Մաքուր ջրի աղբիւրը գիւղից փոքր ինչ հեռու է գտնւում իսկ գիւղի միջով հոսող աղբիւրը կեղտոտ է։ Գիւղի գիրքը եւ նրա առաջ բացուող տեսարանըշատ գեղեցիկ են, օդը զորավար, անտառը շատ մօտիկ, այնպէս որ մի լաւ ամարանոցի յարմարութիւններն ունի։ Կան նաեւ մի քանի գեղեցիկ, փոքրի շատէ յարմարաւոր տներ, որ վարձով են տրւում ամարանոց եկողներին։ Գիւղում ոչ մի խանութ չկայ, բնակիչները բոլորն էլ հայեր են, ընդամէնը՝ 11 տուն 60 ար 51 իղ իմիասին 111 հոգի։

       Գիւղի հիւսիսային կողմում, մի փոքրիկ բլրակի վրայ կայ մի ուխտատեղի Ս. Յակոբ անունով։

       Ամոճից մինչեւ Սանահին կայարանը նորերս շինուած է սայլի ճանապարհ։ -
       Նոր կամ ներքին Ուզունլար կամ Ղաշանղան- Ծաթերից չորս վերստ հեռու, նոյն դաշտավայրի վրայ, ձորի ափին։ Ունին մի փոքրիկ քարաշէն եկեղեցի։ Գիւղի մէջ աղբիւր չկայ գեղջկուհիները մեծ նեղութիւններով ջուր են կրում մօտակայ ձորում գտնուած միակ աղբիւրից։ Հողն արքունական է։ Բնակիչներն ընդամէնը՝ 37 տուն, 181 ար. 162 իգ. ի միասին՝ 343 հոգի։

       Գիւղից դէպի արեւմուտք, Ձորագետն ձախ ափին մի բարձր լեռան վրայ կայ մի քարաշէն բուրդ, ուր առաջները շատ անգամ շրջակայ գիւղերի բնակիչների պաշտպանուել են ասպատակութիւններից։ 

       Իգահատ կամ Այգեհատ- Գտնւում է Օձունի հարթութեան հարաւային մասում, ձորի ափին։ Գիւղը իւր անունն ստացել է այն հանգամանքից, որ այստեղ այգիները հատնում են, այսինքն նրանից հարաւ այլ եւս այգիներ չկան։ Գիւղի մէջ կայ մի հասարակ եկեղեցի, տներից շատերը մի կամ երկյարկանի են, բաւական մաքուր եւ գեղեցիկ շինուած որոնցից շատերի առաջ կան պարտէզներ։

       Բնակիչներն բոլորն էլ Շահվերդեան տոհմից են, ազնուականներ ուստի եւ գիւղն Արդուի եւ Ամոճի պէս հասարակական բացառիկ դիրք ունի։ Նա չունի ոչ տանուտէր եւ ոչ գիւղական դատաւոր, այլ անմիջապէս ենթարկւում է գաւառապետին եւ հաշտարար դատաւորին։ Բնակիչների թիւը ընդամէնը՝ 40 տուն է 127 ար. 167 իգ ի միասին 364 հոգի։

       Հողերը պատկանում են նրենց գիւղացիներին, որոնք կամ անձամբ եւ կամ վարձկան մշակների ձեռքով եւ մշակում։ Գիւղացիները ջրի շատ նեղութիւն են կրում, որովհետեւ միայն մի աղբիւր կայ, այն էլ գիւղից դուրս, մի քիչ հեռու։

       Իգատակ աւերակ- Բարաջան գետակի ձորում կան քսանից աւելի աւերակ գիւղատեղեր, որոնցից մինի՝ Իգատակի՝ աւերակ եկեղեցու վրայ կայ մի արձանագրութիւն ։

       Գիւղատեղերից մի քանի վերստ հեռու, անտառապատ բլրի վրայ, կան երկու գերեզման, որոնցից մինի կործանուած պատուանդանի վրայ կայ մի եղծուած տապանագիր։

       Արդուի. - Տարածւում է Շէկաղբիւր, Տոտկաջուր (Տուտիկ իշխանի ջուր) լեռների փեշերի վրայ, հիւսիսային կողմում բարձրանում են Ծնկոյա-գլուխ, Միլի-ակ գագաթները, հարաւային կողմում Հողոմսի գագաթը, որի առաջ գտնւում է համանուն աւերակ գիւղատեղին ։ Արեւելեան կողմը Օձունի հարթ տարածութիւնն է։

       Աւանդութեան ասելով սա երբեմն քաղաք է եղել, եւ յիրաւի՛, երեք աւերակ եկեղեցիներ, վեց գերեզմանատուն, երեք ձիթեհանք, բազմաթիւ տների հետքեր հաստատում են այդ աւանդութիւնը։ Գիւղը բաժանւում է 3 թաղի՝ Վիշապաձոր, Տայինանց թագ եւ Քալանթարեան թաղ։ Այժմեան սների մեծագոյն մասը գեղեցիկ են, կղմինտրածածկ կտուրով եւ պարտէզներով շրջապատուած։

       Գիւղը պատկանում է Լօրիս-Մելիքեաններին եւ ազնուական Քալանթարեաններին։ Բնակիչները 18 տուն են, որոնցից 8 միայն Քալանթարեաններից, 93 ար. 81 իգ. ի միասին՝ 174 հոգի։

       Այս գիւղը եւս, որպէս ազնուականների բնակավայր, չունի ո՛չ տանուտէր եւ ոչ գիւղական դատարան։ 

       Վիշապաձորի մօտ գտնւում է Օհան Օձնեցու վանքը ։