Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՂԲԱՏԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Հաղբատ. Գտնւում է Դեբեդ գետի աջ ափին, մի զառիվայրի վրայ, որի արեւելեան եւ հարաւային կողմերում բարձրանում են Տէրունական եւ Սուրբ Լուսի անտառապատ լեռներն ու մի քանի ժայռոտ բլորներ, իսկ արեւմուտքից եւ հիւսիսից ահագին ժայռոտ ձորն անմատչելի է դարձնում նրան։ Կլիման բարխառն է, ջուրը յստակ եւ սառն, այնպէս որ իբր հիանալի ամարանոց կարող է դառնալ, եթէ կառքի ճանապարհ շինուի մինչեւ երկաթուղու կայարանը։ Գիւղը վերին աստիճանի տխուրտպաւորութիւն է թողնում, որովհետեւ տների մեծագոյն մասը հին ձեւի են, կիսագետնափոր, փողոցներն անկանոն, բնակիչներն աղքատ եւ հարկերի տակ ճնշուած որովհետեւ գիւղի հողերը ո՛չ թէ արքունական են, այլ պատկանում են իշխան Բարատովին, որ բերքի 1/5 ինքն է վերցնում։ Այսպիսի ծանր տուրքի են ենթարկուած այն գիւղերը, որոնք մի որեւ է իշխանական տան են պատկանում։

       Գիւղը ծխական եկեղեցի չունի, այլ օգտւում է իրեն մօտ գտնուած Հաղբատի հռչակաւոր վանքից, պահելով միայն մի ծխական քահանայ, որ ապրում է գիւղում։

       Շրջակայ Հաղբատաձորն ու Բերդաձորը լի են խաղողի եւ մրգատու ծառերի այգիներով։

       Բնակիչները քաջ եւ լաւ հրացանաձիգներ են, նոյն իսկ կանայք գիտեն հրացան արձակել։ Ընդամէնը 80 տուն են. 407 ար. 321 իգ. ի միասին՝ 728 հոգի։

       Սանահին. - Մի փոքր գիւղ է համանուն հռչակաւոր վանքի մօտ։ Հողի մեծագոյն մասը պատկանում է Արղութեան Երկայնաբազուկ տոհմին եւ մի եօթերորդը՝ վանքին։ Գիւղում բնակում են Արղութեան տոհմից մի քանի գիւղացի գերդաստաններ։ Տների մեծագոյն մասը հին ձեւի են, փողոցներն անկանոն, կեղտոտ։ Ծխական եկեղեցի չունին, այլ օգտւում են վանքից, պահելով իրենց մօտ մի ծխական քահանայ։ Ընդհանրապէս կլիման, հիանալի ջուրը, տեղի դիրքը եւ մաքուր օդը բնակիչներին շատ լաւ կազմուածք են շնորհել եւ սրանք, մանաւանդ կանայք, յայտնի են ամբողջ գաւառում որպէս գեղեցիկներ։ Սրանք նաեւ քաջ եւ լաւ հրացանաձիգներ են, նոյն իսկ կանայք գիտեն հրացան արձակել եւ սրանցից մինը, Ռամազանց մայրը, հրացանն ուսին միայնակ պահպանել է իրենց անասուններն եայլայում։

       Բացի Արղութեան Երկայնաբազուկ տոհմի նշանաւոր մարդկանցից, գիւղը տուել է նաեւ մի ականաւոր հնախոյզ- պատմաբան- Աղէքսանդր Երիցեան։

       Բնակիչները բնիկներ են. 80 տուն 435 ար. 380 իգ. ի միասին՝ 815 հոգի։

       Աքորի- Գտնւում է Լալվար լեռան երեւելակողմը, առջեւից անցնում է Դեբեդ գետը։ Գիւղում կայ մի փոքրիկ, սագաշէն եկեղեցի, որ առաջ մատուռ է եղել։ Սրա հարաւային կողմում կայ մի հացատնից եւ եօթը սենեակներից բաղկացած մի տան աւերակ, որ յայտնի է «եօթն աղբօր տուն» անունով։ Գիւղացիները պատմում են, թէ այդ տեղ բնակուել են եօթն եղբայրներ, որոնք այնքան հարուստ են եղել, որ բազմաթիւ կովերն ու ոչխարները կթել են տուել Լալվար լեռան վրայ եւ այնտեղից խողովակներով գիւղը բերել։ Գիւղիհարաւ- արեւելեան կողմում, հազիւ չորս վերստ հեռու, ձորում կայ մի հին, սըրբատաշ քարով շինուած, գեղեցիկ վանք։

       Աքսորի կալուածք է կոմս Լօլիս- Մելիքեանների։

       Բնակիչները գաղթել են Ղազախի կողմերից, ընդամէնը՝ 51 տուն են. 321 ար. 303 իգ միասին՝ 694 հոգի։ 

       Որնակ- Սանահնի եւ Հաղբատի մէջ, առաջինից հազիւ երեք վերստ հեռաւորութեամբ, երկու անտառապատ լեռների առաջ, ձորից փոքր ինչ բարձր։ Պատկանում է Արղութեաններին, Լօրիս- Մելիքեաններին եւ մասամբ Սանահնի վանքին։ Գիւղն ունի մի քարաշէն փոքրիկ եւ անշուք եկեղեցի, որ կառուցել է իշխ. Մալի Արղութեանը։

       Գիւղի հարաւ-արեւմտեան ծայրում գտնւում է մի աղբիւր, որ շինել է Թիֆլիսի կուսանաց անապատի միաբան բարեկրօն կոյս Մանի Լօրիս-Մելիքեան, որի պատկերը շինութեան վերաբերեալ արձանագրութեամբ, փակցրած է աղբիւրի կամարակալ ճակատին։

       Այլ եւս աղբիւրը չի վազում։

       Բնակիչները 26 տուն են 175 ար 132 իգ իմիասին՝ 307 հոգի։