Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴՍԵՂԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Դսեղ- Ընկնում է այն բարձրաւանդակի վրայ, որ տարածւում է Դեբեդ գետի երկու մեծ ճիւղերի միախառման աջ կողմը։ Երեք կողմից պատած է խոր ձորերով, իսկ հարաւային կազմում բարձրանում է Տզրակածովի գլուխ, Սարի գլուխ եւ Բերթաղ բլրակների շարքը։ Առաջին բլուրի վրայ կայ մի փոքրիկ լճակ, տզրուկներով (սիւլուկ) լի, որի պատճառով եւ լիճը Տզրկածով, իսկ բլուրը՝ Տզրկածովի գլուխ է կոչւում, իսկ վերջինի վրայ երեւում են հին բերդի հետքերը։ Գիւղի արեւելեան կողմում բարձրանում է մի ուրիշ բլրակ, Դիտ անունով ։

       Գիւղում կան մի քանի լայն, բայց ո՛չ մի կանոնաւոր փողոց. տների մեծ մասը հին ձեւի, գլխատներ են, իսկ փոքր մասը՝ նոր ձեւի, կղմինտրածածկ կտուրներով։ Գիւղի հիւսիսային կողմում գտնւում է եկեղեցին, որ բաւական լաւ շէնք է, մեծ մասը նորոգած։ Զանգակատան մասը հին է, եւ սրա վրայ դեռ եւս մնում է Մամիկոնեան տոհմի դրոշանիշը, երկգլխեան արծիւ՝ ճանկերում գառն բռնած։ Գիւղի գրեթէ կետրոնում գտնւում է մի հին գերեզմանատուն, ուր բազմաթիւ տապանաքարերի մէջ նշանաւոր է մի կոթող եւ մի խաչարձան։ Կոթողը քառանկիւնի է, 2 սաժէն բարձրութեամբ, չորս երեսն էլ քանդակներով զարդարուած, որի պատուանդանի վրայ հազիւ հազ կարդացւում է։ Ես Վահրամ զաւտար շինար քաննկ թողի վկայ ասլանայ Գագկայ խորիշահ ով խափանէ յժը հայրապետաց նզովեսցի Տէր Աստուած ողորմի մխիթարչին։ 

       Խաչարձանը կանգնած է երեք մեծ քարից կազմած պատուանդանի վրայ, եւ ճակատին ունի մի առանձին քար, որ փոքր ինչ խոնարհեցրած է, թերեւս անձրեւից պահպանելու համար։ Այս քարի վրայ քանդակուած է Փրկիչը նստած դիրքով, աջ ձեռքը բարձրացրած, իսկ ձախ ձեռին բռնած մագաղաթ՝ գրան գրած. «Ես եմ լոյս աշխարհի», շուրջը այլ պատկերներ։ Խաչքարի վրայ քանդակուած է Յիսուսը՝ խաչած։ Խաչի գլխին գրած է. «Սա է թագաւոր հրէից», աջ կողմից կայ մի աջ եւ մի աղաւնի, շուրջը՝ «Աջ տեառն եւ հոգի Աստուծոյ»։ Ապա խաչեայ Յիսուսի մի ձեռից մինչեւ միւսը՝ խաչի վրայ գրուած է. «Ձեռք, որ զերկինս արարին՝ տարածեցան ի խաչիս։» Խաչի մի կողմը կանգնած են Յովհաննէս եւ Նիկոդիմոս, միւս կողմն Աստուածածին եւ Յովսէփ, ձեռին կտաւ, խաչի ներքեւ գլուխն «Ադամի»։ Իսկ պատուանդանի վրայ կայ հետեւեալ արձանագրութիւնը.

       Ի թվ. ՉԼ. Ողորմութեամբ Աստուծոյ, Ես Տէրունս որդի Խալըլին իմ աղբէրացովս կանգնեցի զխէչս յանուն Գրիգորոյ որ զուր եւ դառն մահուամբ ի Քրիստոս փոխեցաւ որ է պարծանաց եւ զմարդոյ եղբայր մեր որք երկրպագէք յաղաւթս յիշեցէք։ Պատուանդանի ձախ երեսին. Վահրամ յիշեցէք * ։

       Գիւղացիները այս երկու գերեզմանները համարում են քոյր եւ եղբօր, մինին Աստուածածին, միւսին Լուսաւորիչ անուանելով * ։

       Գիւղի մէջ եւ շրջակայքում յաճախ հնութիւններ են գտնւում։ Այսպէս մի գիւղացի տան տեղ փորելու ժամանակ բացեց մի ընդարձակ յատակ, կարմիր ներկած աղիւսներով սալայատակած։ Սրա մի կողմը կար մի փոքրիկ տաշտաձեւ, քարէ աւազան, իսկ մէջ տեղը մի աղիւս, գծերով չորս մաս բաժանուած եւ իւրաքանչիւր մասում նկատելի էր մի կնիք եւ մի տառ։ Գիւղացիներն այդ տեղին «Թագաւորի աղջկայ բաղնիս» են անուանում * ։

       Բնակիչները բնիկներ են եւ յայտնի են գաւառում որպէս քաջ մարդիկ։ Այստեղից է բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը։ Ընդամէնը 110 տուն են. 541 ար. 450 իգ. ի միասին՝ 991 հոգի։

       Գիւղտ մօտ գտնւում է Ս. Գրիգորի եւ Քառասնից վանքերը, ինչպէս եւ Սիրուն խաչը * ։

       Մարց. - Գտնւում է մի բլրակի վրայ, որի արեւմտեան կողմից տարածւում է Բաբաջանայ ձորակը՝ Բաբաջանայ ջրով. արեւելքից արեւմուտք էլ մի ուրիշ ձորակ է ձգւում մի բարակ առուակով։ Հարաւ-արեւմտեան կողմում բարձրանում է Սոթի լեառը, ուր կայ մի գիւղատեղի, մի փոքրիկ, աւերակ մատուռ, շուրջը գերեզմաններով պատած։ Հարաւ-արեւելեան կողմում ձգւում է Ճգնաւորի-թալա բարձրաւանդակը, ուր կայ «Ճգնաւորի խաչ» ուխտատեղին։ Հեռու, արեւելեան կողմում երեւում է Չաթինդաղը. հիւսիսային կողմում ձորակ է, մի առուակով։

       Տներից շատերը գետնափոր են, գլխատուն, եւ միայն միքանիսը նոր ձեւի։

       Բնակիչները գաղթականներ են Շամշադնից եւ Ջրաբերդից։ Ընդամէնը՝ 50 տուն են. 245 ար. 209 իգ. ի միասին 454 հոգի։ Այստեղի կանայք շալ են գործում, մինչդեռ միւս գիւղերում չեն գործում։ Սրանք բաւականաչափ անփոփոխ պահպանել են իրենց մայրենի բարբառը. դպրոց երբէք չեն ունեցել։

       Մարց գիւղից փոքր ինչ բարձր գտնւում է մի հանգստարան, ուր մի խաչքարի վրայ կարդացւում է

       Թուին ՉԼԴ. Կանգնեցաւ Խաչս ի նեղ եւ ի դառն ժամանակս թաթարաց ի թագաւորութեան Դիմետրի որդւոյ Դաւթի ի հայրապետութեան տէր Յաւհաննէսի թոռն Դաւբեանց. Ես Թաւմայ քահանայ եւ եղբայրն իմ Տիրացու կանգնեցաք զխաչս ամենափրկիչ, յիշատակ հաւր մերոյ Գրիգորի քահանային եւ մաւր մերոյ Թիւբանուշային եւ քուերց մերոց Տերանց Տիրամաքին եւ Տիրոցին, եւ փեսայեց մերոց անպատճառ քահանայից Խաչատուրին եւ Մարգարին. ով աստուածասէրք, որք երկրպագէք զհանգուցեալքս յիշեցէք ի Քրիստոս։

       Լոռուտ. - Մարցից հինգ վերստ հեռաւորութեամբ, լեռան լանջին, ունին մի փոքրիկ եկեղեցի. Օհան Օձնեցու վանքի կալուածք է համարւում։ Բնակիչներն ընդամէնը 107 տուն են. 671 ար. 537 իգ. ի միասին՝ 1205 հոգի։ Բոլորն էլ 1860 թուին են գաղթել այստեղ Ղազախի Ղալաչայ գիւղից։

       Ահնիզար. - Այս փոքրիկ գիւղը իւր անունն ստացել է իւր մօտ գտնուած ուխտատեղիի անունից, որ մի հասարակ մատուռ է եւ կոչւում է Ահնիզօրավար։ Գիւղում կայ մի փոքրիկ, հասարակ եկեղեցի։ Բնակիչները՝ 18 տուն են. 101 ար. 69 իգ. ի միասին՝ 170 հոգի։

       Աթան. - Լօռուտից 4 վերստ, ունին մի փոքրիկ, հնաշէն եկեղեցի։ Այս գիւղը եւս Օձունի վանքին է պատկանում։ Բնակիչները Հաղբատից են եկել, մի քանիսն էլ Շիրակի գաւառից. ընդամէնը՝ 18 տուն են. 116 ար. 97 իգ. ի միասին՝ 213 հոգի։

       Խաչի գիւղ. - Գտնւում է Ալերեսքի գետի երկու ափին, համանուն ձորի մէջ։ Գիւղն իւր անունն ստացել է այն բարձր Խաչ-քարից, որ գտնւում է գիւղի արեւելեան կողմում։ Այստեղ կայ մի փոքրիկ, նոր շինուած եկեղեցի, մի քանի քարաշէն, գեղեցիկ տներ, իսկ միւսները՝ գլխատներ են։ Բնակիչները գաղթած են Մարց գիւղից. ընդամէնը՝ 43 տուն են. 258 ար. 225 իգ. ի միասին՝ 473 հոգի։ Հողը արքունական է։

       Քարինջ. - Սա իւր անունը հաւանականօրէն ստացել է շուրջը գտնուած ահագին քարաժայռերից եւ քարակոյտերից. կեղաւորուած է մի բլրի վրայ. ունի մի քարաշէն փոքրիկ եկեղեցի։ Բնակիչները գաղթել են Մարց գիւղից, որից այս գիւղը բաժանւում է մի ձորով եւ հազիւ երեք վերստ հեռու լինի։ Ընդամէնը՝ 40 տուն են. 226 ար. 187 իգ. ի միասին՝ 413 հոգի։

       Ծաթեր. - Մի փոքրիկ գիւղ է, Մղարթից վեց վերստ հեռաւորութեամբ, ձորի ափին։ Ունին մի փոքրիկ, փայտածածկ եկեղեցի, որին հարաւային կողմից կից է մի փոքրիկ խորան, պատարագամատոյց սեղանով։ Սա մի առանձին ուխտատեղի է համարւում։ Բնակիչները ընդամէնը՝ 25 տուն են. 146 ար. 106 իգ. ի միասին՝ 225 հոգի։

       Սադիբագդի. - Մի փոքրիկ գիւղ է Դսեղից 3 վերստ հեռու, ունի մի քարաշէն, գեղեցիկ եկեղեցի. բնակիչները Ծաթեր գիւղից են եկել. ընդամէնը՝ 19 տուն են. 132 ար. 121 իգ. ի միասին 253 հոգի։