Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՋԱԼԱԼ - ՕՂԼԻԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Ջալալ- Օղլի. - Յայտնի չէ, թէ ե՞րբ եւ ով է հիմնել այս գիւղը, միայն ձորի գլխին մի խաչ կայ, վրան գրած. «կանգնեցաւ խաչս ՚ի Ջալալայ իշխանէն», որից հաւանականօրէն կարելի է ենթադրել, որ այդ իշխանի որդու բնակավայրն է եղած այս։

       Ջալալ-օղլին գտնւում է Դեբեդայ-գետի անդնդախոր ձորակի աջ ափին տարածուող այն ահագին հարթութեան վրայ, որ գնում հասնում է մինչեւ Հնէվանի ձորը։ Այս հարթութեան արեւմտեան կողմը 6-7 վերստ հեռաւորութեան վրայ երեւում է Դուալի կիսամերկ, բայց գեղեցիկ շղթան, որից մի քանի ճիւղեր զանազան ուղղութեամբ ձգուելով դէպի Ջալալ-օղլին կազմում են անտառապատ բլուրներ եւ գեղեցիկ հովիտներ։ Սրանց մէջ բղխող ականակիտ առուները միանում են բնութեան եւ տեսարանի գեղեցկութեան հետ, զբօսասէր մարդկանց դէպի իրենց ձգելու։ Այսպիսի են Մատուռի ձորը, Որան Լորին՝ Դարեվանանց աղբիւրի անմահական ջրով, Տէր Ուհանանց գոմերի ձորն՝ իւր գետակով, Կոնդի-լանջը, Բայաթլարա՝ դաշտն իւր ջրվէժով, Լօռու բերդի առաջը, բերդի երկու կողմի ձորերը եւ այլն։ Երկրորդական բարձրութիւնները Դուալի առաջով կիսաշրջան կազմելով դէպի հարաւ՝ տեղի են տալիս մի մեծ, գեղեցիկ, անտառապատ բլրի։ Սրան հայերը Չալակաղնուտ են ասում, իսկ ռուսները՝ Արջասար. Շատ չքնաղ տեսարան է բացւում այս Չալակաղնուտի գագաթից դէպի Դուալը եւ նրա հովիտը դիտողի առջեւ * ։ Գետի ձախ ափից 3-4 վերստ հեռու Լալվար լեառը հարաւից հիւսիս ձգուելով կանգ է առնում Ջալալօղլու առաջ, բաւական տարածութիւն թողնելով մի բլրի եւ ծաղկաւէտ հովտի համար, որ հիւսիսից եզրափակւում է Աբպագլուի բարձրութիւններով, որ Լօռու բերդի արեւելեան ձորով Դեբեդին է խառնւում, իւր այս գեղեցիկ տեսարանների հետ բարեխառն կլիմայ ունենալով, Ջալալ-օղլին կարող է լաւ ամարանոց դառնալ, եթէ որ կառքի ճանապարհ շինեն մինչեւ Սանահնի կայարանը, ինչպէս մտադիր են։ Գիւղը բաժանուած է հայկական եւ ռուսական մասերի, իսկ առաջինը՝ երկու թաղի՝ վերին եւ ներքին։ Բաւական կանոնաւոր եւ լայն փողոցներ կտրուելով ծուռն ու մուռ անցքերով, միանում են այն տեղում, ուր նորերս շինուած է քաղաքային այգին։ Վերի թաղում, քարափի գլխին՝ բարձրանում է ս. Աստուածածնի սրբատաշ քարից շինուած եկեղեցին, իսկ գիւղի մէջ տեղում տեղաւորուած է ռուսաց զինուորական եկեղեցին։

       Տները նոր ձեւի են, մի քանիսն էլ երկյարկանի, պարտէզներով զարդարուած։ Բոլորի կտուրները կարմիր կղմինտրներով ծածկուած լինելով՝ ամբողջ գիւղը կարմիր է երեւում եւ ռուսները երբեմն «Կարմիր քաղաք» են անուանում նրան։ Գիւղում կան բաւականաչափ խանութներ, արհեստաւորների կրպակներ եւ մանաւանդ գինետներ։

       Այստեղ են բնակւում Լօռու ոստիկանական շրջանի ոստիկանապետը եւ քննիչը. ամառը այստեղ են տեղափոխւում Շուլավէրից գաւառապետը, հաշտաբար դատաւորը, իրենց հիմնարկութիւններով։ Այստեղ կայ փոստատուն, հեռագրատուն եւ դեղատուն։

       Բնակիչները գլխաւորապէս պարապում են առեւտրով, արհեստներով, անասնապահութեամբ եւ մասամբ երկրագործութեամբ։ Ընդամէնը 255 տուն են, 890 ար. 796 իգ. ի միասին՝ 1686 հոգի։

       Ջալալօղլուց դէպի Եղիտանք յունական գիւղը տանող ճանապարհի երկու կողմում, վերջին գիւղից կէս վերստ հեռու կայ մի մեծ հանգստարան, ուր կան բաւական թուով խաչարձաններ։ Սրանց տապանագրերը մեծ մասամբ եղծուած են, միայն մինի վրայ կարդացւում է, «Գրիգոր ամիրայ Մամիկոնեան» * ։