Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԳԻՒՂԵՐ

       Բորչալուի գաւառում բացի հայաբնակ գիւղերից, կան նա եւ թրքաբնակ, վրացաբնակ, յունաբնակ եւ ռուսաբնակ գիւղեր եւ երկու գերմանական գաղութներ։ Թուրքաբնակ, վրացաբնակ եւ յունաբնակ գիւղերը գրեթէ ոչնչով չեն տարբերւում հայաբնակներից. միեւնոյն ծուռն ու մուռ, անկանոն, կեղտոտ փողոցները, միեւնոյն կիսագետնափոր կամ եզակի նոր ձեւի տներ, միեւնոյն «շինամէջը»- գիւղական հրապարակը։ Այն ինչ ռուսաբնակ գիւղերը եւ մանաւանդ գերմանական գաղութները բոլորովին տարբերւում են։ Այս պատճառով եւ զանց առնելովնկարագրել վերոյիշեալ թուրք, վրացի եւ յոյն ժողովրդի բնակած գիւղերը, ու՞ր մանաւանդ չկան մի առանձին ուշադրութեան արժանի հնութիւն, մի ճարտարապետական նշանաւոր շէնք, բացի վանքերից, որ նկարագրել ենք վանքերի բաժնում, մենք բաւականանում ենք միայն յիշատակելով այդ ազգերի մեծ գիւղերի անունները եւ անցնում ենք նկարազարդելու ռուսաբնակ տիպական գիւղը եւ գերմանական գաղութը։

       Թիւրքաբնակ գիւղերն ընդհանրապէս բռնում են գաւառի ամենալաւ, հարթ եւ արգաւանդ մասը- Բորչալուի հարթութիւնը բայց չնայելով սրան, ամենակեղտոտ եւ ամենաողորմելիներն են։ Ամենամեծ գիւղը Սարվանն է, 329 տուն բնակչով 1283 ար. 921 իգ ի միասին՝ 2204 հոգի։ Ապա Գեաւուրարխը՝ 270 տուն, 1010 ար. 760 իգ. միասին 1770 հոգի։ Ղզըլ- Աջլօն՝ 274 տուն, 1069 ար. 767 իգ. ի միասին՝ 1836 հոգի։ Սադախլօն՝ 191 տուն, 745 ար. 535 իգ ի միասին՝ 1280 հոգի։ Ֆախրալուն՝ 170 տուն, 663 տուն 476 իգ ի միասին՝ 1139 հոգի։ Սարչալուն՝ 161 տուն, 628 ար. 451 իգ. ի միասին՝ 1079 հոգի։ Բոլնիս- Քափանակչին՝ 169 տուն. 833 ար. 570 իգ ի միասին՝ 1403 հոգի։ Արըխլուն՝ 137 տուն. 524 ար 384 իգ ի միասին՝ 808 հոգի։ Ղաչաղանը 110 տուն, 456 ար. 328 իգ ի միասին՝ 784 հոգի։ Ղոսալուն՝ 78 տուն, 371 ար 266 իգ ի միասին՝ 637 հոգի, եւ այլն։

       Վրացաբնակ գիւղերից նշանաւոր են Մեծ Գոմարէտը 130 տուն. 445 ար. 442 իգ. ի միասին՝ 887 հոգի։ Կալամշան՝ 50 տուն. 169 ար. 155 իգ. ի միասին՝ 324 հոգի։ Միջան՝ 40 տուն. 141 ար. 131 իգ. ի միասին՝ 272 հոգի։

       Յունաբնակ գիւղերից Ալավէրտին, որի բնակիչները Գիւմիշխանէից են գաղթած եւ որոնցից շատերը մաս ունին համանուն պղնձահանքում, իւր մաքրութեամբ եւ քաղաքակրթութեամբ բարձր է կանգնած միւս բոլոր յունական գիւղերից։ Միւս գիւղերից առանձին ուշադրութեան արժանի են Ծալկայի յունաբնակ գիւղերը, որոնց բնակիչներից շատերը յունարէն չգիտեն եւ խօսում են թուրքերէն եւ հայերէն։ Կարելի է ենթադրել, որ դրանց յոյներ չլինին, քանի որ դրանց տիպը տեղական հայ ժողովրդի տիպից առանձնապէս չի տարբերւում եւ ընտանեկան բառերի մէջ յունարէնի հետքեր բոլորովին չկան, այլ բիւզանդական տիրապետութեան միջոցին յունադաւանութիւն ընդունած կարնեցի հայեր։ Սակայն այս խնդիրը կարելի է լուրջ ուսումնասիրութեան։ 

       Յունաբնակ ամենամեծ գիւղերն են՝ Բեշտաշէն 201 տուն. 785 ար. 761 իգ. իմիասին՝ 1546 հոգի։ Բարմակսըզ, 140 տուն. 479 ար. 456 իգ. ի միասին՝ 935 հոգի։ Օպրետ 105 տուն. 486 ար. 436 իգ. ի միասին 122 հոգի։

       Ռուսաց գիւղերից Պրիվոլնօյ, Ռուսաց Գեռգեռի։ Նոր Ալէքսանրովկի, Նովօ-Պօկրովկայի, Ռուսաց Ջալալ-օղլու բնակիչները օրդոդոքս են, Վօրօնցովկի, Նովօ-Միխայելովկի՝ մալական, իսկ Բաշքեշուտի, Արմաշէնի, Ռուսաց Ղարաքիլիսի՝ դոխոբուր։

       Ընդհանրապէս կարելի է ասել, որ այս երեք դաւանութեան պատկանող միեւնոյն ազգի գիւղերը միմեանցից գրեթէ ոչնչով չեն տարբերւում, միեւնոյն երկար, լայն ու կանոնաւոր փողոցը կամ փողոցներն են, որոնց երկու կողմում բարձրանում են մի, երբեմն էլ, երկյարկանի, սպիտակացրած, կղմինտրածածկ տները, իրենց փոքր պատուհաններով եւ պատշգամբներով եւ ընդարձակ գաւիթներով, ուր գտնւում են ախոռը, յարդանոցը, բաղանիսը, եւ ուր բարձրանում են խոտի, հնձած հացահատիկների ահագին դէզերը։ Օրդոդոքս ռուսների ամենանշանաւոր գիւղը՝ Պրիվոլնին՝ գտնւում է Ջալալ-օղլից դէպի հիւսիս, Վօրօնցովկից դէպի արեւելք։ Դեբեդ գետի համանուն վտակից փոքր ինչ հեռու։ Գիւղը, որ բաղկացած է մի գլխաւոր, երկայն եւ լայն փողոցից, ձգւում է մի հարթութեան վրայ եւ շրջապատուած է բլրակներով։ Գիւղի կենտրոնում բացւում է մի բաւական ընդարձակ հրապարակ, որի մէջ տեղը բարձրանում է բաւական գեղեցիկ եկեղեցին։ Փողոցի երկու կողմում գտնւում են կղմինտրածածկ, մի եւ երկյարկանի, սպիտակացրած տները, իրենց ընդարձակ գաւիթներով։

       Գիւղում կայ պետական միդասեան դպրոց, ինչպէս նաեւ երկու խանութ։ Բնակիչները օրդոդոքս ռուսներ են, 200 տուն, 779 ար. 783 իգ. իմիասին՝ 1562 հոգի։ Բացի սովորական պարապմունքից՝ սրանք պարապում են սայլապանութեամբ եւ սայլեր ու մանաւանդ անիւներ շինելով։ Տեղական բերքերից գովուած է կարտոֆիլը, որ գլխաւորապէս վաճառւում է Թիֆլիսում։

       Մալականների ամենանշանաւոր գիւղը Վօրօնցովկան է, որ տարածւում է Ջալալ-օղլուց դէպի հիւսիս, Ջամբաղչի խճուղու երկու կողմում, մօտ երեք վերստ երկարութեամբ։ Մի եւ երկյարկանի, սպիտակ, կղմինտրածածկ տները, ներկած պատշգամբով եւ ընդարձակ գաւիթներով բաւական գեղեցիկ տեսք են տալիս։ Գրեթէ կենտրոնում գտնւում է մալականների աղօթատունը, որ սովորական տներից ոչնչով չի տարբերւում։ Մի քիչ հեռու գտնւում է պետական երկդասեան դպրոցը։ Բնակիչները 300 տուն են. 1296 ար. 1256 իգ. ի միասին՝ 2555 հոգի։ Սովորական պարապմունքից զատ այս գիւղացիները պարապում են նաեւ մեղուապահութեամբ եւ սայլապանութեամբ, սայլեր, անիւներ շինելով։ Գիւղացիները 14000 դեսիատին հող են գնել շրջակայ կալուածատէրերից։

       Դոխոբուրների ամենանշանաւոր գիւղը Բաշքեչուտն է, Մաշաւեր գետի վրայ, միանգամայն նման միւս ռուսաբնակ գիւղերին, միայն սրանց տները միմեանցից շատ չեն տարբերւում, որովհետեւ բնակիչներն էլ տնտեսական կողմից միմիանցից շատ չեն զանազանւում, սրանց մէջ ո՛չ սաստիկ աղքատ եւ ո՛չ սաստիկ հարուստներ կան։ Բնակիչները վերաբնակուել են այստեղ Ախալքալաքի գաւառից, ընդամէնը՝ 50 տուն են. 264 ար. 229 իգ. ի միասին՝ 486 հոգի։ Բացի սովորական պարապմունքից՝ դոխոբուրներն պարապում են նաեւ բեռնակրութեամբ։
       Գերմանական գաղութները երկուս են՝ Եկատերինէնֆելդ եւ Ալէքսանդրսհիլֆ։

       Եկատերինէնֆելդ կամ Մեծ Ռատեւանը տեղաւորուած է Մաշաւեր գետի ձախ ափին, փոքր ինչ բարձր, ս. Գէորգ լեռան հանդէպ, մի հարթութեան վրայ։ Սրա հարաւային կողմում ձգւում է քարքարոտ եւ մերկ բլրակների մի շարք, որի վրայ կայ մի հինաւուրց մատուռ Ծաղկեվանք անունով եւ մօտը մի գիւղատեղի։ Մի քանի տարի առաջ այստեղ մի հայ սկսել էր ճգնել եւ տասն եւ չորս օր ինքնակամ քաղցած մնալով՝ մեռել, յետոյ շրջակայ գիւղերի հայերը լսել էին այդ մասին, եկել թաղել էին նրան եկեղեցու գաւթում, սուրբ համարելով նրան։ Մինչեւ այժմ էլ շրջակայ գիւղերից ուխտ են գալիս այստեղ թէ հայեր եւ թէ վրացիներ։ Թէ տեղացի գերմանացիները եւ թէ հայերը կրկնեցին ինձ այն աւանդութիւնը, որ երբեմն ծերունիները պատմել էին Ս. եպ. Ջալալեանին, իբր թէ այստեղ պահւում էր մի շատ զօրաւոր խաչ (ըստ Ջալալեանի ս. Վարվառայ կուսի մասունքը), եւ իբր երբ ծաղիկ հիւանդութիւնը սաստիկ տարածւում է Իմերէթում, տեղական իշխան Դադեանը խնդրում է Հերակլ թագաւորից այս խաչը, կոտորածին վերջ դնելու հաւատով, եւ սա ուղարկում է, նախապէս հինգ տուն ստրուկ պատանդ վերցնելով։ Սակայն պարսից պատերազմների պատճառով խաչը չի վերադարձւում եւ պատանդները մնում են այստեղ։

       Այժմեան գաղութը սկզբում բաղկացած է եղել միայն երկու երկար փողոցներից, սակայն երբ 1826 թուին պարսիկները թալանեցին գիւղը եւ շատերին գերի վարեցին, սրանք հինգ զուգընթաց փողոցների վրայ տեղաւորուեցին, եւ փողոցների ծայրերին էլ պատնէշներ քաշեցին, միմեանց պաշտպանելու նպատակով։ Գիւղի կենտրոնում, փոքրիկ հրապարակի վրայ բարձրանում է գոթական ոճով շինուած եկեղեցին, որի մօտ գտնւում է պետական միդասեան դպրոցը, դեղատունը, բժշկանոցը, կառավարութիւնը եւ մի մեծ աղբիւր։ 

       Տները երկյարկանի են եւ իւրաքանչիւրն ունի առանձին, ընդարձակ գաւիթ։ Թէ փողոցների երկու կողմում եւ թէ գաւիթներում տնկուած են ծառեր։ Գաղութի միջով անցնում են երկու ջրանցք, որ բերել են գաղութի հաշւով։ Գաղութում կան իւղ պատրաստելու չորս եւ օղի քաշելու մի գործարան, բաւականաչափ խանութներ, բայց ո՛չ փոստատուն։

       Բնակիչները Վիւրտեմբուրգից 1818 թուին գաղթած գերմանացիներ են, որ նախ բնակուել են Շամքորի մօտ եւ ապա մի տարուց յետոյ այստեղ տեղափոխուել, որովհետեւ այնտեղի օդը անտանելի է եղել։ Սրանք դեռ եւս պահպանում են իրենց ներքին ինքնուրոյն կառավարութիւնը, ունին մի շիւլց, իւր երկու օգնականներով եւ մի գրագրով, որ վարում է գաղութի բոլոր գործերը։ Գրեթէ բոլորը գիտեն գերմաներէն գրել կարդալ, բոլորն էլ խօսում են թուրքերէն եւ մասամբ ռուսերէն եւ հայերէն։ Ընդամէնը 226 տուն են, 779 ար. 838 իգ. իմիասին՝ 1617 հոգի։ Քառասուն տուն էլ ժամանակաւոր բնակուողներ կան։ Գլխաւորապէս պարապում են գինեգործութեամբ եւ ունին շատ ընդարձակ այգիներ, մասամբ էլ երկրագործութեամբ, որ հայերից են սովորել։

       Այստեղ են բնակւում այս ոստիկանական շրջանի ոստիկանը, հաշտարար դատաւորը, 10 հոգուց բաղկացած պահապանների խումբը։