Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       Ա. ՀԱՅՈՑ

       Եթէ հաշուելու լինենք Բորչալուի գաւառի Հայոց բոլոր նշանաւոր վանքերը, կը տեսնենք՝ որ ընդամէնը տասն են։ Սրանցից մի քանիսի, մանաւանդ Սանահնի եւ Հաղբատի, կատարած կրօնական, հասարակական դերը չափազանց նշանաւոր է. ուստի եւ կարեւոր ենք համարում այդ մասին առանձնապէս խօսել, վանքերը նկարագրելուց յետոյ։ Սրանք ժամանակագրական կարգով այսպէս են դասաւորւում.

       1. Օձունի Խաչգունդ հիմնել է 735 թ. Օհան Օձնեցին։
       2. Արդուի Օհան Օձնեցու. աւանդաբար Ը. դարում Օհ. Օձնեցին
       3. Հոռոմայրի Ս. Նշան. աւանդաբար՝ Ը. դ. Ծասիլ յոյն իշխանը։
       4. Սանահնի. 967 թ. Խոսրովանոյշ թագուհին։
       5. Հաղբատի 967 թ. Նոյնպէս Խոսրովանոյշ թագուհին։
       6. Քոբայրի 1155 թ. Կիւրեկէ Բ. դուստր Մարիամը։
       7. Բարձրաքաշ Ս. Գրիգորի 1205 եւ 122 թ. Մամիկոնեան Մարծպանը։
       8. Քառասնից մանկանց 1241 թուին ոմն Դաւիթ։
       9. Խորակերտի . 1252 թ Ստեփանոս իշխանը։
       10 Սեդուի. անյայտ

       Նկարագրենք սրանք մի առ մի այս, ժամանակագրական կարգով։ Եւ որպէսզի ստէպ չընդհատենք նկարագրութիւնը բազմաթիւ արձանագրութիւններն առաջ բերելով եւ կամ մեր նկարագրութիւններով չդժուարացնենք պատմաբանին արձանագրութիւններից նիւթեր քաղելու, մենք բոլոր արձանագրութիւնները, իւրաքանչիւր վանքինը առանձնապէս, բայց ժամանակագրական կարգով, կըտանք առանձին՝ Արձանագրութիւնների բաժնում, իսկ այստեղ, հարկաւոր դէպքում միայն, առաջ կըբերենք նրանց բովանդակութիւնը եւ երբեմն, եթէ անհրաժեշտ է, արձանագրութիւնը նոյնութեամբ։