Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ՕՀԱՆ ՕՁՆԵՑՈՒ ՎԱՆՔԸ

       Սա գտնւում է Արդուի գիւղի հիւսիս-արեւմտեան կողմը, մօտ երկու վերստ հեռու, մի փոքրիկ բլրակի վրայ։ Հին վանքը սրբատաշ քարերով շինուած մի շէնք է եղել, բայց այժմ բոլորովին քանդուած է եւ միայն սեղանի կամարն է մնում։ Սրան կից, Էլիզբար եւ Գաբրիէլ Քալանթարեանները շինել են հասարակ, անտաշ քարով, կամարակապ, մի փոքրիկ շէնք որի հիւսիսային կողմում կայ մի փոքրիկ խորան, ուր գտնւում է Օհան Օձնեցու գերեզմանը։ Սա մի քարէ սարկոֆագ է, հասարակ, սեւ քարէ կափարիչով ծածկուած։ Երբ մի քանի տարի առաջ կամեցել են ծածկել այն ծակը, որ գիւղացիները բացել են գերեզմանի մէջ խնոթուն հանելով մի մարմարոնեայ փոքրիկ խաչ էր դուրս եկել։ Վերան գրուած էր ի յիշատակ է Գենճեցի Մըհի Սարգսին սբ խաչս շինուեցաւ։

       Եկեղեցու մոտ կայ մի հասարակ, փոքրիկ զանգակատուն, որի արեւմտեան կողմը մի տապանաքարի վրայ գրուած է։
       Այս է տապան մէլիքայ Ամիրջանի որդի Պաւղոս պարոն տէր սուրբ Յոհանայ ծառայ.

       Իսկ դիմացի խաչքարի վրայ. Խսբէճան եպիսկոպոսին ՌՃԼԴ ։

       Եկեղեցու շուրջն ընդարձակ գերեզմանատուն է, ուր մի խաչքարի վրայ կարդացւում է։
       Ս. Խաչս բարեխաւս է պ. Մելքոն Կեսարացւոյ, նահատակեցաւ ի Քրիստոս թ. ՌԼԱ։ Մի ուրիշ խաչքարի վրայ կարդացւում է. Թվականս ՋԿԷ ։

       Եկեղեցու շուրջը պարիսպ է քաշուած եւ մէջը ծառեր տնկուած։ Կան նաեւ մի քանի սենեակներ, մի պահապանի բնակութեան յատկացուած։ Վանքից փոքր ինչ ներքեւ, ժայռի մէջ նկատւում է երկու քարաշերտ, որ յայտնի է Օձապորտ անունով, որտեղից եւ կաթիլ կաթիլ երկաթաջուր է հոսում * ։ Սրա մոտ փոքրիկ առուակը մի գեղեցիկ ջրվէժ է գոյացնում։ Վանքից փոքր ինչ բարձր Շէկ Աղբիւր լերան գագաթին մին փոքրիկ այր կայ, որի մասին ասում են, թէ Օհան Օձնեցին նախ այդտեղ է ճգնել Օձունից վերադառնալուց յետոյ։