Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԱՉԳՈՆԴ ԵԿԵՂԵՑԻ

       Սա գտնւում Օձուն կամ Ուզունլար գիւղում, նրա արեւմտեան կողմը։ Շինել է Յոհաննէս Իմաստասէր կաթողիկոսը 735 թուին։ Եկեղեցին շիուած է կարմիր, սրբատաշ քարից, 40 արշին երկարութեան, 17 արշ. լայնութեան, եւ մոտ 30 արշ բարձրութեան է։ Մի մեծ եւ երկու փոքր, խորանների վրայ բարձրացած, գմբէթներ բաւական գեղեցիկ տեսք են տալիս։ Երեք կողմից պատող կամարակապ գեղեցիկ գաւիթն այժմ կիսաւեր է։ Ներքուստ երկու ամբողջական եւ ութը կիսասիւների վրայ բոլորում են ռոմանական կամարներ, որոնցից միջին չորսը միանալով մի մանեկաձեւ շրջանակով՝ կրում են իրենց վրայ չորս պատուհանաւոր գմբէթը։ Սեղանը բոլորակաձեւ է, խաչկալով զարդարուած, սրա երկու կողմում կան մի մի խորան, որոնց վերեւ կան գաղտնի պատուհաններ։

       Եկեղեցին լուսաւորւում է վեց պատուհաններով, ունի երեք կամարակապ դուռ, գեղեցիկ քանդակներով եզրափակուած։

       Եկեղեցին, ինչպէս երեւում է ձախակողմեան սեղանի վրայ եղած արձանագրութիւնից, վերանորոգել են Զաքարիա եւ Բաղդասար Աբովեանները 1888 թուին, ի յիշատակ իրենց ծնողների։ Եկեղեցու սրբութիւնների մէջ նշանաւոր է ս. Յակովբայ մասունքը՝ արծաթեայ խաչի մէջ ամփոփուած։

       Եկեղեցու շուրջը պատող գերեզմանատան մէջ նշանաւոր է ա) Օհան Օձնեցու ծնողների խաչքարերը, որոնց առաջ դեռ մինչեւ այժմ էլ գիւղացիները մոմեր են վառում եւ բ) Խաչգունդ քահանայի շիրիմը։ Եկեղեցի արեւելեան պատի մոտ է թաղուած Սիմէօն եպիսկոպոսը (1804) որ գնել է Մարցայ կալուածքը այս եկեղեցու անունով, եւ Վարդան եպիսկոպոսը։ Իսկ հիւսիսային կողմում կանգնած է Սմբատ Բագրատունի թագաւորի մահարձանը։ Ութ արշին լայնութեան եւ 51/2 արշին բարձրութեան եօթն աստիճանաւոր պատուանդանի վրայ բարձրանում են քառանկիւնի երեքսիւն, կրելով երկու գեղեցիկ ռոմանական կամար, որոնց մէջ կանգնած են 3 արշին բարձրութեան եւ 1/2 արշին լայնութեան քառանկիւնի, միակտուր, սնաձեւ կոթող, զարդարուած գեղեցիկ եւ նուրբ քանդակներով ։