Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀՈՌՈՄԱՅՐԻ Ս. ՆՇԱՆ

       Գտնւում է Օձունից դէպի արեւելա- հարաւ, հազիւ երկու վերստ հեռու, գեթէ ուղղահայեաց, ապառաժուտ ձորի լանջին, Դեբեդ գետի ձախ կողմը։ Այստեղ կան բաւականաչափ մեծ եւ փոքր այրեր, որոնցից մի քանիսը միմեանց հետ հաղորդակցւում են նեղ անցքերով։ Այրերից մի քանիսի մէջ գտնւում են կիրով պատած հորեր՝ հացահատիկներ պահելու։ Ձորի գլխից մի ոլորապտոյտ նեղ ճանապարհ իջնում է մինչեւ մի նեղ դարատափ, ուր գտնւում են երեք միմեանց կից մատուռներ մի մի փոքրիկ, նեղ եւ երկար պատուհանով։ Առաջին մատուռի վրայ բարձրանում է սիւնազարդ գմբէթ։ Այս մատուռից արեւմուտք մի փոքրիկ դուռ կայ, որի երկու կողմը բարձրանում են մի մի գեղեցիկ խաչքար, այս դուռը բացւում է մի փոքրիկ այրի մէջ։ Հարաւային կողմից մի ուրիշ դուռ բացւում է երկրորդ մատուռի մէջ։ Երրորդ մատուռը մուտք չունի ո՛չ առաջին եւ ոչ երկրորդ մատուռի մէջ, թէեւ վերջինիս կից է, այլ մի այրի միջով հաղորդակցւում է մի փոքրիկ, փայտածածկ գաւթի հետ, ուր կան գերեզմանաքարեր՝ առանց տապանագրերի։ Այս մատուռների փոքր ինչ հիւսիսի կայ մի ուրիշ ձեղունը բոլորովին քանդուած եկեղեցի, որի արեւմտեան պատը ժայռն է կազմում։

       Մի քիչ էլ ներքեւ մի բլրակ է բարձրանում, որի արեւելեան կողմը քարաժայռ է, միւս կողմերն էլ սաստիկ թեք են, այնպէս որ շատ դժուար է նրա վրայ բարձրանայ սրա գագաթին նկատելի են պարսպի եւ մի փոքրիկ մատուռի աւերակները։ Տեղացիները սրան Կուլէթ են կոչում, իսկ Ս. Ջալալեան ասում է, թէ սա մի ժամանակ ազատել է այստեղի բնակիչներին Լեկզիների յարձակումից ։

       Այս այրերից մինի մէջ կաթկաթում է սառն ջուր եւ հաւաքւում մի աւագանի մէջ։ Այրը կոչւում է Թնդոց, եւ աւանդութեան ասելով, ջուրը Օհան Օձնեցու հրամանով է սկսուել կաթկաթել։ Այս այրերից բարձր դաշտի վրայ կան սրբատաշ քարերով շինուած երկու փոքրիկ մատուռներ, որ արդէն կիսաւեր են։ Ժողովուրդը սրանց Հոռոմէլ անունն է տալիս եւ պատմում է, իբր յունաց Վասիլ զօրապետը ճգնել է այդտեղ ։

       Աւանդութեան ասելով ս. Նշանի վանքը հիմնուած է VIII դարում, յունաց Վասիլ իշխանի ձեռքով որ Հայոց վրայ պատերազմելու է եկել, բայց սաստիկ հիւանդացել է եւ միմիայն Օհան Օձնեցու աղօթքով բժշկուել։

       Այս հրաշքից յետոյ Վասիլ իշխանը այլ եւս չէ կամեցել հայերին կոտորել, արձակել է իւր զօրքերը, շինել այս վանքը եւ սկսել այդտեղ ճգնել, եւ հենց այս պատճառով էլ վանքը կոչուել է Հոռոմայր ։ Յետոյ մի առ ժամանակ այստեղ պահուել է սուրբ Նշանը (Խաչափայտի մասը), որի պատճառով եւ վերակոչուել է ս. Նշան։

       Աւելի ուշ. 1187 թուին, ամիր սպասալար Զաքարէն եւ Իւանէն շինել են այժմեան եկեղեցիները, ինչպէս երեւում է ս. Նշանի վրայ եղած արձանագրութիւնից։

       Իսկ 1201 թուին այս վանքի Պետրոս վանահայրը մի օձնեցի ի ծնէ կոյր մանկան աչքերը բժշկել է ս. Նշանը գնելով նրա աչքերի վրայ ։

       1833 թուին այստեղի այրերից մինում մի մարմին է գտնուել, որին ժողովուրդը ուխտ է եկել իբր Օհան Օձնեցու նշխարների։ Սիմէօն արքեպիսկոպոսի կարգադրութեամբ այս մարմինը տեղափոխել են սուրբ Էջմիածին եւ ամփոփել սուրբ Գայիանէի վանքում * ։