Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ՆԱԽԱԳԱՒԻԹ

       Սա մի ընդարձակ կամարակապ սրահ է, որի մէջ բացւում է թէ ս. Աստուածածին եկեղեցու եւ թէ Ամենփրկչի գաւթի դուռը, արեւելեան կողմից էլ սրան խառնւում է Գ. Մագիստրոսի կամարակապ ճեմարանը, որ տարածւում է ս. Աստուածածնի եւ Ամենափրկիչ եկեղեցիների միջեւ։

       Այս նախագաւիթը աւելի ուշ (ԺԳ. դարումն) է շինուած քան ս. Աստուածածին եկեղեցին, որին իբր գաւիթ է ծառայում, ինչպէս երեւում է նախագաւթի հիւսիսային պատի վրայ եղած արձանագրութիւնից։

       Ամբողջ նախագաւթի երկարութիւնն է 23 արշ. լայն. 19 ար. բարձ. 91/2 արշ. ։ Այս տարածութիւնը երկու շարք սիւներով բաժանուած է երեք մասի, որոնցից իւրաքանչիւրը առանձնապէս ունի կամարակապ ձեղուն։ Իւրաքանչիւր շարքում կանգնած են երեք ամբողջ եւ երկու կիսասներ։ Սիւներից մի քանիսի բները գլանաձեւ, մի քանիսինն էլ ութանկիւնանի են, հաստատուած քառակուսի պատուանդանների վրայ եւ կրում են միքանիսը քանդակագործ, միւսները անքանդակ վերնախարիսխներ։ Իւրաքանչիւր կամարի լայնութիւնն է 3 արշ. 3 վ. իսկ բարձ. 4 արշ. 3 վ. ։

       Նախագաւթի արեւելեան, Ս. Աստուածածնի դռան աջ կողմը, մի ահագին պատուանդանի վրայ բարձրանում է կարմիր, միակտուր քարից շինուած մի գեղեցկաքանդակ խաչ այսպիսի արձանագրութեամբ՝
       Ես Դաւիթ իշխանաց իշխան կանգնեցի զսուրբ նշան գերեզմանի հաւր իմոյ Գրիգորի, որք երկրպագէր յաղթաւս յիշեցէք։

       Նախագաւթի արեւմտեան պատը, վեց գեղեցիկ կիսաբաց կամարներ է կազմում, որոնց վրայ երեք նեղ եւ երկար պատուհաններ են բացւում։ Այս կամարներն այժմ մի քանիսն ամբողջովին, մի քանիսն էլ կիսով չափ ծածկուած են։ Այս ծայրիններում, երեսը դէպի դուրս ուղուած կանգնեցրած են մի մի հրաշալի, գեղեցկաքանդակ կարմիր խաչքարեր, որոնցից հարաւայինի վրայ, նախագաւթի միջից կարդացւում է.
       ՚Ի ՈԿԴ թուին կանգնեցաւ խաչս յիշատակ Սարգսի որդւոյ Սբատայ թոռն Համազասպեան, որ մեռաւ ՚ի պատերազմի եւ թաղեցաւ ի դուռն Աստուածածնի եւ որդի նորա Սմբատ եւ ամուսին Աղուտ ետուն ի Մղարտն Զաբլսաղանց հայրենիքն ամենայն շահու զենով յԱստուածածին եւ խ. օրավար հող ով զայն հանէ յԱստուածածնէս դ. սբ. ժողովոցն նզովեսցի յԱստուծոյ։ Ես հայր եւ վարդապետ Գրիգոր, Վարդան եւ ամեն միաբանքս տուաք զամեն եկեղեցիքս քառասնից տաւնին զերկու եկեղեցին Սմբատայ եւ Սարգսի։ Ով խափանէ զվերոգրեալ, նզովս առցին։ 

       Երկրորդ խաչքարի միայն առաջին երեսի վրայ կայ հետեւեալ բառերը։
       Նշանդ Աստուծոյ աւգնեա Քրդի Խորիշահի…

       Նախագաւթի ամբողջ յատակը պատած է մեծ եւ փոքր տապանաքարերով, որոնց միայն մի քանիսի վրայ կան տապանագրեր։ Սրանք ցոյց են տալիս, որ այստեղ ամփոփուած են վանքի բարերար իշխանները, վանահայրերը եւ վերջին ժամանակներս իշխան Արղութեան Երկայնաբազուկ տոհմից մի քանի անդամները։