Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ

       Սա Բագրատունեաց Աշոտ Ողորմած թագաւորի եւ նրա կին՝ Խոսրովանուշի ձեռակերտն է, շինուած 967 թուին եւ վերանորոգուած 1184 թուին, Յովհաննէս եպիսկոպոսի հոգատարութեամբ եւ Գրիգոր Տուտէորդի վարդապետի օգնութեամբ, ինչպէս երեւում է եկեղեցու արեւմտեան դռան ճակատին եղած արձանագրութիւնից։

       Ամբողջ եկեղեցին շինուած է սրբատաշ քարով, անսիւն է եւ գմբէթաւոր։ Պահպանելով նախնական, բազիլիկային ձեւը, չորս խորանների վրայով բոլորում են չորս կիսաբոլոր կամարներ, որոնց վրայ բարձրանում է ահագին գմբէթը՝ միմիայն չորս լուսամուտներով զարդարուած։ Ուրիշ ութ պատուհաններ եւս լուսաւորւում են եկեղեցին։ Բոլոր խորաններն էլ երկյարկանի են, բոլորի մէջ էլ կան պատարագամատոյց սեղաններ, այնպէս որ այս եկեղեցին իննը սեղան ունի, մինը աւագ սեղանինը, ութը խորաններից։ Երկրորդ յարկի խորանները բարձրանալու համար մի մի նեղ անցք են թողնուած շարժական սանդուխտ դնելու։ Սեղանին կից, ձախակողմեան խորանին մէջ կան երկու գաղտնի պահարան եւ մուտք դէպի սեղանը, իսկ աջակողմեանի իսկականի դուռը քարով պատած է եւ միայն սեղանի կողմից մի դուռ է բացուած։ Այստեղ այժմ պահւում են եկեղեցու սրբութիւնները։

       Եկեղեցին ունի երկու դուռը, մէկ հարաւային կողմից, որ այժմ փակուած է, միւսը՝ արեւմտեան, որ բացւում է գաւթի մէջ։ Այս դուռը շատ գեղեցիկ է. եզրափակող նշխերին կից ձգւում են երկու միմեանց միացած կիսասներ, կրելով մի բոլորակ կամար։ Սրանց կողքին միեւնոյն ահագին քարից կերտուած երեք, մէկը միւսից աւելի բարձր կիսասիւներ տալիս են համակենդրոն երեք կամարներ, որոնցից ամենաբարձրի մէջ տեղում ցցուած է մի կենդանու գլուխ։

       Դրան բարձրութիւնն է 3 արշ. 51/2 վ. լայնութիւնը՝ 2 արշ. 11/2 վ. ։

       Եկեղեցու արտաքին, արեւելեան ճակատը զարդարուած է ինը գեղեցիկ, կիսասիւների վրայ յանկած կամարներով, որոնցից մէջտեղինը աւելի մեծ է եւ պատում է սեղանի վրայ բացուող բաւական մեծ պատուհանը։ Սրա վերեւ քանդակուած են երկու քղանցքաւոր հանդերձով եւ սրածայր գլխարկով մարդ՝ ձեռքերին այս եկեղեցու կաղապարը բռնած։ Փոքր ինչ վերեւ արձանագրուած է.
       Կիւրիկէ թագաւոր եւ Սմբատ թագաւոր։
       Միւս պատերին եւս կան մի քանի սիւնազարդ կամարներ։

       Այս տարի կտուրի քարերն փոխել են եւ կաթուղիկէն իւղաներկով ներկել։

       Եկեղեցու երկարութիւնն է 29 արշ. լայն. 18 արշ. բարձր. 32 արշ. ։ Կամարների բարձրութիւնն է 17 արշ. իսկ միջի տարածութիւնը՝ 9 արշ. 6 վ. ։ Բեմի բարձրութիւնն է 1 արշ. 12. ։ Ներքին խորանների երկարութիւնն է 7 արշ. 5 վ. լայն. 2 արշ. 5 վ. բարձր. 5 արշ. 4. վ. ։ Վերին խորանների երկար. 5. արշ. 101/2 վ. լայն՝ 2 արշ. ծ. 61/2 վ. բարձր. 4 արշ. 12 վ. ։

       ԳԱՒԻԹ

       Ամենափրկիչ եկեղեցու արեւմտեան կողմում գտնւում է գաւիթը, որ կից է նաեւ նախագաւթին եւ բացւում է նրա մէջ։ Սա Ամենափրկիչ եկեղեցուց բաւական ուշ է շինուած, փրկչական 1181 թուին, Յովհաննէս առաջնորդի ձեռքով։ Այցելուն հիացմամբ կանգ է առնում հաստ եւ գեղեցիկ չորս սիւների առաջ, որոնց վերայ յանկում են բոլրակաձեւ կամարներ, կրելով իրենց վրայ գմբէթը, որի ծայրի լայն բացուածքից լոյսը առատութեամբ ներս է թափանցում, իսկ հոսած անձրեւը հաւաքում յատկապէս այդ նպատակով յատակին, գրուած քարէ աւազանի մէջ։

       Սիւներից իւրաքանչիւրը բաղկացած է երեք ահագին քարերից, պատուանդանը ներկայացնում է մի քառակուսի սալվերան մի գունտ. 1 արշ. 7 վ. տրամագծով բունը միակտուր 21/2 արշ. բարձրութեան եւ 1 արշ. 1 վ. տրամագծով գլան է, վերնախարիսխը նման է համաչափ պատուանդանին, միայն հակառակ, նախ գունդը եւ ապա սալն է գրուած։ Սալերի վրայ քանդակուած են ահագին մեխեր։ Այս սիւները շինել են Կիւրիկէ թագաւորի երեք դուստրները եւ թագուհու հորաքոյրը, ինչպէս երեւում է հէնց իրենց սիւների վրայ գտնուող արձանագրութիւնից։

       Հարաւային եւ հիւսիսային պատերի մէջ կան մի մի երկար ու նեղ եւ երկական կլոր պատուհաններ, ինչպէս եւ մի մի դուռն, որոնցից հարաւայինը ծածկուած է, իսկ հիւսիսայինը, որ բացւում է նախագաւթի մէջ, բաւական գեղեցիկ է։

       Գաւթի յատակը ծածկուած է ութսունի չափ ահագին տապանաքարերով, որոնցից նշանաւոր է այս գաւիթը կառուցող Յովհաննէս առաջնորդինը՝ եկեղեցու դռան առաջ եւ Մովսէս Զաքարեան Երկայնաբազուկ Արղութեանինը, որ Դաղստանը նուաճող զօրավարներից է եւ որի արձանը կանգնեցրած է Թեմիր-Խան-Շուրայում։

       Այս տարի սրա կտուրը վերանորոգել են մասամբ իւր հին, մաամբ էլ Աղէքսանդրապօլից բերած քարերով։

     ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՃԵՄԱՐԱՆ

       Ամենափրկիչ եւ Ս. Աստուածածին եկեղեցիներին կից, ութական քառանկիւնի սիւների վրայ բոլորում են ութ ռոմանական կամարներ, յառաջացնելով 16 արշ. երկ. 31/2 արշ. լայն. եւ 61/2 արշ. բարձր. մի սրահ։ Սիւները դրուած լինելով գետնից մի արշինաչափ բարձր պատի վրայ, սիւների միջի տարածութիւնները մի մի նստարան են ներկայացնում։ Սրահը արեւմտեան կողմից բաց է եւ խառնւում է նախագաւթին, իսկ արեւելեան կողմում կանգնած են մի մեծ եւ կողքերին մի մի փոքրիկ խաչքար։ Միջի խաչքարի վրայ արձանագրութիւն չկայ, իսկ միւս երկուսի վրայ կարդացւում է.
       Ս. Խաչս բարեխաւս պր ծորկուն թվ… որդի Դաւթի զաւրավարին.

       Միւսի վրայ.
       Սբ. Նշանդ տէրունական Տէր Սարգսի լեր քաւարան. թվին ծե (?)

       Այս սրահի յատակը ծածկուած է տապանաքարերով, որոնցից միայն մինի վրայ կայ «Վարդան սարկաւագ» տապանագիրը։

       Աւանդութեան ասելով Գրիգոր Մագիստրոսը այս սրահումն է ուսուցել իւր աշակերտներին, ուստի եւ այս շէնքը նրա անունով կոչւում է Մագիստրոսի ճեմարան։


       ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ

       Ս. Աստուածածին եկեղեցու արեւմտեան կողմը, պատին կից, երկու կամարակապ սրահներ են եղել, որոնք 1836 թուին Յարութիւն եպիսկոպոս Տէր Բարսեղեանը քանդել եւ քարերն աղբիւրի շինութեան վրայ է գործ դրել։ Այս սրահներից մինի տակ հանգչում է Կիւրիկեան թագաւորութեան հիմնադիր Գուրգէնի, իսկ միւսի տակ նրա որդու՝ Դաւիթ Անհոգին թագաւորի նշխարները։ Առաջնի վրայ կայ միակտուր, եռանկիւնաձեւ մի ահագին տապանաքար՝ այս տապանագրով.
       Այս է հանգիստ Գուրգէնայ որդւոյ Աշոտոյ Ողորմածին։

       Միւսի հետքն անգամ չի երեւում։

       Խրանց շուրջը կան նաեւ ուրիշ գերեզմանաքարեր, որոնցից մինի վրայ կարդացւում է. Այս է հանգիստ Ներսէս փիլիսոփայի։

       
       ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

       Ս. Աստուածածնի եկեղեցու հիւսիսային պատին կից բարձրանում է կոփածոյ քարերով շինուած զանգակատունը։ Սա մի քառանկիւնի շէնք է, փոքրիկ սիւնազարդ կաթուղիկէով։
       Գլխաւոր մուտքը գտնւում է արեւմտեան կողմում, երկու սիւների վրայ բոլորում են արաբական կամարներ, որոնց երկու կողմում քանդակուած են մի բազէ, մի ուրիշ քառանկիւնի շրջանակ պարփակում է դուռը, որ այժմ քարով ծածկուած է մի կարմիր քարէ գեղեցկաքանդակ խաչ։ Սրա երկու կողմում եւ վերեւը, նոյնպէս պտի մէջ գրուած են մի մի դեղնագոյն քարէ քանդակակերտ խաչ։ Երկու մեծ եւ մի փոքր պատուհան աններդաշնակ կերպով բացւում են եւ տգեղացնում ընդհանուր տեսքը։ Միւս կողմերին եւս կան մի մի հասարակ դուռ եւ մի քանի պատուհան։ Զանգակատան մէջ քարէ, 18 աստիճանաւոր սանդուղով բարձրանում են մի սրահ, ուր կայ երեք խորան։ Սրանցից իւրաքանչիւրն ունի մի փոքրիկ եւ նեղ լուսամուտ։ 

       Այս սրահից նոյնպիսի քարէ 13 աստիճանաւոր սանդուխտ բարձրացնում է մի ուրիշ մեծ սրահ, որից չորս կողմը բացւող պատուհանները մի գեղանկար տեսարան են պարզում դիտողի առջեւ։ Կաթուղիկէն յենուած է վեց սիւների վրայ, որոնցից իւրաքանչիւրը բաղկացած է չորս կիսասիւներից։

       Զանգակատան բարձրութիւնն է 28 արշին, իսկ երկարութիւնն ու լայնութիւնը տասական արշին։

       
       ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԿԱՄ ՆՇԽԱՐԱՏՈՒՆ

       Ս. Աստուածածնի եկեղեցու մօտ, նրան իւր փոքրիկ գաւթով կից գտնւում է մի հրաշալի շէնք, որի նշանակութիւնն եւ ամնից շինուիլը որոշող արձանագրութիւնը թէեւ այժմ անհետացած է, սակայն ընդօրինակութիւնը պահպանուել է Ս. Ջալալեանի աշխատութեան մէջ։ Սրանից երեւում է, որ այս շէնքը շինել է Դաւիթ արքայի դուստր Հրանուշ թագուհին 1066 փրկ. թուին եւ յատկացրել է նշխարներ եւ մատեաններ պահելու։

       Շէնքը քառակուսի է, անսիւն եւ գմբէթաւոր։ Իւրաքանչիւր կողմի երկարութիւնն է 12 արշ. 12 վերշոկ, իսկ բարձրութիւնը՝ 16 արշ. 8 վեր. ։ Մի մի հրաշագեղ կիսասիւներ բարձրանում են իւրաքանչիւր պատի մէջ տեղում, որոնց վրայ պատերի անկիւններով անցնելով բոլորւում են արաբական կամարներ, կրելով իրենց վրայ գմբէթը։ Վերջինս ոչ թէ կոնաձեւ է, այլ վեց կարգ միմեանց վրայ շինուած կանոնաւոր ութանկիւնանիների, որոնք հետզհետէ փոքրանալով մի բաւական մեծ անցք են թողնում լոյսի համար։ Մի փոքրիկ, նեղ եւ երկար պատուհան էլ կայ արեւելեան պատում։ Բոլոր պատերի մէջ կան մեծ եւ փոքր, գեղեցիկ նշխերով եզրափակուած կամարակապ դարակներ, որոնցից մինը ծխնելոյզ ունենալով ծառայել է իբր վառարան։

       Շատ նշանաւոր են կիսասիւները, որոնք բոլորն էլ ձեւով միմեանցից տարբերւում են։ Սրանցից մինի բունը ներկայացնում է մի միակտուր կիսագլան 2 արշ. բարձրութեան, վերան երեքական բարակ եւ մէջտեղը մի հաստ, զանազան նշխերով ծածկուած սիւներ կերտուած, որոնք կամարներով միանում են միմեանց հետ։ Վերնախարիսխը քառանկիւնի է, նոյնպէս նշխերով ծածկուած։ Մնացած երեքը նոյնպիսի կիսագլաններ են, որոնց առաջի մասում մի մի կիսասիւն է կերտուած, զանազան, միմեանցից տարբեր նշխերով զարդարուած։ Միեւնոյն ժամանակ սրանց վերնախարիսխներն էլ տարբերւում են միմեանցից, մինի վրայ երկու, միմեանց փաթաթուած օձեր են կերտուած, միւսը հնգանիստ է, իւրաքանչիւր երեսին մի խաչ քանդակուած, վերեւն էլ մի խաչ կանգնեցրած։

       Միակ դուռը, որ բացւում է գաւթի մէջ՝ սիւնազարդ է, արաբական կամարներով։

       
       ՓՈՔՐԻԿ ԳԱՒԻԹ

       Նշխարատան առաջ կայ սրբատաշ քարերից շինուած մի փոքրիկ գաւիթ, սրա արեւմտեան կողմը բոլորովին բաց է, հարաւայինը ներկայացնում է երկու կամարակապ անցք, կողքերին մի մի պատուհան, արեւելեան կողմը պատած է պատով, որի մէջ կանգնած են եղել երկու խաչարձան, որոնցից այժմ միայն մինն է կանգուն եւ կրում է հետեւեալ արձանագրութիւնը.
       Ի ՈԺ թուին ի թագաւորութեան վրաց Գէորգեայ կանգնեցաւ սբ. Ամենափրկիչս ի բարեխօսութիւն հաւատացելոց։ 

       Գաւթի յատակը ծածկուած է տապանաքարերով, որոնցից մինի վրայ գրուած է.
       Ճգնաւորն պատրոն Նրջհիսն է, քոյր պատրոնացն Զաքարէի եւ Իւանէի։

       Գաւթի երկարութիւնն է 14 արշ. 7 վերշ. լայն. 3 արշ. 13 վ. բարձրութիւնը 6 արշ. 3 վերշ. ։