Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍՊԱՍԱԼԱՐՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ

       Սա գտնւում է Ամենափրկիչ եկեղեցուց դէպի արեւելք, վանքի պարսպից դուրս, հազիւ 18 սաժէն հեռաւորութեան վրայ։

       Սա բաղկացած է մի երկար եւ կամարաձեւ, կողքերին մի մի կլոր եւ գմբէթաւոր փոքրիկ մատուռներից։ Սրանց երեքի տակը, չորսական կիսասիւների վրայ բոլորում են չորս կամարներ, հովանաւորելով Զաքարէ սպասալարի, իւր հօր՝ Սարգսի եւ պապի Վահրամի գերեզմանները։ Միակտուր, ահագին տափարակ տապանաքարերի գլխներին բարձրանում են նոյնպէս ահագին, միակտուր եւ գեղեցիկ քանդակներով շրջապատուած մի մի խաչքար։ Սրանցից երկուսը այլեւս չկան, իսկ երրորդի գրայ գրուած է.
       Նշան Աստուծոյ բարեխաւս լեր ամիր Սպասալար Հայոց եւ Վրաց Սարգսին։

       Խաչքարի ստորին մասում գրուած է.
       ՚Ի ՈԼԶ թուին կատարեցաւ ի Քս. Մեծն Սարգիս, որդի Զաքարէի, թոռն Աւագ Սարգսի. որդիքս Զաքարէ եւ Իւանէ կանգնեցաք զխաչս, յիշեցէք։

       Այս դամբարանին կից, բայց նրանից փոքր ինչ բարձր, անսիւն, կամարակապ մի շէնք է շինուած, մի երկար ու նեղ եւ մի կլոր պատուհաններով, ուր թաղուած են Արղութեան Երկայնաբազուկ տոհմի անդամներից 14 հոգի։ Սրա միակ, արեւմտեան կողմի սիւնազարդ եւ կամարակապ դրան վրայ քանդակուած է մի խաչ, կողքերին մի մի աղաւնի, իսկ շուրջը՝ հետեւեալ արձանագրութիւնը.
       Զաքարէ եւ Իւանէ որդիք մեծին Սարգսի շինեցաք զհանգստարանս. յիշեցէք ի Քս. ի թվին Հայոց ՈԼԸ ։