Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԱՆԱՀՆԻ ԿԱՄՈՒՐՋԸ

       Ճարտարապետական տեսակէտից առանձին ուշադրութեան արժանի այս կամուրջը ձգւում է Սեւորդեաց ձորում Դեբեդ գետի վրայ։ Սա կառուցել է, ինչպէս տեսանք, Կիւրիկեան Աբաս Բ. (1234) թագաւորի կին եւ Զաքարէ ու Իւանէ սպասալարների քոյր Նանան, ի յիշատակ իւր վաղամեռիկ ամուսնուն։ Կամուրջը շինուած է տաշած քարից, եւ բաղկացած է մի մեծ կամարից, որի մի ծայրը հանգչում է ժայռի, իսկ միւսը՝ հաստատուն պատուանդանի վրայ. եւ դէպի հարաւ իջնում է աստիճաններով։ Կամուրջի երկու կողմում ձգւում են քարէ պատնէշ, զարդարուած առիւծի չորս արձաններով։ Կամուրջի ցածր մասում կանգնած է մի խաչքար, որ կրում է վերոյիշեալ պատմական տեղեկութիւնը բովանդակող մի արձանագրութիւն։

       Կամուրջի երկարութիւնն է 28 սաժէն, իսկ լայնութիւնը, 5 արշին 3 վերշոկ, կամարի բարձրութիւնը ջրի մակերեւոյթից մինչեւ 20 արշին։
       Չնայելով որ մօտ եօթ դար է անցել հիմնարկութեան օրից, այնուամենայնիւ բոլորովին կանգուն է այս հոյակապ շէնքը։ Այս կամուրջի մօտ Թիֆլիս-Կարսեան երկաթուղու մի տախտակամած է շինուած, ուր երկաթուղին մի քանի րոպէ կանգ է առնում։ Այստեղից մի սաստիկ քարքարոտ եւ ոլորապտոյտ ճանապարհ ահռելի ժայռերի կրծքով բարձրանում է դէպի Սանահնի վանքը, որ հազիւ հինգ վերստ հեռու լինի։ Այժմ Վեհափառ կաթուղիկոսի հոգատարութեամբ այս ճանապարհը հարթւում է, որով եւ շատ մեծ դիւրութիւն է ընծայւում թէ ուխտաւորներին եւ թէ Սանահին ամարանոց գնացողներին * ։