Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՂԲԱՏ 

       Սանահնին մրցակից եւ նրան թէ իւր ճարտարապետութեամբ եւ թէ իւր կրօնական, հասարակական գործունէութեամբ գերազանցող այս հռչակաւոր վանքը բարձրանում է համանուն գիւղի մոտ, Սանահնից արեւելք, հազիւ 5 վերստ հեռու մի եռանկիւնաձեւ հարթութեան վրայ, որի հարաւային կողմից ձգւում է Սեդիկի ձորը, համանուն վտակով արեւմտեան կողմից Կայենոյ եւ Դեբեդի ձորերը, իրենց յորդառատ ջրերով, հիւսիսային կողմից, այս հարթութիւնը մոտ չորս վերստ շարունակուելով՝ ընդհատւում է Խրմա-ձորով, իսկ արեւելեան կողմում միանում Տէրունական եւ Ս. Լուսի անտառապատ լեռներին։ Վանքը շրջապատուած է հաստ պարսպով, որ ունեցել է վեց ամուր, բայց այժմ կիսաւեր աշտարակներ։ 

       Վանքի շինութիւնն սկսուած է 967 թուին, Խոսրովանոյշ թագուհու հրամանով, ինչպէս վկայում է Սամուէլ Անեցին *, եւ թէպէտ Հաղպատի Աւագ Ս. Նշան եկեղեցու հիւսիսային պատի վրայ եղած հետեւեալ արձանագրութիւնը՝ «ի թուին Հայոց ՆԽ եւ Սիմէօն հայր եւ Տիրանուն երէց շինեցաք զեկեղեցիս փրկութեան Սմբատայ եւ Գորգենայ». ցոյց է տալիս իբր թէ եկեղեցին շինուած է 991 թուին, սակայն կարելի է ենթադրել, որ կամ եկեղեցու շինութիւնը, որ ըսկսուած է եղել 967 թուին աւարտուել է 991-ին եւ կամ նախ մի ուրիշ եկեղեցի է շինուել եւ ապա այդ։Հաղբատի վանքը բաղկացած է հետեւեալ մասերից։ Աւագ սուրբ Նշան (967 թ) Ժամատուն (1185 թ) Ս. Գրիգոր, Աստուածածին, Համազասպ (1257թ) Նշխարախուց կամ Մատենադարան (1260-ական թ) Զանգակատուն (1245 թ) Սեղանատուն, Կուսանաց անապատ (1279 թ) Ջգրաշէն ( 1195 թ) Ս. Կիրակի (1188 թ) եւ այլն, որոնք մի առ մի սկսենք  նկարագրել ։