Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՒԱԳ ԳԱՒԻԹ ԿԱՄ ԺԱՄԱՏՈՒՆ

       Ս. Նշանի արեւմտեան դռան առաջ կայ մի գաւիթ։ Սա սկզբներում շատ փոքր է եղել, եւ կառուցել է Կիւրիկէ թագաւորի Մարիամ դուստրը 1185 թուին իւր հօր, մայր Թամարի եւ քոյր Ռոսուգնայի եւ իւր գերեզմանների վրայ իբրեւ մի աղօթատուն, որպէսզի աղօթողներն իրենց աղօթքներում յիշեն եւ իրենց։ ԺԱ. դարում Կիւրիկէ թագաւորի շնորհիւ Հաղպատը դարձաւ եպիսկոպոսանիստ աթոռ, եւ Յովհաննէս եպիսկոպոս Խաչէնեցին՝ Զաքարէ եւ Իւանէ սպասալարների հրամանով, նստաւ Հաղբատի եպիսկոպոսական աթոռը Թամարի եւ նրա որդի Գէորգի թագաւորութեանց ժամանակ քանդեց այս փոքրիկ գաւիթը եւ շինեց այժմեան մեծ եւ գեղեցիկ շինուածքը, ինչպէս որ պատմում է Կիրակոս Գանձակեցին, կամ ինչպէս հաստատում են արեւելեան պատի վերայ եղած արձանագրութիւնը ։

       Գաւթի ընդհանուր տեսքը խաչանման է, քսան եւ երկու արշին երկարութեան եւ 42 արշ. լայնութեան, փոքրիկ գմբէթով։ Ձեղունը վեց կիսանկիւների եւ երկու սիւների վրայ բոլորուող կամարների վրայ է հաստատուած, որի մէջտեղում բացւում է մի կլոր անցք, իսկ սրա վրայ բարձրանում է վեց սիւներով զարդարուած փոքրիկ կաթուղիկէն։ Սրա ներքեւ, յատակի վրայ կայ մի քարէ, քառակուսի աւազան, ուր առաջները կատարել են ջրօրհնեաց հանդէսը։ Աջակղմեան դասում կայ եւ մի ուրիշ աւազան, ուր կատարում են մկրտութեան խորհուրդը։

       Առանձին ուշադրութեան արժանի են այս երկու սիւնը եւ սրանց վերայ բոլորող կամարները։ Սիւները 21/2 արշին բարձրութեան միակտուր քարեր են, հաստ պատուանդանի վրայ հաստատուած եւ գեղեցկաքանդակ խոյակով զարդարուած, իսկ կամարները աղեղնաձեւ են եւ կարմիր ու կապոյտ քարերով այնպէս շինուած, որ արեգակի ճառագայթներից հալածուող ամպերի կոյտի նմանութիւն են տալիս։ 

       Ամբողջական սիւներից դէպի արեւմտեան պատը կամարներ են ձգւում եւ ցած ձեղունով ծածկում գաւթի այս մասը։

       Գաւթի արեւելեան կողմի երկու անկիւններում կան մի մի հատ մէկ եւ մի մի հատ էլ երկյարկանի խորաններ, պատարագամատոյց սեղաններով, բացի սրանցից աջակողմեան խորանների առջեւ կայ մի ուրիշ խորան եւս, դռան մօտ մի հրաշալի խաչ քանդակուած։ Սոյնպիսի մի խորան էլ կայ ձախ կողմում, միայն դուռը չկայ եւ պատի երեսը պատած է երեք գեղեցկաքանդակ խաչքարերով, որոնց վերեւ արձանագրուած է, որ Կիւրիկէ թագաւորի դուստր Մարիամը շինել է այս գաւիթը։ Իսկ այս խաչքարերի առաջ կան տապանաքարեր Մարիամի, Թամար թագուհու, Ռուսուզանի, սրանց մօտ՝ Կիւրիկէ թագաւորի, Դաւիթ թագաւորի, եւ այլն։

       Գաւթի հիւսիսային եւ հարաւային պատերի մէջ կան երկական կիսաբոլոր, իսկ արեւմտեան պատի մէջ՝ երկու նեղ եւ երկար պատուհան։

       Հիւսիսային, հարաւային եւ արեւմտեան պատերի մէջ կան կամարակապ, սիւնազարդ դռներ, որոնցից առաջին երկուսը քարով պատած են։

       Գաւթում եղած տապաններից նշանաւորներն են.

       Հիւսիսային կողմում
       Աբաս թագաւոր։ Սա Մծնաբերդի տիրողն էր, Բագրատունեաց ազգից. Աշոտ Ողորմածի Գուրգէն որդու Դաւիթ Անհողի որդի Կիւրիկէ թագաւորի որդին։
       2) Կիւրիկէ թագաւոր, Դաւիթ Անհողի որդին։
       3) Սրա քոյր Ռուսուզան։
       4) Թամար թագուհի, Կիւրիկէ թագաւորի կինը։
       5) Մարիամ, Ռուսուզան եւ Բաւրինայ, Կիւրիկէ թագաւորի աղջիկները։
       6) Դաւիթ. Աբաս թագաւորի հարազատ եղբայրը։

       Հարաւային կողմում.
       1) Աբաս թագաւոր.
       2) Կիւրիկէ թագաւոր.
       Գաւթի մէջտեղում.
       3) Գրիգոր ամիրայ.
       4) Քուրդ ամիրայ.
       5) Այս է հանգիստ Աթաբէկ Սաղունին։
       6) Վասակ.
       7) Փուրդուխան.
       8) Համզա 9) Թալիկ. 10) Կաւթել 11) նուոթի. 12) Դոլ. 13) Դաւիթ, 14) Խոսրովիկ, 15) Խաւս- Հասան 16)Ռուսուդան եւ 17) Սասնայ։ Սրանք բոլորն էլ Բագրատունեաց տոհմիցն էին։

       Գաւթի զանազան կողմերում կան նաեւ հետեւեալ տապանագրեր, առանց թուականների.
       1Տէր Գրիգորիս 2. Տէր Գրիգորիսի եղբայրն է. 3. Փիլիպոս արքեպիսկոպոս Առնջեցի. 4. Սմբատ որդի Ուքանայ. 5. Այս է հանգիստ Մաթունին, 6) Նանա. 7. Աբլ-հասան. 8. Ծէթվասան, 9. Այս է հանգիստ Մինաս վարդապետին. ՌՃ թվին. 10 Սմբատ որդի Յովհաննէս եպիսկոպոս տեղոյս, շինողն Կայան բերդի, 12. Մայր Յովհաննէս եպիսկոպոսի եւ քոյր Զաքարիայի եւ Իվանէի Նեզաւփ. 13. Սեւադայ եւ 11 Սենեքերիմ թոռն աւագ Սենեքերիմայ. եղբարք Խաթունին տիկնոջ Հասանայ յազգէն Դեսումեանց ։